ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0259/01/16 |
Քրեական գործ թիվ ԵԿԴ/0259/01/16 |
Նախագահող դատավոր՝ | Ս. Մարաբյան |
Նախագահող դատավոր՝ |
Տ. Սահակյան |
Ս. Համբարձումյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ՝ |
Ն. Թումանյանի | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Տ. ԵՆՈՔՅԱՆԻ |
պաշտպաններ՝ |
Հ. ԲԱԲԱՅԱՆԻ | |
Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ |
2019 թվականի դեկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց
դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի և Արման Լևոնի Մարջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի և ամբաստանյալ Հ.Բարսեղյանի պաշտպան Հ.Բաբայանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա.Պետրոսյանի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հարուցվել է թիվ 15145315 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ.Զադոյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հարուցվել է թիվ 12803315 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ Հենրիկ Արթուրի Բարսեղյանը թիվ 12803315 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ու նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ Հ.Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2016 թվականի հունվարի 25-ին Արման Լևոնի Մարջանյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին և նույն օրը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Ա.Մարջանյանը թիվ 12803315 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Ա.Մարջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 9-ի որոշմամբ Հ.Բարսեղյանը թիվ 15145315 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մարտի 11-ի որոշմամբ թիվ 12803315 քրեական գործը միացվել է թիվ 15145315 քրեական գործին՝ նախաքննությունը շարունակելով 12803315 համարով։
2016 թվականի սեպտեմբերի 27-ին Ա.Մարջանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ Ա.Մարջանյանի վերաբերյալ մասն անջատվել է թիվ 12803315 քրեական գործից, որին շնորհվել է 69108616 համարը:
2016 թվականի հոկտեմբերի 6-ին թիվ 12803315 քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Հ.Բարսեղյանը հայտնաբերվել է։
2016 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ 69108616 քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Լևոնի Մարջանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան), որին շնորհվել է ԵԿԴ/0259/01/16 համարը։
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մարտի 1-ի որոշմամբ Հ.Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մարտի 9-ի որոշմամբ Հ.Բարսեղյանի վերաբերյալ մասն անջատվել է թիվ 12803315 քրեական գործից, որին շնորհվել է 69100517 համարը։
2017 թվականի մարտի 20-ին թիվ 69100517 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որին շնորհվել է ԵԿԴ/0063/01/17 համարը։
2. Թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 7-ի դատավճռով Ա.Մարջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված դատական ակտի դեմ Ա.Մարջանյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
2.1. Թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 1-ի դատավճռով Հ.Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով:
Վերը նշված դատավճռի դեմ մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2.2. 2018 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Ազարյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ն.Հովակիմյանի, Մ.Պետրոսյանի) որոշում է կայացրել Հ.Բարսեղյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործը հանձնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Ս.Մարաբյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Տ.Սահակյանի, Ս.Համբարձումյանի) վարույթում գտնվող՝ Ա.Մարջանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործին միացնելու և համատեղ ընթացք տալու հարցը քննության առնելու համար:
2.3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ թիվ ԵԿԴ/0063/01/17 և ԵԿԴ/0259/01/16 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
3. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով 2018 թվականի փետրվարի 7-ի և թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով 2018 թվականի հունիսի 1-ի դատավճիռները բեկանել է, և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը և ամբաստանյալ Հ.Բարսեղյանի պաշտպան Հ.Բաբայանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Արման Մարջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խմբի կազմում իր մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ կատարել է սպանության փորձ (…)»1:
5.1. Նախաքննության մարմնի կողմից Հենրիկ Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա խմբի կազմում կատարել է խուլիգանություն և բացի այդ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խմբի կազմում իր մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ կատարել է սպանության փորձ (…)»2:
6. Թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 7-ի դատավճռի համաձայն՝ «(...) Գնահատելով դատաքննությամբ հետազոտված (…) ապացույցները` Դատարանը հաստատված համարեց այն, որ ամբաստանյալ Արման Մարջանյանը մեղավորությամբ կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին։ (…)»3։
7. Թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 1-ի դատավճռի համաձայն՝ «(...) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի կողմից, նրա մեղավորությամբ, խմբի կազմում ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելն ապացուցված չէ, նրա արարքը ճիշտ չի որակված և չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Ապացուցված է ամբաստանյալ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի կողմից, նրա մեղավորությամբ, խմբի կազմում, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, նրա այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Բացի այդ՝ ապացուցված է Հենրիկ Բարսեղյանի կողմից, խմբի կազմում, դիտավորությամբ, երկու անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, որոնք վտանգավոր չեն կյանքի համար և յուրաքանչյուրի պարագայում չեն առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, բայց առաջացրել են տուժողներից յուրաքանչյուրի առողջության տևական քայքայում, այն է՝ երկու անձանցից յուրաքանչյուրին պատճառվել է միջին ծանրության վնաս։ Հենրիկ Բարսեղյանի այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
(…)
Ապացուցված է նաև Հենրիկ Բարսեղյանի կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը, նրա այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ապացուցված է նաև ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանի կողմից ապօրինի կերպով հրազեն պահելը, նրա այդ արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ապացուցված է նաև ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանի կողմից, խմբի կազմում խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին (…)»4։
8. Առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով 2018 թվականի փետրվարի 7-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Ա.Մարջանյանի պաշտպանը փաստել է. «(…) Դատարանը դատավճիռ կայացնելիս [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի] 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան չի հետազոտել և գնահատել դատարանում հետազոտված ապացույցները (…), ինչպես նաև չփարատված կասկածները չի մեկնաբանել հօգուտ Ա.Մարջանյանի, որի արդյունքում էլ տեղի է ունեցել դատական սխալ, որն էլ ազդել է գործի ելքի վրա: (…) [ՀՀ քրեական օրենսգրքի] 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերը սխալ [են] վերլուծվել և գնահատվել, այդ հոդվածը Արման Մարջանյանի նկատմամբ չպետք է կիրառվեր (…)»: Արդյունքում, բողոքաբերը խնդրել է. «Ամբաստանյալ Արման Լևոնի Մարջանյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 07.02.2018թ. ԵԿԴ/0259/01/16 դատավճիռն ամբողջությամբ բեկանել, ընդհանուր իրավասության դատարանում հետազոտված և ձեռք բերված փաստական հանգամանքների հիման վրա կայացնել նոր դատական ակտ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ եթե վերաքննիչ դատարանը գտնի, որ նոր դատական ակտ կայացնելու համար փաստական հանգամանքները բավարար չեն, բեկանել դատավճիռը և ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեկ այլ կազմով քննության»5:
9. Առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով 2018 թվականի հունիսի 1-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրողը փաստել է. «(…) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի հունիսի 1-ին կայացված դատավճռով թույլ է տվել դատական սխալ՝ ակնհայտ կերպով խախտվել են ինչպես նյութական, այնպես դատավարական իրավունքի նորմերը, ինչն անմիջականորեն ազդել է գործի ելքի վրա: (…) [Ս]ույն դատավճռով ապացույցները պատշաճ չեն գնահատվել (…)»: Արդյունքում, բողոքաբերը խնդրել է. «Ամբաստանյալ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի նկատմամբ ԵԿԴ/0063/01/17 գործով 2018 թվականի հունիսի 1-ին կայացված դատավճիռը բեկանել մասնակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 117-րդ հոդվածով նրան մեղավոր ճանաչելու մասով և վերջինիս մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել համաչափ պատիժ, իսկ դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, թողնել անփոփոխ»6:
10. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի՝ «Քրեական գործը վարույթ ընդունելու, թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործին միացնելու և Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին» որոշման համաձայն՝ «(…) [Դ]եռևս նախաքննության փուլում քրեական գործից առանձնացվել է մաս և առանձին ուղարկվել դատարան, որի արդյունքում նույն փաստական հանգամանքների և ապացուցողական զանգվածի պայմաններում տարբեր դատավորների կողմից կայացվել են դատավճիռներ և ամբաստանյալների արարքներին տրվել են տարբեր քրեաիրավական գնահատականներ:
Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործով 2016 թվականի փետրվարի 23-ի վճռում Եվրոդատարանը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում է արձանագրել իրավունքի տեսանկյունից նույնական փաստական հանգամանքներով գործով՝ նշելով հետևյալը.
«(…) Դատարանը հնարավոր է համարում իրավիճակ, երբ խմբի մասնակցությամբ հանցագործությունների դեպքում, որոնց [խմբի անդամներին] հնարավոր չէ միաժամանակ դատի տալ նույն վարույթի շրջանակներում, ամբաստանյալի մեղավորության հարցը որոշելու համար անհրաժեշտություն առաջանա հանցագործության կատարմանն առնչություն ունենալու հիմքով հիշատակել նաև երրորդ անձանց, որոնց պետք է հետագայում դատի տալ առանձին: Քրեական գործեր քննող դատարանները պարտավոր են մեղադրյալի իրավական պատասխանատվության հարցը որոշելու համար անհրաժեշտ գործի հանգամանքները հաստատել առավել լրիվ և ճշգրիտ, և իրավունք չունեն իրենց կողմից հաստատված հանգամանքների մասին խոսել, որպես պարզ ենթադրությունների կամ կասկածների: Դա վերաբերում է նաև այն հանգամանքներին, որոնք կապված են երրորդ անձանց հետ հանցակցությանը, սակայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հիշատակել այդպիսի հանգամանքներ, ապա դատարանը պետք է ձեռնպահ մնա այնպիսի տեղեկություններ ներկայացնելուց, որոնք անհրաժեշտ չեն ամբաստանյալի մեղավորությունը որոշելու համար: Նույնիսկ, եթե օրենսդրությունը հստակ նշում է, որ անթույլատրելի է քրեական դատավարության արդյունքներով, որում անձը չի մասնակցել, նրա մեղավորության մասին հետևություններ անելը, միևնույն է դատական որոշումների տեքստերը ձևակերպելիս պետք է խուսափել երրորդ անձանց մեղավորության մասին հետևություններ անելուց, որպեսզի կասկածի տակ չդրվի այլ գործով դատավարության արդարությունը (տե՛ս Կարամանն (Karaman) ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը, կետեր 64-65):
(…) Դատարանն իր պրակտիկայում արդեն իսկ ընդգծել է անձին տրվող դատավարական երաշխիքների առավել ակնհայտ և առաջնային կարևորությունն այն դեպքերում, երբ նույն գործով մեղադրյալները կանգնում են դատարանի առաջ տարբեր վարույթներով, մասնավորապես դատարանների կողմից ձեռնպահ մնալ յուրաքանչյուր այնպիսի դատողությունից, որը կունենա նախադատելիություն հետագա վարույթի համար, եթե անգամ դրանք չունեն պարտադիր ուժ այլ դատարանների համար (Karaman, 42-43 և 64-56): Եթե առաջադրվող մեղադրանքի բնույթը չի թույլատրում դատարանին, որպեսզի անջատված գործի շրջանակներում կարողանա հետևություններ անել առանց երրորդ անձանց մասնակցության և այդ հետևությունները կարող են ազդել երրորդ անձանց իրավական պատասխանատվության հարցի որոշման վրա, որոնք առանձին են կանգնելու դատարանի առաջ, ապա այդ իրավիճակը պետք է դիտարկել որպես լուրջ խոչընդոտ գործից մաս անջատելու համար: Ընդհանուր հանգամանքների տեսանկյունից միմյանց հետ սերտ փոխկապված գործերն առանձին վարույթներով քննելու վերաբերյալ յուրաքանչյուր որոշում պետք է հիմնվի մրցակցող բոլոր շահերի մանրամասն վերլուծության վրա և մյուս մեղադրյալներին պետք է հնարավորություն տրվի առարկելու գործն առանձին վարույթ առանձնացնելու հարցի վերաբերյալ (…)»:
(…)
Վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով, որ թիվ ԵԿԴ/0063/01/17 և թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործերով առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն՝ պայմանավորված դրանց փաստական հանգամանքներով, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ միայն միացյալ քննության արդյունքում հնարավոր կլինի վերջնական միասնական եզրահանգում անել սույն գործերով ամբաստանյալների արարքների վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործը պետք է ընդունել վարույթ, միացնել թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործին՝ գործերի քննությունը շարունակելով թիվ ԵԿԴ/0259/01/16 համարով:
(…) Քրեական գործի քննությունը կատարել վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով` սույն որոշման պատճենը պատշաճ կարգով ուղարկելով դատավարության մասնակիցներին: (…)»7:
10.1. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշման համաձայն՝ «(…) [Ե]թե նույն փաստական հանգամանքներով և նույն ապացուցողական զանգվածի պայմաններում երկու կամ ավելի անձի առաջադրված նույնական մեղադրանքների կապակցությամբ առանձին քննության առարկա դարձնելով նույն գործը (անջատված մասը) դատարանները հանգում են տարբեր հետևությունների, ապա այդ դատավճիռները հակասում են իրավական որոշակիության սկզբունքին, կասկածի տակ է դրվում այդ գործերով ամբաստանյալների օրենքի և դատարանի առջև իրավահավասարության սկզբունքը, որի արդյունքում կայացված դատավճիռները չեն կարող համարվել արդարացի, օրինական և հիմնավորված:
(…) [Ն]ախաքննության մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի կարգով քրեական գործից մաս անջատելուց, այնուհետև մեղադրական եզրակացություն կազմելուց, իսկ հսկողություն իրականացնող դատախազը մաս անջատելու որոշման օրինականությունը ստուգելուց, այնուհետև մեղադրական եզրակացությունը հաստատելուց՝ պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, թե արդյոք դատարանները հնարավորություն կունենան իրականացնելու օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, արդյոք առանձին ամբաստանյալների առաջադրված մեղադրանքի կապակցությամբ կայացնելու օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռ, ինչպես նաև պետք է հաշվի առնեն այն, թե արդյոք դատարանի գործունեության արդյունքում չի վտանգվի առանձին քննվող գործով դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը՝ արդեն իսկ կայացված դատավճռի նախադատելիության (փաստացի) պատճառով, չեն խախտվի դատի չտրված այլ անձանց անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը և այլն: Կարևոր է, որպեսզի հաշվի առնվի այն հանգամանքը, թե արդյոք չեն կայացվի հակասող դատավճիռներ և դրանով իսկ վտանգում օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքը և իրավական որոշակիությունը՝ հակասող դատավճիռներ կայացնելու տեսանկյունից:
Բողոքարկված դատական ակտերի և բերված վերաքննիչ բողոքների վերլուծությունից հետևում է, որ նույն փաստական հանգամանքների և ապացուցողական զանգվածի պայմաններում գործերն առանձին քննելու արդյունքում տարբեր դատավորներ հանգել են տարբեր հետևությունների՝ ինչպես հաստատված ճանաչված փաստական հանգամանքների, այնպես էլ ամբաստանյալների արարքներին տրված քրեաիրավական որակման առումով: Դատարանների կողմից տարբեր հետևությունների հանգելն իրավաչափ է, եթե հարցը դիտարկվում է դատարանների և յուրաքանչյուր դատավորի անկախության տեսանկյունից, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գործի փաստերը և ապացույցները գնահատում է ինքնուրույն, իր ներքին համոզմամբ, օրենքի սեփական ընկալմամբ, սակայն մյուս կողմից միևնույն փաստական հանգամանքների և ապացուցողական զանգվածի պայմաններում նույն ենթադրյալ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ իրար հակասող երկու դատավճիռների կայացումն իրավաչափ չէ և հանգեցնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով սահմանված և վերևում նշված մի շարք հիմնարար սկզբունքների խախտումների, ուստի միակ հնարավոր ճանապարհը նման խախտումները վերացնելու՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և մեկ դատավորի կողմից քննելու և համապատասխան հետևության հանգելու մեջ է, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Դրանով պայմանավորված Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքներում բարձրացված առանձին հարցերի, քանի որ դրանք պետք է քննարկման առարկա դառնան և գնահատվեն միևնույն վարույթի շրջանակներում և նույն դատավորի կողմից, որպեսզի հնարավոր լինի բացառել հակասական հետևությունները (...)»8:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
11. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի` թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով 2018 թվականի փետրվարի 7-ի և թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով 2018 թվականի հունիսի 1-ի դատավճիռները բեկանելով և քրեական գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ խախտել է գործի արդարացի քննության, մրցակցության և ապացույցների ազատ գնահատման սկզբունքները, ինչն ազդել է գործի ելքի վրա:
11.1. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է դատական ակտը վերանայեր մեղադրողի և պաշտպանի բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնք վերաբերում էին ապացույցների գնահատմանը և դատական ակտերի պատճառաբանվածությանը, այլ ոչ թե Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված՝ դատական ակտի նախադատելության խնդրին, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել ներկայացված բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից:
11.2. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ, 393-394-րդ և 396-րդ հոդվածները՝ բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ Վերաքննիչ դատարանը կարող էր ըստ էության քննել պաշտպանի և մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործը Վերաքննիչ դատարանում միացվել է թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործին, և այն բեկանելն ու նոր քննության ուղարկելը չէր բխելու քրեական գործի քննության ողջամիտ ժամկետներից:
12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
13. Ամբաստանյալ Հ.Բարսեղյանի պաշտպան Հ.Բաբայանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի նորմերի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործի ելքի վրա: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններից, խախտել է գործի արդարացի, ողջամիտ ժամկետում քննության և դատական վերանայման՝ ամբաստանյալի իրավունքը:
13.1. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է քննարկվող դեպքում դատական ակտը վերանայեր պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում, սակայն, ըստ էության, կողմերին զրկել է լսված լինելու իրավունքից և կայացրել է վերաքննիչ բողոքները չլուծող դատական ակտ։ Բողոքաբերի գնահատմամբ, նման որոշում կայացնելը չի բխել նաև նույն վարույթում Վերաքննիչ դատարանի նախորդ վարքագծից, քանի որ մինչ այդ վերջինս որոշում է կայացրել երկու գործերը մեկ վարույթում միացնելու մասին այն հիմնավորմամբ, որ միևնույն փաստական հանգամանքների պայմաններում նույն հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ գործերն առանձին վարույթներում քննելը իրավաչափ չէ։
13.2. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առներ նաև գործի քննության ողջամիտ ժամկետները և ամբաստանյալների՝ տևական ժամանակ կալանքի տակ գտնվելու հանգամանքը։
14. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումը, օրինական ուժ տալ թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 1-ի դատավճռին կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I.Վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալու իրավաչափությունը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ էր Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալը:
16. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (…)»:
⚖16.1. Անդրադառնալով վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ՝
- վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում: Դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ9,
- վերաքննության առարկան ոչ թե գործի ըստ էության քննությունն է, այլ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը: Դրանով պայմանավորված՝ վերաքննիչ դատարանում դատաքննությունը սկսվում է ոչ թե մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ, այլ նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ10,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածում ամրագրված սահմանափակումները բացարձակ բնույթ չեն կրում, և դրանք պետք է դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում: Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր) կամ անձի նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր կիրառելիս: Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ11:
16.2 Վերահաստատելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով 2018 թվականի փետրվարի 7-ի և թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով 2018 թվականի հունիսի 1-ի դատավճիռների դեմ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել համապատասխանաբար ամբաստանյալ Ա.Մարջանյանի պաշտպանը և մեղադրողը՝ փաստարկելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ չեն գնահատվել քրեական գործերում առկա ապացույցները, ինչի արդյունքում Ա.Մարջանյանի և Հ.Բարսեղյանի արարքներին տրվել են սխալ քրեաիրավական գնահատականներ12,
- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում է կայացրել թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործը վարույթ ընդունելու և թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործին միացնելու մասին13,
- Վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 19-ին որոշում է կայացրել դրանք մասնակիորեն բավարարելու և թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործը նոր քննության ուղարկելու մասին՝ փաստելով, որ քրեական գործից մաս անջատելուց և այդ մասով մեղադրական եզրակացությունը հաստատելուց՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե արդյո՞ք դատարանները հնարավորություն կունենան իրականացնելու օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, առանձին ամբաստանյալների առաջադրված մեղադրանքի կապակցությամբ կայացնելու օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռ, ինչպես նաև պետք է հաշվի առնել այն, թե արդյո՞ք դատարանի գործունեության արդյունքում չի վտանգվի առանձին քննվող գործով դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը՝ արդեն իսկ կայացված դատավճռի նախադատելիության պատճառով, չեն խախտվի դատի չտրված այլ անձանց անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը և այլն: Ինչպես նաև պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե արդյո՞ք չեն կայացվի հակասող դատավճիռներ՝ դրանով իսկ վտանգելով օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքն ու իրավական որոշակիությունը՝ հակասող դատավճիռներ կայացնելու տեսանկյունից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքներում բարձրացված հարցերին, գտել է, որ միևնույն փաստական հանգամանքների և ապացուցողական զանգվածի պայմաններում, նույն ենթադրյալ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ իրար հակասող երկու դատավճիռների կայացումն իրավաչափ չէ, ուստի դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության14:
17.1. Վերոշարադրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն որոշման 16.1-րդ կետում մեջբերված հիմքերի բացակայության պայմաններում, դուրս է եկել վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից։ Այսինքն՝ անդրադառնալով միևնույն փաստական հանգամանքներով քրեական գործերը միմյանցից առանձնացնելու և դրանք անջատ քննելու հարցին՝ Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտը ոչ իրավաչափորեն հիմնավորել է այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքներում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքներն ըստ էության քննարկման առարկա չի դարձրել ու չի անդրադարձել ապացույցների ոչ պատշաճ գնահատման, նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառության հարցերին։
18. Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալն իրավաչափ չէր։
II. Վերաքննիչ դատարանի կողմից քրեական գործը նոր քննության ուղարկելու իրավաչափությունը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ էր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նկատառումներով Վերաքննիչ դատարանի կողմից մեկ վարույթում միացված թիվ ԵԿԴ/0259/01/16 և ԵԿԴ/0063/01/17 քրեական գործերով Առաջին ատյանի դատարանի դատական ակտերը բեկանելն ու գործը նույն դատարան նոր քննության ուղարկելը:
20. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք, (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
(…)
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.
(…)
4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Գործի քննության արդյունքում գտնելով, որ արարքն իրավաբանորեն ճիշտ որակված չէ, վերաքննիչ դատարանն իրավունք ունի փոխել հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար:
3. Վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործի քննության արդյունքներով առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենք կամ նշանակել ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ այդ հիմքերով բողոք է բերել մեղադրողը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը:
(…)»:
⚖21. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է ոչ միայն բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության, այլև կայացնել նոր դատական ակտ: Նշված լիազորության օրենսդրական ամրագրումը պայմանավորված է նրանով, որ վերաքննիչ դատարանում ապացույցներ, այդ թվում` լրացուցիչ ներկայացված, հետազոտելու և ըստ այդմ գործի փաստական կողմը վերանայելու իրավասությունը, թույլ տրված դատական սխալը ուղղելու և նոր դատական ակտ կայացնելու հնարավորություն է տալիս: Դեռ ավելին, ինչպես բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի կարգավորումներից՝ վերաքննիչ վերանայման նշված առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է նաև վերաքննիչ դատարանի կողմից անձին առաջադրված մեղադրանքի շրջանակում արարքի իրավական գնահատականը՝ թե´ մեղմացնելու և թե´ խստացնելու առումով փոխելու իրավական հնարավորություն՝ դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիությունն ապահովելու պայմանով։
Բացի այդ, հարկ է նկատել, որ վերաքննիչ դատարանի կողմից նոր դատական ակտ կայացնելու լիազորության նախատեսումը կոչված է նաև բացառելու դատական շրջապտույտը, այն բխում է դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից այնքանով, որքանով երաշխավորում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից մեկը՝ ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի իրացումը15։
21.1 Անդրադառնալով բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու վերաքննիչ դատարանի լիազորությանը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը՝ նպատակ ունենալով.
ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,
բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,
գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,
դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից16։
21.2 Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի կողմից տվյալ լիազորությունը ենթակա է իրացման այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար չէ արձանագրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները վերացնելու համար, և առաջին ատյանի դատարանում գործի նոր քննությունն անհրաժեշտ է կայացվելիք դատական ակտի արդարացիությունը և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու առումով։
21.3 Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, բողոքարկված դատական ակտը բեկանելուց հետո նոր դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացնելիս, վերաքննիչ դատարանը պետք է գնահատի, թե որքանո՞վ է վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությունն ապահովելու և արձանագրված դատական սխալները վերացնելու համար։ Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկությունները թույլ են տալիս լուծել նշված խնդիրները, վերաքննիչ դատարանի որոշումը, որպես կանոն, պետք է լինի նոր դատական ակտի կայացումը՝ ելնելով դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից։
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Վերաքննիչ դատարանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ՝ գտնելով, որ թիվ ԵԿԴ/0063/01/17 և ԵԿԴ/0259/01/16 քրեական գործերով առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն, և որ միայն միացյալ քննության արդյունքում է հնարավոր վերջնական միասնական եզրահանգում կատարել նշված գործերով ամբաստանյալների արարքների վերաբերյալ, թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործը միացրել է թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործին17:
Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ, նկատի ունենալով, որ թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով արձանագրված ենթադրյալ խախտումները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկու քրեական գործերը պետք է միացվեն մեկ վարույթում և քննվեն մեկ դատավորի կողմից, եկել է այն եզրահանգման, որ դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության՝ չանդրադառնալով բողոքներում բարձրացված առանձին հարցերին ու փաստելով, որ դրանք պետք է քննարկման առարկա դառնան և գնահատվեն միևնույն վարույթի շրջանակներում ու նույն դատավորի կողմից, որպեսզի հնարավոր լինի բացառել հակասական հետևությունները18:
23. Սույն որոշման 20-21.3-րդ կետերում ներկայացված նորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0063/01/17 և ԵԿԴ/0259/01/16 քրեական գործերը միացնելուց հետո Վերաքննիչ դատարանն ունեցել է լիարժեք իրավական հնարավորություն՝ դատական ստուգման ենթարկելու նշված գործերով կայացված դատավճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ վերաքննիչ բողոքներում բարձրացված՝ ապացույցների գնահատման դատավարական պահանջների պահպանման և նյութական իրավունքի նորմերի կիրառման ճշտության տեսանկյունից: Մինչդեռ կիրառելով վճռաբեկ դատարանում գործերի քննության կարգը՝ Վերաքննիչ դատարանը, չի իրացրել քրեական գործում առկա ապացույցների հիման վրա գործի փաստական կողմը վերանայելու և միևնույն փաստական հանգամանքներով գործերով միմյանց հակասող դատավճիռների առկայությամբ պայմանավորված խախտումները վերացնելու հնարավորությունը, և ոչ իրավաչափորեն որոշում է կայացրել քրեական գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու մասին:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ գործը վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը զրկված չէր գործի քննության ժամանակ իր որոշումը վերանայելու և գործը վերաքննիչ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով քննության առնելու հնարավորությունից19։ Վերաքննիչ դատարանը, դատական ակտերի բեկանման և գործն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին որոշման հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ արձանագրված ենթադրյալ խախտումները վերացնելու միակ ուղին թիվ ԵԿԴ/0063/01/17 և ԵԿԴ/0259/01/6 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, մեկ դատավորի կողմից քննելու ու համապատասխան հետևության հանգելու մեջ է, անտեսել է նույնաբովանդակ պատճառաբանությամբ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու՝ իր իսկ կողմից կայացված 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը, ինչպես նաև դրա ծանրակշիռ հիմնավորումներն առ այն, որ նշված գործերով առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն՝ պայմանավորված դրանց փաստական հանգամանքներով, և միայն միացյալ քննության արդյունքում հնարավոր կլինի վերջնական միասնական եզրահանգում անել ամբաստանյալների արարքների վերաբերյալ20։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, վերը հիշատակված քրեական գործերը մեկ վարույթում միացված լինելու պայմաններում, իրական հնարավորություն ունենալով իր լիազորությունների շրջանակում վերացնելու իր կողմից արձանագրված դատավարական խախտումներն ու կայացնելու նոր դատական ակտ, գործն ուղարկել է նոր քննության՝ անտեսելով դատավարական խնայողության և ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջը։
24․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նկատառումներով Վերաքննիչ դատարանի կողմից մեկ վարույթում միացված թիվ ԵԿԴ/0259/01/16 և ԵԿԴ/0063/01/17 քրեական գործերով Առաջին ատյանի դատարանի դատական ակտերը բեկանելն ու գործը նույն դատարան նոր քննության ուղարկելն իրավաչափ չէր։
25. Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ, 394-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննարկման առարկա դարձնի ներկայացված վերաքննիչ բողոքները, դրանց հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգի Առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով 2018 թվականի փետրվարի 7-ի և թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործով 2018 թվականի հունիսի 1-ի դատավճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը և հանգի համապատասխան հետևության։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Ա.Մարջանյանին և Հ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալներ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի և Արման Լևոնի Մարջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալներ Հենրիկ Արթուրի Բարսեղյանի և Արման Լևոնի Մարջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Տե՛ս թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործ, հատոր 3, թերթեր 363:
2 Տե՛ս թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործ, հատոր 8, թերթեր 399-400:
3 Տե՛ս թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործ, հատոր 6, թերթեր 88-111:
4 Տե՛ս թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործ, հատոր 15, թերթեր 97-124:
5 Տե՛ս թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործ, հատոր 6, թերթեր 123-138:
6 Տե՛ս թիվ ԵԿԴ/0063/01/17 քրեական գործ, հատոր 16, թերթեր 1-16:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թեթեր 70-75:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 122-134։
9 Տե՛ս Արթուր Սաքունցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշման 11-րդ կետը:
10 Տե՛ս Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 27-րդ կետը:
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սվետլանա Գրիգորյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 որոշումը, Իլլարիոն Նունուշյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի որոշումը, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի որոշումը։
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերը:
13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։
15 Տե'ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ՍԴՈ-720, 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-832 որոշումները, Վճռաբեկ դատարանի՝ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումը:
16 Տե'ս Հրաչ Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11 որոշման 19-րդ կետը։
17 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
18 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։
19 Տե՛ս, mutatis mutandis, Գևորգ Հախնազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հունիսի 26-ի որոշման 19-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան |
|
Ա. Պողոսյան |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|