Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-348-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.482
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 12,500 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 17,500 դրամ:

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար` ընթացիկ տարվա համար` 50.000-350.000 դրամ.

բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 0-250 դրամ.

գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-25000 դրամ:»:

Հոդված 2. Օրենքը 20-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ հոդվածով`

«Հոդված 201. Համայնքի անդամներին տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը

1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը:

2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:

3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 12
Երևան
ՀՕ-348-Ն