Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ԵԿԴ/2174/02/15

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2174/02/15

Նախագահող դատավոր՝

 Ն.Կարապետյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ն. Մարգարյան

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

          

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուզող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

       

2020 թվականի սեպտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Դվին Գոմցյանի (այսուհետ` Հայցվոր), ընդդեմ «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդ «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ), երրորդ անձինք «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի, «Նոր-Նորք» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի՝ Ընկերության և «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի միջև 27.06.2014 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրն անվավեր ճանաչելու, քաղաք Երևան, Սայաթ-Նովա 40-րդ շենք թիվ 67 բնակարանի նկատմամբ Դվին Գոմցյանի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի և Ընկերության միջև 22.04.2011 թվականին կնքված թիվ 158-12/2010 հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2019 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Բանկի  վճռաբեկ բողոքը

    

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դվին Գոմցյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի միջև 27.06.2014 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը, ճանաչել Դվին Գոմցյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Սայաթ-Նովա 40-րդ շենք թիվ 67 բնակարանի նկատմամբ  և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի և Ընկերության միջև 22.04.2011 թվականին կնքված թիվ 158-12/2010 հիփոթեքի պայմանագիրը:

  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

  Դատարանի 25.04.2019 թվականի վճռի դեմ Հայցվորը 27.05.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.11.2019 թվականի որոշմամբ նշանակվել է հաշտարարություն:

19.12.2019 թվականի դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց ներկայացուցիչները հայտնել են, որ հաշտարարության ընթացքում կողմերը հաշտության համաձայնություն չեն կնքել:

Վերաքննիչ դատարանի 23.12.2019 թվականի որոշմամբ Դվին Գոմցյանի ներկայացուցչի` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դվին Գոմցյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը:

        

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ,  157-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքի քննության ընթացքում գործի վարույթը կարող է կասեցվել միայն բողոքի հիմքում ընկած փաստերին առնչվող հիմքերի առկայության դեպքում: Այսինքն` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կասեցնել գործի վարույթը միայն այն դեպքում, երբ կհիմնավորվեր սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը` պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող թիվ 46101215 քրեական գործի քննությամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև քրեական դատավարության կարգով քննվող գործով եզրափակիչ ակտ կայացնելը, քանի որ քրեական գործով կարող են հաստատվել այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի նշանակություն կարող են ունենալ սույն գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ, հիմնավոր չէ: Մասնավորապես, նշված քրեական գործի շրջանակներում անգամ պարտապանի տնօրենին մեղսագրվող հանցանքը հաստատվելու դեպքում, հայցվորը, տվյալ գործով ունենալով տուժողի կարգավիճակ, իրավունք կստանա քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով վերականգնել իր խախտված իրավունքները: Միաժամանակ, եթե քրեական գործով պետք է հաստատվի խարդախության միջոցով գույքը հափշտակելը, ապա գույք որպես այդպիսին կարող է լինել միայն դրամը, այլ ոչ թե` անշարժ գույքը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից նշված «օրինական սպասելիք» եզրույթը կվերաբերի ոչ թե բնակարանին, այլ դրամական միջոցներին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից չի հիմնավորվել, թե քրեական գործի շրջանակներում հանցագործության օբյեկտիվ կողմը կատարած լինելու հանգամանքը հաստատվելու դեպքում սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից վկայակոչված որ փաստի հաստատման համար այն կունենա նախադատելի նշանակություն: Ուստի Դատարանի կողմից չի հիմնավորվել սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը՝ պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 46101215 քրեական գործով: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե սույն քաղաքացիական գործով ո՞ր փաստը կամ իրավահարաբերությունը հնարավոր չէ հաստատել սույն քաղաքացիական գործով և այն հնարավոր է միայն քրեական գործի քննության միջոցով հաստատել:

      

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2174/02/15 քաղաքացիական գործով 23.12.2019 թվականի կայացրած որոշումը և այն փոփոխել` Դվին Գոմցյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի կողմից ներկայացված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը մերժել:

      

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն ուներ բոլոր հիմքերը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար, իսկ բողոքաբերի պնդումներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե սույն քաղաքացիական գործով որ փաստը կամ իրավահարաբերությունը հնարավոր չէ հաստատել սույն քաղաքացիական գործով, և այն հնարավոր է հաստատել միայն քրեական գործի քննության միջոցով, իրավաչափ չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը չի հանդիսանում մասնագիտացված դատարան քրեական իրավահարաբերություններում և չի կարող նախապես պարզել և նշել այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել քրեական գործի շրջանակներում և էական նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար, մինչդեռ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ևս, դեռևս առաջին ատյանի դատարանում միջնորդություն է ներկայացվել սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, ուստիև Վերաքննիչ դատարանն ուներ բոլոր հիմնավոր կասկածները սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

    

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

   Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

    ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով սահմանված կարգով:

  Համանման բովանդակության ունեցող դրույթ բովանդակում էր նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներում անդրադարձել է նշված իրավադրույթի մեկնաբանությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ [17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում(տե՛ս, Գայանե Ասլանյանն ընդդեմ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի թիվ  ԵԱՔԴ/0169/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):

  Մեկ այլ որոշմամբ  ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն  անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ և 380-րդ հոդվածներով ամրագրված դրույթների համադրված վերլուծության արդյունքում գտնում է, որ և՛ առաջին ատյանի դատարանում, և՛ վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցումն օժտված է որոշակի առանձնահատկությամբ: Նշված առանձնահատկությունը հանգում է նրան, որ առաջին ատյանի դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածում ամրագրված են` գործի վարույթը կասեցնելու պարտադիր և հայեցողական հիմքեր, որոնց առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը կամ պարտավոր է կասեցնել գործի վարույթը կամ իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, մինչդեռ նույն օրենսգրքի  380-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է  «կարող է կասեցնել գործի վարույթը» ձևակերպումը, ինչը ենթադրում է, որ վերաքննիչ դատարանը գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում օժտված է հայեցողական լիազորությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում վերաքննիչ դատարանն է որոշում, թե արդյո՞ք վերաքննիչ վարույթում ի հայտ եկած տվյալ հանգամանքը խոչընդոտում է վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին, թե՝ ոչ: Նման իրավակարգավորումը թույլ է տալիս վերաքննիչ դատարանին ստուգել և գնահատել կոնկրետ գործի հանգամանքների համակցությունը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կասեցման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը լուծելիս:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարույթը կասեցնելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվել մի կողմից գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող վերոնշյալ իրավաչափ նպատակի և մյուս կողմից դատավարության մյուս մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջև ողջամիտ համաչափություն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես` գործի վարույթի կասեցման հանգամանքը կարող է խոչընդոտել գործին մասնակցող շահագրգիռ անձանց իրավունքների իրացմանը, մասնավորապես` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից 30.01.2018 թվականին հարուցված թիվ 46101215 քրեական գործով Դվին Գոմցյանը ճանաչվել է տուժող: Նախաքննությամբ պարզվել էր, որ Դվին Գոմցյանը  ք. Երևան, Սայաթ-Նովա 40-րդ շենքում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու ակնկալիքով Ընկերությանը վճարել է 41.483.900 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում նշված բնակարանը նրան չի տրամադրվել և խարդախությամբ հափշտակվել է վճարած գումարը՝ Դվին Գոմցյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս (հատոր 8-րդ, գ.թ. 128-130):

Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Դվին Գոմցյանի ներկայացուցիչը միջնորդել է կասեցնել սույն քաղաքացիական գործի վարույթը մինչև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից 30.01.2018 թվականին հարուցված քրեական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դվին Գոմցյանի ներկայացուցչի միջնորդությունը, որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև քրեական դատավարության կարգով քննվող գործով եզրափակիչ ակտ կայացնելը, քանի որ քրեական գործով կարող են հաստատվել այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի նշանակություն կարող են ունենալ սույն գործով պարզման ենթակա հանգամանքների համար: Մասնավորապես` քրեական գործը հարուցված է նաև խարդախության հանցակազմի հատկանիշներով, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը: Այլ կերպ ասած` հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հենց գույքը հափշտակելով: Իսկ սույն գործի շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է հաստատվի այն հանգամանքը, որ Դվին Գոմցյանը` որպես հայցվոր, կարող է սույն գործով «օրինական սպասելիք» ունենալ վիճելի անշարժ գույքի նկատմամբ: Վերաքննիչ դատարանի համոզմամբ, եթե քրեական գործի շրջանակում հաստատվի հանցագործության օբյեկտիվ կողմը կատարած լինելու հանգամանքը, այն սույն գործի շրջանակում վկայակոչված փաստի հաստատման համար կունենա նախադատելի նշանակություն, ինչ էլ կազդի գործի ելքի վրա: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև թիվ 46101215 քրեական գործով դատական ակտ կայացնելը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը, ի հիմնավորումն ներկայացված հայցապահանջի, վկայակոչել է փաստարկ առ այն, որ իր մայրը՝ Սահականուշ Զաքարյանը, կատարել է վիճելի անշարժ գույքի ձեռքբերման ծախս, ինչպես նաև նշել է, որ որպես իր մոր ժառանգություն՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցվել են իրեն, ապա նաև հավելել է, որ անշարժ գույքի շուկայական արժեքն իր կողմից կատարված բարեկարգումների արդյունքում անհամեմատ աճել է, ինքը կատարել է վիճելի հասցեի կոմունալ սպասարկումների վճարումներ, և առանց իր համաձայնության վեճի առարկա գույքը չէր կարող գրավադրվել և օտարվել:

Հայցվորի կողմից վկայակոչվածի հիմնավորումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է հիմնավորվի, որ՝

-  վիճելի անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծագել է հայցվորի մոր՝ Սահականուշ Զաքարյանի սեփականության կամ այլ գույքային իրավունքը և որպես ժառանգության զանգվածի գույք՝ այն փոխանցվել է հայցվորին,

-   վիճելի անշարժ գույքը գրավադրման պահին ծանրաբեռնված է եղել այլ անձի՝ հայցվորի գույքային իրավունքով, և առանց վերջինիս համաձայնության՝ այն չէր կարող գրավ դրվել կամ այլ կերպ օտարվել:

  Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված հանգամանքները որևէ կերպ չեն կարող անհնարին դարձնել սույն քաղաքացիական գործի քննությունը, իսկ սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող վերը նշված փաստերը կարող են հաստատվել նաև սույն գործի քննության շրջանակներում և թիվ 46101215 քրեական գործով չի կարող հաստատվել այնպիսի իրավահարաբերություն կամ փաստ, որը չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում: Այսինքն՝ թիվ 46101215 քրեական գործի քննությունը չի կարող հանգեցնել սույն քաղաքացիական գործի քննության անհնարինության:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար:

            

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

      

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.12.2019 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացնելու համար:

      

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

           

Ո Ր Ո Շ Ե Ց

    

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2019 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

      

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուզող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: