ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 հոկտեմբերի 2020 թ. |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ 3 - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 11-ի N 932-Ա որոշմամբ 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 17-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը (այսուհետ՝ Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի մայիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված (ուժի մեջ է մտել 21.06.2014 թ.) «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3» վարկային համաձայնագրով (այսուհետ` Վարկային համաձայնագիր) նախատեսված ֆինանսական միջոցների մասհանման ժամանակահատվածի երկարաձգման նպատակով:
Վարկային համաձայնագրով (փոփոխված 2018 թ. հունիսի 20-ին) Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-ի համար հատկացվում է 30.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ: Վարկային համաձայնագիրը ստորագրելու համար նախադրյալ է հանդիսացել 2014 թվականի ապրիլի 11-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2014 թվականի հունիսի 21-ին Ազգային Ժողովի ԱԺՈ-122-Ն որոշմամբ (ՍԴՈ-1155)):
Նամակ-համաձայնագիրը ներպետական ընթացակարգերին համապատասխան վավերացնելու համար նույն համաձայնագրով սահմանված է վերջնաժամկետ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը, որպես՝ դրանով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Վերականգնման վարկերի բանկի համաձայնության համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը (կետ (i): Սահմանադրական դատարանը սույն Նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության (ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության) և Վերականգնման վարկերի բանկի միջև փոխադարձ համաձայնությամբ (Գործում առկա է Նամակ-համաձայնագրի կողմերի համապատասխան նամակագրությունը) այդ վերջնաժամկետը երկա-րաձգվել է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:
2. Նամակ-համաձայնագրով փոփոխություն է կատարվում Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածում, ըստ որի՝ նույն համաձայնագրով նախատեսված գումարի մասհանման վերջնաժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը` 2020 թվականի դեկտեմբերի 30-ի փոխարեն, պայմանով, եթե Հայաստանի Հանրապետությունը կրի երկարաձգման հետևանքով Վերականգնման վարկերի բանկի կողմից փոխհատուցման ենթակա ծախսերը («Երկարաձգման վերջնական վճար»), որը Հայաստանի Հանրապետության համար կազմում է 960.000 եվրո:
Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Խաչատրյան |
2 հոկտեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1548 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|