Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.10.2020-09.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

1 մարտի 2019 թվականի N 24-Ա

       

«ԱՐՄԵՆԻԱՆ ՖՅՈՒՉՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,124,340,000 դրամ արժողությամբ «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ՝ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

         

2019 թ. մարտի 1

Երևան

         

                  

         

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 24-Ա որոշման

           

«Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագիր

           

 

1.

Ծրագրի նպատակը

Ներկայացվում է «Արմենիան Ֆյուչր» հիմնադրամի կողմից մշակված բարեգործական ծրագիրը՝ ուղղված Լուսագյուղ գյուղի զարգացմանը: Ներկայացված ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Լուսագյուղ գյուղի մաստեր պլանը, որն իր մեջ ներառելու է գյուղի ամբողջական ճարտարապետական և տնտեսական կոնցեպտը և համապատասխան այդ կոնցեպտի՝ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ:

Բարեգործական ծրագրի իրականացումն ուղղված է լինելու համայնքի սոցիալ-տնտեսական հետևյալ կարևորագույն խնդիրների լուծմանը՝

● Մշակվելու է Լուսագյուղի ճարտարապետական հայեցակարգը, որը ենթադրում է բնակավայրի պատմամշակութային ավանդական արժեքներին համահունչ գյուղի ճարտարապետական դիմագծի ստեղծում:

● Կատարվելու է Լուսագյուղի տարածքում տեղակայված տների տեղազննություն, որի արդյունքում առավել անմխիթար (վթարային) վիճակում գտնվող տների փոխարեն՝ նույն հողատարածքի վրա կկառուցվեն նոր տներ, որոնց կտրվեն ճարտարապետական և դիզայներական լուծումներ՝ համաձայն գյուղի ընդհանուր ճարտարապետական նորամշակ հայեցակարգի:

● Ստացված ճարտարապետական կոնցեպտին են համապատասխանեցվելու գյուղում տեղակայված տների տանիքները, որոնց ոճային և գունային չափորոշիչները համապատասխանելու են գյուղի մաստեր պլանին, ընդ որում՝ սակավ ապահովված ընտանիքների տների տանիքները, անհրաժեշտության դեպքում, նաև ամբողջովին վերանորոգվելու են։

● Համաձայն մշակված ծրագրի՝ տնային տնտեսությունները միմյանցից տարանջատող ցանկապատները փոխարինվելու են բարձր որակական հատկանիշներով, դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներով պատրաստված ցանկապատներով, որոնք իրենց որակով և արտաքին տեսքով նոր շունչ կհաղորդեն գյուղին:

● Նախատեսվում է բարեկարգել գյուղի ճանապարհները, դրանց լուսավորությունը, ճամփեզրերը, դրենաժային ջրահեռացման համակարգը՝ համաձայն գյուղի ճարտարապետական ընդհանուր հայեցակարգի, որը գյուղի ընդհանուր զարգացման համար ունի կարևորագույն նշանակություն:

● Բարեկարգվելու է մինչև գյուղ տանող ճանապարհը՝ ապահովելով դյուրագնաց լոգիստիկ կապը շրջկենտրոնի հետ:

● Գյուղի խմելու ջրի ավազանները հագեցվելու են անհրաժեշտ հանգստացուցիչ սարքերով։

● Գազաֆիկացվելու են գյուղապետարանի և մանկապարտեզի շենքերը (գյուղի միակ չգազաֆիկացված կառույցները)։

● Կառուցվելու է գյուղի կոյուղատար ցանցը, որի բացակայությունն արդեն իսկ էկոլոգիա-սանիտարական խնդիրներ է առաջացրել ինչպես գյուղի, այնպես էլ՝ ողջ համայնքի համար, քանի որ կոյուղու մի մասը լցվում է գետը, իսկ բնակիչների հիմնական հատվածի կոյուղին լցվում է իրենց հատկացված տնամերձ հողատարածքները:

● Կառուցվելու է գյուղի ոռոգման ցանցը, որի առկայությունը խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար:

● Լուսագյուղի մուտքը և սկզբնամասը կվերակառուցվեն՝ ճարտարապետական ուրույն լուծումների միջոցով գյուղը դարձնելով առավել ճանաչելի, ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս (համաձայն մաստեր պլանի):

● Նախատեսվում է նաև վերանորոգել գյուղի գերեզմանատան ցանկապատը՝ գյուղի ճարտարապետական ընդհանուր հայեցակարգի հիման վրա։

● Գյուղի հիմնական տեսքի բաղկացուցիչ մաս հանդիսացող տների (տեղակայված հիմնական փողոցներում) ճակատային հատվածներին կտրվեն շրջակա միջավայրին ներդաշնակ դիզայներական լուծումներ՝ համաձայն գյուղի նորամշակ մաստեր պլանի և սակավ ապահով ընտանիքների տների ճակատային մասերն անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն:

     

□ Աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանմանը:

     

● Բարեգործական հիմնադրամը իր միջոցների հաշվին նախատեսում է ձեռք բերել արևային էներգիայի համակարգեր, որոնք անհատույց տեղադրվելու են Լուսագյուղի բնակիչների տներում: Արդյունքում էականորեն կնվազի գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ գոյացող էլեկտրաէներգիան կլինի էկոլոգիապես մաքուր, որը կունենա նաև դրական ազդեցություն շրջակա միջավայրի էկոլոգիայի վրա:

      

□ Աջակցել աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում:

   

● Գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար նախատեսվում է ներմուծել գյուղատնտեսական տեխնիկա՝ համաձայն բնակիչների կարիքների, որը անհատույց օգտագործման պայմանով տրամադրվելու է գյուղի բնակիչներին՝ ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար: Նշված տեխնիկայի պարկը հագեցած է լինելու նաև փողոցների մաքրման և այլ անհրաժեշտ տեխնիկայով:

    

● Տեղական և համաշխարհային լավագույն փորձի հիման վրա կառուցվելու է գյուղատնտեսական մթերքի և ժողովրդական արհեստների արհեստանոց-տոնավաճառ՝ Լուսագյուղի բնակիչների համար, որը հագեցված կլինի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գույքով՝ պատրաստելու, պահելու և վաճառելու համար: Համապատասխան հմտություններով օժտված բնակիչներն անհատույց օգտագործելու են նշված հարթակը՝ իրացնելով իրենց հմտությունները, որով և կապահովվի նրանց զբաղվածությունը:

    

● Նշված տոնավաճառ-բազան հնարավորություն կտա գյուղին իրացնելու գյուղատնտեսական բարիքների, կաթի, կաթնամթերքի և մսամթերքի ստացման, աճեցման և վերամշակման ներուժը, ինչպես նաև ձեռքի շնորհքով օժտված Լուսագյուղի բնակիչներին թույլ կտա իրենց արհեստը դարձնել հիմնական եկամուտի աղբյուր, ընդ որում՝ հավանական է, որ գյուղ կվերադարձնի նաև ներկայումս արտագնա աշխատանքների մեկնած գյուղացիների մի մասին։

            

□ Աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության և առողջապահության զարգացմանը:

               

● Կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մշակույթի տուն, որը նախատեսված է լինելու տարատեսակ միջոցառումների անցկացման համար, ընդ որում՝ այն կարող է ծառայել ինչպես գյուղի բնակիչներին, այնպես էլ՝ ամբողջ համայնքին:Մշակույթի տունը հագեցված է լինելու անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և կահավորանքով: Նախատեսվում է նաև, որ մշակույթի տան տարածքում կգործեն նորագույն տեխնիկայով հագեցած կինոթատրոն, պատկերասրահ՝ համայնքի տաղանդավոր արվեստագետների աշխատանքները հանրությանը ցուցադրելու համար, երեխաների զարգացմանն ուղղված մի շարք խմբակներ և այլն:

● Թուխ Մանուկ վանքի տարածքի մոտակայքում, կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն՝ եկեղեցական ծեսերի, մշակութային և տոնական միջոցառումների անցկացման համար: Նախատեսվում է ձմռան ժամանակահատվածում տվյալ ամֆիթատրոնը սահադաշտի վերածելու հնարավորություն։

● Վերանորոգվելու և անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցվելու են Լուսագյուղի դպրոցը և մանկապարտեզը։

           

□ Աջակցել սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը:

          

● Սպորտային հրապարակի կառուցում, որից կարող են օգտվել տարբեր սպորտաձևերով (թենիս, ֆուտբոլ, ծանրամարտ և այլն) մարզվելու ցանկություն ունեցող բնակիչները ինչպես Լուսագյուղից, այնպես էլ՝ ամբողջ Ապարան համայնքից: Նախատեսվում է կառուցել նաև լողավազան։

● Խաղահրապարակի կառուցում Լուսագյուղի երեխաների համար՝ հագեցված խաղային և սպորտային պարագաներով:

        

□ Աջակցել ոչ առևտրային այլ կազմակերպություններին:

         

● Վերանորոգվելու և (կամ) անհրաժեշտ գույքով և տեխնիկայով հագեցվելու են Լուսագյուղի բուժկետը, ոստիկանակետը, փոստը, գյուղապետարանի շենքը և այլ ենթակառուցվածքներ: Անհրաժեշտության դեպքում կկառուցվեն նորերը՝ համապատասխան անհրաժեշտ պահանջներին:

           

● Լուսագյուղի տարածքում նախատեսվում է կառուցել նաև ճոպանուղի, որը տեղի բնակիչներին և հյուրերին կհասցնի գյուղի վերին հատված, որտեղ տեղակայված է պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Թուխ Մանուկ վանքը՝ կառուցված 6-րդ դարում: Վերջինս համայնքի կարևորագույն տեսարժան վայրերից մեկն է: Ճոպանուղին սպասարկելու է ինչպես գյուղի բնակիչներին, այնպես էլ՝ գյուղ այցելած զբոսաշրջիկներին և հյուրերին: Դրա շնորհիվ զգալի չափով կբարձրանա նաև գյուղի գրավչությունը՝ որպես զբոսաշրջային վայր, ինչը կխթանի զբոսաշրջիկների հոսքեր դեպի գյուղ և համապատասխանաբար՝ զգալի կերպով կնպաստի հարակից ոլորտների զարգացմանը:

Հարկ է նշել, որ ճոպանուղու շահագործումից գոյացած դրամական միջոցները նույնպես ամբողջովին ուղղվելու են համայնքի զարգացման ծրագրին, իսկ համայնքի բնակիչները ճոպանուղուց օգտվելու են արտոնյալ պայմաններով:

      

Տոնավաճառ-բազայի և ճոպանուղու անխափան շահագործման համար անհրաժեշտ հողատարածքները նախատեսվում է ձեռք բերել ուղղակի վաճառքի միջոցով, որի դիմաց «Արմենիան Ֆյուչր» հիմնադրամը պարտավորվում է՝

1. կատարել անհրաժեշտ ծավալի ներդրումներ նշված ենթակառուցվածքները ստեղծելու, պահպանելու և շահագործելու համար.

2. ձեռք բերված հողատարածքներն օգտագործել բացառապես ծրագրի իրականացման նպատակով.

3. նշված ենթակառուցվածքների շահագործման արդյունքում գոյացած ամբողջ եկամուտն ուղղել Լուսագյուղ գյուղի զարգացման ծրագրին:

          

Անհրաժեշտ է նշել, որ կառուցվող մշակույթի տունը, մարզադաշտը, խաղահրապարակը և ամֆիթատրոնը կառուցման կամ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո անհատույց տրամադրվելու են համայնքին՝ որպես սեփականություն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով օրենքով նախատեսված արտոնություններից, այդ թվում՝ ծրագրին անհրաժեշտ, ներկրման ենթակա գույքի և տեխնիկայի ներկրման մասով:

3.

Բարեգործը

«Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամ, հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1, ՀՎՀՀ 02680994 Վոլոգդայի շրջանի հայերի միություն» տարածքային հասարակական կազմակերպություն (162604, Վոլոգդայի շրջան, քաղաք Չերեպովեց, Կիրիլյան խճուղի, տուն 52. ՀՎՀՀ՝ 3528147857/352801001):

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամ, հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1, ՀՎՀՀ 02680994:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, գյուղ Լուսագյուղ

Գյուղատնտեսություն (արտադրություն և վերամշակում), արհեստագործություն, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ (հիմնում, վերանորոգում և վերակառուցում), սպորտ, մշակույթ և կրթություն:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի իրականացման բյուջեն կկազմի շուրջ 4,124,340,000 դրամ:

Ֆինանսավորումը իրականացվում է «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից, հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրը հիմնադրամի հիմնադիրների անձնական խնայողություններն են:

7.

Բարեգործություն ստացողը

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղի բնակիչները:

Լուսագյուղի ընտրության նախապատվությունը պայմանավորված է եղել գյուղական համայնքների շրջանում իրականացված վերլուծության արդյունքներով, որի ընթացքում դիտարկվել են մի շարք կարևորագույն գործոններ, որոնց թվին են դասվում տվյալ գյուղական համայնքի առկա սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացվածության մակարդակը, տեղի բնակիչների թվաքանակը, հակվածությունը դեպի տարաբնույթ տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև դիտարկվել են առկա խնդիրները, դրանց բարդության աստիճանը, լուծման ուղիները: Հաշվի են առնվել գյուղի զարգացման համար առկա նախադրյալները, ինչպես նաև համայնքում մոտիվացված բնակիչների առկայությունը՝ ծրագրի իրականացման գործընթացում ներգրավելու համար:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ. փետրվարի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 1-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Լուսագյուղի ճարտարապետական նախագծային աշխատանքների իրականացում. նախատեսվող ծախսերը՝ 40,995,000 դրամ, իրականացվելու է 2019 թվականի ընթացքում:

  

2. Լուսագյուղի տարածքի ենթակառուցվածքների նախագծում. նախատեսվող ծախսերը՝ 16,070,000 դրամ, իրականացվելու է 2019 թվականի ընթացքում:

   

3. Բնակելի նշանակության գույքի կառուցապատման, շինմոնտաժային, վերանորոգման և հարդարման աշխատանքների իրականացում. նախատեսվող ծախսերը՝ 589,841,000 դրամ, իրականացվելու է 2019 - 2022 թթ. ընթացքում:

     

4. Դպրոցի, մշակութային տան, տոնավաճառ-բազայի, ինչպես նաև ծրագրով նախատեսված հասարակական, արտադրական նշանակության այլ գույքի կառուցապատման, շինմոնտաժային, վերանորոգման և հարդարման աշխատանքների իրականացում. նախատեսվող ծախսերը՝ 585,536,000 դրամ, իրականացվելու է 2019 - 2024 թթ. ընթացքում:

      

5. Ենթակառուցվածքների կառուցապատման, շինմոնտաժային, վերանորոգման աշխատանքների իրականացում. նախատեսվող ծախսերը՝ 76,780,000 դրամ, իրականացվելու է 2019 - 2022 թթ. ընթացքում:

     

6. Ծրագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ տեխնիկայի, սարքավորումների, գույքի և կահավորանքի ներմուծում կամ ձեռքբերում. նախատեսվող ծախսերը՝ 1,747,136,000 դրամ, իրականցվելու է 2019 – 2024 թթ. (այս կետում նշված են՝ դպրոցի, գյուղապետարանի և ծրագրով նախատեսված այլ շինությունների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա և կահավորանք, ճոպանուղի, տրակտորներ և նմանատիպ անհրաժեշտ այլ տեխնիկա, ձյուն մաքրող տեխնիկա, գյուղմթերքների պատրաստման, վերամշակման և պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկա և այլն):

     

7. Բոլոր տեսակի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութի ձեռքբերում. նախատեսվող ծախսերը՝ 665,675,000 դրամ, իրականացվելու է 2019–2024 թթ. ընթացքում:

     

8. Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերում. նախատեսվող ծախսերը՝ 75,307,000 դրամ, իրականացվելու է 2019-2020 թթ. ընթացքում:

         

9. Գեոդեզիա, չափագրում և այլ մասնագիտական անհրաժեշտ ուսումնասիրություններ. նախատեսվող ծախսերը՝ 10,000,000 դրամ, իրականացվելու է 2019-2024 թթ. ընթացքում:

       

10. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը՝ 317,000,000 դրամ, իրականացվելու է 2019-2024 թթ. ընթացքում:

     

ԸՆդամենը՝ 4,124,340,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Նախագծային աշխատանքներ՝ 57,065,000 դրամ:

2. Շինարարություն, վերանորոգում և բարեկարգում՝ 1,252,157,000 դրամ:

3. Շինանյութի ձեռքբերում և (կամ) ներմուծում՝ 665,675,000 դրամ:

4. Նախատեսված տեխնիկայի, կահույքի և այլ գույքի ձեռքբերում և (կամ) ներմուծում` 672,750,000 դրամ:

5. Ճոպանուղու ձեռքբերում և (կամ) ներմուծում` 1,074,386,000 դրամ:

6. Ծառայությունների ձեռքբերում` 226,800,000 դրամ:

7. Վառելիք և գրասենյակային ծախսեր` 16,000,000 դրամ:

8. Հողի ձեռքբերում` 75,307,000 դրամ:

    

ԸՆդամենը` 4,040,140,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Գրասենյակային ծախսերի կառուցվածքը ծրագրի ողջ

ժամանակաշրջանի համար ներկայացված է ստորև:

     

● Վարչական աշխատակիցների աշխատավարձ` 10,900,000

● գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ,

    աքսեսուարներ, կոմունալ ծախսեր և այլ)` 1,500,000

● գործուղման ծախսեր` 5,940,000

● վառելիք` 1,700,000

● այլ մասնագիտական ծառայությունների և

   խորհրդատվության մատուցում

   (հաշվապահություն,աուդիտորական, իրավաբանություն,

    անվտանգություն և այլն)` 43,360,000

        

Ընդամենը (տարեկան)` 63,400,000

Ընդամենը (5 տարվա ընթացքում)` 317,000,000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսվում է ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և Ապարանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացման միջոցով, ինչպես նաև լիազորված մարմնին՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացման միջոցով:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 30.09.20 N 589-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2024, N 59-Ա 31.01.2024, N 24-Ա
08.07.2021, N 573-Ա 09.07.2021, N 24-Ա
30.09.2020, N 589-Ա 01.10.2020, N 24-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան