Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.01.2021-31.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.738
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 671-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ կետի և 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 26-ի N 671-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում անասնահամաճարակի վարակի օջախի մեկուսացմանը, վերացմանն ու հիվանդության տարածման կանխմանն ուղղված գյուղատնտեսական կենդանիների կարանտինի (այսուհետ` կարանտին) սահմանման և անասնահամաճարակի վերացումից հետո կարանտինի չեղյալ հայտարարման հարաբերությունները:

2. Երկու և ավելի մարզերի տարածքներում անասնահամաճարակի բռնկման դեպքում կարանտինը սահմանում և չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն, 14.01.21 N 47-Ն)

3. Մարզի տարածքում անասնահամաճարակի բռնկման դեպքում կարանտինը սահմանում է տարածքային կառավարման մարմինը` անասնաբուժական ծառայության գրավոր ներկայացմամբ: Կախված անասնահամաճարակի տեսակից և բնույթից` կարանտինը կարող է սահմանվել մարզի մեկ կամ մի քանի համայնքներում, համայնքի մեկ կամ մի քանի անասնապահական տնտեսություններում:

4. Անասնահամաճարակի վերացմանն ուղղված կարանտինային միջոցառումների կազմակերպման, ղեկավարման և համադասման նպատակով ստեղծվում են հանրապետական, մարզային և համայնքային հակաանասնահամաճարակային հանձնաժողովներ, որոնք ապահովում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը և շահագրգիռ պետական կառավարման այլ մարմիններին կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման մասին անհապաղ տեղեկացումը` մեկ օրվա ընթացքում:

5. Հանրապետական հակաանասնահամաճարակային հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մարզային և տեղական հակաանասնահամաճարակային հանձնաժողովների կազմերը և կանոնադրությունը` համապատասխան տարածքային կառավարման մարմինը:

6. Կարանտինի ընթացքում հիվանդության վերացման և վարակի տարածման կանխարգելման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Կենդանիների զանգվածային հիվանդության կամ անկումների դեպքում տարածքային անասնաբուժական ծառայությունը կապի հնարավոր բոլոր միջոցներով 12 ժամվա ընթացքում անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին և ախտորոշման նպատակով ներկայացնում ախտաբանական նմուշներ` ձեռնարկելով միջոցներ` հիվանդ և վարակվածության նկատմամբ կասկածվող կենդանիների մեկուսացման, հիվանդության ախտորոշման, տարածման սահմանափակման ու վերացման, պատճառների բացահայտման համար:

8. Հիվանդության ախտորոշումը, ախտաբանական նմուշների ստացումից հետո 2 օրվա ընթացքում, լաբորատոր հետազոտության հիման վրա հաստատում է լիազոր մարմինը, որը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդության հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնում է նաև առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

9. Կարանտինը սահմանվում է հիվանդության ախտորոշման հաստատումից հետո 12 ժամվա ընթացքում:

10. Կարանտինի սահմանման կամ չեղյալ հայտարարման կամ կարանտինի արդյունքում իրականացվող սահմանափակումների մասին համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով բնակչությանը ծանուցելու պահից:

11. Կարանտինի սահմանումից հետո` 12 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ տարածքային կառավարման մարմինը հաստատում է վարակի օջախի, դրա շուրջ` 3 կմ շառավղով պաշտպանվող և պաշտպանվող տարածքի շուրջ՝ վերահսկվող 10 կմ շառավղով տարածքների` կարանտինային գոտու սահմանները և անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները:

12. Կարանտինային գոտում կատարվում են կարանտինային հիվանդությունների վերացմանն ուղղված անասնաբուժասանիտարական միջոցառումները և դրանց իրականացումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տարածքային կառավարման մարմնի որոշումների պահանջները:

13. Հանրապետական կամ մարզային հակաանասնահամաճարակային հանձնաժողովների եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ տարածքային կառավարման մարմինն ընդունում է կարանտինային գոտում լրիվ կամ մասնակի արգելք սահմանելու մասին որոշում` կարանտինի ընթացքում սահմանափակելով կամ դադարեցնելով մարդկանց փոխադրումը, ինչպես նաև կենդանիների, հասարակական ու մասնավոր տրանսպորտի տեղաշարժը, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, տեղափոխումը, իրացումը, կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի արտահանումն ու տարանցիկ փոխադրումը և օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում` դրանց բեռնումն ու բեռնաթափումը:

14. Կարանտինային գոտու սահմանամերձ տարածքներում ևս իրականացվում են կարանտինային հիվանդության տարածման կանխմանն ուղղված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ:

15. Կարանտինային գոտում կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, տրանսպորտի տեղաշարժը, դուրսբերումն իրականացվում են վարակի տարածումը կանխող անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումից հետո, լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան տեսչության թույլտվությամբ` տեղական հանձնաժողովների ներկայացմամբ:

16. Կարանտինային գոտում կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, տրանսպորտի տեղաշարժը կամ դուրսբերումը թույլատրվում կամ մերժվում է տեղական հանձնաժողովներին տեղաշարժի կամ դուրսբերման մասին գրավոր դիմում ներկայացվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

17. Կարանտինային գոտում հիվանդության վերացման ու տարածման կանխման միջոցառումներն իրականացվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան:

18. Կարանտինային միջոցառումները շարունակվում են մինչև հիվանդացած վերջին կենդանու անկումը կամ առողջացումը և վարակի օջախի վերացումը, որը ներառում է հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում հիվանդության հարուցչի աղբյուրի, հարուցչի փոխանցման գործոնների վերացումը և հիվանդության նկատմամբ ընկալունակ անասնագլխաքանակի առկայության բացառումը կամ յուրահատուկ իմունականխարգելումը:

19. Կարանտինը չեղյալ է հայտարարվում հիվանդության վերջին դեպքի` կենդանու առողջացման, անկման, հարկադիր սպանդի կամ ոչնչացման արձանագրումից, հիվանդության նկատմամբ անապահով տնտեսությունների կամ տարածքների առողջացման միջոցառումների իրականացումից, եզրափակիչ ախտահանությունից հետո անասնաբուժական ծառայության կողմից լիազոր մարմին ներկայացված նմուշներում հարուցչի առկայության նկատմամբ բացասական արդյունքների ստացումից և տվյալ հիվանդության վերացման միջոցառումների իրականացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

20. Լիազոր մարմինը հիվանդության հարուցչի առկայության դեպքում նմուշների հետազոտման արդյունքները ներկայացնում է հանրապետական կամ մարզային հակաանասնահամաճարակային հանձնաժողովին, որի եզրակացության հիման վրա ընդունվում է կարանտինի չեղյալ հայտարարման մասին որոշում:

(հավելվածը փոփ. 29.12.11 N 1922-Ն, 14.01.21 N 47-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.2023, N 433-Ն 31.03.2023, N 671-Ն
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 671-Ն
29.12.2011, N 1922-Ն 26.01.2012, N 671-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան