Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0163/01/12

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Սամվել Հրաչի Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով Սամվել Հրաչի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ, ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ Ս.Դավթյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արտուշ Ռուբիկի Հակոբյանը, Դավիթ Սուրենի Գալստյանը, Արթուր Գրիշայի Մանուկյանը:

2. Ամբաստանյալ Ս.Դավթյանի շահերի պաշտպան Կ.Հակոբյանի և մյուս ամբաստանյալների ու նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 12-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը:

3. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ս.Դավթյանի շահերի պաշտպան Կ.Հակոբյանի և մյուս ամբաստանյալների ու նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ մերժվել է:

4. Դատապարտյալ Ս.Դավթյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Դատապարտյալ Ս.Դավթյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ է պահել խոշոր չափի` 1 գրամ հաստատուն քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ իրեն ազատել հետագա պատիժը կրելուց՝ արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սամվել Դավթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կամ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կամ մեղմացնում է պատիժը, կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում՝ անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով՝ որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ՝ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սամվել Դավթյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:

15. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ս.Դավթյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում՝ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Ս.Դավթյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։

Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ս.Դավթյանի կողմից կատարված արարքի վրա:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ս.Դավթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը վերանայելու համար:

18. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Սամվել Դավթյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը:

Ս.Դավթյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Ս.Դավթյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Ս.Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկմանը՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված առանց գույքի բռնագրավման ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առանց գույքի բռնագրավման նշանակված ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշանակված ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկում պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Ս.Դավթյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ պատժի սկիզբը հաշվելով 2011 թվականի սեպտեմբերի 23-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Սամվել Հրաչի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Սամվել Հրաչի Դավթյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Սամվել Հրաչի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) ամիս ժամկետով:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Սամվել Հրաչի Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկմանը՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված առանց գույքի բռնագրավման ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առանց գույքի բռնագրավման նշանակված ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշանակված ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկում պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:

Պատժի սկիզբը հաշվել 2011 թվականի սեպտեմբերի 23-ից:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 39-րդ, թերթեր 11, 97:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: