Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0621/06/18

ԵԴ/0621/06/18

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

 մասնակցությամբ դատախազներ՝

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Գոռ Լևոնի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Մուրադյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Գոռ Լևոնի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 2-ի որոշմամբ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ պաշտպաններ Տ.Աթանեսյանի և Զ.Հարությունյանի միջնորդությունը՝ Գ.Խաչատրյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

2.1. 2018 թվականի հուլիսի 24-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով մեղադրյալ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, բավարարել է այն: Նույն որոշմամբ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

2.2. 2018 թվականի օգոստոսի 17-ին պաշտպան Զ.Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բավարարվել է՝ մեղադրյալ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով։

3. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 5. Նախաքննության մարմինը Գոռ Լևոնի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Դավիթ Մհերի Համբարձումյանի, Սարգիս Դուրիկի Սահակյանի, Գևորգ Մասիսի Համբարձումյանի, Կարեն Կարապետի Օհանյանի, Էդիկ Լևոնի Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ և ջարդերով:

Այսպես.

2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ խաղաղ երթ են կազմակերպել Երևան քաղաքի «Էրեբունի թանգարանի» հարակից տարածքից և շարժվել են Էրեբունի փողոցով դեպի Երևան քաղաքի Արցախի պողոտան:

Նույն օրը՝ Գոռ Խաչատրյանը Գևորգ Համբարձումյանի, Սարգիս Սահակյանի, Կարեն Օհանյանի, Դավիթ Համբարձումյանի, Էդիկ Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հասարակության անդամների, այդ թվում՝ խաղաղ ցույցի մասնակիցների անվտանգությունը վտանգի տակ դնելու նպատակով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրա ընթացքում հասարակության անդամների՝ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, ջարդեր իրականացնելու մասին: Պլանավորած հանցագործության իրականացման համար հանցավոր խումբը ձեռք է բերել մահակներ, էլեկտրահարող սարքեր, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցների ինքնությունը հետագայում չբացահայտվելու նպատակով վերջիններս ձեռք են բերել և հետագայում օգտագործել բժշկական դիմակներ, որից հետո Գ.Խաչատրյանը, Ս.Սահակյանը, Կ.Օհանյանը, Գ.Համբարձումյանը, Է.Չիչոյանը և ինքնությունը չպարզված անձինք, Դ.Համբարձումյանի ղեկավարությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, Դ.Համբարձումյանի կողմից Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ, բռնություն են գործադրել և ջարդեր են իրականացրել, մասնավորապես՝ քարեր են նետել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ, որից հետո հարձակվելով նրանց վրա՝ տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել և էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել են երթի մասնակիցներին: Հանցավոր խմբի վերոհիշյալ համատեղ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մասնակիցները՝ Հերիքնազ Գրիգորյանը, Ռաֆիկ Գանջալյանը, Մկրտիչ Խանջյանը, պատահական անցորդ Արման Ասրյանը և քննությամբ դեռևս չպարզված անձինք, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրող՝ Արտակ Խուլյանը և օպերատոր Հովհաննես Սարգսյանը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը՝ միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ»2:

6. Մեղադրյալ Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման համաձայն՝ «(...) [Ն]կատի ունենալով, որ Գ.Խաչատրյանը երիտասարդ է, խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները՝ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին ծնված Նելլի Գոռի Խաչատրյանը, 2009 թվականի փետրվարի 28-ին ծնված Դիաննա Գոռի Խաչատրյանը և 2015 թվականի հունիսի 26-ին ծնված Արայիկ Գոռի Խաչատրյանը, բացի այդ հիվանդությունները՝ վեգետոդիստոնիա, գլխուղեղի կևեղի թեթև դիֆուզ փոփոխություններ ախտորոշմամբ, որի հետևանքով պարտադիր զինվորական ծառայության համար 21.03.2006 թվականին տրվել է տարեկետում, իսկ 07.11.2015 թվականին ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար, ունի մշտական բնակության վայր, բացի այդ, մեղադրյալը երեք ամսից ավել գտնվում է կալանքի տակ, գտնում է, որ քրեական գործի քննության սույն փուլում նրա պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի (…) կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է բացառել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը:

Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև նրանով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված նախնական քննության ընթացքում, երբ մեղադրյալ Գոռ Խաչատրյանը գտնվել է անազատության մեջ, ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով և չի խուսափել ու խոչընդոտել գործի քննությանը»3:

7. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Մեղադրյալ Գոռ Խաչատրյանի խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները՝ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին ծնված Նելլի Գոռի Խաչատրյանը, 2009 թվականի փետրվարի 28-ին ծնված Դիաննա Գոռի Խաչատրյանը և 2015 թվականի հունիսի 26-ին ծնված Արայիկ Գոռի Խաչատրյանը:

Բացի այդ, մեղադրյալ Գոռ Խաչատրյանի նկատմամբ առերևույթ համաներման կիրառման հնարավորության, այդ թվում նաև արդեն իսկ գրավի կիրառման պայմաններում, (կոնկրետ դեպքում) էապես նվազել է վերջինիս վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, ինչպես նաև՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը:

Ինչ վերաբերում է խոչընդոտելուն, ապա նշվածի վերաբերյալ դատախազի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններն արդեն իսկ բավարար չափով փաստարկված դիտարկվել չեն կարող:

Քննարկվող պարագայում, էապես նվազել է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում, մեղադրյալի կողմից թաքնվելու, գործի քննությանը խոչընդոտելու ու քրեական դատավարության խնդիրների իրագործմանը խոչընդոտելու հնարավոր հավանականությունը:

Հարկ է նշել նաև, որ գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով, վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, տվյալ դեպքում, արդեն իսկ սահմանված այլընտրանքային երաշխիք (սույն գործով սահմանված գրավիչ չափի պայմաններում) ի զորու է կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը:

 Որպիսի պայմաններում, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում, առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է (կոնկրետ դեպքում) մեղադրյալին անազատության մեջ պահելը, այլ կերպ, վերջինիս նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելը»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, այն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ, 134-րդ, 135-րդ և 145-րդ հոդվածներից, ինչպես նաև հակասում է Վճռաբեկ դատարանի՝ մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը նշել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից որպես կալանավորման հիմք հաստատվել են` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը, գործի քննությանը խոչընդոտելը և քրեական օրենքով արգելված արարք կատարելը, որոնք պատշաճ գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից՝ մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիության հարցը լուծելիս։ Բողոք բերած անձն ընդգծել է, որ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում հայտնվելով ազատության մեջ, Գ.Խաչատրյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` անօրինական ազդեցություն գործադրելով դատավարության մասնակիցների վրա, թաքցնել գործի համար նշանակություն ունեցող նյութերը, ուստի գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց չէր կարող ընտրվել նրա նկատմամբ։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ գնահատման չի ենթարկվել նաև այն, որ Գ.Խաչատրյանը նախկինում` 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, ինչը կարևոր էր հաշվի առնվել Գ.Խաչատրյանի նկատմամբ գրավի թույլատրելիության հարցը լուծելիս։

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով մեղադրյալ Գոռ Լևոնի Խաչատրյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Գ.Խաչատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը։

11 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

12. Խափանման միջոց գրավը կիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ`

- անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա5,

- կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պատշաճ գնահատման ենթարկվեն նաև անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը6,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ7:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, Վճռաբեկ դատարանը Գոռ Համբարձումյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) [Կ]ալանավորումը գրավով փոխարինելիս, վերջինը պետք է ծառայի որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը զսպելու համար: Այլ կերպ, պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով, գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար չի կարող մերժվել՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից»8:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալ Գոռ Խաչատրյանը երիտասարդ է, խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները՝ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին ծնված՝ Նելլի Գոռի Խաչատրյանը, 2009 թվականի փետրվարի 28-ին ծնված՝ Դիաննա Գոռի Խաչատրյանը և 2015 թվականի հունիսի 26-ին ծնված՝ Արայիկ Գոռի Խաչատրյանը, բացի այդ ունի հիվանդություններ՝ վեգետոդիստոնիա, գլխուղեղի կևեղի թեթև դիֆուզ փոփոխություններ ախտորոշմամբ, որի հետևանքով պարտադիր զինվորական ծառայության համար ստացել է տարկետում և ոչ պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար, ունի մշտական բնակության վայր։ Արդյունքում, դատարանը գտել է, որ նրա պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ, որը որպես բավարար և ողջամիտ միջոց կարող է բացառել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը9,

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրել է, որ դատարանը մեղադրյալ Գ.Խաչատրյանին կալանքից գրավով ազատելու թույլատրելիության վերաբերյալ հանգել է իրավաչափ հետևության10։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դրանց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի` Գոռ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ0699/06/18 որոշմամբ ձևավորած մոտեցումները, նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ դատարանների կողմից մեղադրյալ Գ.Խաչատրյանի՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը հաստատելու հանգամանքն ինքնին հիմք չէր մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումն ինքնաբերաբար մերժելու համար: Այսինքն, նշված հիմքի առկայության պայմաններում, ստորադաս դատարանների կողմից որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկումն իրավաչափ էր:

15. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում մեղադրյալ Գ.Խաչատրյանի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական տվյալներն իրենց համակցության մեջ բավարար չեն Գ.Խաչատրյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Մասնավորապես, թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` Գ.Խաչատրյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` առանց գործի փաստական հանգամանքներ ներկայացնելու` մեղսագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար11։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև Գ.Խաչատրյանը նախկինում դատապարտված է եղել, սակայն մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի և սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Խաչատրյանի անձը բնութագրող տվյալները` որպես նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ (մշտական բնակության վայր ունենալը, ամուսնացած լինելը, խնամքի տակ մինչև 14 տարեկան երեք երեխաների առկայությունը, առողջական վիճակը), մինչդատական վարույթի տվյալ փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Խաչատրյանի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 1.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված գրավը կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Գ.Խաչատրյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Գ.Խաչատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր է։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում։ Հետևաբար, ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել և մեղադրյալ Գ.Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Գոռ Լևոնի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0699/06/18 գործով 2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 63-64:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 108-109:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 75:

5 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը կետեր, 34-36։

6 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:

7 Տե՛ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը:

8 Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշման 24-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 46245/08, Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 28739/09:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: