Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2019-26.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 70-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02662248) կողմից իրականացվող՝ 5,171,424,620 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2019 թ. մարտի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 70-Ա

որոշման

ԾՐԱԳԻՐ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացումը, այդ թվում՝ տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, աջակցել գիտնականներին, երիտասարդներին, տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ոչ առևտրային կազմակերպություններին և այլ անձանց կատարել ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր, օգտագործել սեփական գիտական ու հետազոտական ներուժը Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, տեխնոլոգիական նորարարությունների համար զարգացնել միջավայր, մոբիլիզացնել հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները, աջակցել հայկական գիտական համայնքի վերականգնմանը և գլոբալ հարթակում դրա մրցունակությանը, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու նպատակով ներդնել գիտության և տեխնոլոգիայի լավագույն կրթական փորձը։

 2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից։

 3.

Բարեգործ

Ֆիզիկական անձինք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ ներառյալ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Արթուր Ալավերդյանի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի։

 4.

Ծրագիր կատարողը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3)

Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02662248

 5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, կրթություն, գիտություն

 6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի իրականացման բյուջեն կկազմի 5,171,424,620 դրամ

 7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը, գիտության և տեխնոլոգիայի ոլորտի հետ առնչվող անձինք, Հայաստանի Հանրապետության և միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ներդրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք։

 8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը։ Ծրագիրը լինելու է շարունակական։

 9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը ներկայացված է առաջիկա 2 տարվա համար։

1. «ՖԱՍԹ կրթաթոշակ», գնահատված ծախսեր 176,400,000 դրամ.

Միջոցառման շրջանակներում լավագույն հետազոտողներին և ասպիրանտներին Հայաստանի լավագույն բուհերում ուսանելու նպատակով կրթաթոշակներ կտրամադրվեն։ Նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ ութսուն մասնակի և ամբողջական կրթաթոշակ՝ ծածկելու մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների ուսման վարձն ու այլ ծախսերը։ Կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով հիմնադրամն առաջարկվող ութսուն կրթաթոշակներից քսանը կտրամադրի կին մասնակիցներին։

Կրթաթոշակի գլխավոր նպատակներից է նաև հավելյալ արժեք ստեղծել ՀՀ տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում՝ աջակցելով երիտասարդ տաղանդավոր գիտնականներին:

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

2. «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանց», գնահատված ծախսեր 23,275,000 դրամ.

Հրեշտակ ներդրողների ցանցի ստեղծումն իրականացվել է 2018 թվականին։ Նախնական փուլում իրականացվել է հայաստանյան ստարտափ ոլորտում պահանջվող ներդրումների ծավալի հաշվարկ, աշխարհում լայն տարածում գտած բիզնես «հրեշտակների»՝ ոչ ֆորմալ ներդրողների ցանցի հնարավոր ստեղծման վերաբերյալ հայտորոշիչ ձևավորող գնահատման հետազոտություններ։

Ծրագրի նպատակն է Հայաստանում «Հրեշտակ» ներդրողների ցանցի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

3. Գլոբալ նորարարական ֆորում, գնահատված ծախսեր 441,000,000 դրամ (այդ թվում՝ նաև տրանսպորտային, միջնորդական և լոգիստիկ այլ ծախսեր 32,185,100 դրամ, հանրային իրազեկման ծառայություններ 70,000,000 դրամ).

Միջոցառման նպատակն է համագործակցության հարթակ ստեղծել տեղացի և օտարերկրյա գիտնականների, տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ձեռներեցների, ուսանողների և այլ ոլորտների ներկայացուցիչների համար՝ դրանով իսկ խթանելով տեխնոլոգիական ծրագրերի զարգացումը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

4. «Սևան Ստարտափ Սամմիթ», գնահատված ծախսեր 21,560,000 դրամ.

Հիմնադրամն աջակցելու է գիտության ոլորտում ստարտափների առաջացմանը նպաստող և ձեռներեցության զարգացմանը խթանող միջավայրին՝ Սևան Ստարտափ Սամմիթին։ Դրա ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից և արտերկրից հրավիրված տարբեր ձեռնարկատերերի, մասնագետների և ներդրողների հետ։ Ծրագրի նպատակն է միջոցառումը տարածաշրջանային մակարդակից համաշխարհային մակարդակի տեղափոխել, այդպիսով իսկ նպատակ ունենալով ներդրումների մեծ հոսք ուղղել Հայաստան։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

5. «ԲրեքՖԱՍԹ», գնահատված ծախսեր 26,460,000 դրամ.

ԲրեքՖԱՍԹ-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ամիս անցկացվող միջոցառում է։ Այն ստեղծվել է հիմնադրամի կողմից և նպատակ ունի ծառայելու որպես ձեռնարկատերերի, ուսանողների, հետազոտողների, գիտնականների և այլ մասնագետների միջև հետաքրքիր քննարկումների և նոր կապերի ստեղծման հարթակ։ «ԲրեքՖԱՍԹ» միջոցառմանը յուրաքանչյուր ամիս հրավիրվում են համաշխարհային համբավ վայելող առաջնորդներ, ակնառու գիտնականներ, տեխնոլոգիական ոլորտում հաջողություններ արձանագրած ձեռներեցներ և փորձագետներ, որոնց ելույթներն ունկնդիրների համար դառնում են նոր գիտելիքի և ոգեշնչման աղբյուր։ ԲրեքՖԱՍԹ-ն անցկացվում է կլոր սեղանի ձևաչափով, որի շրջանակում ներկայացվող զրույցին հաջորդում է առողջ սննդի հյուրասիրությամբ ուղեկցվող հարցուպատասխանը։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

6. «ՖԱՍԹ ցուցադրություններ», գնահատված ծախսեր 98,000,000 դրամ.

ՖԱՍԹ ցուցադրությունները միջոցառումներ են, որոնք կազմակերպվում են ՖԱՍԹ-ը կազմակերպություններին, գիտակրթական հաստատություններին և ՖԱՍԹ-ի ոլորտներում մասնագիտական առումով ներգրավված անհատներին ներկայացնելու համար։ Կախված լսարանից՝ արտագնա ցուցադրություններն կարող են լինել՝

Ընդհանուր ներկայացում, որի նպատակը ՖԱՍԹ-ի առաքելության ու տեսլականի վերաբերյալ տեղեկացնելն է.

Բիզնեսը թիրախավորող ներկայացում, որի նպատակը ձեռնարկատիրական և ներդրողների համայնքի ներգրավումն է։ Միջոցառումը խրախուսելու է ձեռներեցներին և ներդրողներին մասնակցել ՖԱՍԹ-ի ֆինանսական հնարավորություններն ընդլայնող ծրագրերին։ Տեղեկատվություն կտրամադրվի նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ.

Գիտակրթական ոլորտը թիրախավորող ներկայացում, որի նպատակն ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչների, ավագ և կրտսեր գիտնականների ներգրավումն է։ Կբացահայտվեն նաև Հայաստանի գիտական ներուժն ու իրականացվող հետազոտությունները։

Սկիզբը՝ 01.01.2019 թ., ավարտը՝ 31.12.2020 թ.։

7. «ՖԱՍԹ ճանապարհորդության և համագործակցության գրանտեր», գնահատված ծախսեր 147,000,000 դրամ.

Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի աջակցել գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի և մաթեմատիկայի ոլորտներում հայաստանյան և միջազգային հետազոտողների միջև համագործակցությանը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում թե՛ Հայաստանի և թե՛ միջազգային (այդ թվում՝ սփյուռքահայ) հետազոտողներին հանդիպելու իրենց գործընկերներին համատեղ գիտական նախագծերի վրա աշխատելու համար։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

8. «ՖԱՍԹ Հեքաթոններ», գնահատված ծախսեր 29,400,000 դրամ.

Ծրագրի շրջանակներում ՖԱՍԹ-ը աջակցում է անցկացվելիք մի շարք Հեքաթոնների՝ դառնալով համակազմակերպիչ, ինչպես նաև նախատեսում է կազմակերպել Հեքաթոններ գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտում, մասնավորապես, կենտրոնանալով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ուղղությունների վրա։ Ծրագիրը հասանելի է բոլոր հետաքրքրված անձանց և նպատակ ունի խթանել նորարարական լուծումների ստեղծմանը նշված ոլորտներում՝ կոորդինացնելով տարբեր ոլորտների մասնագետների ջանքերը և ընդգծելով համագործակցության և թիմային աշխատանքի կարևորությունը։ Հաղթող թիմերը կստանան հատուկ պարգևներ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

9. «ՖԱՍԹ գործադիր կոմիտեներ», գնահատված ծախսեր 29,400,000 դրամ.

Գործադիր կոմիտեները խորհրդատվական մարմիններ են, որոնցում ընդգրկված են ականավոր գիտնականներ և տեխնոլոգներ, հետազոտությունների զարգացման և արտադրության ոլորտների արհեստավարժ մասնագետներ և ղեկավար անձինք, ովքեր գործադիր տնօրինությանը տրամադրում են գիտահեն, գործնական տեղեկատվություն և ոչ պարտադիր ռազմավարական նշանակության խորհուրդներ՝ հիմնադրամի առաջնային գիտական ուղղություններով։

Սկիզբը՝ 01.01.2019 թ., ավարտը՝ 31.12.2020 թ.։

10. «ՖԱՍԹ փորձուսումնական ծրագիր», գնահատված ծախսեր 29,400,000 դրամ.

Ծրագիրը նպատակ ունի խթանելու գիտակրթական և արտադրության ոլորտների փոխգործակցությունը և կարիերայի զարգացման հեռանկար է տրամադրում երիտասարդ մասնագետներին։ Այն համատեղում է վարպետության դասընթացներն աշխատանքի ընթացքում՝ նրանց հնարավորություն ընձեռելով գործնականում կիրառել իրենց ակադեմիական հմտությունները տարբեր ոլորտներում։

Սկիզբը՝ 01.01.2019 թ., ավարտը՝ 31.12.2020 թ.։

11. «Առաջատար լուծումների կենտրոն», գնահատված ծախսեր 490,000,000 դրամ (այդ թվում՝ նաև հանրային իրազեկման ծառայություններ 28,646,200 դրամ).

Առաջատար լուծումների կենտրոնը գիտակենտրոն ձեռնարկությունների ստեղծման և զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ է։ Ծրագրի առաջին խմբաքանակը կենտրոնանալու է տվյալների գիտության, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա։ Կենտրոնի նպատակն է առաջատար լուծումների և, ի վերջո, կողմնակի պրոդուկտ հանդիսացող ընկերությունների ստեղծումը։ Կենտրոնը վարձելու է երիտասարդ գիտնականների և հետազոտողների նշված ոլորտներում նորարար գիտական թեզերով հանդես գալու համար։ Գիտահետազոտական թիմը (թիմերը) գիտահետազոտական խնդիրների լուծման վերաբերյալ ոչ ավանդական մոտեցումներ են ստեղծելու և բարելավելու, բացահայտելու են շուկայի բացթողումները, որտեղ կարող է տեխնոլոգիական առաջընթաց գրանցվել և հեղափոխական լուծումներ է մշակելու։ Հետազոտության ընթացքում մշակվելու է նախատիպ լուծում, որը կհանգեցնի նոր ընկերության ստեղծմանը։ Հատուկ նախատիպի լուծման վրա աշխատող հետազոտողները մասնաբաժին կստանան կողմնակի պրոդուկտ հանդիսացող ընկերություններում կենտրոնի կողմից առաջարկվող մրցակցային աշխատավարձին ի լրումն։ Կենտրոնի հետ փոխկապակցված ներդրումային կապիտալ հիմնադրամը ներդրումներ կկատարի կողմնակի պրոդուկտ հանդիսացող ընկերություններում՝ վերջիններիս աճն ապահովելու համար։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

12. «ՖԱՍԹ ստարտափ ստուդիո», գնահատված ծախսեր 83,300,000 դրամ (այդ թվում՝ նաև հանրային իրազեկման ծառայություններ 8,350,000 դրամ).

Ստարտափ ստուդիոն նպատակ ունի աջակցելու գիտական և տեխնոլոգիական հիմքով ստարտափներին, ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերերին, ովքեր ձգտում են հիմնել իրենց սեփական ընկերությունները։ Ստարտափ ստուդիոյին անդամակցությունն անվճար է։ Այն ներառում է ուսուցողական ծրագրեր, մենթորություն, ինչպես նաև հասանելիություն ՖԱՍԹ-ի գրասենյակին ծրագրի ամբողջ տևողության ընթացքում։ Ծրագրի ավարտին ստարտափներն ու սկսնակ ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում նաև ներկայացնելու իրենց լուծումը ՖԱՍԹ-ի կողմից ստեղծված Գիտության և տեխնոլոգիաներին հրեշտակների ցանցին ներդրումներ ներգրավելու նպատակով։

Սկիզբ` 01.01.2019 թ., ավարտ` 31.12.2020 թ.։

13. «ՖԱՍԹ դրամաշնորհներ՝ տեղական հետազոտությունների համար», գնահատված ծախսեր 196,000,000 դրամ.

Տեղական հետազոտությունների համար դրամաշնորհներ տրամադրելու գործիքը նպատակ ունի Հայաստանում գործող հետազոտողներին աջակցելու, որպեսզի վերջիններս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում խորացված հետազոտություններ իրականացնեն։

Սկիզբը՝ 01.01.2019 թ, ավարտը՝ 31.12.2020 թ։

14. «ՖԱՍԹ մրցանակներ», գնահատված ծախսեր 82,810,000 դրամ.

Մրցանակներ կշնորհվեն մարդկանց տարբեր խմբերին՝ ի գնահատում Հայաստանում նորարարությունը խրախուսելու իրենց ջանքերի։ Սա թիրախավորում է գիտնականներին, դասավանդողներին, ընկերությունների ղեկավարներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման մեջ։

Սկիզբը` 01.01.2019 թ, ավարտը՝ 31.12.2020 թ։

15. «Կրթական և վերապատրաստման ծրագիր ՀՀ պաշտպանության նախարարության հետ», գնահատված ծախսեր 832,510,000 դրամ.

ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանումների զինվորների համար նախատեսված կրթական ու վերապատրաստման ծրագիր է, որը գիտակենտրոն վճռական գործողությունների ընթացքում զինում է նրանց հմտություններով և գիտելիքով։ Ծրագիրն իրագործման միջնաժամկետ փուլում է՝ ՊՆ-ի հետ փոխհամաձայնեցված տեղանքով ու դասընթացի պլանով։ Ծրագրի առաջին խմբաքանակը կենտրոնանալու է ISTAR-ի (հետախուզության, հսկողության, նպատակի ձեռքբերման, զինվորական հետախուզման) վրա, որի ընթացքում 30 մասնակիցներ ձեռք են բերելու 5 մասնագիտացումներ և 3 տարի հետո կգրանցվի առնվազն 100 մասնակից յուրաքանչյուր խմբաքանակում։

Սկիզբը՝ 01.01.2019 թ, ավարտը՝ 31.12.2020 թ։

16. «Երկակի կիրառման հետազոտության և մշակման ծրագիր», գնահատված ծախսեր 822,710,000 դրամ.

Ծրագիրը խթանելու է Հայաստանում երկակի կիրառման հետազոտությունն և մշակումը՝ հզորացնելով հետազոտական խմբերն ու ընկերությունները՝ հզորությունների ստեղծման, դրամաշնորհների և ընկերությունների հիմնադրման գործընթացի միջոցով, ինչպես նաև՝ որպես անուղղակի օգուտ՝ երկարաժամկետ հեռանկարում երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը նպաստելով։ Ծրագիրը մշակման վաղ փուլում է, մշակված նախնական հայեցակարգով և նախատեսված անհրաժեշտ գործիքակազմով։

Սկիզբը՝ 01.01.2019 թ., ավարտը՝ 31.12.2020 թ.։

17. «ՖԱՍԹ դրամաշնորհներ՝ գիտական և բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ միջոցառումների կազմակերպում», գնահատված ծախսեր 215,600,000 դրամ.

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում իրականացվող գիտության և տեխնոլոգիաների հետ առնչվող միջոցառումներին։ Միջոցառումները երրորդ անձինք (գիտնականներ, ձեռներեցներ, հաստատություններ և այլն) կարող են կազմակերպել և ՖԱՍԹ-ից ստանալ ամբողջական կամ մասնակի դրամական/ ինստիտուցիոնալ աջակցություն։

Սկիզբը՝ 01.01.2019 թ., ավարտը՝ 31.12.2020 թ.։

18. Աշխատավարձի և ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման գծով ծախսեր, այդ թվում՝ վարչական աշխատակազմի աշխատավարձ 846,012,720 դրամի և գիտական ու տեխնոլոգիական մասնագետների աշխատանքային և քաղ. իրավական ծառայություններ 80,000,000 դրամի։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

19. Տարածքների (ապրանքանյութական արժեքների պահեստավորման համար), գրասենյակների (վարչական աշխատակազմի և գիտական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների աշխատանքների համար), դրանց վերանորոգման, դիզայնի, կահավորման, ներքին հարդարման աշխատանքներ։ Գրասենյակային գույքի, սարքավորումների ձեռքբերում, անվտանգության և ահազանգման համակարգերի գնում և տեղադրում, պահնորդային և այլ տեխնիկական-մասնագիտական ծառայություններ, կոմունալ վճարներ, այդ թվում՝ նաև հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծախսեր, տնտեսական և գրասենյակային այլ ծախսեր 204,400,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

20. Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ 5,880,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

21. Խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական և մասնագիտական, հետազոտական և այլ համանման ծառայություններ 93,322,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

22. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար, աշխատակիցների միջազգային և տեղական գործուղումներ (ծրագրի արտասահմանյան գրասենյակներ, հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ, ծրագրի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման, փորձի փոխանակման նպատակով) 137,200,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.

23. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ 14,700,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

24. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր, տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում, ՎԵԲ կայքի մշակում 29,400,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

25. Աշխատակազմի առողջական ապահովագրության ծախսեր 13,724,900 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

26. Բանկային ծառայությունների գծով ծախսեր 1,960,000 դրամ։

Սկիզբ՝ 01.01.2019 թ., ավարտ՝ 31.12.2020 թ.։

Ընդհանուր 5,171,424,620 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայութունների նկարագիրը

Գիտական և տեխնոլոգիական մշակումներ ու գյուտեր, ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում կամ ներմուծում 98,000,000 դրամի, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում 24,500,000 դրամի,

Միջոցառումների կազմակերպում, այդ թվում՝ հյուրանոցային, բանկետային և սննդի տրամադրման, ավիատոմսերի ձեռքբերման, տարածքների վարձակալության, տեխնիկայի վարձակալության, համաժամանակյա թարգմանության, ապրանքների ձեռքբերման և ներմուծման գծով ծախսեր 525,979,200 դրամ,

Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, վեբ կայքի մշակում, ապահովում 136,396,200 դրամի, մասնագիտական, հետազոտական, աուդիտորական և հաշվապահական, իրավաբանական և այլ համանման ծառայություններ 128,322,000 դրամի,

Վարչական գրասենյակների, տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, սանիտարական աշխատանքների, կապի, ինտերնետային ծառայությունների վճարներ 81,900,000 դրամի,

Տրանսպորտային ծառայություններ, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ 46,885,100 դրամի,

Շարժական գույքերի սպասարկման, վերանորոգման ծառայություններ 5,880,000 դրամի (ի լրացում՝ շարժական գույքն արդեն իսկ գնվել է ֆիզիկական անձից)։

11.

 

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

846,012,720 դրամ վարչական աշխատակիցների աշխատավարձը,

81,900,000 դրամ գրասենյակի վարձակալություն և կոմունալ վճարներ և գրասենյակային այլ ծախսեր,

5,880,000 դրամ շարժական գույքերի սպասարկման և վերանորոգման ծառայություններ,

93,322,000 դրամ խորհրդատվական ծառայություններ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպություների հետ

Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամը համագործակցում է հետևյալ մարմինների և անձանց հետ.

ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, ՀՀ վարչապետ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ։

13.

 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ