Գլխավոր տեղեկություն
Համար
N 1562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2020

 

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.

2) 2-րդ կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած.

3) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած և 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝

«8) բանկ` ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

9) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «ծնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ» բառերը, իսկ «ստանալ» բառից հետո լրացնել «նպաստի» բառով,

դ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

ե. 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «ե» պարբերությամբ՝

«ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։»,

զ. 3.5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը.»,

է. 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.7-րդ կետով՝

«3.7. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը նշանակելու դեպքում`

1) հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և «e-citizeո» համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, որով դիմողը ծանուցվում է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում.

2) նպաստի գումարը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելուց հետո՝ այն լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում:»,

ը. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերը,

թ. 4.1-ին կետը «բաժին է ներկայացվել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված» բառերով,

ժ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Նոր ծնված երեխայից հրաժարվելու, նոր ծնված երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, նոր ծնված երեխայի՝ որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:»,

ժա. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:»,

ժբ. 23-րդ կետում «նպաստի» բառից հետո հանել «` ուղղակի վճարվող» բառերը, իսկ 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով`

«23.1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո՝ նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, չվճարված նպաստի գումարը վճարվում է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ից 3-րդ ենթակետերի դրույթները: Ընդ որում` այս դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար բանկում բացվում է նոր բանկային հաշիվ։ Սույն կետում նշված` չվճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան վճարման ենթակա գումարների տարբերությունն է:»,

ժգ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«24. Նպաստի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:»,

ժդ. 25-րդ կետից հանել 1-ին նախադասությունը և «նպաստի» բառից հետո «` ուղղակի վճարվող» բառերը, իսկ «փոխանցվելու միջոցով:» բառերը փոխարինել «փոխանցվելու միջոցով: Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:» բառերով,

ժե. 27-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

ժզ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով,

ժէ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից «նպաստի» բառից հետո հանել «` ուղղակի վճարվող» բառերը և «համար» բառից հետո` «դիմումը ներկայացնող ծնողի բանկային հաշվի համարը կամ» բառերը, իսկ «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ`

«ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։»,

ժը. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով`

«32.1. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնում է բանկին:»,

ժթ. 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով`

«35. Նպաստի գումարը շահառուի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացնելու դեպքում ծնողի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է, և բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում ծառայության և բանկի միջև կնքված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում 12-ամսյա ժամկետը հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով՝ նոր բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից:».

4) որոշման N 2 հավելվածը՝

ա) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով`

«6.1. 2020 թվականի հուլիս 1-ից հետո ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են տնօրինվել նաև միանվագ կարգով՝

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից.

2) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում չհաշվառված այն ծնողի կողմից, որի դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը.

3) հաշվետիրոջ ծնողի կողմից, եթե տարածքային բաժին է ներկայացվել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի գրավոր համաձայնությունը ընտանեկան դրամագլխի միջոցները հաշվետիրոջ ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տված` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված՝ ընտանեկան դրամագլխի միջոցները ստանալու պահանջ ներկայացնելու վերաբերյալ լիազորագիրը բանկ ներկայացրած անձի կողմից։

6.2․ Սույն կարգի 6.1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծնողի` անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) սույն կարգի 6.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գրավոր համաձայնությունը:»,

բ) 7-րդ կետում «կետում» բառը փոխարինել «և 6․2-րդ կետերում» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը կնքված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրերի՝ ընտանեկան դրամագլխի սպասարկմանը վերաբերող դրույթները գործում են (բանկում բացված պետական աջակցության հաշիվները սպասարկվում են) մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետում նշված տեղեկությունները (բանկում սպասարկվող պետական աջակցության հաշիվների` հաշվետու ամսվա տվյալների վերաբերյալ) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը:

5. Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա նշանակված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա գումարը վճարվում է (փոխանցվում է նպաստ նշանակելու դիմումում նշված պետական աջակցության հաշվին) ուղղակի վճարվող գումարը վճարելուց հետո։ Այն դեպքում, երբ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա նշանակված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա գումարը չի փոխանցվել պետական աջակցության (բանկային) հաշվի համար չներկայացնելու պատճառով, ապա այն, որպես չվճարված նպաստի գումար, վճարվում է ծնողի դիմումի հիման վրա ընդհանուր հիմունքներով` առանց ժամկետային սահմանափակման: Սույն կետում նշված` չվճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված նպաստի և նպաստի ուղղակի վճարվող գումարների տարբերությունն է։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2020 թվական: