Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.01.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԷԴ/0006/01/16

ԵՄԴ/0036/01/15

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. Թումանյանի

 

2020 թվականի հունվարի 10-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Վարդան Անդրանիկի Զինագործյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով (թիվ ԵՄԴ/0036/01/15 քրեական գործ) Վարդան Անդրանիկի Զինագործյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2015 թվականի փետրվարի 5-ից:

1.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Զինագործյանի պաշտպան Ն.Ռշտունու վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

1.2. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Զինագործյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։

2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով (թիվ ԵԷԴ/0006/01/16 քրեական գործ) Վարդան Անդրանիկի Զինագործյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կանոնների կիրառմամբ, դատավճիռների համակցությամբ նշանակված պատժին մասնակի գումարվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկումը և Վ.Զինագործյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2015 թվականի փետրվարի 5-ից:

2.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունվարի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Զինագործյանի պաշտպան Վ.Մակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

2.2. Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Զինագործյանի պաշտպան Լ.Ավետիսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

3. 2019 թվականի հուլիսի 15-ին դատապարտյալ Վ.Զինագործյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթ և դատապարտյալ Վ.Զինագործյանի վճռաբեկ բողոքն ընդունվել Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Վ.Զինագործյանը դատապարտվել է թիվ ԵՄԴ/0036/01/15 գործով այն բանի համար, որ. «(…) 2015 թվականի փետրվարի 02-ին, Երևան քաղաքի Վանտյան 61ա հասցեում գտնվող «Մալաթիա» գյուղմթերքների շուկային հարակից Միքայելյան և Ծերենց փողոցների խաչմերուկում (…) ազգությամբ պարսիկ ոմն Մուսայից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել ափիոն տեսակի թմրամիջոց, որից առանձնապես խոշոր չափերի` 12.36 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոցը 2015 թվականի փետրվարի 05-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկելուց հետո հայտնաբերվել և առգրավվել է Վարդան Զինագործյանի անձնական խուզարկությամբ` նրա բաճկոնի գրպանից»1:

5. Վ.Զինագործյանը դատապարտվել է թիվ ԵԷԴ/0006/01/16 գործով այն բանի համար, որ. «(…) 2015 թվականի փետրվարի 5–ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրելու ընթացքում, 2015 թվականի սեպտեմբերի 19–ին, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար փորձել է ձեռք բերել զգալի չափի՝ 3.53 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել»2։

 

 Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխությունների արդյունքում իր վիճակը բարելավվել է:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վ.Զինագործյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 22-ի և 2017 թվականի հունիսի 6-ի որոշումները վերանայելու համար:

 9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանված եղել ավելի քան 10.0 գրամը, իսկ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 12.5 գրամը, իսկ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Զինագործյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի` 12.36 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 3.53 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար7:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Վ.Զինագործյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Վ.Զինագործյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր և առանձնապես խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 12.36 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափի է: Ուստի` դատապարտյալ Վ.Զինագործյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Զինագործյանի կողմից կատարված արարքի վրա:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վ.Զինագործյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 22-ի և 2017 թվականի հունիսի 6-ի որոշումները վերանայելու համար։

18. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Վ.Զինագործյանի վերաբերյալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի որոշումը:

Վ.Զինագործյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Միևնույն ժամանակ, պետք է բեկանել ու փոփոխել նաև Վ.Զինագործյանի վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 20 որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով: Վ.Զինագործյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման` 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ չկրած` 3 (երեք) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով: Վ.Զինագործյանի պատժի սկիզբը հաշվելով 2016 թվականի հոկտեմբերի 12-ից` պատիժը պետք է համարել կրած։ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վարդան Անդրանիկի Զինագործյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 22-ի և 2017 թվականի հունիսի 6-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վարդան Անդրանիկի Զինագործյանի վերաբերյալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Վարդան Անդրանիկի Զինագործյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:

4. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 20 որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով բեկանել ու փոփոխել:

5. Վարդան Անդրանիկի Զինագործյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման` 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ չկրած` 3 (երեք) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով:

6. Վարդան Անդրանիկի Զինագործյանի պատժի սկիզբը հաշվել 2016 թվականի հոկտեմբերի 12-ից և պատիժը համարել կրած։

7. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

8. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե՛ս թիվ ԵՄԴ/0036/01/15 քրեական գործը, 3-րդ հատոր, թերթեր 77-82:

2 Տե՛ս թիվ ԵԷԴ/0006/01/16 քրեական գործը, 2-րդ հատոր, թերթեր 96-99:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: