Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-493-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.65
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Համայնքի վարչական տարածքը

Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:

Համայնքների վարչական սահմանների նկարագրությունը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.».

2) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ կետ.

«71) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.».

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները.».

4) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) հաստատում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը և գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի`

1) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.».

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.».

3) 15-րդ կետը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման» բառերով:»:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի «հավաքումը (գանձումը) և վերահսկումը» բառերը փոխարինել «գանձումը,» բառով:

Հոդված 6. Օրենքի 37-38-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում

Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, գոտիավորման այլ փաստաթղթեր:

Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը կազմում է Երևանի քաղաքապետը և Երևանի խորհրդի համաձայնությամբ ներկայացնում է կառավարության հաստատմանը.

2) սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

3) սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.

4) սահմանված կարգով տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

5) սահմանված կարգով ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

6) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

7) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

8) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

9) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

10) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.

11) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

12) կազմակերպում է աղբահանությունը.

13) կազմակերպում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները և աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաև օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.

15) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

16) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը.

2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները.

3) կազմում է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ըստ անհրաժեշտության մշակվող, քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը.

4) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.

5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագործումը:

Հոդված 38. Համայնքի ղեկավարի գործունեությունը հողօգտագործման բնագավառում

Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.

2) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.

3) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

2) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.

3) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողամասերի բարելավման աշխատանքներ.

2) իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ:»:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված» բառը:

Հոդված 8. Օրենքի 47-րդ`

1) հոդվածի առաջին մասի «հողերն օրենքով» բառերը փոխարինել «հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով» բառերով.

2) հոդվածի երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 49-րդ հոդվածի`

1) երրորդ մասի «հանրային սեփականություն համարվող» բառերը փոխարինել «բազմաբնակարան շենքերի» բառերով, «հանգստի գոտիները» բառերը փոխարինել «ընդհանուր օգտագործման տարածքները» բառերով.

2) հինգերորդ մասի «կառավարության որոշմամբ» բառերից հետո լրացնել «հաստատված ցանկերին համապատասխան» բառերը:

Հոդված 10. Օրենքի 51-րդ`

1) հոդվածի երկրորդ մասը «հետգնման իրավունք» բառերից հետո լրացնել «հողամասի շուկայական գնով» բառերով.

2) հոդվածի չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 11. Օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասի`

1) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների)» բառերը.

2) 3-րդ կետի «ա» ենթակետի «պահուստի» բառը փոխարինել «սեփականություն համարվող» բառերով.

3) 3-րդ կետի «է» ենթակետի «նվիրատվության ձևով» բառերից հետո լրացնել «կամ քաղաքացիների և իրավաբանական անձանց հողի սեփականության իրավունքից հրաժարվելու արդյունքում» բառերը.

4) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.

«թ) համայնքին նվիրատվության ձևով տրամադրվող միջոցները:»:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերից,» բառերը:

Հոդված 13. Օրենքի 72-րդ`

1) հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն` համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը:».

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

«Մարզպետը կարող է դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները:»:

Հոդված 14. Օրենքի 73-րդ հոդվածի վեցերորդ մասից հանել «, իսկ եռօրյա ժամկետում` նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերը:

Հոդված 15. Օրենքի 74-րդ հոդվածից հանել «, իսկ եռօրյա ժամկետում` նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերը:

Հոդված 16. Օրենքի 75-րդ հոդվածի «ստանձնումը» բառից հետո լրացնել «համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում,» բառերը:

Հոդված 17. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Միջհամայնքային միավորումների խնդիրները, իրավասությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 18. Օրենքի 79-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 79. Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

Միջհամայնքային միավորումներն ստեղծվում են համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների հաստատած պայմանագրերի հիման վրա:»:

Հոդված 19. Օրենքի 82-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետը լրացնել «` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ապահովելով դրանց գրանցումը» բառերով:

Հոդված 20. Օրենքի 84-րդ`

1) հոդվածի երկրորդ մասի «մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

2) հոդվածի երրորդ մասի «առաջին քաղաքաշինական գլխավոր հատակագծերի նախագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման գծակարգերի» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների և գոտիավորման այլ փաստաթղթերի» բառերով.

3) հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին (Երևան քաղաքում` նաև Երևանի քաղաքապետին) է փոխանցում համայնքի (Երևան քաղաքի) վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:».

4) հոդվածի վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:».

5) հոդվածի յոթերորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) հոդվածի ութերորդ մասի «կնքված» բառը փոխարինել «սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած» բառերով.

7) հոդվածի տասնմեկերորդ մասը լրացնել «` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում,» բառերով:

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85-րդ հոդվածով.

«Հոդված 85. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերի և երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետը:

2. Սույն օրենքի 28-րդ հոդվածը գործում է մինչև տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին համապատասխան օրենքն ընդունելը և սահմանված կարգով ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 9
Երևան
ՀՕ-493-Ն