Գլխավոր տեղեկություն
Համար
N 2061-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2020

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2061-Լ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2061-Լ որոշման

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Սույն միջոցառման նպատակը վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովումն ու երկրում սոցիալական լարվածության մեղմումն է։

2. Սույն միջոցառման շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով շահառու հանդիսացող գործազուրկ անձը։

(2-րդ կետը փոփ. 21.01.21 N 52-Լ)

3. Սույն միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:

4. Միջոցառումն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի (այսուհետ՝ ծրագիր) հիման վրա։

5. Համայնքի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով ծրագրի պայմանները:

6. Սույն միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2,000.0 հազ. դրամը, ընդ որում նշված ֆինանսական միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

8. Սույն միջոցառման շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը:

9. Սույն միջոցառման շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։

10. Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը։

11. Միջոցառման շրջանակներում աշխատավարձի կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցվում են շահառուի բանկային հաշվեհամարին՝ նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով օրենսդրությամբ նախատեսված եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

(հավելվածը փոփ. 21.01.21 N 52-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան