ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4832/02/16 2020 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4832/02/16 |
Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան |
Դատավորներ՝ |
Ն. Բարսեղյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի նոյեմբերի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հասմիկ Ավդալյանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հասմիկ Ավդալյանի ընդդեմ Հայկ Բուռնուչյանի և Սվետլանա Ղազարովայի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հասմիկ Ավդալյանը պահանջել է առոչինչ ճանաչել իր, Լև Թադևոսյանի, Աղասի Թադևոսյանի, Էդգար Թադևոսյանի և Հայկ Բուռնուչյանի ու Սվետլանա Ղազարովայի միջև 21.01.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել դրա անվավերության հետևանքներ, մասնավորապես՝ անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի 39-րդ բնակարանի նկատմամբ Հայկ Բուռնուչյանի ու Սվետլանա Ղազարովայի անունով կատարված պետական գրանցումը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) 16.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան, դատավորներ՝ Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 04.06.2018 թվականի որոշմամբ Սվետլանա Ղազարովայի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ամբողջությամբ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2017 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 13.05.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2019 թվականի որոշմամբ Հասմիկ Ավդալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.05.2019 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Ավդալյանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է նույն օրենսգրքի 381-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Թեև Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել համեմատել թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով հայցերի առարկաները, այդուհանդերձ, համեմատություն է իրականացրել միայն հայցերի հիմքերի միջև, իսկ հայցերի առարկաներին չի անդրադարձել։ Մինչդեռ, նշված գործերով տարբեր են ինչպես հայցերի հիմքերը, այնպես էլ` հայցերի առարկաները, քանի որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով հայցվորը պահանջել է առուվաճառքի պայմանագիրը ճանաչել անվավեր, իսկ սույն գործով՝ առոչինչ, ինչն արդեն իսկ բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի կիրառումը բացառելու համար
Ստորադաս դատարանները, կարճելով սույն գործի վարույթը, սահմանափակել են բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հասմիկ Ավդալյանի, Աղասի Թադևոսյանի, Էդգար Թադևոսյանի, Լև Թադևոսյանի (այսուհետ` Վաճառողներ), մի կողմից և Հայկ Բուռնուչյանի, Սվետլանա Ղազարովայի (այսուհետ` Գնորդներ), մյուս կողմից միջև 21.01.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), համաձայն որի՝ «Վաճառողը» վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը, որը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պող., թիվ 10 շենքի թիվ 39 բնակարան հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 15-17):
2) Սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումով հայցվորը պահանջել է կեղծ` առոչինչ ճանաչել իր, Լև Թադևոսյանի, Աղասի Թադևոսյանի, Էդգար Թադևոսյանի և Հայկ Բուռնուչյանի ու Սվետլանա Ղազարովայի միջև 21.01.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել դրա անվավերության հետևանքներ, մասնավորապես՝ անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի 39-րդ բնակարանի նկատմամբ Հայկ Բուռնուչյանի ու Սվետլանա Ղազարովայի անունով կատարված իրավունքի պետական գրանցումը։ Սույն գործով հայցի առարկան վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կեղծ գործարք լինելու ուժով առոչինչ ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջն է: Որպես հայցի իրավական հիմք հայցադիմումում նշվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 306-րդ հոդվածները, իսկ որպես փաստական հիմք` հիմնավորումն առ այն, որ «պատասխանողները գիտակցել են, որ վիճելի պայմանագիրը կնքում են ոչ թե բնակարան ձեռք բերելու, այլ դրանով իրենց կողմից տրված գումարների վերադարձը կամ վիզաների գործի իրականացումն ապահովելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 6-12):
3) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Հայկ Բուռնուչյանի, Սվետլանա Ղազարովայի ընդդեմ Հասմիկ Ավդալյանի, Աղասի Թադևոսյանի, Էդգար Թադևոսյանի, Լև Թադևոսյանի` գույքը հանձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հասմիկ Ավդալյանի, Լև Թադևոսյանի, Աղասի Թադևոսյանի, Էդգար Թադևոսյանի ընդդեմ Հայկ Բուռնուչյանի, Սվետլանա Ղազարովայի, ՀՀ ԱՆ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի` բնակարանի առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցի առարկան վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը սպառնալիքի ազդեցության ներքո կնքված լինելու ուժով անվավեր ճանաչելու պահանջն է: Որպես իրավական հիմք հայցադիմումում նշվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 12-րդ, 440-րդ, 470-րդ, 501-րդ, 567-րդ և 568-րդ հոդվածները, իսկ որպես փաստական հիմք՝ հիմնավորումն առ այն, որ «Հասմիկ Ավդալյանը, Լև, Աղասի և Էդգար Թադևոսյանները համաձայնել են կնքել իրենց պատկանող՝ Վանաձոր քաղաքի Տ. Մեծի պողոտայի թիվ 10 շենքի թիվ 39 բնակարանը Հայկ Բուռնուչյանին, Սվետլանա Ղազարովային վաճառելու մասին պայմանագիր՝ վերջիններիս սպառնալիքներից ազատվելու և վտանգ զգալու պատճառով»:
6) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով 03.10.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել (հատոր 4-րդ, գ.թ. 131):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ` բացառությամբ հայցն (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի [բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում]:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով քննվող քաղաքացիական գործի վարույթը նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով կարճելու ինստիտուտին, արձանագրել է, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում (Նախկին օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված բացառության հաշվառմամբ), երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և քննվող քաղաքացիական գործերի՝
1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,
2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,
3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքը (հանգամանքները), որի (որոնց) վրա հիմնված է հայցապահանջը:
Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով «նույն անձինք» արտահայտության վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, արձանագրել է, որ տվյալ իրավիճակում հակադիր շահերով օժտված անձինք բացառապես չեն նույնանում դատավարությունում կողմերի՝ հայցվորի և պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց հետ: Գործին մասնակցող անձինք են նաև երրորդ անձինք, որոնք ևս վեճի ելքով կարող են ունենալ նյութական և դատավարական շահագրգռվածություն, իսկ առանձին դեպքերում նաև ընդհանուր շահ՝ հայցվորի կամ պատասխանողի կողմում հանդես եկող սուբյեկտի հետ: Հետևաբար «նույն անձինք» արտահայտության մեկնաբանությունը չի կարող սահմանափակվել միայն դատավարության կողմերով և պետք է ներառի նաև երրորդ անձանց, իսկ որպես ուղղորդող չափանիշ պետք է դիտարկվի հակադիր շահերի առկայությունը գործին մասնակցող անձանց միջև: Նման մեկնաբանությունն արդարացված է, քանի որ դատական պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ վեճի կողմերը, ցանկանալով վերաբացել նախկինում քննված գործը, ձևականորեն փոփոխում են քաղաքացիական դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակը և նոր հայց հարուցում:
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս դատարանը չպետք է միայն հաշվի առնի հայցվորի և պատասխանողի կողմում հանդես եկող անձանց նույնական լինելու հանգամանքը, այլ գործին մասնակցող անձանց կազմը համընկնելու պարագայում, անկախ դատավարական կարգավիճակից, հաշվի առնելով նյութաիրավական հարաբերության բնույթը, պաշտպանության ենթակա օբյեկտը՝ պետք է պարզի, թե արդյոք նույնն են նախկինում քննված և տվյալ պահին քննվող գործերով հակադիր շահերով օժտված անձինք (տե՛ս Արտակ Գալստյանն ընդդեմ Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի, երրորդ անձինք Կարեն Թումիկյանի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, Վեներա Գալստյանի, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.01.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև հայցի տարրերի՝ հայցի առարկայի և հայցի հիմքի հասկացությունների բացահայտմանը։ Այսպես, հայցի տարրերը նրա բաղկացուցիչ մասերն են, որոնք որոշում են նրա բովանդակությունը, նրա իրավական բնույթը և հնարավորություն են տալիս անհատականացնել հայցը, այն տարբերել նույնական հայցերից։ Մասնավորապես, հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են՝ հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը (...): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս Անիկ Մնացականյանն ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի թիվ ԵԷԴ/0466/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Հետևաբար հայցի հիմքը կարող է նույնացվել հայցի և՛ փաստական, և՛ իրավական հիմքերով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կարճելով գործի վարույթը, պատճառաբանել է, որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով կողմերը նույնն են: Թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով հակընդդեմ հայց են ներկայացրել Հասմիկ Ավդալյանը, Լև Թադևոսյանը, Աղասի Թադևոսյանը, Էդգար Թադևոսյանն ընդդեմ Հայկ Բուռնուչյանի և Սվետլանա Ղազարովայի: Սույն քաղաքացիական գործով հայցվոր է հանդիսանում Հասմիկ Ավդալյանը, պատասխանողներ՝ Հայկ Բուռնուչյանը և Սվետլանա Ղազարովան: Դատարանը հաստատված է համարել, որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով հայցի առարկան նույնական է, թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով հայցի փաստական և իրավական հիմքը նույնն է: Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրել է, որ առկա են բոլոր պայմանները, որպեսզի Դատարանը հաստատված համարի նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի (վճռի) առկայությունը: Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն գործով առկա է քաղաքացիական գործի վարույթն այդ մասով կարճելու անհրաժեշտ և բավարար հիմք, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով սույն գործի վարույթը ենթակա է կարճման։
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի համադրության արդյունքում հանգում է հետևության առ այն, որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով կողմերը նույնն են, այսինքն` նույն են հակադիր շահերով օժտված անձինք: Այսպես՝ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով հակընդդեմ հայց են ներկայացրել Հասմիկ Ավդալյանը, Լև Թադևոսյանը, Աղասի Թադևոսյանը, Էդգար Թադևոսյանը ընդդեմ Հայկ Բուռնուչյանի և Սվետլանա Ղազարովայի: Սույն քաղաքացիական գործով հայց է ներկայացրել Հասմիկ Ավդալյանն ընդդեմ Հայկ Բուռնուչյանի և Սվետլանա Ղազարովայի: Թեև քանակական առումով թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով մասնակիցների կազմը չի համընկնում, քանի որ սույն գործով տեղի է ունեցել մասնակիցների նվազում, սակայն բովանդակային առումով ինչպես թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով, այնպես էլ սույն գործով Հասմիկ Ավդալյանի շահերը հակադրվում են Հայկ Բուռնուչյանի և Սվետլանա Ղազարովայի շահերին, այսինքն՝ նույնն են նախկինում քննված և տվյալ պահին քննվող գործերով հակադիր շահերով օժտված անձինք: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ է ստորադաս դատարանների եզրահանգումն այն մասին, որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով կողմերը նույնն են:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով նույնական սուբյեկտային կազմի պայմաններում ներկայացված են նմանատիպ, սակայն ոչ նույնական հայցեր: Այսպես՝ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով հայցի առարկան վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը սպառնալիքի ազդեցության ներքո կնքված լինելու ուժով անվավեր ճանաչելու պահանջն է, որի նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածը, մինչդեռ սույն գործով ներկայացված հայցի առարկան վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կեղծ գործարք լինելու ուժով առոչինչ ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջն է, ինչը կարգավորվում է նույն օրենսգրքի 304-րդ և 306-րդ հոդվածներով։ Նշվածից հետևում է, որ վերոնշյալ գործերով ներկայացված հայցերի առարկաների նույնության պայմանը բացակայում է։
Ինչ վերաբերում է հայցերի փաստական և իրավական հիմքերին, ապա դրանք ևս չեն համընկնում հետևյալ պատճառաբանությամբ. այսպես` թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքում առանցքային են այն հանգամանքները, որ Հասմիկ Ավդալյանը, Լև, Աղասի և Էդգար Թադևոսյանները համաձայնել են կնքել իրենց պատկանող՝ Վանաձոր քաղաքի Տ. Մեծի պողոտայի թիվ 10 շենքի թիվ 39 բնակարանը Հայկ Բուռնուչյանին, Սվետլանա Ղազարովային վաճառելու մասին պայմանագիր՝ վերջիններիս սպառնալիքներից ազատվելու և վտանգ զգալու պատճառով:
Մինչդեռ, սույն գործով ներկայացված հայցի փաստական հիմքի կազմում հայցվորը ներառել է այն փաստական հանգամանքը, որ գործարքը կեղծ է և որ հենց պատասխանողներն էլ գիտակցել են, որ նշված պայմանագիրը կնքում են ոչ թե բնակարան ձեռք բերելու, այլ դրանով իրենց կողմից տրված գումարների վերադարձը կամ վիզաների գործի իրականացումն ապահովելու համար, այսինքն՝ պնդել է, որ երկու կողմերն էլ նպատակ են ունեցել առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության` կնքելու գործարք։ Վերոշարադրյալ փաստարկները թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով ներկայացված հակընդդեմ հայցի շրջանակներում ներկայացված չեն եղել, ինչից հետևում է, որ թիվ ԵԿԴ/0531/02/11 քաղաքացիական գործով և սույն գործով հայցերը նույնական են միայն սուբյեկտային կազմով, իսկ հայցերի մյուս տարրերը՝ հայցի առարկան և հիմքերը նույնը չլինելու պայմաններում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով գործի վարույթը կարճելու հիմքը։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի բացակայության պայմաններում նշված հոդվածի սխալ կիրառության արդյունքում սույն գործի վարույթը կարճվել է և գործի ըստ էության քննություն չի իրականացվել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի որոշումը մնացել է անփոփոխ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, ինչի արդյունքում Հայցվորը զրկվել է իր իրավունքների դատական պաշտպանությունից, և այդ առումով անհիմն սահմանափակվել է նրա՝ արդար դատաքննության իրավունքը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: