Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0197/05/19

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0197/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զարա Ադիյանի ներկայացուցիչ Արտակ Նավասարդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զարա Ադիյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)` Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Զարա Ադիյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը, իրեն վերականգնել Կազմակերպության տնօրենի պաշտոնում և Երևանի քաղաքապետարանից հօգուտ իրեն բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ռ. Ազրոյան) 18.01.2019 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումը վերահասցեագրել է ըստ ընդդատության՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.08.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ վճռվել է Երևանի քաղաքապետի` 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը` Զարա Ադիյանին աշխատանքից ազատելու մասին, անվավեր ճանաչել, Զարա Ադիյանին վերականգնել նախկին աշխատանքում` Կազմակերպության տնօրենի պաշտոնում, և Երևան համայնքից հօգուտ Զարա Ադիյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար` սկսած 23.09.2017 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.01.2020 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի, Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ Զարա Ադիյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարա Ադիյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 12-րդ, 168-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ աշխատանքային վեճերով ևս հայցային վաղեմության հարցին դատարանը կարող է անդրադառնալ միայն համապատասխան դիմում (միջնորդություն) ներկայացված լինելու դեպքում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 06-3761 քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանը հետագա որոշումներով զարգացրել է նախկինում հայտնած իր դիրքորոշումը՝ արձանագրելով, որ աշխատանքային վեճերով դատարանն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կիրառել հայցային վաղեմություն:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետարանը հայցադիմումի պատասխանում օրենքով սահմանված կարգով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն չի ներկայացրել, ավելին՝ փորձել է հիմնավորել հայցվորի՝ դատարան դիմելու իրավունք չունենալու հանգամանքը: Երևանի քաղաքապետարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել է միայն 28.06.2019 թվականին՝ գործով ապացուցման բեռը բաշխելու մասին Դատարանի 24.06.2019 թվականի որոշման կայացումից հետո:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները չեն կատարվել, այսինքն՝ Զարա Ադիյանն իր կամքից անկախ պատճառներով առհասարակ զրկված է եղել հայցային վաղեմության հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից՝ ըստ այդմ զրկված լինելով նաև ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Զարա Ադիյանի համար չի ապահովվել հայցային վաղեմության ժամկետի սկզբնակետը հիմնավորող ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և (կամ) այդ ապացույցն արդյունավետորեն վիճարկելուն ուղղված դատավարական գործողություններ կատարելու հավասար հնարավորություն:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել գործի ելքի վրա շրջադարձային նշանակություն ունեցող այնպիսի փաստ, որի վերաբերյալ Հայցվորն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել Դատարանում դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում, խախտելով Զարա Ադիյանի արդար դատաքննության իրավունքը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից և բացառապես հայցային վաղեմություն կիրառելու հիմքով բավարարել է Կազմակերպության և Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքներն այն պարագայում, երբ վերջիններս թե՛ Դատարանում, թե՛ Վերաքննիչ դատարանում հայցային վաղեմության հետ կապված հարց չեն բարձրացրել: Այսինքն՝ Կազմակերպության և Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները հայցային վաղեմության հարցի հետ կապված որևէ հիմք և հիմնավորում չեն պարունակել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2019 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշմամբ Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանը 23.09.2017 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հրամանի դարձերեսին առկա նշման համաձայն՝ Զարա Ադիյանը նշված որոշման օրինակը ստացել է 25.09.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 33, հատոր 2-րդ, գ.թ. 9):

2) 14.01.2019 թվականին Զարա Ադիյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության` Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 2-21):

3) Երևանի քաղաքապետարանը 08.04.2019 թվականին ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որում, ի թիվս այլնի, վկայակոչել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը՝ նշելով, որ հայցվորը չի ներկայացրել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի կողմից չի քննարկվել և այդ կապակցությամբ որոշում չի կայացվել, ինչից հետևում է, որ հայցվորը զրկվել է Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը վիճարկելու իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 67-73):

4) 24.06.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը հետևյալ հարցերն է ուղղել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին.

«Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ստեփանյան - Հայցվորը բաց է թողել աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետը՝ անհատական իրավական ակտը վիճարկելու հետ կապված, որը հայցի մերժման հիմք է:

Դատավոր Ա. Փիլոսյան – Տիկին Ստեփանյան, ժամկետը բացթողնելու հանգամանքն ինքնին բավարա՞ր է հայցը մերժելու համար Ձեր գնահատմամբ: Եվ եթե այո, իրավական նորմին հղում կանե՞ք:

Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ստեփանյան – Հարգելի՛ դատարան, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ կարգավորում է նախատեսել՝ ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան, նման միջնորդություն ևս չի ներկայացվել դատարան: Եվ եթե օրենսդիրը ժամկետ է սահմանել նմանատիպ հայց դատարան ներկայացնելու համար, հետևաբար այդ ժամկետի խախտումն ինքնին արդեն խախտում է, ինքնին արդեն արգելք է, որպեսզի նման առարկայով հայց ներկայացնեն դատարան: Եվ ինքնանպատակ չի դրա վերաբերյալ աշխատանքային օրենսգրքում նշելը և քաղաքացիական դատավարության օրենսգրքում նշելը:

Դատավոր Ա. Փիլոսյան – Տիկին Ստեփանյան, կնշեք «ինքնին արգելքը դատարան դիմելու» ի՞նչ իրավական նորմի հիման վրա եք ներկայացնում: Ձեր դիտարկմամբ ինքնին եթե ենթադրաբար ժամկետը բաց թողեց, այլևս դատարան դիմելուց զրկվու՞մ է, ճի՞շտ հասկացա Ձեր մոտեցումը:

Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ստեփանյան – Հնարավորությունը կա, եթե դատարանն այդ ժամկետը հարգելի համարի»:

Նույն նիստի ընթացքում Դատարանը սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և բաշխել է ապացուցման պարտականությունը կողմերի միջև: Նույն նիստով նախապատրաստական փուլն ավարտվել է, և Դատարանը 24.06.2019 թվականի որոշմամբ նշանակել է դատաքննություն 01.07.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 73, 75, 86, դատական նիստի ձայնագրություն):

5) Երևանի քաղաքապետարանը 28.06.2019 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարանին՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 78-83):

6) Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի կողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել հետևյալ հիմնական հիմնավորումներով՝

1) Դատարանի վճիռն առնչվում է Կազմակերպության գործող տնօրեն Նարինե Արզումանյանի իրավունքներին, ով գործին մասնակից չի դարձվել,

2) Դատարանի վճիռը զուրկ է որևէ իրավական հիմնավորվածությունից,

3) Զարա Ադիյանի նշանակումը տնօրենի պաշտոնին եղել է սահմանված կարգի խախտմամբ,

4) անգամ հրամանն անվավեր ճանաչվելու դեպքում Զարա Ադիյանը չի կարող վերականգնվել աշխատանքում, քանի որ այդ հաստիքը 23.10.2017 թվականից զբաղեցնում է Նարինե Արզումանյանը, բացի այդ, Դատարանն իրավասու չէ կողմերի՝ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի կամքին հակառակ փոփոխել աշխատանքային պայմանագրի պայմանները:

Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները հայցային վաղեմության մասով որևէ փաստարկ չեն պարունակում (հատոր 3-րդ, գ.թ. 41-49, 117-127):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման պայմաններում հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 12-րդ, 168-րդ, 379-րդ հոդվածների խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման պայմաններում հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

I. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների oգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեuված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ oրենuդրությամբ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն oրենuգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն oրենuգրքով նախատեuված դեպքերի։ Պահանջների որոշ տեuակների համար oրենքներով կարող են uահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության oրենuգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային oրենuդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝ (1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը. (2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

ՀՀ դատական օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության գործով որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից բխում է իրավունքի զարգացմանը նպաստելը, որն ամրագրված է [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում [Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը]: Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը ենթադրում է ոչ միայն Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության հարցում միասնական դիրքորոշման ձևավորում՝ մասնավորապես, իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում, որն իրավաչափորեն կարող է հանգեցնել Վճռաբեկ դատարանի կողմից արդեն իսկ մեկնաբանված նորմի նոր մեկնաբանման: Նման իրավիճակներում կարևորվում է Վճռաբեկ դատարանի որոշման՝ որպես իրավական ակտի, ժամանակի ընթացքում գործողության, ինչպես նաև նախորդ որոշումներում արտահայտած դիրքորոշումների կիրառելիության հարցերի հստակեցումը:

Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթի նպատակից և բովանդակությունից տրամաբանորեն բխում է, որ իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար: Այլապես կիմաստազրկվի իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը (տե՛ս, թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Հերիքնազ Կարապետյանն ընդդեմ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գործով որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով գործի քննության պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային վեճերով դատարան դիմելու մեկամսյա ժամկետը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի իմաստով հայցային վաղեմության ժամկետ չի կարող համարվել, քանի որ այն ըստ էության, սահմանում է դատարան դիմելու իրավունքի իրականացման ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետն ընդամենն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է ակնկալել իր իրավունքների դատական պաշտպանություն: Այդ ժամկետը չի սահմանափակում դատարան դիմելու հայցվորի իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմությունը կարող է կիրառվել միայն պատասխանողի համապատասխան միջնորդության հիման վրա, մինչդեռ աշխատանքային վեճերով դատարան դիմելու՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետը գործում է ուղղակիորեն, անկախ պատասխանողի կողմից միջնորդություն ներկայացված լինելու հանգամանքից, և այդ ժամկետի բացթողումը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք է հանդիսանում (տե՛ս, թիվ 3-608 (ՎԴ) գործով (թիվ 06-3761 գործ) ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Այդուհանդերձ, հետագայում իրացնելով իրավունքի զարգացմանը նպաստելու իր առաքելությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փոփոխել է թիվ 3-608 (ՎԴ) գործով հայտնած դիրքորոշումը և արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին: Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային oրենuգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական oրենuգրքի՝ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները (տե՛ս, Ադիկ Արդարյանն ընդդեմ «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Թիվ ԼԴ/1071/02/09 գործով հայտնած դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև այլ գործերով (տե՛ս, օրինակ, թիվ ԵՇԴ/0906/02/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը, թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի որոշումը):

Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականից ի վեր գործող իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված ժամկետն իր էությամբ հայցային վաղեմության ժամկետ է: Հետևաբար վերջինիս նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հայցային վաղեմության վերաբերյալ սահմանված կարգավորումները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մաuին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի՝ մինչև 09.02.2018 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մաuին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մաuին վճիռ կայացնելու համար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի` 09.02.2018 թվականի փոփոխություններից հետո գործող խմբագրության համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

11.05.2020 թվականին ընդունված և 30.05.2020 թվականին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-274-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն է՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով մինչև 09.02.2018 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հարցը: Այն է՝ պետք է առկա լինի հայցային վաղեմություն կիրառելու մասին գործին մասնակցող անձի կողմից դիմում, և այդ դիմումը պետք է ներկայացվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Այսինքն` օրենսդրի կողմից հստակ սահմանվել է ժամկետ, այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացնել մինչև վճռի կայացումը (տե'ս, Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարիչն ընդդեմ «Վանակն Ապակի» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ՇԴ/0376/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվե Ժոլիվե Բյուոնին ընդդեմ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նաև ուղղակիորեն արձանագրել է, որ դատարանն իրավասու չէ հայցային վաղեմության ժամկետ կիրառել սեփական նախաձեռնությամբ (տե՛ս, թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի որոշումը):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 09.04.2018 թվականը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներից և ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից էր հետևում, որ հայցային վաղեմությունը դատարանը կիրառում է միայն կողմի միջնորդությամբ: Հետագայում 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ևս օրենսդիրն ուղղակիորեն անդրադարձել է հայցային վաղեմություն կիրառելու հարցին:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝ (1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, (2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, (3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը, (4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հայցային վաղեմության վերաբերյալ դատավարական կանոնների հստակ ամրագրումն ապահովում է դատավարության մասնակիցների հավասարության, մրցակցության և տնօրինչականության սկզբունքների առավել արդյունավետ իրացումը՝ մասնավորապես դատավարության մասնակիցների համար հստակեցնելով հայցային վաղեմության մասով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը: Գործող կարգավորումը նպաստում է նաև դատական խնայողությանը, քանի որ հնարավորություն է տալիս դատարանին քննարկել միայն հայցային վաղեմության հարցը և միջնորդությունը մերժելու դեպքում միայն անցնել գործի ըստ էության քննությանը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միայն դատավարական վերոգրյալ կանոնների պահպանմամբ դատարանը կարող է կիրառել հայցային վաղեմություն, քանի որ հակառակ դեպքում խախտվում են արդար դատաքննության տարր հանդիսացող վերոգրյալ սկզբունքները:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշմամբ Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանը 23.09.2017 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հրամանի դարձերեսին առկա նշման համաձայն՝ Զարա Ադիյանը նշված որոշումը ստացել է 25.09.2017 թվականին: 14.01.2019 թվականին Զարա Ադիյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության` Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին: Երևանի քաղաքապետարանը 08.04.2019 թվականին ներկայացրել է հայցադիմումի պատասխան՝ վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը և նշելով, որ հայցվորը դատարան չի ներկայացրել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանի կողմից չի քննարկվել և այդ կապակցությամբ որոշում չի կայացվել, ինչից հետևում է, որ հայցվորը զրկվել է Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը վիճարկելու իրավունքից:

24.06.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, չնայած նախագահող դատավորի հստակեցնող հարցերին, չի ներկայացրել միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, այլ պնդել է, որ ժամկետի բացթողումն ինքնին բավարար է հայցը մերժելու համար: Երևանի քաղաքապետարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն ներկայացվել է 28.06.2019 թվականին՝ Դատարանի կողմից ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելուց և ապացուցման պարտականությունը բաշխելուց, ինչպես նաև գործը դատաքննության նշանակելուց հետո:

Դատարանը, բավարարելով հայցապահանջը, անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի այն փաստարկին, որ Զարա Ադիյանը, բաց թողնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու դիմում, ուստի զրկվել է Երևանի քաղաքապետի՝ 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը վիճարկելու իրավունքից: Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով հայտնած դիրքորոշումը՝ Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը հայցային վաղեմության ժամկետ է, որի բացթողնման պարագայում իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում անկախ դրա լրանալուց և միայն համապատասխան հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումի ներկայացման դեպքում է իրավասու կիրառել հայցային վաղեմություն և համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ մերժել հայցը, մինչդեռ քննարկվող պարագայում Երևանի քաղաքապետարանը հիշյալ ժամկետի բացթողման իրավական հետևանքը դիտարկել է դատարան դիմելու իրավունքի կորուստը, ինչը Դատարանը դիտարկել է անհիմն:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով հայտնած դիրքորոշումը և Զարա Ադիյանի կողմից իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավորության ժամկետի սկիզբ է դիտարկել Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը ստանալու պահը` 25.09.2017 թվականը, իսկ նշված ժամկետի ավարտ` 25.11.2017 թվականը` փաստելով, որ հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու միջնորդություն չի ներկայացվել: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով առկա են եղել հայցային վաղեմություն կիրառելու բավարար հիմքեր: Այնուհետև վկայակոչելով [թիվ 3-608 (ՎԴ)] գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային վեճեր լուծելիս դատարանը կպարզի, թե կոնկրետ դեպքում հայցային վաղեմության ժամկետը լրացել է, և հայցվորը բաց է թողել նշված ժամկետը, պարտավոր է հայցադիմումի ընդունումը մերժել կամ գործի վարույթը կարճել, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը գործում է ուղղակիորեն և անկախ այն հանգամանքից, թե պատասխանողի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվել է, թե ոչ: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցադիմումի պատասխանի մեջ բողոքաբերը վկայակոչել է հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու փաստը և գործը դատաքննության նշանակելու մասին Դատարանի որոշումից հետո նաև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, այդուհանդերձ Դատարանը պետք է առաջնորդվեր ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ դիրքորոշմամբ և մերժեր հայցադիմումի ընդունումը` նկատի ունենալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի ուղղակիորեն գործելու բնույթը, քանի որ սույն գործով ներկայացված նյութերը ողջամտորեն թույլ են տալիս եզրահանգել, որ հայցվորը բաց է թողել նշված ժամկետը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, մերժել է Զարա Ադիյանի հայցը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հակասական եզրահանգումներ է արել սույն գործով դատարան դիմելու ժամկետը հայցային վաղեմության ժամկետ համարելու կամ չհամարելու մասով: Այսպես, Վերաքննիչ դատարանը թեև վկայակոչել է թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը և արձանագրել, որ «առկա են եղել հայցային վաղեմություն կիրառելու բավարար հիմքեր», սակայն ըստ էության կիրառել է միայն թիվ 3-608 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը՝ անտեսելով այն հանգամանքը, որ թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը փոփոխել էր թիվ 3-608 (ՎԴ) գործով հայտնած դիրքորոշումը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, որի հետևանքով թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված հավասարության և տնօրինչականության սկզբունքների խախտում, քանի որ առանց օրենքով սահմանված կարգով ներկայացված միջնորդության առկայության՝ ըստ էության կիրառել է հայցային վաղեմություն՝ մերժելով հայցը և հնարավորություն չտալով հայցվոր կողմին՝ հայտնել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության և՛ երկամսյա ժամկետը դիտել է որպես հայցային վաղեմության ժամկետ, և՛ միաժամանակ արձանագրել, որ միջնորդության ներկայացնելու անհրաժեշտություն առկա չէ: Արդյունքում Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը նաև հանգեցրել է հայցային վաղեմության էության խաթարման, քանի որ հայցային վաղեմություն կիրառվում է բացառապես կողմի համապատասխան դիմումի (միջնորդության) առկայության դեպքում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Դատարանում սույն գործի քննության ընթացքում Երևանի քաղաքապետարանը և Կազմակերպությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածին համապատասխան չեն ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ներկայացրած փաստարկին՝ դատարան դիմելու ժամկետը լրացած լինելու մասով, ապա նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը հարցերի միջոցով առավել հստակեցրել է այն, որ Երևանի քաղաքապետարանի համոզմամբ սահմանված երկամսյա ժամկետն ինքնին հիմք է հայցը մերժելու համար՝ առանց միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության, ինչը լրացուցիչ հիմնավորում է այն հանգամանքը, որ ըստ պատասխանողի՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության անհրաժեշտություն առկա չէր: Վերաքննիչ դատարանը փաստորեն համաձայնել է նշված մոտեցման հետ՝ անտեսելով աշխատանքային գործերով հայցային վաղեմության ինստիտուտի էությունը և թույլ տալով դատական սխալ, որը ոչ միայն ազդել է գործի ելքի վրա, այլ նաև խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցվորը Դատարանում գործի քննության ընթացքում զրկված է եղել հայցային վաղեմության հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, քանի որ դատաքննության նախապատրաստության փուլում ոչ միայն հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն չի ներկայացվել, այլ նաև նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին ուղղված հարցերի միջոցով հստակեցրել է պատասխանողի դիրքորոշումը՝ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնված լինելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ Դատարանը դատաքննության նախապատրաստության փուլում հայցային վաղեմության միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով (միջնորդությունը ներկայացվել է ավելի ուշ՝ Դատարանի կողմից ապացուցման առարկան որոշելուց և ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված կարգով հայցային վաղեմության մասով չի որոշել միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև չի բաշխել այդ փաստերի ապացուցման պարտականությունը, անհրաժեշտության դեպքում ժամկետ չի տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորն օբյեկտիվորեն, նման հարց բարձրացված չլինելու պատճառով զրկված է եղել հայցային վաղեմության հարցի կապակցությամբ մրցակցելու հնարավորությունից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման արդյունքում ուղղակիորեն սահմանափակվել է հայցվորի՝ հավասարության և մրցակցության սկզբունքների վրա հիմնված արդար դատաքննության իրավունքը:

 

II. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

ՀՀ դատական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն հիմքերը, երբ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման (պարտադիր բեկանման հիմքեր), իսկ նույն հոդվածի 3-րդ մասը՝ այն հիմքերը, երբ դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (անվերապահ բեկանման հիմքեր):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում [նախկին] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննության օբյեկտը ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտն է, այլ ոչ թե` գործն ընդհանրապես, հետևաբար, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, Գևորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ևս մեկ անգամ նշել, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերաքննիչ բողոքի հիմքերով կաշկանդված լինելու հանգամանքը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ բողոքաբերները մեկից ավել են, և ներկայացված բողոքներից մեկը կամ մի քանիսը չի պարունակում այն հիմքը, որով Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ արդար դատաքննության իրավունքը ենթադրում է յուրաքանչյուր անձի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական ակտի կայացում, այսինքն՝ անձը պետք է հստակ և որոշակի լուծում ստանա իր ներկայացված հարցի վերաբերյալ, որը չի կարող իրացվել այն դեպքում, երբ անձի վերաքննիչ բողոքը «բավարարվում է» մեկ այլ բողոքաբերի ներկայացրած հիմքով: Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը բխում է տնօրինչականության սկզբունքից՝ նկատի ունենալով, որ անձը պետք է պատշաճ հնարավորություն ունենա իրականացնել իր դատավարական իրավունքները, տնօրինել դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Ավելին, Վճռաբեկ դատարանի այս մոտեցման հիմքում են նաև հավասարության և մրցակցության սկզբունքները, քանի որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնող կողմը պատասխան է ներկայացնում վերաքննիչ բողոքի կոնկրետ հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ՝ ակնկալելով, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննելու է բացառապես այդ հիմքերով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացվում են նաև վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները: Այսինքն՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնող անձը բողոքի պատասխան ներկայացնելիս ունենում է հստակ պատկերացում վերաքննության սահմանների վերաբերյալ, որի կապակցությամբ էլ ներկայացնում է իր դիրքորոշումը: Մինչդեռ եթե Վերաքննիչ դատարանը բավարարում է վերաքննիչ բողոքն այնպիսի հիմքով, որն առկա չէ վերաքննիչ բողոքում, ապա ոչ միայն խաթարվում է ոչ լրիվ վերաքննության և վերաքննության սահմանների էությունը, այլ նաև խախտվում են մրցակցության, հավասարության, ինչպես նաև տնօրինչականության սկզբունքները, հետևաբար նաև՝ արդար դատաքննության իրավունքը: Բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սպառիչ ցանկով սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Սույն գործով վերաքննիչ բողոքներ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանը, Կազմակերպությունը և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանը: Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները որևէ փաստարկ չեն պարունակում հայցային վաղեմության կիրառելիության մասով:

Վերաքննիչ դատարանը բավարարել է նաև Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը բեկանել է՝ բացառապես հայցային վաղեմության վերաբերյալ վերլուծությունների հիման վրա: Ավելին, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոք բերողների մյուս փաստարկները, որոնք կարող են համարվել չանդրադարձված, չեն կարող որևէ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները բավարարել է այնպիսի հիմքով, որը ներկայացված չէր վերջիններիս վերաքննիչ բողոքներում:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը խաթարել է վերաքննության սահմանների էությունը և թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում և Զարա Ադիյանի արդար դատաքննության իրավունքի այնպիսի սահմանափակում, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքների նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ հանգեցրել է աշխատանքային գործերով հայցային վաղեմության ինստիտուտի, ինչպես նաև վերաքննության սահմանների էության հիմնարար խաթարման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ առաջնահերթ նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով ներկայացված դատական սխալը հնարավոր է շտկել բացառապես վերաքննության միջոցով: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի նոր քննության անհրաժեշտություն՝ ներկայացված վերաքննիչ բողոքները վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելու նպատակով՝ հաշվի առնելով նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

18.09.2020թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/0197/05/19 քաղաքացիական գործով 18.09.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 18.09.2020 թվականին քննելով Զարա Ադիյանի ներկայացուցիչ Արտակ Նավասարդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Զարա Ադիյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)` Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս, Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Զարա Ադիյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը, իրեն վերականգնել Կազմակերպության տնօրենի պաշտոնում և Երևանի քաղաքապետարանից հօգուտ իրեն բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ռ. Ազրոյան) 18.01.2019 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումը վերահասցեագրել է ըստ ընդդատության՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.08.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ վճռվել է Երևանի քաղաքապետի` 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը` Զարա Ադիյանին աշխատանքից ազատելու մասին, անվավեր ճանաչել, Զարա Ադիյանին վերականգնել նախկին աշխատանքում` Կազմակերպության տնօրենի պաշտոնում, և Երևան համայնքից հօգուտ Զարա Ադիյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար` սկսած 23.09.2017 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.01.2020 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի, Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ Զարա Ադիյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարա Ադիյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2.Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1.Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ և265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 12-րդ, 168-րդ։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ աշխատանքային վեճերով ևս հայցային վաղեմության հարցին դատարանը կարող է անդրադառնալ միայն համապատասխան դիմում (միջնորդություն) ներկայացված լինելու դեպքում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 06-3761 քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանը հետագա որոշումներով զարգացրել է նախկինում հայտնած իր դիրքորոշումը՝ արձանագրելով, որ աշխատանքային վեճերով դատարանն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կիրառել հայցային վաղեմություն:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետարանը հայցադիմումի պատասխանում օրենքով սահմանված կարգով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն չի ներկայացրել, ավելին՝ փորձել է հիմնավորել հայցվորի՝ դատարան դիմելու իրավունք չունենալու հանգամանքը: Երևանի քաղաքապետարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել է միայն 28.06.2019 թվականին՝ գործով ապացուցման բեռը բաշխելու մասին Դատարանի 24.06.2019 թվականի որոշման կայացումից հետո:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները չեն կատարվել, այսինքն՝ Զարա Ադիյանն իր կամքից անկախ պատճառներով առհասարակ զրկված է եղել հայցային վաղեմության հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից՝ ըստ այդմ զրկված լինելով նաև ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Զարա Ադիյանի համար չի ապահովվել հայցային վաղեմության ժամկետի սկզբնակետը հիմնավորող ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և (կամ) այդ ապացույցն արդյունավետորեն վիճարկելուն ուղղված դատավարական գործողություններ կատարելու հավասար հնարավորություն:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել գործի ելքի վրա շրջադարձային նշանակություն ունեցող այնպիսի փաստ, որի վերաբերյալ Հայցվորն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել Դատարանում դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում, խախտելով Զարա Ադիյանի արդար դատաքննության իրավունքը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից և բացառապես հայցային վաղեմություն կիրառելու հիմքով բավարարել է Կազմակերպության և Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքներն այն պարագայում, երբ վերջիններս թե՛ Դատարանում, թե՛ Վերաքննիչ դատարանում հայցային վաղեմության հետ կապված հարց չեն բարձրացրել: Այսինքն՝ Կազմակերպության և Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները հայցային վաղեմության հարցի հետ կապված որևէ հիմք և հիմնավորում չեն պարունակել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2019 թվականի վճռին:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշմամբ Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանը 23.09.2017 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հրամանի դարձերեսին առկա նշման համաձայն՝ Զարա Ադիյանը նշված որոշման օրինակը ստացել է 25.09.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 33, հատոր 2-րդ, գ.թ. 9):

2) 14.01.2019 թվականին Զարա Ադիյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության` Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 2-21):

3) Երևանի քաղաքապետարանը 08.04.2019 թվականին ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որում, ի թիվս այլնի, վկայակոչել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը՝ նշելով, որ հայցվորը չի ներկայացրել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի կողմից չի քննարկվել և այդ կապակցությամբ որոշում չի կայացվել, ինչից հետևում է, որ հայցվորը զրկվել է Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը վիճարկելու իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 67-73):

4) 24.06.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը հետևյալ հարցերն է ուղղել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին.

«Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ստեփանյան - Հայցվորը բաց է թողել աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետը՝ անհատական իրավական ակտը վիճարկելու հետ կապված, որը հայցի մերժման հիմք է:

Դատավոր Ա. Փիլոսյան – Տիկին Ստեփանյան, ժամկետը բացթողնելու հանգամանքն ինքնին բավարա՞ր է հայցը մերժելու համար Ձեր գնահատմամբ: Եվ եթե այո, իրավական նորմին հղում կանե՞ք:

Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ստեփանյան – Հարգելի՛ դատարան, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ կարգավորում է նախատեսել՝ ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան, նման միջնորդություն ևս չի ներկայացվել դատարան: Եվ եթե օրենսդիրը ժամկետ է սահմանել նմանատիպ հայց դատարան ներկայացնելու համար, հետևաբար այդ ժամկետի խախտումն ինքնին արդեն խախտում է, ինքնին արդեն արգելք է, որպեսզի նման առարկայով հայց ներկայացնեն դատարան: Եվ ինքնանպատակ չի դրա վերաբերյալ աշխատանքային օրենսգրքում նշելը և քաղաքացիական դատավարության օրենսգրքում նշելը:

Դատավոր Ա. Փիլոսյան – Տիկին Ստեփանյան, կնշեք «ինքնին արգելքը դատարան դիմելու» ի՞նչ իրավական նորմի հիման վրա եք ներկայացնում: Ձեր դիտարկմամբ ինքնին եթե ենթադրաբար ժամկետը բաց թողեց, այլևս դատարան դիմելուց զրկվու՞մ է, ճի՞շտ հասկացա Ձեր մոտեցումը:

Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ստեփանյան – Հնարավորությունը կա, եթե դատարանն այդ ժամկետը հարգելի համարի»:

Նույն նիստի ընթացքում Դատարանը սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և բաշխել է ապացուցման պարտականությունը կողմերի միջև: Նույն նիստով նախապատրաստական փուլն ավարտվել է, և Դատարանը 24.06.2019 թվականի որոշմամբ նշանակել է դատաքննություն 01.07.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 73, 75, 86, դատական նիստի ձայնագրություն):

5) Երևանի քաղաքապետարանը 28.06.2019 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարանին՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 78-83):

6) Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի կողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել հետևյալ հիմնական հիմնավորումներով՝

1) Դատարանի վճիռն առնչվում է Կազմակերպության գործող տնօրեն Նարինե Արզումանյանի իրավունքներին, ով գործին մասնակից չի դարձվել,

2) Դատարանի վճիռը զուրկ է որևէ իրավական հիմնավորվածությունից,

3) Զարա Ադիյանի նշանակումը տնօրենի պաշտոնին եղել է սահմանված կարգի խախտմամբ,

4) անգամ հրամանն անվավեր ճանաչվելու դեպքում Զարա Ադիյանը չի կարող վերականգնվել աշխատանքում, քանի որ այդ հաստիքը 23.10.2017 թվականից զբաղեցնում է Նարինե Արզումանյանը, բացի այդ, Դատարանն իրավասու չէ կողմերի՝ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի կամքին հակառակ փոփոխել աշխատանքային պայմանագրի պայմանները:

Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները հայցային վաղեմության մասով որևէ փաստարկ չեն պարունակում (հատոր 3-րդ, գ.թ. 41-49, 117-127):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ,այն է՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման պայմաններում հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 12-րդ, 168-րդ, 379-րդ հոդվածների խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման պայմաններում հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել կրկին անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

I. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականից ի վեր գործող իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված ժամկետն իր էությամբ հայցային վաղեմության ժամկետ է: Հետևաբար վերջինիս նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հայցային վաղեմության վերաբերյալ սահմանված կարգավորումները:

Այսպես, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի, 337-րդ հոդվածի 1-ին կետի, 335-րդ հոդվածի հին և նոր խմբագրությունների վերլուծությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախկինում կայացրած որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումների արդյունքում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հարցը: Այն է՝ պետք է առկա լինի հայցային վաղեմություն կիրառելու մասին գործին մասնակցող անձի կողմից դիմում, և այդ դիմումը պետք է ներկայացվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Այսինքն` օրենսդրի կողմից հստակ սահմանվել է ժամկետ, այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացնել մինչև վճռի կայացումը:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև ուղղակիորեն արձանագրել է, որ դատարանն իրավասու չէ հայցային վաղեմության ժամկետ կիրառել սեփական նախաձեռնությամբ: (տե՛ս, թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի որոշումը):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 09.04.2018 թվականը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներից և ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից էր հետևում, որ հայցային վաղեմությունը դատարանը կիրառում է միայն կողմի միջնորդությամբ: Հետագայում 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ևս օրենսդիրն ուղղակիորեն անդրադարձել է հայցային վաղեմություն կիրառելու հարցին:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝ (1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, (2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, (3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը, (4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը կարևորել է, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հայցային վաղեմության վերաբերյալ դատավարական կանոնների հստակ ամրագրումն ապահովում է դատավարության մասնակիցների հավասարության, մրցակցության և տնօրինչականության սկզբունքների առավել արդյունավետ իրացումը՝ մասնավորապես դատավարության մասնակիցների համար հստակեցնելով հայցային վաղեմության մասով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը: Գործող կարգավորումը նպաստում է նաև դատական խնայողությանը, քանի որ հնարավորություն է տալիս դատարանին քննարկել միայն հայցային վաղեմության հարցը և միջնորդությունը մերժելու դեպքում միայն անցնել գործի ըստ էության քննությանը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միայն դատավարական վերոգրյալ կանոնների պահպանմամբ դատարանը կարող է կիրառել հայցային վաղեմություն, քանի որ հակառակ դեպքում խախտվում են արդար դատաքննության տարր հանդիսացող վերոգրյալ սկզբունքները:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշմամբ Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանը 23.09.2017 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հրամանի դարձերեսին առկա նշման համաձայն՝ Զարա Ադիյանը նշված որոշումը ստացել է 25.09.2017 թվականին: 14.01.2019 թվականին Զարա Ադիյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության` Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին: Երևանի քաղաքապետարանը 08.04.2019 թվականին ներկայացրել է հայցադիմումի պատասխան՝ վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը և նշելով, որ հայցվորը դատարան չի ներկայացրել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանի կողմից չի քննարկվել և այդ կապակցությամբ որոշում չի կայացվել, ինչից հետևում է, որ հայցվորը զրկվել է Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը վիճարկելու իրավունքից:

24.06.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, չնայած նախագահող դատավորի հստակեցնող հարցերին, չի ներկայացրել միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, այլ պնդել է, որ ժամկետի բացթողումն ինքնին բավարար է հայցը մերժելու համար: Երևանի քաղաքապետարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն ներկայացվել է 28.06.2019 թվականին՝ Դատարանի կողմից ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելուց և ապացուցման պարտականությունը բաշխելուց, ինչպես նաև գործը դատաքննության նշանակելուց հետո։

Դատարանը, բավարարելով հայցապահանջը, անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի այն փաստարկին, որ Զարա Ադիյանը, բաց թողնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու դիմում, ուստի զրկվել է Երևանի քաղաքապետի՝ 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը վիճարկելու իրավունքից: Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով հայտնած դիրքորոշումը՝ Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը հայցային վաղեմության ժամկետ է, որի բացթողնման պարագայում իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում անկախ դրա լրանալուց և միայն համապատասխան հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումի ներկայացման դեպքում է իրավասու կիրառել հայցային վաղեմություն և համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ մերժել հայցը, մինչդեռ քննարկվող պարագայում Երևանի քաղաքապետարանը հիշյալ ժամկետի բացթողման իրավական հետևանքը դիտարկել է դատարան դիմելու իրավունքի կորուստը, ինչը Դատարանը դիտարկել է անհիմն:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով հայտնած դիրքորոշումը և Զարա Ադիյանի կողմից իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավորության ժամկետի սկիզբ է դիտարկել Երևանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը ստանալու պահը` 25.09.2017 թվականը, իսկ նշված ժամկետի ավարտ` 25.11.2017 թվականը` փաստելով, որ հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու միջնորդություն չի ներկայացվել: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով առկա են եղել հայցային վաղեմություն կիրառելու բավարար հիմքեր: Այնուհետև վկայակոչելով [թիվ 3-608 (ՎԴ)] գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային վեճեր լուծելիս դատարանը կպարզի, թե կոնկրետ դեպքում հայցային վաղեմության ժամկետը լրացել է, և հայցվորը բաց է թողել նշված ժամկետը, պարտավոր է հայցադիմումի ընդունումը մերժել կամ գործի վարույթը կարճել, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը գործում է ուղղակիորեն և անկախ այն հանգամանքից, թե պատասխանողի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվել է, թե` ոչ: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցադիմումի պատասխանի մեջ բողոքաբերը վկայակոչել է հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու փաստը և գործը դատաքննության նշանակելու մասին Դատարանի որոշումից հետո նաև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, այդուհանդերձ Դատարանը պետք է առաջնորդվեր ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ դիրքորոշմամբ և մերժեր հայցադիմումի ընդունումը` նկատի ունենալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի ուղղակիորեն գործելու բնույթը, քանի որ սույն գործով ներկայացված նյութերը ողջամտորեն թույլ են տալիս եզրահանգել, որ հայցվորը բաց է թողել նշված ժամկետը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, մերժել է Զարա Ադիյանի հայցը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը հակասական եզրահանգումներ է արել սույն գործով դատարան դիմելու ժամկետը հայցային վաղեմության ժամկետ համարելու կամ չհամարելու մասով: Այսպես, Վերաքննիչ դատարանը թեև վկայակոչել է թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը և արձանագրել, որ «առկա են եղել հայցային վաղեմություն կիրառելու բավարար հիմքեր», սակայն ըստ էության կիրառել է միայն թիվ 3-608 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը՝ անտեսելով այն հանգամանքը, որ թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը փոփոխել էր թիվ 3-608 (ՎԴ) գործով հայտնած դիրքորոշումը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, որի հետևանքով թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված հավասարության և տնօրինչականության սկզբունքների խախտում, քանի որ առանց օրենքով սահմանված կարգով ներկայացված միջնորդության առկայության՝ ըստ էության կիրառել է հայցային վաղեմություն՝ մերժելով հայցը և հնարավորություն չտալով հայցվոր կողմին՝ հայտնել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության և՛ երկամսյա ժամկետը դիտել է որպես հայցային վաղեմության ժամկետ, և՛ միաժամանակ արձանագրել, որ միջնորդության ներկայացնելու անհրաժեշտություն առկա չէ: Արդյունքում Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը նաև հանգեցրել է հայցային վաղեմության էության խաթարման, քանի որ հայցային վաղեմություն կիրառվում է բացառապես կողմի համապատասխան դիմումի (միջնորդության) առկայության դեպքում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորել է, որ Դատարանում սույն գործի քննության ընթացքում Երևանի քաղաքապետարանը և Կազմակերպությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածին համապատասխան չեն ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ներկայացրած փաստարկին՝ դատարան դիմելու ժամկետը լրացած լինելու մասով, ապա նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը հարցերի միջոցով առավել հստակեցրել է այն, որ Երևանի քաղաքապետարանի համոզմամբ սահմանված երկամսյա ժամկետն ինքնին հիմք է հայցը մերժելու համար՝ առանց միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության, ինչը լրացուցիչ հիմնավորում է այն հանգամանքը, որ ըստ պատասխանողի՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության անհրաժեշտություն առկա չէր: Վերաքննիչ դատարանը փաստորեն համաձայնել է նշված մոտեցման հետ՝ անտեսելով աշխատանքային գործերով հայցային վաղեմության ինստիտուտի էությունը և թույլ տալով դատական սխալ, որը ոչ միայն ազդել է գործի ելքի վրա, այլ նաև խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ հայցվորը Դատարանում գործի քննության ընթացքում զրկված է եղել հայցային վաղեմության հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, քանի որ դատաքննության նախապատրաստության փուլում ոչ միայն հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն չի ներկայացվել, այլ նաև նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին ուղղված հարցերի միջոցով հստակեցրել է պատասխանողի դիրքորոշումը՝ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնված լինելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ Դատարանը դատաքննության նախապատրաստության փուլում հայցային վաղեմության միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով (միջնորդությունը ներկայացվել է ավելի ուշ՝ Դատարանի կողմից ապացուցման առարկան որոշելուց և ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված կարգով հայցային վաղեմության մասով չի որոշել միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև չի բաշխել այդ փաստերի ապացուցման պարտականությունը, անհրաժեշտության դեպքում ժամկետ չի տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորն օբյեկտիվորեն, նման հարց բարձրացված չլինելու պատճառով զրկված է եղել հայցային վաղեմության հարցի կապակցությամբ մրցակցելու հնարավորությունից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման արդյունքում ուղղակիորեն սահմանափակվել է հայցվորի՝ հավասարության և մրցակցության սկզբունքների վրա հիմնված արդար դատաքննության իրավունքը:

 

II. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ.

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 172-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ, 379-րդ, 381-րդ հոդվածները և վերահաստատելով և զարգացնելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ևս մեկ անգամ նշել, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ վերաքննիչ բողոքի հիմքերով կաշկանդված լինելու հանգամանքը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ բողոքաբերները մեկից ավել են, և ներկայացված բողոքներից մեկը կամ մի քանիսը չի պարունակում այն հիմքը, որով Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ արդար դատաքննության իրավունքը ենթադրում է յուրաքանչյուր անձի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական ակտի կայացում, այսինքն՝ անձը պետք է հստակ և որոշակի լուծում ստանա իր ներկայացված հարցի վերաբերյալ, որը չի կարող իրացվել այն դեպքում, երբ անձի վերաքննիչ բողոքը «բավարարվում է» մեկ այլ բողոքաբերի ներկայացրած հիմքով: Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը բխում է տնօրինչականության սկզբունքից՝ նկատի ունենալով, որ անձը պետք է պատշաճ հնարավորություն ունենա իրականացնել իր դատավարական իրավունքները, տնօրինել դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Ավելին, Վճռաբեկ դատարանի այս մոտեցման հիմքում են նաև հավասարության և մրցակցության սկզբունքները, քանի որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնող կողմը պատասխան է ներկայացնում վերաքննիչ բողոքի կոնկրետ հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ՝ ակնկալելով, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննելու է բացառապես այդ հիմքերով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացվում են նաև վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները: Այսինքն՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնող անձը բողոքի պատասխաններ կայացնելիս ունենում է հստակ պատկերացում վերաքննության սահմանների վերաբերյալ, որի կապակցությամբ էլ ներկայացնում է իր դիրքորոշումը: Մինչդեռ եթե Վերաքննիչ դատարանը բավարարում է վերաքննիչ բողոքն այնպիսի հիմքով, որն առկա չէ վերաքննիչ բողոքում, ապա ոչ միայն խաթարվում է ոչ լրիվ վերաքննության և վերաքննության սահմանների էությունը, այլ նաև խախտվում են մրցակցության, հավասարության, ինչպես նաև տնօրինչականության սկզբունքները, հետևաբար նաև՝ արդար դատաքննության իրավունքը: Բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սպառիչ ցանկով սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Սույն գործով վերաքննիչ բողոքներ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանը, Կազմակերպությունը և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանը: Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները որևէ փաստարկ չեն պարունակում հայցային վաղեմության կիրառելիության մասով:

Վերաքննիչ դատարանը բավարարել է նաև Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը բեկանել է՝ բացառապես հայցային վաղեմության վերաբերյալ վերլուծությունների հիման վրա: Ավելին, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոք բերողների մյուս փաստարկները, որոնք կարող են համարվել չանդրադարձված, չեն կարող որևէ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը Կազմակերպության և գործին մասնակից չդարձված անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները բավարարել է այնպիսի հիմքով, որը ներկայացված չէր վերջիններիս վերաքննիչ բողոքներում:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը խաթարել է վերաքննության սահմանների էությունը և թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում և Զարա Ադիյանի արդար դատաքննության իրավունքի այնպիսի սահմանափակում, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդև 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքների նորմերի այնպիսի խախտում,որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ հանգեցրել է աշխատանքային գործերով հայցային վաղեմության ինստիտուտի, ինչպես նաև վերաքննության սահմանների էության հիմնարար խաթարման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ առաջնահերթ նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով ներկայացված դատական սխալը հնարավոր է շտկել բացառապես վերաքննության միջոցով: Ուստի Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով առկա է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի նոր քննության անհրաժեշտություն՝ ներկայացված վերաքննիչ բողոքները վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելու նպատակով՝ հաշվի առնելով նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ա. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս և Է. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման վճռաբեկ բողոքի 1-ին հիմքի պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների oգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեuված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ oրենuդրությամբ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն oրենuգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն oրենuգրքով նախատեuված դեպքերի։ Պահանջների որոշ տեuակների համար oրենքներով կարող են uահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության oրենuգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային oրենuդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականից ի վեր գործող իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված ժամկետն իր էությամբ հայցային վաղեմության ժամկետ է: Հետևաբար վերջինիս նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հայցային վաղեմության վերաբերյալ սահմանված կարգավորումները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մաuին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի՝ մինչև 09.02.2018 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մաuին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մաuին վճիռ կայացնելու համար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի` 09.02.2018 թվականի փոփոխություններից հետո գործող խմբագրության համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով մինչև 09.02.2018 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հարցը: Այն է՝ պետք է առկա լինի հայցային վաղեմություն կիրառելու մասին գործին մասնակցող անձի կողմից դիմում, և այդ դիմումը պետք է ներկայացվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Այսինքն` օրենսդրի կողմից հստակ սահմանվել է ժամկետ, այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացնել մինչև վճռի կայացումը (տե'ս, Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարիչն ընդդեմ «Վանակն Ապակի» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ՇԴ/0376/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվե Ժոլիվե Բյուոնին ընդդեմ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նաև ուղղակիորեն արձանագրել է, որ դատարանն իրավասու չէ հայցային վաղեմության ժամկետ կիրառել սեփական նախաձեռնությամբ (տե՛ս, թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի որոշումը):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 09.04.2018 թվականը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներից և ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից հետևում է, որ հայցային վաղեմությունը դատարանը կիրառում է միայն կողմի միջնորդությամբ: Հետագայում 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ևս օրենսդիրն ուղղակիորեն անդրադարձել է հայցային վաղեմություն կիրառելու հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

ՀՀ սահմանադրական դատարանը 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով, հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարանի կողմից դատավարական գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով վերականգնելու պարտականություն: Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքերում էական է ոչ թե հայցվող դատավարական գործողության վերնագիրը, այլ այն, թե շարադրանքի բովանդակությունը որքանով է հնարավորություն ընձեռում այն դատարանի կողմից որպես միջնորդություն ընկալվելու համար: Իսկ այդպիսին ընկալվելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը հստակորեն ներկայացնի իր միջնորդությունը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Քաղաքապետարանի կողմից 08.04.2019 թվականին ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որում նշվել է, որ հայցվորը դատարան չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանի կողմից չի քննարկվել և այդ կապակցությամբ որոշում չի կայացվել, ինչից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով հայցվորը զրկվել է Քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը /անհատական իրավական ակտը/ վիճարկելու իրավունքից: 24.06.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Քաղաքապետարանի ներկայացուցիչը կրկին հայտնել է, որ հայցվորը բաց է թողել աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետը՝ անհատական իրավական ակտը վիճարկելու հետ կապված, որը հայցի մերժման հիմք է և հավելել է, որ եթե օրենսդիրը ժամկետ է սահմանել նմանատիպ հայց դատարան ներկայացնելու համար, հետևաբար այդ ժամկետի խախտումն ինքնին արդեն արգելք է, որպեսզի նման առարկայով հայց ներկայացնեն դատարան: Դատարանը Քաղաքապետարանի կողմից 28.06.2019 թվականին ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չի քննարկել, քանի որ այն ներկայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելուց հետո:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի առաջին հիմքի քննության արդյունքում եզրահանգել է, որ «…հայցվորը Դատարանում գործի քննության ընթացքում զրկված է եղել հայցային վաղեմության հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, քանի որ դատաքննության նախապատրաստության փուլում ոչ միայն հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն չի ներկայացվել, այլ նաև նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին ուղղված հարցերի միջոցով հստակեցրել է պատասխանողի դիրքորոշումը՝ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնված լինելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ Դատարանը դատաքննության նախապատրաստության փուլում հայցային վաղեմության միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով (միջնորդությունը ներկայացվել է ավելի ուշ՝ Դատարանի կողմից ապացուցման առարկան որոշելուց և ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված կարգով հայցային վաղեմության մասով չի որոշել միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև չի բաշխել այդ փաստերի ապացուցման պարտականությունը, անհրաժեշտության դեպքում ժամկետ չի տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորն օբյեկտիվորեն, նման հարց բարձրացված չլինելու պատճառով զրկված է եղել հայցային վաղեմության հարցի կապակցությամբ մրցակցելու հնարավորությունից….»:

Վերոնշյալ իրավական վերլուծությունների արդյունքում հայտնում ենք, որ համաձայն չենք Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ նշված եզրահանգման հետ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 գործով արտահայտած իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության պարագայում, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման իրավական վերլուծություններից բխում է, որ մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, ձեռնամուխ է լինում քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը միայն համապատասխան հայցվող գործողության հիման վրա: Կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով պայմանավորված դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական նախաձեռնությամբ իրականացնելու արգելքով: Մասնավորապես, դատարանի կողմից դատավարական որոշակի գործողությունների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի գործին մասնակցող անձը գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև բանավոր, հայցի համապատասխան գործողության կատարումը:

Վերոգրյալից ելնելով արձանագրում ենք, որ գործին մասնակցող անձը հնարավորություն ունի որևէ կերպով վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այս առումով դատարանի համար բավարար պետք է համարվի վիճող կողմի` հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու փաստի որևէ ձևով գրավոր վկայակոչելը և ձևակերպելը, իսկ թե այդ փաստը ներկայացվել է կոնկրետ «դիմում» կամ «միջնորդություն» վերնագրով, թե ներառվել է դատավարական այլ փաստաթղթի շարադրանքի մեջ, որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ էական է այն, որ դատավարության մասնակցի կողմից նշված փաստի բովանդակությունը և շարադրանքը լինի բավականաչափ հստակ և ընկալելի, ինչպես նաև այն ներկայացվի օրենքով սահմանված ժամկետում:

Սույն հարցի կապակցությամբ, գործի փաստերը համադրելով ստորադաս ատյանների պատճառաբանությունների և վերոգրյալ իրավական վերլուծությունների հետ` արձանագրում ենք, որ հայցադիմումի պատասխանում վկայակոչած հայցվորի կողմից նմանատիպ հայցատեսակով դատարան դիմելու դատավարական ժամկետի բացթողման վերաբերյալ փաստը և նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցչի արտահայտած` դատավարական ժամկետի բացթողնման և այդ հիմքով հայցը մերժման ենթակա լինելու հանգամանքների վկայակոչումը պետք է գնահատվեին որպես գործին մասնակցող անձի կողմից` հայցային վաղեմության ժամկետ կիրառելու վերաբերյալ դիմում:

Նման պայմաններում կարծում ենք, որ պատասխանող կողմը` Երևանի քաղաքապետարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Դատարան է ներկայացրել դիմում հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, անկախ այն հանգամանքից, որ այն չի ներկայացվել առանձին «դիմում» վերնագրով, այլ զետեղված է եղել հայցադիմումի պատասխանում: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչն այդ դատավարական գործողությունը հայցել է նաև նախնական դատական նիստի ժամանակ:

Հավելում ենք, որ իրականում ստորադաս ատյանի համար առկա էր իրական հնարավորություն մրցակցային դատավարության պայմաններում, առանց խախտելու քաղաքացիական դատավարության մասնակիցների տնօրինչականության, օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքները, պատասխանողի` Երևանի քաղաքապետարանի «հայցադիմումի պատասխանում» վկայակոչված դիրքորոշումը համարելու հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում և այդ պայմաններում առավել արդյունավետ իրացնելու հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումի քննությունը` իրականացնելով նաև այդ դիմումի քննությանն ուղղված բոլոր դատավարական գործողությունները:

Ընդ որում, ինչպես հայցադիմումի պատասխանում, այնպես էլ նախնական դատական նիստում բանավոր արտահայտված դիրքորոշման մեջ պատասխանողը պնդել է, որ հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հիմք է հայցը մերժելու համար, այսինքն` ուղղակիորեն տվել է հայցային վաղեմության կիրառման հիմք հանդիսացող կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի ձևակերպումը:

Նման պայմաններում գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի 18.09.2020 թվականի որոշման` վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ պատճառաբանությունները հիմնավոր չեն և չեն բխում սույն գործի փաստերից, իսկ սույն իրավական դիրքորոշմանը համապատասխան` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելով, գործը ոչ թե պետք է ուղարկվի նույն դատարան, այլ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` հայցային վաղեմության դիմումի հարցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան քննության առնելու և լուծելու համար:

 

Դատավորներ՝

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: