Գլխավոր տեղեկություն
Համար
N 1566-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.01.2021-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180).1 Հոդ.1226.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1566-Ն

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ և 28.1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն, փոփ. 27.05.20 N 844-Ն)

1.1. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 26500 դրամ:

(1.1-ին կետը լրաց. 25.01.18 N 61-Ն, փոփ. 09.01.20 N 3-Ն)

2. Հաստատել`

1) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.20 N 844-Ն)

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 27.05.20 N 844-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը նշանակված խնամքի նպաստի վճարումը, սկսած 2016 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների միջոցով իրականացնելն ապահովելու ուղղությամբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը համարվում է սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակված:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ և 28-րդ հոդվածներով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ՝ խնամքի նպաստ) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 21.01.21 N 55-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) դիմող՝ խնամքի նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.

2) խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձ (ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը).

2.1) գյուղական բնակավայրում բնակվող ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձ (ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը).

3) տարածքային բաժին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին).

4) երեխա՝ երկու տարին չլրացած երեխա, որն ունի խնամքի արձակուրդում գտնվող ծնող և (կամ) գյուղական բնակավայրում բնակվող ծնող.

5) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում՝ նաև ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

6) բանկ՝ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

7) սոցիալական ապահովության հաշիվ` սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի անվամբ բացված հատուկ հաշիվ.

8) միանվագ դրամական վճարների հաշիվ` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի (սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ բացված հատուկ հաշիվ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 27.05.20 N 844-Ն, խմբ., լրաց. 21.01.21 N 55-Ն)

3. Խնամքի նպաստը խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

(3-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, լրաց., փոփ. 21.01.21 N 55-Ն)

3.1. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված խնամքի նպաստը նշանակվում է նաև Արցախի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե նա և իր երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և Արցախի Հանրապետությունում երեխայի ծնողներին խնամքի նպաստ չի նշանակվել:

(3.1-ին կետը լրաց. 22.09.16 N 966-Ն, փոփ. 21.01.21 N 55-Ն)

3.2. Խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակվում և վճարվում է, եթե երեխան հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում գյուղական բնակավայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

(3.2-րդ կետը լրաց. 21.01.21 N 55-Ն)

4. Խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային բաժին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Եթե նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա դիմումին կից ներկայացվում է նաև խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը՝ ստորագրված և կնքված գործատուի կնիքով։ Տեղեկանքում նշվում են՝

1) ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2) խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը).

3) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

(4-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն, խմբ. 10.08.17 N 977-Ն, լրաց. 21.01.21 N 55-Ն)

4.1. Սույն կարգի 3.1-ին կետում նշված անձին խնամքի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում Արցախի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու և Արցախի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` ծառայության պետի սահմանած կարգով:

(4.1-ին կետը լրաց. 22.09.16 N 966-Ն, փոփ. 21.01.21 N 55-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 10.08.17 N 977-Ն)

6. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության (այդ թվում` առցանց դիմումով մուտքագրված տվյալների) հիման վրա տարածքային բաժինը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է՝

1) մերժել խնամքի նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել ծնողին.

2) նշանակել և վճարել խնամքի նպաստը:

(6-րդ կետը լրաց. 22.09.16 N 966-Ն, 10.08.17 N 977-Ն)

7. Տարածքային բաժինը մերժում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության՝ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

2) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո.

3) ծնողը և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.

5) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

6) սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում, համաձայն Արցախի Հանրապետության իրավասու մարմնից ստացված տեղեկատվության, ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում, կամ Արցախի Հանրապետությունում երեխայի ծնողներից մեկին նշանակվել է խնամքի նպաստ:

(7-րդ կետը լրաց. 22.09.16 N 966-Ն, փոփ., լրաց. 10.08.17 N 977-Ն, լրաց. 27.05.20 N 844-Ն, խմբ. 21.01.21 N 55-Ն)

7.1. Տարածքային բաժինը մերժում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված չէ գյուղական բնակավայրի հասցեով.

2) երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելու օրվա դրությամբ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում գյուղական բնակավայրի հասցեով.

3) ծնողը օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

5) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.

6) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո.

7) երեխայի խնամքի կապակցությամբ օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա արդեն նշանակվել է խնամքի նպաստ:

(7.1-ին կետը լրաց. 21.01.21 N 55-Ն)

8. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային բաժինը պատշաճ կարգով տեղեկացնում է ծնողին, բացառությամբ սույն կարգի 43-րդ կետում նշված դեպքի: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է ծնողին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն ծնողին խնամքի նպաստ նշանակելու դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը (բացառությամբ այն դեպքի, երբ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու դիմումը մերժվել է սույն կարգի 7.1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված հիմքերով): Այս դեպքում մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

(8-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, 21.01.21 N 55-Ն)

9. Եթե դիմումը մերժվում է սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, ապա տարածքային բաժինը դրա մասին որոշում ընդունելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է գործատուին (գործատուներին): Սույն կետում նշված գրության օրինակելի ձևը սահմանում է ծառայությունը:

(9-րդ կետը փոփ. 21.01.21 N 55-Ն)

10. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ խնամքի նպաստը նշանակելու և վճարելու որոշման դեպքում տարածքային բաժինը խնամքի նպաստը նշանակում և վճարում է ծնողին:

11. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար:

12. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակելուց հետո 15 օրվա ընթացքում տարածքային բաժինը դրա մասին գրությամբ տեղեկացնում է գործատուին: Սույն կետում նշված գրության օրինակելի ձևը սահմանում է ծառայությունը:

(12-րդ կետը փոփ. 21.01.21 N 55-Ն)

13. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, ում վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում) գործատուն դրա մասին տեղեկացնում է ծառայությանը՝ նշված հանգամանքներն առաջանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Տեղեկացման մեջ նշվում են՝

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (եթե առկա է),

բ. խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ընդհատումը կամ ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

գ. խնամքի արձակուրդի ընդհատման կամ ավարտման հիմքը:

(13-րդ կետը խմբ. 10.08.17 N 977-Ն, լրաց. 21.01.21 N 55-Ն)

14. Խնամքի նպաստը խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու (մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում՝ որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդն սկսելու, սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում՝ հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու (մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում՝ որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդն սկսելու, սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում՝ հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու) ամսվան հաջորդող 12-րդ ամսվանից հետո:

(14-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, խմբ. 21.01.21 N 55-Ն)

14.1. Խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակվում է դիմումը մինչև երեխայի 2 տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

(14.1-ին կետը լրաց. 21.01.21 N 55-Ն)

15. Եթե ծնողը, մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը, հաջորդ երեխայի (երեխաների) ծննդյան կապակցությամբ ևս ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա հաջորդ երեխայի (երեխաների) համար ևս խնամքի նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում: Սույն կետով սահմանված դիմումը ներկայացվում է խնամքի նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու համար սահմանված կարգով: Այս դեպքում խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի (երեխաների) համար խնամքի նպաստը նշանակվում է հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(15-րդ կետը լրաց. 21.01.21 N 55-Ն)

16. Ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվության կամ ծնողի կամ այլ անձի ներկայացրած դիմումի հիման վրա:

17. Ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է և խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է սույն կարգի 16-րդ կետով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

18. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, ապա սույն կարգի 16-րդ կետի հիման վրա դադարեցվում է բոլոր երեխաների համար նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը՝ բացառությամբ սույն կարգի 19-րդ կետում նշված դեպքերի:

19. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, երեխայի 2 տարեկանը լրանալու, երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն (մանկատուն) ընդունվելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 90 օր և ավելի ժամկետով բացակայելու (եթե խնամքի նպաստ նշանակվել է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին), երեխայի՝ օտարերկրյա բնակության վայրի հասցեով հաշվառվելու և երեխայի մահվան դեպքերում դադարեցվում է տվյալ երեխայի համար նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը:

(19-րդ կետը փոփ. 21.01.21 N 55-Ն)

20. Երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից 12 ամիս (եթե նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին) կամ 90 օր (եթե խնամքի նպաստ նշանակվել է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին) և ավելի ժամկետով բացակայելու հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա՝ երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:

(20-րդ կետը փոփ., լրաց. 21.01.21 N 55-Ն)

21. Եթե խնամքի արձակուրդում գտնվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է ծնողի` աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու), իսկ եթե ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում մի քանի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու) հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար տարածքային բաժին են ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Եթե խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար ներկայացվում է նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը: Սույն կետում նշված դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը լրանալուց հետո:

(21-րդ կետը լրաց. 22.09.16 N 966-Ն, խմբ. 10.08.17 N 977-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.01.21 N 55-Ն)

21.1. Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում սույն կարգի 3.1-ին կետում նշված ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն կարգի 4.1-ին կետում նշված կարգով ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

(21.1-ին կետը լրաց. 22.09.16 N 966-Ն)

22. Բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո նույն երեխայի խնամքի կապակցությամբ ծնողը կրկին ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում անձին խնամքի նպաստ է նշանակվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(22-րդ կետը խմբ. 10.08.17 N 977-Ն)

22.1. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում, եթե ծնողն աշխատանքի չի անցել, և գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման մասին հայտի հիման վրա ճշտում է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը (կամ չեղարկում է գրանցման մասին հայտը), ապա խնամքի նպաստի վճարումը շարունակելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում։ Այս դեպքում, եթե դիմումը ներկայացվում է մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը (խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում), ապա խնամքի նպաստի վճարումը շարունակվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից, իսկ չվճարված նպաստի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը խնամքի նպաստի իրավունք է ունեցել։ Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո դիմումը ներկայացվելու դեպքում չվճարված նպաստի գումարները վճարվում են ընդհանուր հիմունքներով՝ դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Սույն կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու հիման վրա (երբ գործատուն չեղարկում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում ներկայացված գրանցման մասին հայտը) կամ տեղեկատվական բազայում մուտքագրված սխալ տեղեկատվության հիման վրա։

(22.1-ին կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, փոփ. 27.05.20 N 844-Ն, խմբ. 21.01.21 N 55-Ն)

23. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում:

24. Խնամքի նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Խնամքի նպաստի վճարման եղանակն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:

(24-րդ կետը լրաց. 27.05.20 N 844-Ն)

25. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

(25-րդ կետը փոփ. 27.05.20 N 844-Ն)

26. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

27. Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

28. Եթե խնամքի նպաստը նշանակելու դիմումը ներկայացրել է ծնողը, ապա խնամքի նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ ծնողի ընտրությամբ:

29. Եթե խնամքի նպաստը նշանակելու դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա խնամքի նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր:

(29-րդ կետը փոփ. 27.05.20 N 844-Ն)

30. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է.

1) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին 12 ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 12-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 12 ամիս և ավելի ժամանակով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին:

(30-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, փոփ., լրաց. 21.01.21 N 55-Ն)

31. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝

1) սույն կարգի համաձայն դիմումի հիման վրա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում՝ վերականգնելու օրվանից.

2) եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է սույն կարգի 30-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով և ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստ ստանալու իրավունք (խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ)՝ սույն կարգի 32-րդ կետում նշված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից:

(31-րդ կետը փոփ. 10.08.17 N 977-Ն)

32. Խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար տարածքային բաժին են ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:

(32-րդ կետը խմբ. 10.08.17 N 977-Ն)

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված դիմումի հիման վրա խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում ծնողին է վճարվում դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների չվճարված խնամքի նպաստի գումարը, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Ընդ որում, սույն կետում նշված դեպքում ծնողի խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է և չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է, եթե երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

(33-րդ կետը փոփ. 21.01.21 N 55-Ն)

34. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:

(34-րդ կետը փոփ. 10.08.17 N 977-Ն)

35. Եթե խնամքի նպաստը վճարելը վերսկսելու (խնամքի նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու) դիմումը ներկայացրել է ծնողը, ապա խնամքի նպաստը վճարվում է դիմողի ընտրած եղանակով: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:

(35-րդ կետը լրաց. 27.05.20 N 844-Ն)

36. Եթե խնամքի նպաստը վճարելը վերսկսելու (խնամքի նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու) դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա խնամքի նպաստը (չվճարված խնամքի նպաստի գումարը) վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով:

(36-րդ կետը փոփ. 27.05.20 N 844-Ն)

37. Բացառությամբ սույն կարգի 34-րդ կետում նշված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է ծնողի կամ այլ անձի դիմումի հիման վրա՝ բանկում ծնողի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Այս դեպքում, եթե դիմումին կից ներկայացվում է ծնողի տված՝ խնամքի նպաստն այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը, ապա չվճարված խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է լիազորված անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվելու միջոցով:

(37-րդ կետը խմբ. 27.05.20 N 844-Ն)

37․1. Սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում ծնողի կամ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև հաշվետիրոջ (ծնողի, իսկ սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի տված՝ իր անվամբ բացված բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը:

(37.1-ին կետը լրաց. 27.05.20 N 844-Ն)

38. Սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք:

(38-րդ կետը փոփ. 21.01.21 N 55-Ն)

39. Եթե անձի խնամքի արձակուրդը սկսվել է 2015 թվականին և 2016 թվականին նա դիմում է խնամքի նպաստ նշանակելու համար, ապա երեխայի խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

40. Խնամքի նպաստը նշանակվում է, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է և խնամքի նպաստի վճարումը վերսկսվում է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խնամքի նպաստը նշանակվում է կամ նշանակվել է սույն կարգի 3.1-ին կետում նշված ծնողին կամ այն ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա։

(40-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն)

41. Սույն կարգի 40-րդ կետի հիման վրա խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար՝ դիմողը www.ssa.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է խնամքի նպաստ նշանակելու համար անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.ssa.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.ssa.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

(41-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, փոփ. 21.01.21 N 55-Ն)

42. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ և՝

1) մերժվում է խնամքի նպաստը սույն կարգի 40-րդ կետի հիման վրա նշանակելը (խնամքի նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը և խնամքի նպաստի վճարումը վերսկսելը) և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից կամ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ), կամ առկա է սույն կարգի 40-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը.

2) թույլատրվում է խնամքի նպաստը սույն կարգի 40-րդ կետի հիման վրա նշանակելը (խնամքի նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը և խնամքի նպաստի վճարումը վերսկսելը) և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ու «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 40-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը։

(42-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն, 27.05.20 N 844-Ն, փոփ. 21.01.21 N 55-Ն)

43. Խնամքի նպաստը նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Եթե տարածքային բաժինը մերժում է առցանց ներկայացված տվյալների հիման վրա խնամքի նպաստի նշանակումը (խնամքի նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը և խնամքի նպաստի վճարումը վերսկսելը), ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին:

(43-րդ կետը լրաց. 10.08.17 N 977-Ն)

(հավելվածը լրաց. 22.09.16 N 966-Ն, փոփ. 08.12.16 N 1250-Ն, լրաց., խմբ., փոփ. 10.08.17 N 977-Ն, 27.05.20 N 844-Ն, 21.01.21 N 55-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.05.20 N 844-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման

 

Օրինակելի ձև

խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

քաղ. Երևան

____ _____________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ___________________ -ի, ով գործում է 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ___________________________ վճարահաշվարկային կազմակերպությունը, ի դեմս  _____________________________ -ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ կատարող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) նպաստ՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածով սահմանված խնամքի նպաստ.

2) ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածում նշված ծնող, որդեգրող կամ խնամակալ, ում նշանակվում և վճարվում է նպաստը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2. Սույն պայմանագրով կատարողը պարտավորվում է իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարները, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված՝ սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ՝ վճարման ցուցակ), մինչև տվյալ ամսվա 20-ը տրամադրել ծնողին կամ այլ անձի:

3. Կատարողը սույն պայմանագրի 2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է ծնողի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

4. Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման:

5. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում նպաստի գումարների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվություն պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ՝ փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

6. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

8. Կատարողն իրավունք ունի սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

9. Պատվիրատուն իրավունք ունի՝

1) ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը՝ առանց միջամտելու կատարողի գործողություններին.

2) կատարողից պահանջելու անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները:

10. Կատարողը պարտավոր է՝

1) տվյալ ամսվա նպաստի գումարներն իր հաշվի համարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած՝ ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2) նպաստի գումարը ծնողին տրամադրելու նպատակով ծնողի բնակության վայրի հասցե այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել նպաստի գումարը տրամադրել ծնողին).

3) նպաստի գումարը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

4) նպաստի գումարի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել նախորդ ամսվա վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն վճարման ցուցակում ներառված անձանց չտրամադրված նպաստի գումարները.

5) պատվիրատուի պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն նպաստի գումարը վճարման ցուցակում ներառված անձին տրամադրելու մասին:

11. Պատվիրատուն պարտավոր է՝

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը՝ ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների.

2) փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

12. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում՝ բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

16. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

17. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

18. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

19. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

_______________________________
_______________________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական N 3 շենք

 

 Գտնվելու վայրը՝
 ___________________________
 ___________________________

Հեռ. _____________________   Հեռ. _____________________
Էլ. փոստ _____________________   Էլ. փոստ ____________________
    ՀՎՀՀ _____________________

Նախարար

 __________________________
(անունը, ազգանունը)

 

__________________________________
(համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը, անունը, ազգանունը)


-----------------------------------------
(ստորագրությունը)

 


-----------------------------------------
(ստորագրությունը)

 

Հավելված N 1

խնամքի նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը

2. Ծնողի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում՝ ծնողի փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

3. Ծնողի հաշվառման (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի

4. Վճարման ցուցակում ներառված անձին վճարման ենթակա նպաստի գումարը (այդ թվում՝ տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)՝ ըստ ժամանակահատվածի

5. Վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը

 

Հավելված N 2

խնամքի նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են նպաստի վճարումները

2. Նպաստ ստացած անձանց թիվը

3. Վճարված նպաստի գումարը

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (փոխանցված) փոխանցման ենթակա՝ իր բանկային հաշվին փոխանցված, սակայն վճարման ցուցակում ներառված անձանց չտրամադրված գումարների հանրագումարը

5. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը

6. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները

7. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան