Գլխավոր տեղեկություն
Համար
N 351-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2020
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի
ք. Երևան

N 351-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 161-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածում (այսուհետ՝ N 1 Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) N 1 Հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1 ենթակետով.

«57.1) Տեղեկանք՝  

Որակավորված արտադրող կայանում Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մտադրություն ունեցող անձին Հաղորդման ցանցին միացման հնարավորության վերաբերյալ տրամադրվող փաստաթուղթ.».

2) N1 Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1 գլխով.

 

«ԳԼՈՒԽ 21.1

 

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

200.1 Տեղեկանք ստանալու համար անձը (այսուհետ՝ դիմող անձ) դիմում է Հաղորդողին՝ ներկայացնելով կայանի տեսակի, անվան, նախատեսվող հզորության, տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկատվություն և Տեղեկանք տրամադրելու համար Հաղորդողին վճարումը հավաստող փաստաթուղթ։

200.2 Տեղեկանքը մշակվում և տրամադրվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դիմող անձի ներկայացրած հուսալիության ցուցանիշները, ինչպես նաև ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

200.3 Հաղորդողը Տեղեկանքը տրամադրում է դիմող անձի կողմից սույն կանոնների 200.1-րդ կետում նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

200.4 Տեղեկանքի տրամադրումը սույն կանոնների 200.1-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե դիմող անձը չի ներկայացրել նույն կետով նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը)։

200.5 Տեղեկանք տրամադրելու համար Հաղորդողը դիմող անձից գանձում է ծառայության վճար՝ 500 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որից 250 000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) փոխանցվում է Համակարգի օպերատորին՝ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

200.6 Սույն կանոնների 200.5-րդ կետում նշված գումարը վերադարձի ենթակա է միայն սույն կանոնների 200.4-րդ կետի համաձայն դիմումը մերժվելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում։

200.7 Տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Դիմող անձի անվանումը (անունը, ազգանունը).

2) Կայանի անվանումը, տեսակը, հզորությունը և տեղակայման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

3) Հաղորդման ցանցին միացման կետը, անհրաժեշտ լարման մակարդակը, նախատեսվող էլեկտրահաղորդման գծի երկարությունը.

4) Նոր միացման պայմանները բավարարող գործող էլեկտրական ցանցի ուժեղացման հիմնավորված միջոցառումները (լարերի հատույթի մակերեսի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, լրացուցիչ բջիջների տեղակայում և այլն).

5) Տեղեկանքի գործողության ժամկետը։

200.8 Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը` հիմք ընդունելով սույն կանոնների պահանջները։

200.9 Տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ իրականացնում է Հաղորդողը:

200.10 Տեղեկանքի գործողության ժամկետը 6 ամիս է՝ հաշված տրամադրման պահից։

200.11 Տեղեկանքի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, որի նպատակով դիմող անձը Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քանի 10 աշխատանքային օր առաջ երկարաձգման համար դիմում է Հաղորդողին՝ վճարելով 250 000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի դեպքում Հաղորդողը Տեղեկանքի գործողության ժամկետը երկարաձգում է ևս 6 ամսով՝ դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտը։

200.12 Տեղեկանքի գործողության ողջ ընթացքում Տեղեկանքում նշված հզորությունը դրանում ամրագրած միացման կետում համարվում է ռեզերվացված դիմող անձի կողմից, իսկ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Հաղորդման ցանցում տվյալ կայանի հզորությունը Տեղեկանքում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված մինչև Տեխնիկական պայմանների տրամադրումը։

200.13 Տեղեկանքի գործողության ժամկետը լրանալուց հետո դիմող անձը իրավասու է սույն կանոններով նախատեսված ընթացակարգով կրկին դիմել Հաղորդողին՝ նոր Տեղեկանք ստանալու նպատակով։

200.14 Տեղեկանքի գործողության ընթացքում դիմող անձի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Տեխնիկական պայմանները դիմող անձին տրամադրվում են համաձայն Տեղեկանքի, եթե այլ բան չի որոշվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2020 թվական: