Գլխավոր տեղեկություն
Համար
N 1880-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1880-Լ

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 591 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1880-Լ որոշման

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են զորահավաքային մարմինների խնդիրների, գործունեության, ղեկավարման և ենթակայության, իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

2. Զորահավաքային մարմիններն ստեղծվում են պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպություններում:

3. Զորահավաքային մարմինների կառուցվածքը և կազմը որոշվում է՝ հաշվի առնելով խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնին, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությանը վերապահված գործառույթների բնույթից և ծավալից: Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպություններում զորահավաքային մարմինները կարող են գործել համապատասխան մարմնի (կազմակերպության) առանձին կառուցվածքային ստորաբաժանման կամ դրա կազմում ներքին ստորաբաժանման տեսքով, իսկ կազմակերպությունների դեպքում նաև պատասխանատու աշխատող նշանակելու միջոցով՝ կապված մարմնի (կազմակերպության) զորահավաքային ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

II. ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Զորահավաքային մարմինների գործունեությունն ուղղված է ապահովելու խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրագործման և համապատասխան կազմակերպությունների պարտականությունների արդյունավետ կատարումը:

5. Զորահավաքային մարմինների խնդիրներն են՝

1) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում զորահավաքային նախապատրաստության ապահովման կազմակերպումը.

2) զորահավաքային պլանների համաձայն` զորահավաքի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի համալրումն ու նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը.

3) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների (կազմակերպությունների) գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմանն օժանդակումը:

6. Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում, զորահավաքային մարմինների խնդիրներից բխող գործառույթների շրջանակում՝

1) պետական մարմինների զորահավաքային մարմիններն իրականացնում են՝

ա. պետական մարմնի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը,

բ. զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովումը,

գ. պետական մարմնում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների ապահովումը, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին և զորահավաքային զորակոչին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,

դ. «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով համապատասխան պետական մարմնի համար սահմանված այլ միջոցառումների իրականացման ապահովումը.

2) տարածքային կառավարման մարմինների զորահավաքային մարմիններն իրականացնում են՝

ա. տարածքային կառավարման մակարդակում պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման գործընթացում մարմնի գործունեությանն աջակցությունը,

բ. տարածքային կառավարման մարմնի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը,

գ. զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին տարածքային կառավարման մարմնի մասնակցության նախապատրաստության ապահովումը,

դ. տարածքային կառավարման մարմնի կողմից պաշտպանության նպատակով մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալմանն աջակցության ապահովման գործընթացին մասնակցությունը,

ե. տարածքային կառավարման մարմնի կողմից մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանը մասնակցության ու դրա իրագործմանն օժանդակման գործընթացին աջակցությունը,

զ. տարածքային կառավարման մարմնում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների ապահովումը, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,

է. «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով տարածքային կառավարման մարմինների համար սահմանված այլ միջոցառումների իրականացման ապահովումը.

3) տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային մարմիններն իրականացնում են՝

ա. տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը,

բ. զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին տեղական ինքնակառավարման մարմնի մասնակցության նախապատրաստության ապահովումը,

գ. տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պաշտպանության նպատակով համայնքի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալմանն աջակցության ապահովման գործընթացին մասնակցությունը,

դ. տեղական ինքնակառավարման մարմնում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների ապահովումը, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,

ե. «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված այլ միջոցառումների իրականացման ապահովումը,

4) զորահավաքային խնդիրների (պատվերների և առաջադրանքների) համաձայն կազմակերպությունների զորահավաքային մարմիններն իրականացնում են՝

ա. կազմակերպության գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքային պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը,

բ. զորահավաքային առաջադրանքների շրջանակներում սահմանված կարգով ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման և այլ բնույթի ծառայությունների մատուցման նախապատրաստման ու դրանց իրականացման գործընթացին օժանդակությունը,

գ. զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին կազմակերպության մասնակցության նախապատրաստության ապահովումը,

դ. կազմակերպությունում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների ապահովումը, նրանց զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,

ե. «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով կազմակերպությունների համար սահմանված այլ միջոցառումների իրականացման ապահովումը:

 

III. ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Զորահավաքային մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով և համապատասխան մարմնի (կազմակերպության) գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմների փոխադրման ներքին պլանով:

8. Զորահավաքային մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են իրենց կանոնադրությունների և այդ մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնների անձնագրերի համաձայն:

9. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններն ապահովվում են զորահավաքային մարմինների գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններով, պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության համապատասխան ձևերով:

10. Զորահավաքային մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է համապատասխան մարմնի (կազմակերպության) ղեկավարի հրամանով (որոշմամբ) նշանակված պաշտոնատար անձը:

 

IV. ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Զորահավաքային մարմինը ղեկավարում է զորահավաքային մարմնի ղեկավարը:

12. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևին համապատասխան՝ զորահավաքային մարմինը գործում է զորահավաքային մարմնի ղեկավարի և համապատասխան մարմնի (կազմակերպության) կամ մարմնին (կազմակերպությանը) ենթակա ստորաբաժանման ղեկավարի ենթակայությամբ:

13. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևին համապատասխան՝ զորահավաքային մարմնի ղեկավարը հաշվետու է համապատասխան մարմնի (կազմակերպության) կամ մարմնի (կազմակերպությանը) ենթակա ստորաբաժանման ղեկավարին:

 

V. ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Զորահավաքային մարմինների իրավունքներն են՝

1) զորահավաքային մարմնին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման առնչությամբ կազմակերպել քննարկումներ, հրավիրել խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, աշխատանքների արդյունքներից ելնելով՝ վերադաս մարմնի (կազմակերպության) ղեկավարին ներկայացնել առաջարկություններ.

2) մարմնի (կազմակերպության) ղեկավարի համաձայնությամբ հանդես գալ միջգերատեսչական կամ փոխգործակցային մակարդակում՝ որպես մարմնի (կազմակերպության) ներկայացուցիչ.

3) առաջարկություններ ներկայացնել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

4) խաղաղ և ռազմական դրության ժամանակ օրենքով սահմանված կարգով վերահսկել մարմնին ենթակա մարմինների, ստորաբաժանումների զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև համակարգման ոլորտում գտնվող՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների՝ զորահավաքային պատվերների կատարման պայմանագրերով նախատեսված զորահավաքային միջոցառումների կատարման աշխատանքները.

5) իրենց իրավասությունների սահմաններում համակարգել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հետ կապված միջոցառումները:

15. Զորահավաքային մարմինների պարտականություններն են՝

1) պետական և տարածքային կառավարման մարմիններում՝ սույն կանոնադրության 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված խնդիրների և դրանցից բխող գործառույթների իրականացումը.

2) տեղական ինքնակառավարման մարմիններում՝ սույն կանոնադրության 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված խնդիրների և դրանցից բխող գործառույթների իրականացումը.

3) ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում՝ սույն կանոնադրության 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված խնդիրների և դրանցից բխող միջոցառումների կատարումը:

16. Զորահավաքային մարմնի ղեկավարը պատասխանատու է զորահավաքային մարմնի առջև դրված խնդիրների և դրանցից բխող գործառույթների իրականացման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան