ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0699/06/18 |
ԵԴ/0699/06/18 |
Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ս. Ավետիսյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
|
|
|
|
քարտուղարությամբ` |
Ն. Թումանյանի |
|
մասնակցությամբ պաշտպան` |
Զ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ |
2019 թվականի նոյեմբերի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Գոռ Մհերի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2018 թվականի ապրիլի 22-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
2018 թվականի ապրիլի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 44102918 քրեական գործը:
2018 թվականի հունիսի 28-ին թիվ 44102918 և 12200518 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ 12200518 համարի ներքո:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գոռ Մհերի Համբարձումյանը ներգավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Գ.Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ պաշտպան Է.Ալեքսանյանի միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, մերժվել է:
3. Պաշտպաններ Է.Ալեքսանյանի և Զ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշումը՝ մասնակի բեկանել է և մեղադրյալ Գ.Համբարձումյանի նկատմամբ կիրառել է գրավ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
5. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 12-ին որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարան) դիմելու մասին։
6. Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։
7. Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի բողոքի վերաբերյալ վարույթը վերսկսվել է:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գոռ Մհերի Համբարձումյանը նեգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով «այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 16-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, Հարություն Հակոբյանի, Էդվարդ Մարգարյանի և քրեական գործով դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ սահմանված համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, հասարակական վայրում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, դիտավորյալ կերպով խախտելով հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը՝ առանց որևէ պատճառի մոտ 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել հիշյալ փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց՝ այդ եղանակով ծեծի ենթարկելով վերջիններին, իր այդ գործողություններով վախի մթնոլորտ և անհանգստություն առաջացնելով ցուցարարների մոտ՝ դրանով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
(…)
Բացի այդ, Գոռ Համբարձումյանը 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում, մի խումբ անձանց հետ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը` ժամը 19:00-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով:
Այսպես. 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Գոռ Համբարձումյանը, վերջինիս եղբայր՝ Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Մասիս քաղաքի բնակիչ Սեյրան Կարապետյանը և քրեական գործով դեռևս ինքնությունը չպարզված այլ անձինք, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Գոռ Համբարձումյանը և մյուսները, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող՝ նախապես իրենց հետ վերցված մահակներով հարվածներ են հասցրել երթի մասնակիցներին, որի ընթացքում խմբի կազմում Գոռ Համբարձումյանը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներ Արա Պողոսյանի և Աբրահամ Ինջիղուլյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ խմբի մյուս անդամ՝ Սեյրան Կարապետյանի կողմից հրազենի գործադրման եղանակով Մկրտիչ Միրզայանին պատճառվել է աջ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածք՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Նույն միջադեպի ժամանակ Գոռ Համբարձումյանը ձեռքով հարվածել է Հ.Բալաբանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որն արտահայտվել է աջ աչքի ստորին կոպի արյունազեղման ձևով, որից հետո ոտքով հարվածել է վերջինիս կողմից վարվող «Նիսան» մակնիշի 91 FL 100 պետհամարանիշի ավտոմեքենային՝ Հ.Բալաբանյանին պատճառելով 33.000 ՀՀ դրամի նյութական վնաս»1:
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը գտնում է, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին, պետք է ճանաչել անթույլատրելի և մերժել, քանի որ մեղադրյալ Գոռ Մհերի Համբարձումյանը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով, որպիսի պայմաններում գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվելու դեպքում այն չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը (…)»2:
10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առաջին ատյանի դատարանը՝ ներկայացված նյութերով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո, մեղադրյալ Գոռ Համբարձումյանին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, եկել է եզրահանգման, որ մնալով ազատության մեջ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով: Առաջին ատյանի դատարանի նման մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է, քանի որ՝ հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, Վերաքննիչ դատարանը բարձր է գնահատում հավանականությունը, որ մնալով ազատության մեջ Գոռ Համբարձումյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա, դրանով իսկ խոչընդոտելով մինչդատական վարույթում գործի քննությանը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա է Գոռ Համբարձումյանին կալանավորելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը և դրան անդրադարձել է առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի, կիրառմամբ (...):
Նման եզրահանգման Վերաքննիչ դատարանը հանգում է հաշվի առնելով նաև այն, որ Գոռ Համբարձումյանն ունի մշտական բնակության վայր, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, խնամքի տակ [է] գտնվում մանկահասակ երեխան»3:
11. 2019 թվականի հունիսի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Գոռ Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
12. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, այն է՝ մեղադրյալ Գոռ Համբարձումյանը գրավի կիրառմամբ անհիմն ազատ է արձակվել և ներկայումս առկա է մեղադրյալի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականություն:
Բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշումը մասնակի բեկանելու և մեղադրյալ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասին որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ, թեև բարձր է ազատության մեջ մնալու պայմաններում մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու, այն է՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգը, այնուամենայնիվ, 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալ Գոռ Համբարձումյանի պատշաճ վարքագիծը: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասից չի բխում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ՝ ազատության մեջ լինելու պայմաններում մեղադրյալ Գոռ Համբարձումյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն չգործադրելու համար:
13. Բողոքաբերն ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը՝ Դավիթ Վարդանյանի վերաբերյալ և Արման Գևորգյանի վերաբերյալ գործերով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ գրավը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կալանավորման ցանկացած հիմքի չեզոքացման գործուն երաշխիք չէ, այն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Ուստի անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ ազատության մեջ լինելու պայմաններում մեղադրյալ Գոռ Համբարձումյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն չգործադրելու համար: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասից և հակասում է Դավիթ Վարդանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 և Արման Գևորգյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0265/06/11 որոշումներով Վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային դիրքորոշումներին:
14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշումը և բեկանված մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշմանը:
Սահմանադրական դատարանում Վճռաբեկ դատարանի դիմումի քննությունը․
15․ Վկայակոչելով անձի ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցների կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Միավորված ազգերի կազմակերպության իրավական դիրքորոշումները և մշակված չափանիշները, արտասահմանյան մի շարք երկրների վերաբերելի կարգավորումները, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան զեկույցներում այլընտրանքային միջոցների ցածր կիրառելիության առնչությամբ արտահայտված մտահոգությունները, Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով սահմանված կարգավորումների պայմաններում գրավը՝ որպես կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոց, չի հանդիսանում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու գործուն երաշխիք՝ վտանգելով անձի ազատության հիմնարար իրավունքը:
16․ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ՝
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով որ գրավի կիրառումը թույլատրելի է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով՝ բացառելով նույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված մյուս դեպքերը, ճանաչել է Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար, ճանաչել է Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, 137-րդ հոդվածի 4-րդ մասը և 139-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը սահմանում են որպես կալանավորման այլընտրանք՝ կալանավորումից կախյալ խափանման միջոց, ճանաչել է Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին հակասող:
Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի, 137-րդ հոդվածի 4-րդ մասի և 139-րդ հոդվածի 2-րդ մասի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
17․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. Գրավի կիրառումը՝ մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության հաստատման դեպքում.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք կարող էր Վերաքննիչ դատարանի կողմից Գոռ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչվել այն դեպքում, երբ դատարանի կողմից հաստատվել էր մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը։
19․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…) գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(…)
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` «1.Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար (…) բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` «1. Գրավը (…) մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:
(…)
6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:
7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: (…)»։
20. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ հանձնարարականի 9-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի կիրառման դեպքում դատարանը պետք է քննարկի, թե արդյոք այլընտրանքային միջոցներով կարելի է խուսափել կալանքի կիրառումից5:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ կալանքի ոչ հիմնավոր կիրառումից խուսափելու նպատակով պետք է նախատեսվի այլընտրանքային միջոցների հնարավորինս լայն շրջանակ, առավել քիչ սահմանափակումների կիրառմամբ՝ հաշվի առնելով հանցանքի կատարման մեջ կասկածվողի վարքագիծը6:
Նույն հանձնարարականի 7-րդ կետի «c» ենթակետի համաձայն՝ անձը կարող է պահվել կալանքի տակ, եթե փախուստի դիմելու, ծանր հանցանք կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու կամ հասարակական կարգի պահպանությանը լուրջ սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ ենթադրությունները չեն կարող փարատվել ալընտրանքային միջոցների կիրառմամբ7:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում մինչդատական կալանքի չարաշահման մասին» բանաձևի 1-ին կետի համաձայն՝ մինչդատական կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց (last resort), երբ այլընտրանքային միջոցները բավարար չեն վարույթի պատշաճ ընթացքը երաշխավորելու համար8:
«Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ») 6.1-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքը քրեական դատավարությունում պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort)՝ հաշվի առնելով նախաքննության խնդիրները, հասարակության և տուժողի պաշտպանությունը9:
Նույն կանոնների 6.2-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն հնարավորինս վաղ փուլում10:
⚖21. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը11,
- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը12,
- կալանքի՝ որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի13,
- 5-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է ոչ միայն «ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքը», այլ նաև նախատեսում է, որ «ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»14,
- գրավը կարող է պահանջվել այնքան ժամանակ, որքան առկա կլինեն կալանքը հիմնավորող պատճառները15:
22. Կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավի կիրառման վերաբերյալ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների մեկնաբանմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն։ Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ։ Ուստի գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը16,
- մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար17,
- գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով18,
- գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ19:
23. Վճռաբեկ դատարանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելիս, գրավի` որպես այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) [Բ]ավարար հիմքերի առկայության դեպքում [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքի վերաբերելի կարգավորումները թույլ են տալիս կալանավորումը կիրառել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի օրենքով նախատեսված ցանկացած դրսևորում կանխելու կամ խափանելու համար: Այդուհանդերձ, կալանավորման այլընտրանք գրավը, [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորման ուժով, ենթակա է կիրառման անձի պատշաճ վարքագծի միայն մեկ դրսևորումը, այն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դրանից հետևում է, որ օրենսդիրը՝ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի օրենքով նախատեսված այլ դրսևորումները կանխելու կամ խափանելու համար, գրավը պիտանի և անհրաժեշտ միջոց չի համարում և իրավական այդպիսի արգելքն ինքնին հանգեցնում է իրավասու մարմնի կողմից գրավի կիրառման հարցը չքննարկելուն կամ այդպիսի միջնորդությունը մերժելուն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում գրավը դիտարկել է որպես ինքնուրույն խափանման միջոց (Aleksandr Makarօv v. Russia, no. 15217/07 Judgment 12.03.2009 §138) նշելով, որ այն կարող է կիրառվել միայն եթե գերակշռում են կալանքի կիրառման համար անհրաժեշտ հիմքերը (Musuc v. Moldova, no 42440/06, Judgment 06.11.2007, § 42), այլ ոչ թե կալանավորման որոշման դեպքում: ՄԻԵԴ-ը նաև շեշտել է, որ օրենքի ուժով գրավի ավտոմատ մերժումն առանց որևէ դատական վերահսկողության, անհամատեղելի է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երաշխիքների հետ (Piruzyan v. Armenia, no. 33376/07, 26 June 2012, §105, S.B.C. v. the United Kingdom, no. 39360/98, 19 June 2001, §§ 23-24):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրի կողմից հետապնդվող իրավաչափ նպատակին այլ, ավելի մեղմ միջոցներով հասնելու հնարավորությունը պետք է օրենսդրորեն երաշխավորված լինի: Մինչդեռ, վիճարկվող օրենսդրական կարգավորման պայմաններում կալանավորված անձը զրկվում է որոշակի երաշխիքի տրամադրման դիմաց ազատ արձակվելու հիմնական իրավունքի իրականացումից: Ավելին, անձին չի տրամադրվում նաև հնարավորություն՝ խափանման այլ, ավելի մեղմ միջոցի կիրառման շնորհիվ ի սկզբանե խուսափել ազատազրկումից, քանի որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցները չեն կարող ապահովել կամ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և հանրային շահերի համարժեք պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ գրավի՝ որպես խափանման միջոցի կիրառման պայմանները խախտելու դեպքում կարող են վրա հասնել որոշակի անբարենպաստ հետևանքներ: Մասնավորապես, որպես գրավ ընդունված գույքը կարող է դարձվել պետության եկամուտ, և գրավը կարող է փոխարինվել ավելի խիստ խափանման միջոցով՝ կալանքով: (...)
[Հ]ատկանշական է, որ որպես գրավ ընդունված գույքը կարող է դարձվել պետության եկամուտ և գրավը կարող է փոխարինվել կալանքով միայն այն դեպքում, երբ մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք: Այսինքն՝ եթե նույնիսկ գրավը կիրառվի մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այլ դրսևորումները կանխելու կամ խափանելու համար, ապա այլ պարտականություններ չկատարելու կամ այլ սահմանափակումներ խախտելու դեպքում [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով նախատեսված անբարենպաստ հետևանքները վրա հասնել չեն կարող: Հետևաբար, հիշյալ դեպքերում այդ սանկցիաները չունեն զսպող ազդեցություն և ի զորու չեն մեղադրյալին հետ պահել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց: Մինչդեռ յուրաքանչյուր խափանման միջոցի, այդ թվում՝ գրավի կիրառման նպատակը կասկածյալի կամ մեղադրյալի՝ [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքով նախատեսված ոչ պատշաճ վարքագծի ցանկացած դրսևորում կանխելն է, իսկ այդ արդյունքին չհասնելու դեպքում՝ նրա նկատմամբ դատավարական ավելի խիստ սահմանափակումների գործադրումը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը, որով գրավի կիրառումը թույլատրելի է համարվում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, ինչպես նաև [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը, որը գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար, խնդրահարույց են Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածների տեսանկյունից:
(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ գրավի՝ որպես կալանավորման այլընտրանքի վերաբերյալ [ՀՀ քրեական դատավարության] Օրենսգրքի կարգավորումները, մասնավորապես, գրավը միայն որպես կալանավորման միակ այլընտրանք սահմանելը հակասում են Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին: (…)»20։
24. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների, ինչպես նաև սույն որոշման 20-21-րդ կետերում վկայակոչված միջազգային փաստաթղթերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում զարգացնել գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում ձևավորած իր նախադեպային իրավունքը` այլընտրանքային խափանման միջոց` գրավի կիրառմամբ չեզոքացվող ռիսկերի շրջանակի վերաբերյալ։ Մասնավորապես, ազատության իրավունքի կանխավարկածի սկզբունքի պայմաններում, գրավի կիրառման հնարավորությունները պետք է լինեն առավել ընդարձակ։ Իբրև այլընտրանք` այն պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը՝ անձի ազատության մեջ գտնվելու դեպքում։ Խափանման միջոց գրավը ենթակա է կիրառման որպես կալանավորմանն այլընտրանք՝ առաջարկվող նյութական արժեքի դիմաց մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ցանկացած ռիսկ հակակշռելու համար՝ հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Հենց այդ հավասարակշռության երաշխավորմամբ էլ գրավը մի կողմից հնարավորություն կտա մեղադրյալին որոշակիորեն կենսագործելու իր ազատության իրավունքը, մյուս կողմից կկաշկանդի նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով կչեզոքացնի նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը21։
Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե մինչև Սահմանադրական դատարանի` վերոնշյալ որոշմամբ ձևավորված մոտեցումը, գրավն ըստ էության գործուն միջոց չէր համարվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված խափանման միջոցների կիրառման որոշ հիմքերը, այդ թվում՝ մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու համար, ապա նշված որոշմամբ ձևավորված մոտեցման պայմաններում, գրավը` որպես հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության ապահովման ծանրակշիռ երաշխիք, կարող է լինել գործուն միջոց՝ խափանման միջոցի կիրառման բոլոր հիմքերի առկայության դեպքում։
Ուստի, Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանավորումը գրավով փոխարինելիս վերջինը պետք է ծառայի որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը զսպելու համար: Այլ կերպ, պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով, գրավի միջնորդությունն բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար չի կարող մերժվել՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից22։ Ընդ որում, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի կողմից նման դիրքորոշում արտահայտելը մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումներն ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնելը, պայմանավորված է անձի ազատության հիմնարար իրավունքի արժեբանական նշանակության և ազատության կանխավարկածի սկզբունքի կարևորմամբ։
25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանը մերժել է մեղադրյալ Գ.Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը` գտնելով, որ այն չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քանի որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ՝ գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով23,
- Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Ասլան Ավետիսյանի, Սամվել Մարգարյանի և Դավիթ Վարդանյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, իր որոշմամբ գտել է, որ մեղադրյալ Գոռ Համբարձումյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ 2.000.000 ՀՀ դրամ գրավի կիրառմամբ24,
- վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ նշելով, որ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը գործուն երաշխիք չի կարող լինել՝ ազատության մեջ լինելու պայմաններում մեղադրյալ Գ.Համբարձումյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցության գործադրման վտանգը չեզոքացնելու համար25:
26. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 19-24-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից գրավը կարող էր դիտարկվել որպես գործուն երաշխիք՝ ազատության մեջ լինելու պայմաններում մեղադրյալ Գ.Համբարձումյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցության գործադրման վտանգը չեզոքացնելու համար։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Գոռ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը կարող էր թույլատրելի ճանաչվել այն դեպքում, երբ դատարանի կողմից հաստատվել էր մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը։
II. Մեղադրյալին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու իրավաչափությունը.
27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում, գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Գ.Համբարձումյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը։
28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ»:
⚖29. Խափանման միջոց գրավը կիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ`
- անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա26,
- կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պատշաճ գնահատման ենթարկվեն նաև անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը27։
30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի` գտնելով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինս կդրսևորի ոչ իրավաչափ վարքագիծ28,
- Վերաքննիչ դատարանը բավարարել է գրավի կիրառման միջնորդությունը` սահմանելով որպես գրավի գումար` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը` հիմք ընդունելով, որ Գոռ Համբարձումյանն ունի մշտական բնակության վայր, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, խնամքին է գտնվում մանկահասակ երեխան29։
31. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 28-29-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական տվյալներն իրենց համակցության մեջ, բավարար չեն Գ.Համբարձումյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Մասնավորապես, թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` Գ.Համբարձումյանին մեղսագրվում է միջին և ծանր հանցագործությունների կատարում` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ մասով, սակայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` առանց գործի փաստական հանգամանքներ ներկայացնելու` մեղսագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար30։
Գ.Համբարձումյանին մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի և սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Համբարձումյանի անձը բնութագրող տվյալները` որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ (մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, ամուսնացած լինելը, խնամքին մանկահասակ երեխայի առկայությունը), մինչդատական վարույթի տվյալ փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Համբարձումյանի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 2.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված գրավը կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Գ.Համբարձումյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Գ.Համբարձումյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր է։
32. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում։ Հետևաբար, ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել և մեղադրյալ Գ.Համբարձումյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Գոռ Մհերի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 166-169:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 187-197:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 24-35:
4 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0394/01/19 քրեական գործը:
5 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ 1980 թվականի հունիսի 27-ի թիվ R(80)11 հանձնարարականը։
6 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ (2006)13 հանձնարարականը։
7 Տե՛ս նույն տեղում:
8 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում մինչդատական կալանքի չարաշահման մասին» 2015 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 2077 (2015) բանաձևը։
9 Տե՛ս «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» 1990 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները (,Տոկիոյի կանոններե)։
10 Տե՛ս նույն տեղում:
11 Տե՛ս Idalov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ:
12 Տե՛ս, mutatis mutandis, Sahin Alpay v. Turkey գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 16538/17, 181-րդ կետ:
13 Տե՛ս, mutatis mutandis, Djundiks v. Latvia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 15-ի վճիռը, գանգատ թիվ 14920/05, 89-րդ կետ:
14 Տե՛ս Khudoyorov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 6847/02, 183-րդ կետ:
15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Musuc v. Moldova գործով 2007 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանհատ թիվ 42440/06, կետ 42, Aleksandr Makarov v. Russia գործով 2009 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 15217/07, 139-րդ կետ:
16 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, 36-րդ կետ։
17 Տե՛ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշումը, 16-րդ կետ:
18 Տե՛ս նույն տեղում։
19 Տե՛ս նույն որոշումը, 19-րդ կետ:
20 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշման 7.2-7.3-րդ կետերը:
21 Տե՛ս, mutatis mutandis, Արման Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0265/06/17 որոշումը, 17-րդ կետ։
22 Տե՛ս օրինակ՝ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33376/07, 104-րդ կետ:
23 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
24 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
25 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
26 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը կետեր 34-36։
27 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:
28 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
29 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
30 Տե՛ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 46245/08, Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 28739/09:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|