14.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 19-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-793-02.12.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-793-02.12.2020-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան սոցիալական երաշխիքներ սահմանել անհայտ կորած և գերեվարված զինծառայողների համար։ Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է՝
1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) սահմանել ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողի կարգավիճակը, նրան զինվորական պաշտոնից ազատելու և կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը, նախատեսվում է գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ճանաչված զինծառայողին հաշվարկել ամսական դրամական օգնություն և շարունակել բնակվարձի փոխհատուցման վճարումը,
2) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել պետական նպաստ գերի ընկած անձի ընտանիքին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից ստորև բերված հիմնավորումներով.
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած անհայտ կորած զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման, որի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ նրանց կողմից դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, զինծառայողին պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով և Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ու 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով սահմանված կարգով ազատվում են զինվորական պաշտոնից և թողնվում են կադրերի տրամադրության տակ: Միաժամանակ, գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանելու նպատակով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում 19.11.2020 թ. ՀՕ-487-Ն օրենքով կատարվել է համապատասխան կարգավորիչ լրացում, որի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանով սահմանվել են գերության մեջ գտնվող զինծառայողի (տվյալ պարագայում խոսքը վերաբերում է նաև անհայտ կորած զինծառայողներին) համար պահպանված պաշտոնային դրույքաչափը նրա ընտանիքին վճարելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:
2. Բացի այդ՝
1) Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև` ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե զինծառայողը (ներառյալ՝ կամավորականը) մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել.
2) ՀՀ կառավարության 02.06.2016 թ. N 580-Ն որոշման պահանջների համաձայն՝ եթե կամավորականը զոհվել (մահացել) է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ՀՀ կառավարության 10.12.2020 թ. N 2001-Լ որոշմամբ 6 ամիս ժամկետով և 300.000 դրամի չափով ամենամսյա դրամական վճար է սահմանվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողների և կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց ընտանիքներին, որոնց անհայտ կորելու շրջանակներում առկա չէ տեղեկատվություն զինծառայողի (կամավորականի) կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու մասին.
4) ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-504-Ն ու «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-502-Ն օրենքների համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածում ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած անձին անհայտ բացակայող ճանաչելու դիմումի ներկայացման մեկամյա ժամկետը փոխարինվում է եռամսյա ժամկետով, ինչպես նաև վնասների հատուցում ստանալու շահառու հանդիսանալու համար սահմանված՝ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս անցնելու պայմանը հանվում է.
5) Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողներին փոխհատուցման վճարումը շարունակելու առաջարկի օրենքով լրացուցիչ կարգավորման անհրաժեշտությունը ևս բացակայում է, քանի որ Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 22.11.2018 թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված փոխհատուցման կարգի 14-րդ կետի համաձայն՝ կադրերի տրամադրության տակ (ներառյալ` գերության մեջ գտնվելու հիմքով) թողնված զինծառայողին շարունակվում է փոխհատուցման վճարումը՝ եթե զինծառայողն ունի ընտանիք (ընտանիքի կազմը սահմանված է Օրենքի 65-րդ հոդվածում):
Այսինքն՝ թե կադրային գործընթացների և թե գերության մեջ գտնվող (ներառյալ` գտնվելու վայրն անհայտ) զինծառայողների (կամավորականների) կարգավիճակի ու նրանց ընտանիքների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման առումով առկա են անհրաժեշտ օրենսդրական ու ենթաօրենսդրական կարգավորումներն ու հատուցումների համակարգը, որի կապակցությամբ ներկայացված օրենքներում առաջարկվող փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտությունը բացակայում է:
Այդուհանդերձ նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ դիտողությունները.
1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
1) Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 28.1-ին հոդվածի (այսուհետ՝ Հոդված 28.1) կարգավորումները վերաբերում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորելուն կամ գերի ընկնելուն: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծի հետագա տեքստում կարգավորումները վերաբերում են միայն պայմանագրային զինծառայողներին և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցներին: Ուստի, անհրաժեշտ է Նախագծի մնացած հոդվածներում դրույթներ նախատեսել նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների վերաբերյալ:
2) Նախագծի 1-ին հոդվածը «28.1-ին հոդվածով՝» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «հետևյալ բովանդակությամբ.» բառերով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջների:
Նույն դիտողությունը վերաբերում է նաև սույն նախագծի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստում նոր լրացվող դրույթներին:
3) Հոդված 28.1-ում հստակեցման կարիք ունի, թե ինչ «օրենսդրությամբ սահմանված կարգի» մասին է խոսքը, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթների համաձայն՝ օրենսդրությունը օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն է: Հետևապես, անհրաժեշտ է հստակ նշել, թե որ իրավական ակտով սահմանված կարգի մասին է խոսքը:
4) Հոդված 28.1-ով սահմանվում է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ճանաչվում են ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող Օրենքի 40-րդ հոդվածի 1.1-ին մասում նշվում է, որ «Պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ճանաչվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած, եթե զորամասում կամ ծառայության վայրում կամ մարտադաշտում նրա գտնվելու վայրի մասին առնվազն երեք օր տեղեկություններ առկա չեն…»:
Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հոդված 28.1-ի համաձայն՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ճանաչվում են ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով, մինչդեռ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի և Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 40-րդ հոդվածի 1.1-ին մասի մեկնաբանությունից երևում է, որ սահմանված դրույթները վերաբերում են միայն պայմանագրային զինծառայողներին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է խմբագրել և վերացնել Նախագծի վերոհիշյալ հոդվածների դրույթների միջև առկա հակասությունները՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջների:
5) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.1-ին մասում (այսուհետ՝ 1.1 մաս) նշվում է, որ «պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ճանաչվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած, եթե...»: Սույն դրույթի կետ կապված հայտնում ենք, որ անհրաժեշտ է պարզաբանել՝ արդյոք լիազոր մարմնի ղեկավարը ունի նման լիազորություն հրամանով պայմանագրային զինծառայողին ճանաչել ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Հիշյալ դրույթի մեկնաբանությունից պարզ է, որ անձին անհայտ բացակայող կարող է ճանաչել միայն դատարանը՝ համապատասխան հիմքերի և պայմանների առկայության դեպքում:
Նկատի ունենալով քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի կարգավորումները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել պայմանագրային զինծառայողին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով անհայտ կորած ճանաչելու վերաբերյալ դրույթի նախատեսման իրավաչափությունը:
6) 1.1 մասով սահմանվում է, որ պայմանագրային զինծառայողի գտնվելու վայրի մասին առնվազն «երեք օր» տեղեկություններ չունենալու դեպքում անհայտ կորած ճանաչելու համար նախատեսված վերոնշյալ ժամկետը հիմնավորման կարիք ունի: Այդ առումով անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների հետ, մասնավորապես՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Իսկ համաձայն քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի՝
1. Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:
2. Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո:
Ուստի, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ կարգավորումները՝ կարծում ենք, որ պայմանագրային զինծառայողին անհայտ կորած ճանաչելու համար նախատեսված երեք օրյա ժամկետը լուրջ հիմնավորման կարիք ունի՝ նկատի ունենալով քաղաքացուն անհայտ բացակայող և մահացած ճանաչելու դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ավելի երկար ժամկետները:
7) 1.1 մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ «Սույն մասով սահմանված կարգով զինծառայողին անհայտ կորած ճանաչելու հետևանքով չեն առաջանում քաղաքացուն քաղաքացիական դատավարության կարգով անհայտ բացակայող ճանաչելու արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները:»
Սույն դրույթի նախատեսման կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծի 1.1 մասում նշվում է, որ պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով է ճանաչվում ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած, իսկ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում է դատարանը քաղաքացիական դատավարության կարգով: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դրույթները չեն տարածվում 1.1 մասով նախատեսված դեպքերում՝ նկատի ունենալով, որ Նախագծով սահմանվում է ոչ թե քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու, այլ պայմանագրային զինծառայողին ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչելու վերաբերյալ դրույթներ, որը նախատեսում է բոլորովին այլ ընթացակարգ և պայմաններ:
8) Նախագծի 1.1 մասի վերջին նախադասությունում անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են համարվում զինծառայողներ՝ նկատի ունենալով, որ Նախագծով նախատեսված դրույթները վերաբերում են ինչպես պայմանագրային զինծառայողներին, այնպես էլ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին:
9) Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «8-րդ կետով սահմանված դեպքում» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին կետերով սահմանված դեպքերում բառերով»: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված «մահացած ճանաչվելը» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչվելը» բառերով՝ նկատի ունենալով, որ Օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դրույթները վերաբերելի են միայն Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կարգավորումներին:
10) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանվում է, որ Սույն մասի համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:
Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված կարգավորումները հանվում են՝ մասնավորապես գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը չի պահպանվելու:
Տվյալ կարգավորման վերաբերյալ հայտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել, թե ինչու չի պահպանվելու գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը:
Բացի այդ անհրաժեշտ է լրացուցիչ պարզաբանել, թե զինծառայողը երբ է համարվում աշխատանքից ազատված, եթե պաշտոնային դրույքաչափի պահպանման հետ կապված դրույթները հանվում են:
11) Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 63-րդ հոդվածը լրացնել նոր 9.1 մասով, որի համաձայն՝ գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացվում է ամենամսյա դրամական օգնություն՝ նվազագույն աշխատավարձի 200ապատիկի չափով:
Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել «հատկացվում է ամենամսյա դրամական օգնություն» բառերը՝ մասնավորապես նշել, թե ինչ կարգով է դա իրականացվելու:
Նույն հոդվածով լրացվող 9.1 մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ «Եթե օրենքով սահմանված կարգով ապացուցվել է զինծառայողի մեղքը …, սույն մասի համաձայն վճարված դրամական ապահովությունը հետ է գանձվում օրենքով սահմանված կարգով:»
Վերոնշյալ կարգավորման մեջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են համարվում զինծառայողներ՝ նկատի ունենալով, որ լրացվող 9.1 մասի առաջին նախադասության մեջ խոսքը վերաբերում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողներին, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցած անձանց:
Նույն դիտողությունը վերաբերում է նմանատիպ կարգավորումներ նախատեսող դրույթներին:
Բացի այդ, հարկ է նշել, որ օրենքի 63-րդ հոդվածում լրացվող 9.1 մասում սահմանված քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի և 380-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի սուբյեկտ կարող են լինել նաև կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցները:
Վերոնշյալ դրույթում նշված «դրամական ապահովությունը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «դրամական օգնությունը» բառերով՝ նկատի ունենալով, որ Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 9.1 մասի առաջին նախադասության համաձայն՝ նախատեսվում է հատկացնել ամենամսյա դրամական օգնություն:
Բացի այդ, անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ չափով է հետ վերադարձվում տրամադրված դրամական օգնությունը և ինչ «օրենքով սահմանված կարգի» մասին է խոսքը, մասնավորապես՝ նշել այդ օրենքի կրճատ անվանումը:
12) Նախագծի տեքստում անհրաժեշտ է հստակեցնել տերմինների գործածությունը, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «գերի ընկած» և «գերության մեջ հայտնված» ձևակերպումներին, որոնք անհրաժեշտ է խմբագրել և համապատասխանեցնել միմյանց:
13) Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 65-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որի համաձայն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը շարունակում է վճարել կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում:
Սույն մասում նշված «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել և նշել այդ օրենքի կրճատ անվանումը:
Նույն մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ով է համարվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող շահառու: Բացի այդ անհրաժեշտ է պարզաբանել, թե շահառուին բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցումը երբ է շարունակում վճարվել և որ դեպքերում: Նկատի ունենալով, այն հանգամանքը, որ շահառու կարող է լինել նաև գերի ընկած կամ անհայտ կորած զինծառայողը, այս դեպքում անհրաժեշտ է նշել, թե բնակելի տարածության վարձակալության դիմաց տրված դրամական փոխատուցումը երբ է վճարվելու:
Սույն մասում նշված «օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում» արտահայտությունը անհրաժեշտ է հստակ նշել, մասնավորապես, թե որ օրենքով նախատեսված ժամկետի մասին է խոսքը:
14) Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2020 թվականի հունվարի 01-ից հետո ծագած հարաբերությունների վրա: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:
Այս առումով գտնում ենք, որ անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչու է նախատեսվում, որ օրենքի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 01-ին հետո ծագած հարաբերությունների վրա:
Սույն դիտողությունը վերաբերում է նաև ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասին:
15) Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին գերի ընկած ճանաչելու վերաբերյալ) ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրացույցային օրվա ընթացում:
Սույն մասի հետ կապված հայտնում ենք, որ Նախագծի ամբողջ տեքստում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.1 մասում նշվում է միայն, որ պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ճանաչվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած:
Այս առումով հայտնում ենք, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մասին է խոսքը, իսկ նախատեսելու դեպքում առաջարկում ենք հիշյալ օրենքի նախագծում ներառել անցումային դրույթներ, որոնցով հստակ կնախատեսվեն վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը և դրանց ընդունման ժամկետները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում է նաև` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:
16) Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին գերի ընկած ճանաչելու վերաբերյալ) ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրացույցային օրվա ընթացքում:
Սույն դրույթի հետ կապված հայտնում ենք, որ 30 օրացույցային օրվա ժամկետի սահմանումը իրատեսական չէ՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման դրույթները: Նախքան նորմատիվ իրավական ակտերի ընդունումը դրանք մշակվում են, ուղարկվում են պետական-իրավական փորձաքննության, դրվում են շրջանառության մեջ:
Սույն դիտողությունը վերաբերում է նաև ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասին:
2. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
1) Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ գլխով կարգավորել նաև գերի ընկնելու դեպքում նպաստ ստանալու, նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները: Այս առումով անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչու «անհայտ կորած» զինծառայողների հետ կապված հարաբերությունների կարգավորումը նույնպես չի ներառվում օրենքում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախատեսված լրացումները վերաբերում են ինչպես գերի ընկած, այնպես էլ գերության մեջ հայտնված, այնպես էլ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված անձանց (զինծառայողներին):
2) Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 30.1-ին հոդվածով (այսուհետ՝ Հոդված 30.1) նախատեսվում է օրենքում լրացնել 30.1-ին հոդված՝ հետևյալ վերտառությամբ. «Հոդված 30.1. Գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունքը»: Նկատի ունենալով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ գլխի վերնագրում և հետագա տեքստում նշված հաջորդականությունը՝ առաջարկում ենք Նախագծի վերոնշյալ հոդվածը լրացնել Հոդված 30.1-ից հետո:
3) Հոդված 30.1-ի 3-րդ մասում սահմանվում է, որ գերի ընկնելու դեպքում նշանակված նպաստը սահմանվում է գերության ամբողջ ժամանակահատվածի համար: Սույն մասում անհրաժեշտ է հստակեցնել ձևակերպումը, մասնավորապես նշված «գերության» բառը անհրաժեշտ է փոխարինել «գերության մեջ գտնվելու» բառերով:
Վերոնշյալ դրույթի հետ կապված հայտնում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել՝ մասնավորապես նշել, թե «գերի ընկնելու դեպքում» ասելով պետք է հասկանալ անձի փաստացի գերության մեջ հայտնվելու պահը, թե ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 7-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմնի կողմից շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների գերի ընկած ճանաչվելու վերաբերյալ իրավական ակտի ընդունման պահը:
4) Հոդվածի 30.1-ի 4-րդ մասով նշվում է, որ սույն հոդվածով նախատեսված նպաստի իրավունքից չեն օգտվում անձի գերի ընկնելու հիմքով օրենքով նախատեսված այլ բնույթի աջակցություն ստացող անձինք՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արտոնություն: Սույն մասում անհրաժեշտ է հստակեցնել «օրենքով նախատեսված» արտահայտությունը՝ մասնավորապես նշել այդ օրենքի կրճատ անվանումը, ինչպես նաև հստակ նշել, թե այլ բնույթի ինչ աջակցություն մասին է խոսքը:
5) Հոդված 30.1-ի 4-րդ մասում անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյոք այն անձինք, ովքեր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն ստանալու են ամենամսյա դրամական օգնություն, իրավունք ունեն օգտվելու նաև սույն Նախագծի Հոդված 30.1-ով նախատեսված նպաստի իրավունքից:
6) Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով: Սույն կետի հետ կապված հայտնում ենք, որ անհրաժեշտ է հստակ նշել, թե որ բառից հետո է անհրաժեշտ լրացնել «կամ գերի ընկնելու» բառերը՝ նկատի ունենալով, որ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասում «կորցնելու» բառը նշվում է երկու անգամ:
7) Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 32.1 հոդվածը լրացնել նոր 2.1 մասով (այսուհետ՝ Մաս 2.1): Այս առումով հայտում ենք, որ նախատեսվող լրացումը անհրաժեշտ է կատարել 32.1-ին հոդվածի 3.1 մասից հետո՝ նկատի ունենալով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ գլխի վերնագրում և հետագա տեքստում նշված հաջորդականությունը:
8) Մաս 2.1-ում անհրաժեշտ է լրացուցիչ պարզաբանել, թե ինչ կարգով է անձը ճանաչվում գերի ընկած, քանի որ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հոդված 2-ի 2-րդ կետով լրացվող 1.1 մասում նախատեսվում է պայմանագրային զինծառայողին անհայտ կորած ճանաչելու հետ կապված կարգը:
9) Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ ընտանիքի անդամի գերի ընկնելու դեպքում նպաստը նշանակվում է իրավասու մարմնի՝ անձին գերի ընկած ճանաչելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացում:
Սույն կարգավորման հետ կապված հայտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ պարզաբանել, թե երեք ամսվա ժամկետը լրանալուց հետո դիմում ներկայացնելու դեպքում անձի դիմումը մերժվում է, թե բավարարվում, թե բավարարվելու դեպքում նպաստը նշանակվում է ոչ թե անձին գերի ընկած ճանաչելու օրվանից, այլ դիմումը ներկայացնելու օրվանից:
10) Նախագծի 5-րդ հոդվածով օրենքի 33-րդ հոդվածում լրացվող 8.1 կետում նշված «նկատմամբ» բառը անհրաժեշտ է խմբագրել և փոխարինել այլ բառով, քանի որ այդ բառի գործածությունը տեղին չէ:
11) Նախագծի 7-րդ հոդվածով օրենքի 35-րդ հոդվածում լրացվող 2.1 մասում նշված «գերության» բառը անհրաժեշտ է փոխարինել «գերության մեջ գտնվելու ժամանակ» բառերով:
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ, ինչպես նաև սահմանել անձին գերի ընկածի կարգավիճակ տալու պայմաններն ու կարգը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|