Գլխավոր տեղեկություն
Համար
N 1813-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.12.2020-16.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 20.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2020

 

19.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2020 թվականի N 1813-Լ

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող Արցախում հաշվառված քաղաքացիների (սահմանահատման) վերաբերյալ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախում հաշվառված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

5․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների) տվյալները, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)՝ հնգօրյա պարբերականությամբ։

(5-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ)

6. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 22-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալները, այն անձանց տվյալները, ում անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

19.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 18-ի N 1813-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Արցախ վերադարձած՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Արցախում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին), 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխաներին (այսուհետ՝ շահառու) աջակցության տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.12.20 N 1939-Լ)

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

3. Դիմումը ներկայացնելու համար անձը մինչև 2021 թվականի հունվարի 11-ը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում՝

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.

3) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։

(3-րդ կետը փոփ. 17.12.20 N 2105-Լ)

3.1. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։

(3.1-ին կետը լրաց. 17.12.20 N 2105-Լ)

4. Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայի, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվական բազայի տվյալների, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայի տվյալների հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ և մերժում է կամ հաստատում է կամ հաշվառում է դիմումը։

5. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) շահառուն (եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է՝ ապա շահառուն կամ ծնողը) 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չունի Արցախի հաշվառում կամ 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխան 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.11.20 N 1890-Լ)

5) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.

6) շահառուի անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.

7) շահառուն արական սեռի է, ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 10-ից (ներառյալ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 27-ը (ներառյալ) և չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն.

8) 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք, և 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի չափը կազմում է 68000 դրամից ավելի.

9) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում.

10) շահառուի համար առկա է հաստատված դիմում։

(5-րդ կետը փոփ., խմբ. 27.11.20 N 1890-Լ, խմբ. 03.12.20 N 1939-Լ)

6. Եթե դիմումը չի մերժվում, ապա Ծառայությունը, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, ինքնաշխատ եղանակով հաշվարկում է միանվագ դրամական օգնության չափը և՝

1) եթե hաշվարկված միանվագ դրամական օգնության չափը 1000 դրամ կամ ավելի է (այդ թվում՝ եթե միանվագ դրամական օգնությունը հաշվարկվել է 68000 դրամի չափով), ապա հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում.

2) եթե hաշվարկված միանվագ դրամական օգնության չափը պակաս է 1000 դրամից, ապա մերժում է դիմումը։

7. Եթե սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը չի մերժվում, ապա Ծառայությունը հաշվառում է դիմումը։

8. Ծառայությունը, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում, հաշվառված դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, Ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է միանվագ դրամական օգնության չափը և՝

1) եթե hաշվարկված միանվագ դրամական օգնության չափը 1000 դրամ կամ ավելի է (այդ թվում՝ եթե միանվագ դրամական օգնությունը հաշվարկվել է 68000 դրամի չափով), ապա հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում.

2) եթե hաշվարկված միանվագ դրամական օգնության չափը պակաս է 1000 դրամից, ապա մերժում է դիմումը։

(8-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ)

9. Սույն կարգի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է՝

1) 68000 դրամի չափով, եթե շահառուն 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չունի կենսաթոշակ ստանալու իրավունք.

2) 68000 դրամի և 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի տարբերության չափով, եթե շահառուն 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում ունի կենսաթոշակ ստանալու իրավունք։

10. Եթե շահառուն, համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայի տվյալների, չունի սեփականության (այդ թվում բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), ապա շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն (կեցավայրի ծախսերի փոխհատուցում)՝ սույն կարգի 6-րդ և 8-րդ կետերով հաշվարկված միանվագ դրամական օգնության չափն ավելացնելով 15000 դրամով։

11. Եթե դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում (համընկնում) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ, ապա Ծառայությունը մերժում է դիմումը։

12. Սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքում Ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը (այդ թվում՝ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված լրացուցիչ աջակցության գումարը՝ առանձնացված)։

13. Աջակցության գումարը վճարվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի և Արցախփոստի միջոցով։ Ծառայությունը, հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 8-րդ կետի 1-ին ենթակետերի դրույթները, եռօրյա պարբերականությամբ ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին։

(13-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ)

14. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի և շահառուի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը։

15. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։

16. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

(16-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ)

17. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե՝

1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ

2) շահառուն ներկայացրել է (այդ թվում՝ e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:

(17-րդ կետը փոփ. 03.12.20 N 1939-Լ, խմբ. 17.12.20 N 2105-Լ)

17.1. Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու՝ շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակում։

(17.1-ին կետը լրաց. 17.12.20 N 2105-Լ)

18. Սույն կարգով սահմանված կարգով նշանակված միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը վճարվում են շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

19. Եթե մինչև 2021 թվականի մարտի 1-ը միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի մարտի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, ում միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվել։

(19-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ)

20. Սույն կարգի հիման վրա միանվագ դրամական օգնություն և լրացուցիչ աջակցություն նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում) մահվան պատճառով մինչև 2021 թվականի մարտի 1-ը չվճարված գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայականը, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն են ներկայացվում՝

1) մինչև 2021 թվականի մարտի 1-ը՝ ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.

2) 2021 թվականի մարտի 1-ին և դրանից հետո՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով։

(20-րդ կետը խմբ. 03.12.20 N 1939-Լ)

(հավելվածը փոփ., խմբ. 27.11.20 N 1890-Լ, փոփ., խմբ., լրաց. 03.12.20 N 1939-Լ, 17.12.20 N 2105-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան