Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.08.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4237/05/17

2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4237/05/17

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան  

Դատավորներ՝

Կ. Մաթևոսյան

 

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի օգոստոսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Պետրոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռոբերտ Պետրոսյանը պահանջել է Ծառայության 01.11.2016 թվականի որոշման՝ թիվ 02587411 կատարողական վարույթը հարուցելու մասով ճանաչել հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է: Ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 12.10.2017 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, անդրադառնալով գործի քննության հետ կապված` կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցին, որոշել է Ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։ Մինչդեռ սույն գործով հայցադիմումի ներկայացման համար Ռոբերտ Պետրոսյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի ուժով ազատված է նման հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունից:

Փաստորեն, սույն գործով պետական տուրքի մասով որևէ դատական ծախս չի առաջացել, ինչը նշանակում է, որ գործի վարույթը կարճելիս կողմերը, այդ թվում` սույն գործով Ծառայությունը, պետական տուրքի վճարման պարտականություն չեն կրում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ դատարանի 05.10.2018 թվականին կայացված որոշումը, ինչպես նաև Դատարանի 12.10.2017 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ գործի քննության հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի` պետական տուրքի մասով, բաշխման հարցը համարել լուծված, կամ Վերաքննիչ դատարանի 05.10.2018 թվականին կայացված որոշումը բեկանել՝ գործի քննության հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի` պետական տուրքի մասով, և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռոբերտ Պետրոսյանը 12.05.2017 թվականի հայցադիմումով ներկայացրել է Ծառայության 01.11.2016 թվականի որոշման` թիվ 02587411 կատարողական վարույթը հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջ։ Հայցադիմումի ներկայացման համար հայցվորը պետական տուրք չի վճարել (գ.թ. 2):

2) Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարողի 15.03.2017 թվականի «Արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշմամբ վերացվել են Ռոբերտ Պետրոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, ինչպես նաև կարճվել է թիվ 02587411 կատարողական վարույթը (գ.թ. 28):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրք վճարելու պարտականությունից հայցվորի ազատված լինելու պայմաններում վերջնական դատական ակտով պետական տուրքի գումարը պատասխանող վարչական մարմնից հօգուտ պետության գանձելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք կարող է պատասխանող վարչական մարմնի վրա դրվել հարկադիր կատարողի գործողությունների բողոքարկման նպատակով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը պետությանը հատուցելու պարտականություն այն դեպքում, երբ այդ պետական տուրքի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով, իսկ վարչական գործի վարույթը կարճվում է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 5-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` (...) հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կատարողական վարույթի ընթացքում իր լիազորություններն իրականացնելիս հարկադիր կատարողը ոչ միայն կատարում է փաստացի գործողություններ, այլև ընդունում է որոշումներ, որոնք հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 5-րդ պարբերության իմաստով «գործողություն» եզրույթը ներառում է նաև հարկադիր կատարողի կողմից ընդունվող որոշումները, որոնց իրավաչափությունը վիճարկելու նպատակով հայցադիմում ներկայացնելու համար նույնպես ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատված են պետական տուրքի վճարումից: Ընդ որում, պահանջելով ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ անձը, ըստ էության, դատական քննության առարկա է դարձնում վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը): Հետևաբար, նշված պահանջով դատարան դիմելու դեպքում ևս ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 5-րդ պարբերության ուժով ազատված են պետական տուրքի վճարումից (տե՛ս, Վարդան Մամիկոնյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/1984/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա, վերջինիս վրա կարող են դրվել միայն այն դատական ծախսերը, որոնք կատարվել են կամ կատարվելու են հայցվորի կողմից: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված այն օրենսդրական կանոնը, որի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, պարտավոր է հատուցել այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կատարել է: Ընդ որում, կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմի կրած դատական ծախսերը ողջամիտ չափով, այսինքն` միայն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված կարգավորումը հստակորեն ընդգծում է դատական ծախսերի հատուցման պարտականության սահմանները, որոնք հանգում են հետևյալին.

1) որպես կանոն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը կրում է այն կողմը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կամ այն կողմը, որի վրա դատարանի կողմից օրենքով սահմանված դեպքերում դրվում է այդ պարտականությունը,

2) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է կամ կրելու է դատարան դիմելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար,

3) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել դատական ծախս կատարած կողմի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելիս (ներառյալ հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով) հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է: Հետևաբար, վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով վարչական գործի վարույթը կարճվելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում նույնպես դատարանը պարտավոր է լուծված համարել հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու նպատակով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ռոբերտ Պետրոսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է Ծառայության 01.11.2016 թվականի որոշման` թիվ 02587411 կատարողական վարույթը հարուցելու մասով ճանաչել հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը։

Դատարանը կարճել է վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով և դատական ծախսերի բաշխման հարցը լուծել է հետևյալ կերպ. Ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության բերած վերաքննիչ բողոքը` բերված միայն դատական ծախսերի՝ պետական տուրքի մասով, և Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի այն դիրքորոշումը, որ Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռոբերտ Պետրոսյանի կողմից ներկայացված պահանջով դատարան դիմելու համար վերջինս օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Ըստ այդմ, Ռոբերտ Պետրոսյանը հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել: Սակայն դատական պաշտպանություն նրան տրամադրվել է, քանի որ կաշկանդված լինելով քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով` հարկադիր կատարողի գործողությունների դեմ ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների դատական պաշտպանության իրավունքի անխոչընդոտ իրականացման ապահովման նպատակով պետությունը սահմանել է պետական տուրքի վճարումից ազատման ձևով արտոնություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի վարույթը կարճվել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով: Սույն գործի նման ելքի պայմաններում, Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն, ներկայացված պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում Ռոբերտ Պետրոսյանը դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել և չի կատարելու: Ավելին, հարկադիր կատարողի գործողությունների դեմ Ռոբերտ Պետրոսյանի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ծառայության վրա որևէ պարագայում չէր կարող դրվել պետական տուրքը պետությանը վճարելու պարտականություն։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարճելով սույն գործի վարույթը` Դատարանը պարտավոր էր լուծված համարել ներկայացած պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում գտել է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար, վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, նաև Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 12.10.2017 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 05.10.2018 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Ծառայությունը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ծառայությունը տվյալ դեպքում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

2. Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: