Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0587/02/16

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0587/02/16

Նախագահող դատավոր՝  Գ. Խանդանյան

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

 

Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարեն Իվանյանի և Համիկ Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի՝ 893.359 ՀՀ դրամի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ Կարեն Իվանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի՝ գործարքներն անվավեր և չկնքված ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Համիկ Արսենյանից և Կարեն Իվանյանից համապարտության կարգով բռնագանձել 893.359 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել թիվ 9 3300 0 01027/01 հիփոթեքի պայմանագրով գրավադրված՝ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Զ. Անդրանիկի փողոց 1/13 հասցեում գտնվող բնակարանի վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կարեն Իվանյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի և Համիկ Արսենյանի միջև կնքված 14.05.2013 թվականի թիվ 9 3300 0 01027 գլխավոր պայմանագրի հավելված թիվ 9 3300 5 01027/2 սպառողական վարկային պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանք, այն է՝ չկնքված ճանաչել Բանկի և իր միջև կնքված 14.05.2013 թվականի թիվ 9 3300 0 01027/01 երաշխավորության պայմանագիրը։

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բեգլարյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Գ. Խանդանյան, Տ. Նազարյան, Ա. Մկրտչյան) 25.04.2019 թվականի որոշմամբ Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու և այն դատական ակտով լուծելու վերաբերյալ, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2019 թվականի որոշմամբ Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համիկ Արսենյանը և Կարեն Իվանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածները, 371-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի դեմ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի պահանջը փոփոխվել է, որի արդյունքում պետական տուրքի չափը նվազել է և կազմել է 36.800,10 ՀՀ դրամ, որից 26.800,10 ՀՀ դրամը՝ որպես սկզբնական հայցով ներկայացված դրամական պահանջի համար վճարված պետական տուրքի գումար, իսկ 10.000 ՀՀ դրամը՝ որպես հակընդդեմ հայցով մեկ ոչ դրամական պահանջի համար վճարված պետական տուրքի գումար, որի վերաբերյալ ներկայացվել է ապացույց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առաջին անգամ վերաքննիչ բողոքը վերադարձվել էր այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերների կողմից չէր վճարվել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը, իսկ բողոքաբերների կողմից ներկայացված միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել էր: Արդյունքում, վերաքննիչ բողոք բերած անձինք, օրենքով սահմանված կարգով վճարելով վճռի բողոքարկվող մասի համար նախատեսված՝ 893.359 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով պետական տուրք, այն է՝ 26.800,7 ՀՀ դրամ և 10.000 ՀՀ դրամ հակընդդեմ հայցով մեկ ոչ դրամական պահանջի համար սահմանված պետական տուրքի գումարը,կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք:

Մինչդեռ բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն փաստարկը, որ բողոքաբերների կողմից չեն վերացվել վերադարձման հիմքերը, այն է՝ պետական տուրքը վճարվել է 37.110 ՀՀ դրամի չափով, մինչդեռ պետք է վճարվեր համապատասխանաբար ավել պետական տուրքի գումար, իսկ չվճարված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ բողոքաբերների կողմից կատարվել է վերաքննիչ բողոքի պահանջի փոփոխում, ինչն էլ պայմանավորել է վերաքննիչ բողոքի համար տվյալ չափով պետական տուրքի վճարման փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը վերաքննության կարգով մասնակիորեն բողոքարկելիս դրա համար պետական տուրքի չափը որոշելու առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն`եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով,

գ) հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը: Այլ կերպ ասած` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը` տարբերակվել են հայցային և հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական և ոչ դրամական պահանջների համար (տե´ս, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումի՝ թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Հասմիկ Զատիկյանն ընդդեմ Պետրոս Սարգսյանի, Մարիաննա Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 քաղաքացիական գործով 14.08.2020 թվականի որոշմամբ նաև արձանագրել է, որ հակընդդեմ հայցի հարուցումը պայմանավորված է սկզբնական հայցի հարուցմամբ, այն իրենից ներկայացնում է հայցից պատասխանողի պաշտպանության միջոցներից մեկը և ամբողջությամբ կախվածության մեջ է գտնվում սկզբնական հայցի առկայության փաստից: Ընդ որում, հակընդդեմ պահանջը պետք է ուղղված լինի սկզբնական պահանջի հաշվանցմանը կամ հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ պետք է բացառի սկզբնական հայցի բավարարումը, այսինքն` գործով պետք է առկա լինի միատեսակ հանդիպական պահանջ, կամ հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև պետք է առկա լինի փոխադարձ կապ: Այլ կերպ ասած` հակընդդեմ հայցը, քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ պատասխանողի ներկայացրած ինքնուրույն պահանջն է, որը քննվում է դատարանում հայցի հետ համատեղ` նպատակ ունենալով կատարել հաշվանցում սկզբնական պահանջի հետ կամ մերժել սկզբնական հայցը կամ կատարել պահանջների համատեղ քննություն` հաշվի առնելով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև փոխադարձ կապը: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հակընդդեմ հայցի քննության վրա տարածվում են հայց հարուցելու ընդհանուր կանոնները կանոնակարգող նորմերը, ներառյալ նաև` հակընդդեմ հայցին կից պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական տուրքի գծով համապատասխան արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ պայմանավորված գործով առկա հայցապահանջների տեսակներով, բողոքարկման ենթակա ակտով և դրա բողոքարկման ծավալներով որոշվում է նաև գանձվող պետական տուրքի չափը, իսկ այդ պահանջները կարող են ներկայացվել թե՛ սկզբնական, թե՛ հակընդդեմ հայցերի շրջանակներում: (…)Հետևաբար նույն գործի շրջանակներում քննվող և՛ սկզբնական, և՛ հակընդդեմ հայցերի դեպքում պետական տուրքը գանձվում է յուրաքանչյուր պահանջների համար առանձին-առանձին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ անկախ այն հանգամանքից, որ հայցը և հակընդդեմ հայցը փոխկապակցված են միմյանց հետ կամ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն առաջ է բերում հակընդդեմ հայցի մերժումը` պետք է առաջնորդվել վերը նշված ընդհանուր կանոնով: Հետևաբար` պետական տուրքի առարկան ներկայացված պահանջն է, այլ ոչ թե` գործի քննությամբ կայացվելիք պահանջի արդյունքը: Այսինքն, պետական տուրքի գումարի չափը և վճարման պարտականությունը ծագում է բացառապես պահանջի ներկայացման կամ ակտի բողոքարկման հետ միասին, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա վեճը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ներկայացված սկզբնական հայցով Բանկը պահանջել է Համիկ Արսենյանից և Կարեն Իվանյանից բռնագանձել 893.359 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել գրավի առարկայի վրա: Հակընդդեմ հայցով Կարեն Իվանյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի և Համիկ Արսենյանի միջև կնքված թիվ 9 3300 0 01027 գլխավոր վարկային պայմանագրի հավելված թիվ 9 3300 5 01027/2 սպառողական վարկային պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ` չկնքված ճանաչել Բանկի և իր միջև կնքված 14.05.2013 թվականի թիվ 9 3300 0 01027/01 երաշխավորության պայմանագիրը։

Դատարանի 06.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի կողմից ներկայացված` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և այդ հարցին վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով անդրադառնալու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Տվյալ որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ միջնորդությունը չի պարունակում հիմնավորումներ բողոքաբերների ֆինանսական դրության վերաբերյալ և համապատասխան ապացույց այն մասին, որ վերջիններս բավարար դրամական միջոցներ չունենալու պատճառով զրկվել են պետական տուրքի գումարը վճարելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ Դատարանի 06.03.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 56.800,7 ՀՀ դրամ, որից 26.800,7 ՀՀ դրամը սկզբնական հայցապահանջի դրամական պահանջի համար, 10.000 ՀՀ դրամը մեկ ոչ դրամական պահանջի համար և հակընդդեմ հայցով ներկայացված երկու ոչ դրամական պահանջի համար 10.000-ական ՀՀ դրամ, այսինքն՝ երկու ոչ դրամական պահանջների համար՝ 20.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 26-27):

Համիկ Արսենյանը և Կարեն Իվանյանը 11.05.2019 թվականին կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ պահանջելով «06.03.2019 թվականի դատական ակտը բեկանել մասնակի և կայացնել նոր դատական ակտ՝ հակընդդեմ հայցով անվավեր ճանաչել Համիկ Արսենյանի և Բանկի միջև 14.05.2013 թվականին կնքված թիվ 9 3300 5 01027/2 սպառողական վարկային պայմանագիրը` կիրառելով անվավերության հետևանքներ, իսկ սկզբնական հայցով` մերժել գումարի բռնագանձման պահանջի բավարարումը կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության»: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 37.110 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 38-51, 60):

Վերաքննիչ դատարանը, 17.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ բողոքաբերները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված 56.800,7 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու փոխարեն վճարել են 37.110 ՀՀ դրամ, հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոքին կցված է սահմանված չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, որպիսի պայմաններում բողոքաբերի կողմից վերը նշված որոշմամբ մատնանշված թերություններն ամբողջությամբ չեն վերացվել, ուստի այդ հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համիկ Արսենյանը և Կարեն Իվանյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով դատական ակտն ըստ էության բողոքարկել են ոչ ամբողջ ծավալով, այն է` սկզբնական հայցը միայն` գումարի բռնագանձման պահանջը բավարարելու մասով, և հակընդդեմ հայցը` Համիկ Արսենյանի և Բանկի միջև 14.05.2013 թվականին կնքված թիվ 9 3300 5 01027/2 սպառողական վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այն է՝ Բանկի և իր միջև կնքված 14.05.2013 թվականի թիվ 9 3300 0 01027/01 երաշխավորության պայմանագիրը չկնքված ճանաչելու պահանջի մասով:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է սույն գործում առկա պատասխանողների կողմից կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի խնդրամասի ուսումնասիրությամբ: Մասնավորապես՝ սույն գործով Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի կողմից 11.05.2019 թվականին կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքով պահանջվել է 06.03.2019 թվականի Դատարանի վճիռը բեկանել մասնակիորեն` գումարի բռնագանձման պահանջի մասով, և հակընդդեմ հայցի` Համիկ Արսենյանի և Բանկի միջև 14.05.2013 թվականին կնքված թիվ 9 3300 5 01027/2 սպառողական վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու ածանցյալ պահանջի մասով:

Հաշվի առնելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը պետք է հաշվարկվեր և վճարվեր՝ ելնելով բողոքարկման ծավալից, որից հետևում է, որ վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմել է սկզբնական հայցի մասով միայն դրամական պահանջի` հայցագնի երեք տոկոսը, այն է՝ 26.800,7 ՀՀ դրամ (893.359 *3%), իսկ հակընդդեմ հայցի մասով` մեկ ոչ դրամական պահանջի համար 10.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակընդդեմ հայցը բաղկացած է՝

1. հիմնական պահանջից, այն է՝ անվավեր ճանաչել Բանկի և Համիկ Արսենյանի միջև կնքված 14.05.2013 թվականի թիվ 9 3300 0 01027 գլխավոր պայմանագրի հավելված թիվ 9 3300 5 01027/2 սպառողական վարկային պայմանագիրը և

2. ածանցյալ պահանջից, այն է՝ կիրառել անվավերության հետևանք՝ չկնքված ճանաչել Բանկի և Կարեն Իվանյանի միջև կնքված 14.05.2013 թվականի թիվ 9 3300 0 01027/01 երաշխավորության պայմանագիրը։ Նշված պահանջի ածանցյալ բնույթը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորմամբ, ըստ որի՝ երաշխավորությունը դադարում է` դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, (…) դեպքում (…):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի համար ենթակա էր վճարման ընդհանուր` 36.800,7 ՀՀ դրամ (893.359x3/100= 26.800,7 ՀՀ դրամ + 10.000 ՀՀ դրամ = 36.800,7 ՀՀ դրամ):

Տվյալ դեպքում բողոքաբերների կողմից ներկայացվել է 37.110 ՀՀ դրամ պետական տուրքի գումար վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիր, ինչը նշանակում է, որ բողոքաբերների կողմից ամբողջությամբ վճարվել է դատական ակտի բողոքարկման ծավալին համապատասխան օրենքով սահմանված չափով պետական տուրքը, որը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույնիսկ, եթե կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում դատական ակտը բողոքարկված լիներ ամբողջ ծավալով, ապա միևնույնն է Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի կողմից 37.110 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի գումարը բավարար է հավաստելու, որ բողոքաբերների կողմից ամբողջությամբ վճարվել է դատական ակտի բողոքարկման ծավալին համապատասխան օրենքով սահմանված չափով պետական տուրքը, քանի որ ինչպես արդեն նշվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի իրավակարգավորումից ուղղակիորեն հետևում է, որ հիմնական պահանջից բխող ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում: Տվյալ դեպքում սկզբնական հայցով ներկայացվել են մեկ հիմնական դրամական պահանջ և դրանից բխող` մեկ ածանցյալ ոչ դրամական պահանջ, իսկ հակընդդեմ հայցով` մեկ հիմնական ոչ դրամական պահանջ և դրանից բխող մեկ ածանցյալ ոչ դրամական պահանջ, ուստի բողոքաբերների կողմից վճարվել էր անհրաժեշտ չափով պետական տուրքի գումարը, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով է մերժել Համիկ Արսենյանի և Կարեն Իվանյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 06.03.2019 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 17.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: