Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0238/04/17

2020 թ.

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0238/04/17

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

 

Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Նոր Զովք» ՍՊԸ-ի (այսուհետ` Պարտապան) ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի դիմումի` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է Պարտապանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2018 թվականի վճռով բավարարվել է դիմումը վերադարձնելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի միջնորդությունը, և ըստ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի դիմումի ընդդեմ Պարտապանի` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործի վարույթը կարճվել է: Միաժամանակ վճռվել է սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի ամսական վարձատրության գումարը սահմանել Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12-ը և այն բռնագանձել Պարտապանից հօգուտ Արտակ Պետրոսյանի` 01.12.2017 թվականից մինչև 02.05.2018 թվականն ընկած ժամանակահատվածների համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2018 թվականի որոշմամբ Պարտապանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է՝ Դատարանի 02.05.2018 թվականի վճիռը մասնակիորեն` 01.12.2017 թվականից մինչև 02.05.2018 թվականը Պարտապանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի վերջին տարում Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով գումար` որպես սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն, հաշվարկելու և բռնագանձելու մասով, բեկանել և փոփոխել. որպես սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն հաշվարկել և Պարտապանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի բռնագանձել վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով գումար՝ 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականը: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարտապանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը կարճել է գործի վարույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի կողմից միջնորդություն է ներկայացվել սնանկության դիմումը վերադարձնելու մասին։ Այսինքն, սնանկության գործի վարույթը կարճելու դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում որևէ իրավական հետևանք, մասնավորապես՝ նշված օրենքով չի սահմանվում որևէ դրույթ, որ սնանկության գործի վարույթը կարճելու դեպքում դատարանն իրավունք ունի անդրադարձ կատարելու ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին և վճիռ կայացնելու, որպես վարձատրություն այդ գումարը պարտապանից բռնագանձելու մասին։

Մինչդեռ, տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը, խախտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, գործի վարույթը կարճելու պայմաններում անդրադարձել է նաև ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին։ Փաստորեն, Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նշված նորմը սույն գործով կիրառելի չէ։

Բացի այդ, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե որևէ էական նշանակություն չունի այն հանգամանքը, որ Դատարանն ինչ ակտ է կայացնում` Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու, թե` սնանկության գործի վարույթը կարճելու մասին, և որ բոլոր այն դեպքերում, երբ գործով ապացուցված է պարտապանի` անվճարունակ լինելը դադարելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստերը` պետք է ապահովվի ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

 Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին, որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչ աշխատանքներ են կատարվել կառավարչի կողմից, որի հիման վրա ծագել է վերջինիս վարձատրություն ստանալու իրավունքը։ Մինչդեռ, աշխատավարձը բացառապես կատարված աշխատանքի դիմաց վճարվող հատուցումն է, որը տվյալ դեպքում պետք է տրվեր ժամանակավոր կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորությունների իրականացման համար։

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը, բավարարելով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը Պարտապանից բռնագանձելու վերաբերյալ միջնորդությունը, Պարտապանին ծանրաբեռնել է չհիմնավորված լրացուցիչ ֆինանսական բեռով։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակի՝ վերաքննիչ բողոքի չբավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2018 թվականի որոշումը և փոփոխել՝ 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն սահմանելու վերաբերյալ պահանջն ամբողջությամբ մերժել»։

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 01.12.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի դիմումը` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Պարտապանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արտակ Պետրոսյանը: Միաժամանակ տվյալ որոշմամբ Դատարանը որոշել է ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 1-ին):

2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը 01.03.2018 թվականին Դատարան է ներկայացրել դիմում` Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու խնդրանքով (հատոր 3-րդ, գ.թ. 95)։

3) 17.04.2018 թվականին դատական նիստի արձանագրության համաձայն` 17.04.2018 թվականի դատական նիստի ընթացքում դիմումատուի ներկայացուցիչը նշել է, որ Պարտապանի կողմից պարտքը վճարելուց հետո, ըստ կողմերի պայմանավորվածության, դիմումատուն ներկայացրել է համապատասխան դիմում՝ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու խնդրանքով (հատոր 3-րդ, գ.թ. 110-112, 113):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները էական նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործի վարույթը կարճելու մասին վճռով պետք է լուծվի նաև սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը պարտապանի կողմից վճարելու հարցը:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մեկից ավելի պարտատերերի համատեղ ներկայացրած դիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ: Դիմումը կարող է հետ վերցվել մինչև վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործը կարճվում է։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ` նույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգովդատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ (…):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` նույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է նույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով սահմանված են ժամանակավոր կառավարչի հետևյալ լիազորությունները՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված (ժամանակավոր) կառավարիչը`

ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար,

զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում,

ժա.1) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորություններին, արձանագրել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը, սնանկության ժամանակավոր կառավարիչն է կազմակերպում գույքագրում, միջոցներ ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար, վերլուծում պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում, օրենքով սահմանված կարգով դիմում շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար:

Միաժամանակ, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչին թեև վերապահված են սահմանափակ լիազորություններ, ինչպիսիք են գույքագրման կազմակերպումը, պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար միջոցների ձեռնարկումը, պարտապանի ֆինանսական վիճակի, սնանկության պատճառների, պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեության և ապրանքային շուկայում նրա դրության վերլուծումը, այնուամենայնիվ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը, որը պետք է իրացվի պարտապանի միջոցների հաշվին վերը թվարկած սահմանափակ լիազորություններն իրականացնելիս կամ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո մերժվում է:

Ըստ այդմ էլ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը: Վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին: Այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից: Այլ կերպ ասած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը վրա հասնելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության չափին, նշել է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով ժամանակավոր կառավարչի վարձատրության չափի հաշվարկման ելակետային պայմաններ ուղղակիորեն չի նախատեսել՝ ամրագրելով միայն, որ փոխհատուցումն իրականացվում է պարտապանի հաշվին: Այդուհանդերձ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով դիմումը մերժելը չպետք է արգելք լինի ժամանակավոր կառավարչին վարձատրելու համար այն պատճառաբանությամբ, որ վարձատրության հստակ չափ սահմանված չէ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրական այսպիսի բացը հաղթահարելու մեխանիզմներ օրենսդիրն ամեն դեպքում նախատեսել է: Մասնավորապես` տվյալ դեպքում կիրառման է ենթակա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումն այն մասին, որ երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են համապատասխանաբար պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ պարտապանին սնանկ ճանաչելու պահից: Այսինքն՝ երկու դեպքում էլ ժամանակավոր կառավարիչն իր լիազորություններն իրականացնում է նույն ժամանակահատվածում՝ սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո մինչև պարտապանին սնանկ ճանաչելը կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելը: Հետևաբար տրամաբանական և հիմնավորված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը կիրառել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումն ընդդեմ «Էտտո Քիդս ՍՊԸ-ի» թիվ ԵՇԴ/0078/04/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով պարտատիրոջը (պարտատերերին) իրավունք է վերապահել հետ վերցնել սնանկության մասին դիմումը մինչև դատարանի կողմից համապատասխան վճիռ կայացնելը: Ընդ որում մեկից ավելի պարտատերերի առկայության դեպքում վերը նշված դիմումը պետք է ներկայացվի բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ: Հարկ է նկատել, որ պարտատիրոջ կողմից սնանկության դիմումը հետ վերադարձնելու մասին դիմում ներկայացվելու դեպքում օրենսդիրը սահմանել է նաև համապատասխան դատավարական հետևանքը, այն է՝ սնանկության գործի վարույթի կարճում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործի վարույթը կարճելու դատավարական փուլին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Ըստ այդմ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության գործի վարույթի կարճումը պայմանավորել է պարտատիրոջ կողմից սնանկության դիմումը հետ վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու փաստով: Ընդ որում օրենսդրի կողմից արդարացիորեն չեն նշվել այն դեպքերը, որոնց առկայության դեպքում պարտատիրոջ մոտ ծագում է այդ իրավունքի իրականացումը՝ յուրաքանչյուր դեպքում այն թողնելով պարտատիրոջ հայեցողությանը: Հարկ է նկատել, որ առանձին դեպքերում պարտատիրոջ վերը նշված իրավունքի իրականացումը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, օրինակ՝ պարտքի ներմամբ, սնանկության դիմումը ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտավորության լրիվ կամ մասնակի կատարմամբ, ինչն իր հերթին կարող է առաջ բերել պարտապանի անվճարունակության դադարում և այլն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ըստ էության օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը պայմանավորել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ծագման հիմքերով, որոնք են, մասնավորապես, սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարումը կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերի վերացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված հիմքերի առկայության դեպքում, կախված այն հանգամանքից, թե պարտատիրոջ կողմից ներկայացվել է սնանկության դիմումը հետ վերցնելու մասին դիմում, թե՝ ոչ, դատավարական հետևանքները կարող են լինել տարբեր: Այսպես, այն դեպքում, երբ սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքը լրիվ կամ մասնակի մարվել է կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերը վերացել են, և պարտատերը չի ներկայացրել սնանկության դիմումը հետ վերցնելու մասին դիմում, դատարանը սնանկության դիմումը մերժում է: Իսկ այն դեպքում, երբ պարտատիրոջ կողմից առկա է համապատասխան դիմում, գործի վարույթը դատարանի կողմից ենթակա է կարճման: Այսինքն, օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը պայմանավորել է սնանկության դիմումը ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարված լինելու փաստով կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերի վերացման հանգամանքի առկայությամբ: Այլ կերպ ասած, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե գործի դատավարական ելքով (սնանկության դիմումի մերժում կամ սնանկության գործի վարույթի կարճում), այլ այնպիսի հստակ հիմքերով, որոնց արդյունքում պարտապանը կամ դադարում է անվճարունակ լինելուց կամ վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակառակ պարագայում ի հայտ կգար մի իրավիճակ, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագումը կախվածության մեջ կդրվեր պարտատիրոջ կամահայտնությունից, այն է՝ վերը նշված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դիմում ներկայացնել, թե՝ ոչ, որպիսի հանգամանքն անթույլատրելի է, քանի որ չի բխում սնանկության վարույթի առանձնահատկությունից:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո պարտապանը լրիվ կամ մասնակի կատարել է պարտավորությունը և մարել է պարտքը կամ վերացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, սնանկության ժամանակավոր կառավարչի աշխատանքը ենթակա է հատուցման, անկախ համապատասխան դատավարական հետևանքից՝ սնանկության գործի վարույթի կարճում, թե՝ սնանկության դիմումի մերժում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև այն դեպքում, երբ սնանկության դիմումը ներկայացնելուց հետո, պարտապանի կողմից պարտքի մասնակի կամ լրիվ մարման հետևանքով վերջինս դադարում է անվճարունակ լինելուց կամ վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, ուստի և ենթակա է ապահովման նաև սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը՝ օրենքով սահմանված հաշվարկին համապատասխան:

Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի է նաև սնանկության գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում: Հետևաբար սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը ենթակա է վճարման նաև այդ դեպքում:

Անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված այն իրավական հարցադրմանը, թե արդյոք պարտապանի կողմից է ենթակա վճարման սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարումը պարտապանի կողմից ինքնանպատակ չէ: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարումը պարտապանի կողմից չի կարող կրել ձևական բնույթ, այն պետք է պայմանավորված լինի մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են պարտավորությունը կատարելու պարտապանի պատրաստակամությունը, պարտավորության կատարման ժամանակը, նրա մեղքը և այլն: Այսպես՝ այն դեպքում, երբ պարտապանի կողմից պարտքի մասնակի կամ լրիվ մարումը տեղի է ունենում սնանկության դիմումը ներկայացնելուց հետո, ապա սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը ենթակա է վճարման պարտապանի կողմից: Մինչդեռ այն դեպքում, երբ պարտավորության կատարումը (պարտքի մասնակի կամ լրիվ մարումը) տեղի է ունեցել մինչև սնանկության դիմումի ներկայացումը, և այդ դիմումը ներկայացնելուց հետո է պարտատերը դիմում ներկայացնում այն հետ վերադարձնելու վերաբերյալ, ապա սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը ենթակա է վճարման պարտատիրոջ կողմից: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին դեպքում պարտապանը պարտքի վճարումը կատարում է միայն սնանկության դիմումը ներկայացնելուց հետո, ինչը վկայում է այն մասին, որ սնանկության դիմումի հարուցման առիթ է պարտապանի անգործությունը (պարտքը լրիվ կամ մասնակի չվճարելը), որպիսի պայմաններում օրենսդիրն արդարացիորեն սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարման պարտականությունը դրել է պարտապանի վրա: Ըստ այդմ էլ, երկրորդ դեպքում, երբ առկա չէ պարտապանի «մեղքը» (պարտապանը պարտքը լրիվ կամ մասնակի վճարել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը), ապա սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարման պարտականությունը պետք է կրի պարտատերը:

 

Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացվել 01.12.2017 թվականին, որը Դատարանի 01.12.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և Պարտապանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արտակ Պետրոսյանը: Միաժամանակ տվյալ որոշմամբ Դատարանը որոշել է ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

01.03.2018 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը Դատարան է ներկայացրել դիմում` Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու խնդրանքով:

17.04.2018 թվականի դատական նիստի ընթացքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը, պնդելով դիմումը, նշել է, որ Պարտապանի կողմից պարտքը վճարելուց հետո, ըստ կողմերի պայմանավորվածության, դիմումատուն ներկայացրել է համապատասխան դիմում՝ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու խնդրանքով:

Դատարանը 02.05.2018 թվականի վճռով բավարարել է դիմումը վերադարձնելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի միջնորդությունը և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել է: Միաժամանակ Դատարանը, վճռելով սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի ամսական վարձատրության գումարը սահմանել Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12-ի չափով և բռնագանձել Պարտապանից հօգուտ Արտակ Պետրոսյանի` 01.12.2017 թվականից մինչև 02.05.2018 թվականն ընկած ժամանակահատվածների համար, պատճառաբանել է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, Պարտապանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով և դատական ակտը մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով, արձանագրել է, որ գործով անվիճելի է այն, որ Պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերացել են Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո: Վերաքննիչ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործով ապացուցված է Պարտապանի` անվճարունակ լինելուց դադարելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստերը, պետք է ապահովվի ժամանակավոր կառավարչի վարձատրությունը: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ տվյալ դեպքում որևէ էական նշանակություն չունի այն հանգամանքը, թե դատարանն ինչ ակտ է կայացնում` Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու, թե` սնանկության գործի վարույթը կարճելու մասին, քանի որ երկու դեպքում էլ ըստ էության արձանագրվում է Պարտապանի մոտ սնանկության հատկանիշների բացակայություն, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն անխուսափելի է: Բացի այդ, անդրադառնալով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հաշվարկին՝ Վերաքննիչ դատարանը, գտել է, որ ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշելու համար հիմք պետք է ընդունել 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականից ընկած ժամանակահատվածը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու Ընկերության սնանկության ժամանակավոր կառավարչի խնդրանքը տվյալ դեպքում պայմանավորված է Պարտապանի կողմից պարտքը վճարելու փաստով, բավարար է սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագման համար, անկախ սույն գործով սնանկության դիմումով՝ Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասով, Դատարանի կողմից գործի վարույթը կարճելու հանգամանքից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ բոլոր այն դեպքերում, երբ գործով ապացուցված են պարտապանի` անվճարունակ լինելուց դադարելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստերը, պետք է ապահովվի ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարման պարտականությունը դնելով Պարտապանի վրա՝ ստորադաս դատարանները Պարտապանին ծանրաբեռնել են չհիմնավորված լրացուցիչ ֆինանսական բեռով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ ապացույց առ այն, թե Պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի վճարումը կատարվել է մինչև սնանկության դիմումը ներկայացնելը, թե՝ դրանից հետո: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտականությունը Պարտապանի վրա դնելու իրավաչափությանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պարզելու համար սույն գործը պետք է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 04.07.2018 թվականի որոշումը ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, սույն գործով բողոք բերած անձը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել է դրանց համար նախատեսված պետական տուրքի գումարները, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշումը ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով և գործը ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործով 09.11.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Նոր Զովք» ՍՊԸ-ի (այսուհետ` Պարտապան) ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի դիմումի` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, 2020 թվականի նոյեմբերի 09-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշումը ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով և գործը ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 09.11.2020 թվականին թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է Պարտապանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2018 թվականի վճռով բավարարվել է դիմումը վերադարձնելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի միջնորդությունը, և ըստ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի դիմումի ընդդեմ Պարտապանի` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործի վարույթը կարճվել է: Միաժամանակ վճռվել է սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի ամսական վարձատրության գումարը սահմանել Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12-ը և այն բռնագանձել Պարտապանից հօգուտ Արտակ Պետրոսյանի` 01.12.2017 թվականից մինչև 02.05.2018 թվականն ընկած ժամանակահատվածների համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2018 թվականի որոշմամբ Պարտապանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է՝ Դատարանի 02.05.2018 թվականի վճիռը մասնակիորեն` 01.12.2017 թվականից մինչև 02.05.2018 թվականը Պարտապանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի վերջին տարում Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով գումար` որպես սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն, հաշվարկելու և բռնագանձելու մասով, բեկանել և փոփոխել. որպես սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն հաշվարկել և Պարտապանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի բռնագանձել վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով գումար՝ 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականը: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարտապանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը, 131-րդ հոդվածի 2-րդ մասը, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը ։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ պարագայում, Դատարանը կարճել է գործի վարույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարտատիրոջ կողմից միջնորդություն է ներկայացված եղել սնանկության դիմումը վերադարձնելու մասին։ Սնանկության գործի վարույթը կարճելու դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում որևէ իրավական հետևանք։ Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որևէ դրույթով չի սահմանվում, որ սնանկության գործի վարույթը կարճելու դեպքում դատարանն իրավունք ունի անդրադարձ կատարելու ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին և վճիռ կայացնելու որպես վարձատրություն այդ գումարը պարտապանից բռնագանձելու մասին։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, խախտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, գործի վարույթը կարճելու պայմաններում անդրադարձել է նաև ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին և որպես վարձատրություն ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի ամսական վարձատրության գումար սահմանել է Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 և որոշել է այն բռնագանձել Պարտապանից հօգուտ Արտակ Պետրոսյանի՝ 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականն ընկած ժամանակահատվածների համար:

Այսինքն, Վերաքննիչ դատարանն այդ կերպ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ նորմը սույն գործով կիրառելի չէ։ Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը միայն երկու նախադրյալների առկայության դեպքում, այն է՝

1) Եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են,

2) դատարանը կայացնում է սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ։

Մինչդեռ տվյալ պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վերոնշյալ երկու նախադրյալներից և ոչ մեկն առկա չէ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված և սույն գործով կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018թ. թիվ ԵՇԴ/0078/04/17 որոշմանը, ապա այն սույն գործով կիրառելի չէ, քանի որ այդ գործի փաստական հանգամանքները տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից։ Մասնավորապես՝ թիվ ԵՇԴ/0078/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին այն դեպքերում, երբ դատարանի կողմից կայացվում է սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ և առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը։ Մինչդեռ տվյալ պարագայում, ինչպես նշվեց, կայացվել է ոչ թե դիմումը մերժելու, այլ գործի վարույթը կարճելու մասին վճիռ, և հիմք է ծառայել ոչ թե այն հանգամանքը, որ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերացել են, այլ այն հանգամանքը, որ պարտատերը դիմում է ներկայացրել՝ սնանկության դիմումը հետ վերադարձնելու մասին։ Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշումը սույն գործով կիրառման ենթակա նախադեպային որոշում չի կարող համարվել։

Տվյալ դեպքում, սույն սնանկության գործով ժամանակավոր կառավարչի կողմից սնանկության վարույթի շրջանակներում չեն ձեռնարկվել գործողություններ, որոնք պարտապանի կողմից ենթակա են վճարման։ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի նշել և չի հիմնավորել, թե ժամանակավոր կառավարչի կողմից ինչ գործողություններ և ինչ աշխատանքներ են կատարվել, որոնց դիմաց վերջինիս մոտ ծագել է վարձատրություն ստանալու իրավունք։ Ավելին, գործով ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ ժամանակավոր կառավարիչը իրականացրել է սնանկության վարույթի հետ կապված որևէ գործողություն։

Միաժամանակ 05.03.2018 թվականի դրությամբ, մինչև 02.05.2018 թվականն ընկած ժամանակահատվածում փաստացի աշխատանք կատարած չլինելու հիմքով Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը՝ այդ մասով կրճատել և մերժել է սնանկության կառավարչի վարձատրությունը։ Մինչդեռ 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար Վերաքննիչ դատարանը նույն մոտեցումը չի դրսևորել, վերջինս որևէ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, թե այդ ժամանակահատվածում սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից որևէ աշխատանք փաստացի կատարվել է, թե ոչ և սահմանել է ժամանակավոր կառավարչի վարձատրություն այդ ժամանակահատվածի համար։ Ստացվում է նույն գործով նույն հարցի շուրջ Վերաքննիչ դատարանը կիրառել է երկակի ստանդարտներ։

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին։ Մասնավորապես՝ բողոքաբերը փաստարկել էր, որ Դատարանը խախտել է նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջը, քանի որ 05.03.2018 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի միջնորդության հիման վրա ավարտելով սույն սնանկության գործի վարույթը՝ հեռացել է խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու՝ առանց հայտարարելու դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը: Մինչդեռ վերոնշյալ իրավական նորմից հետևում է, որ Դատարանը նախքան խորհրդակցական սենյակ հեռանալը, ավարտելով գործի դատաքննությունը, պետք է հայտարարի հրապարակվող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, սակայն տվյալ պարագայում Դատարանի կողմից չի հայտարարվել դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, թույլ տալով դատավարական նորմի կոպիտ խախտում:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև վերաքննիչ բողոքի հետևյալ հիմքին ևս։ Այսպես՝ բողոքաբերը փաստարկել էր, որ Դատարանի 05.03.2018թ. որոշմամբ սույն սնանկության գործի վարույթը վերսկսվել է, որի հիմք է հանդիսացել իբրև ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից 06.03.2018թ. Դատարան ներկայացված միջնորդությունը՝ գործի վարույթը վերսկսելու մասին: Հրավիրված դատական նիստի ընթացքում թե՛ Դատարանի, թե՛ սնանկության գործով ժամանակավոր կառավարչի կողմից հաստատվել է այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/0238/04/18 սնանկության գործի վերսկսման հիմք հանդիսացել է ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված միջնորդությունը:

 Մինչդեռ՝ սնանկության գործի վարույթը վերսկսվել է 05.03.2018 թվականին, իսկ ժամանակավոր կառավարչի կողմից գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունը փաստացի Դատարան է մուտք եղել 06.03.2018 թվականին, և այն հանգամանքը, որ սնանկության գործի վարույթը վերսկսվել է ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացրած միջնորդության հիման վրա, փաստացի բացառվում է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակի՝ վերաքննիչ բողոքի չբավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2018 թվականի որոշումը և փոփոխել՝ 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն սահմանելու վերաբերյալ պահանջն ամբողջությամբ մերժել»։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացվել 01.12.2017 թվականին, որը Դատարանի 01.12.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և Պարտապանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արտակ Պետրոսյանը: Միաժամանակ տվյալ որոշմամբ Դատարանը որոշել է ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

01.03.2018 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը Դատարան է ներկայացրել դիմում` Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու խնդրանքով:

17.04.2018 թվականի դատական նիստի ընթացքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը, պնդելով դիմումը, նշել է, որ Պարտապանի կողմից պարտքը վճարելուց հետո, ըստ կողմերի պայմանավորվածության, դիմումատուն ներկայացրել է համապատասխան դիմում՝ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու խնդրանքով:

Դատարանը 02.05.2018 թվականի վճռով բավարարել է դիմումը վերադարձնելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցչի միջնորդությունը և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել է: Միաժամանակ Դատարանը, վճռելով սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արտակ Պետրոսյանի ամսական վարձատրության գումարը սահմանել Պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12-ի չափով և բռնագանձել Պարտապանից հօգուտ Արտակ Պետրոսյանի` 01.12.2017 թվականից մինչև 02.05.2018 թվականն ընկած ժամանակահատվածների համար, պատճառաբանել է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, Պարտապանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով և դատական ակտը մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով, արձանագրել է, որ գործով անվիճելի է այն, որ Պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերացել են Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո: Վերաքննիչ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործով ապացուցված է Պարտապանի` անվճարունակ լինելուց դադարելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստերը, պետք է ապահովվի ժամանակավոր կառավարչի վարձատրությունը: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ տվյալ դեպքում որևէ էական նշանակություն չունի այն հանգամանքը, թե դատարանն ինչ ակտ է կայացնում` Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու, թե` սնանկության գործի վարույթը կարճելու մասին, քանի որ երկու դեպքում էլ ըստ էության արձանագրվում է Պարտապանի մոտ սնանկության հատկանիշների բացակայություն, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն անխուսափելի է: Բացի այդ, անդրադառնալով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հաշվարկին՝ Վերաքննիչ դատարանը, գտել է, որ ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշելու համար հիմք պետք է ընդունել 01.12.2017 թվականից մինչև 01.03.2018 թվականից ընկած ժամանակահատվածը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն հանգամանքը, որ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը հետ վերադարձնելու Ընկերության սնանկության ժամանակավոր կառավարչի խնդրանքը տվյալ դեպքում պայմանավորված է Պարտապանի կողմից պարտքը վճարելու փաստով, բավարար է սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագման համար, անկախ սույն գործով սնանկության դիմումով՝ Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասով, Դատարանի կողմից գործի վարույթը կարճելու հանգամանքից:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ բոլոր այն դեպքերում, երբ գործով ապացուցված են պարտապանի` անվճարունակ լինելուց դադարելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստերը, պետք է ապահովվի ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարման պարտականությունը դնելով Պարտապանի վրա՝ ստորադաս դատարանները Պարտապանին ծանրաբեռնել են չհիմնավորված լրացուցիչ ֆինանսական բեռով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործում առկա չէ ապացույց առ այն, թե Պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի վճարումը կատարվել է մինչև սնանկության դիմումը ներկայացնելը, թե՝ դրանից հետո: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարել անդրադառնալ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտականությունը Պարտապանի վրա դնելու իրավաչափությանը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ հարցը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պարզելու համար սույն գործը պետք է ուղարկել նոր քննության:

 

4 Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսել է պարտապանի հաշվին սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության միայն երկու դեպք:

Առաջինը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին, իսկ երկրորդ դեպքը նախատեսված է նույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այսպես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Վերը նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ այդ հիմքով սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի կրած դատական ծախսերը փոխհատուցելու և սնանկության ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով անվճարունակ լինելը դադարելու կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքի վերացման հետ:

Ընդ որում, հիշատակված հոդվածում կիրառված են ինչպես «դատական ծախսերի փոխհատուցում», այնպես էլ «կառավարչի վարձատրություն» եզրույթները:

Այսինքն` օրենսդիրը ժամանակավոր կառավարչի վարձատրությունը հստակ տարանջատել է դատական ծախսերից:

Օրենքով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության մյուս դեպքը պայմանավորված է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը բավարարելուց հետո ժամանակավոր կառավարչի փոխարեն այլ անձի սնանկության գործով կառավարիչ նշանակելու հետ և օրենսդիրը դրա չափը որոշել է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

Պարտապանի հաշվին սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն տալու այլ դեպք «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում, այդ թվում նաև հարկադիր սնանկության դիմում ներկայացնող անձի կողմից դիմումից հրաժարվելու դեպքում:

Դիմողի կողմից դիմումից հրաժարվելու վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դատավարական իրավակարգավորումները թույլ չեն տալիս դատարանին դիմումից կամ հայցից հրաժարվելու շարժառիթների հիման վրա իրականացնելու ինչպես դատական և այլ ծախսերի, այնպես էլ ժամանակավոր կառավարչի վարձատրության գանձում պարտապանից:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ առարկայազուրկ է դառնում բեկանման արդյունքում ստորադաս դատարանին տրված նոր քննության ծավալը` այն մասով, թե պարտապանի կողմից վճարումներ իրականացվել են մինչև սնանկության դիմումը դատարան ներկայացնելը, թե դրանից հետո, քանի որ սնանկության դիմումը ոչ թե մերժվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, այլ վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, հետևաբար` նման փաստական հանգամանքի պարզումը սույն գործի համար չունի իրավական հետևանք կամ որևէ այլ նշանակություն, քանի որ պարտատիրոջ կողմից դիմումից հրաժարվելու պայմաններում, անկախ այդ դատավարական գործողության շարժառիթից, պարտապանի վրա ոչ դատական ծախսի, ոչ ժամանակավոր կառավարչի վարձատրության պարտավորություն նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, ապա պետք է նշել, որ դրանք սույն գործի նկատմամբ կիրառելի չեն փաստական հանգամանքների բացարձակ տարբեր լինելու պատճառաբանությամբ: Այսպես` վկայակոչված սնանկության գործով հարկադիր սնանկության դիմումը մերժվել էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու փաստով, ինչն անխուսափելի է դարձնում նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով, մինչդեռ Դատարանը վճռով մերժել էր ժամանակավոր կառավարչի վարձատրության գանձումը պարտապանից, պատճառաբանելով նրա կողմից աշխատանքի ծավալ չունենալը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման` ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով դատական ակտը պետք է բեկանվեր և այդ մասով պահանջը մերժվեր:

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: