Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

               

 

ՍԴ/0030/01/08

ԼԴ/0279/01/09

 

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

  

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ՝ 

   

Ն. Թումանյանի

    

2019 թվականի նոյեմբերի 7 -ին

ք. Երևանում

    

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Արթուր Սերժիկի Պապիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

      

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արթուր Սերժիկի Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել  ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

2. Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 3-ի դատավճռով Ա.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 271-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` պատիժների մասնակի գումարման սկզբունքով, Ա.Պապիկյանը դատապարտվել է ազատազրկման` 13 (տասներեք) տարի ժամկետով և տուգանքի` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 2.690.000 (երկու միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամից: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 5-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` 1 (մեկ)  տարի ժամկետով ազատազրկումը և պատիժ է սահմանվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 2.690.000 (երկու միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամից:

3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Արթուր Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել  ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` նախորդ դատավճռով սահմանված պատժի չկրած մասից` 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը գումարվել է նշանակված պատժին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ վերոնշյալ դատավճռի դեմ դատապարտյալ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Վերոնշյալ որոշման դեմ Ա.Պապիկյանի պաշտպան Գ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 3-ի դատավճիռը համապատասխանեցվել է ՀՀ օրենսդրությանը, Ա.Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի մասը կարճվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով մեղսագրված արարքները վերաորակվել են համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, Ա.Պապիկյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 5-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և պատիժ է սահմանվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով սահմանված պատժի չկրած մասից` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը և գույքի բռնագրավումը գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով նշանակված պատժին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

5. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճռով Ա.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ նշանակված 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկմանը` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից, գումարվել է նշված դատավճռով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 (տասը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2010 թվականի ապրիլի 19-ից:

Վերոնշյալ դատավճիռը Ա.Պապիկյանի մասով չի բողոքարկվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

6. Դատապարտյալ Արթուր Պապիկյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

7. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Արթուր Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 3-ի դատավճռի հիման վրա «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժը կրելիս` 2009 թվականի հուլիսի 2-ին փորձել է առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել խոշոր չափերի՝ 0.261 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց1:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արթուր Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

15. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

(…)

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

(...)»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ացետիլացված  ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.2 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով  «ացետիլացված  ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Պապիկյանը դատապարտվել է՝ 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի՝ 0.261 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար5:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատական ակտով հաստատված՝ արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.261 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` դատապարտյալ Ա.Պապիկյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասին։

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Պապիկյանի կողմից կատարված արարքի վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արթուր Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը։ Ա.Պապիկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։

20. Ա.Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 20-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը պետք է բեկանել ու փոփոխել։ Նշված որոշմամբ Ա.Պապիկյանի նկատմամբ նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկման` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, չկրած մասից ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկմանը անհրաժեշտ է գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը՝ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։

21. Միևնույն ժամանակ վերանայման արդյունքում անհրաժեշտ է Ա.Պապիկյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել: Ա.Պապիկյանի նկատմամբ նշանակված` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկմանը՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ անհրաժեշտ է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարին՝ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

  

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել։ Արթուր Սերժիկի Պապիկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։

3. Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 20-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել ու փոփոխել։

Նույն որոշմամբ Արթուր Սերժիկի Պապիկյանի նկատմամբ նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկման` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, չկրած մասից ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիսը, գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը՝ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։

4. Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել։

Արթուր Սերժիկի Պապիկյանի նկատմամբ նշանակված` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկմանը՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարին՝ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։

Պատժի սկիզբը հաշվել 2010 թվականի ապրիլի 19-ից։

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

  

_____________________________________

1 Տես քրեական գործ, հատոր 1, թերթեր 502-505:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3  Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

       

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: