Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1560
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 նոյեմբերի 2020 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

գրավոր ընթացակարգի շրջանակներում,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Կառավարությունն իր՝ 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1385-Ա որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի օգոստոսի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) և Կանաչ կլիմայական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջև հիմնական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Կատովիցե քաղաքում՝ Հայաստանի Հանրապետությունում Հիմնադրամի գործունության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

2. Համաձայնագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հիմնադրամի և վերջինիս հետ կապակցված անձանց կարգավիճակը: Այն պետք է կիրառվի ցանկացած գործունեության նկատմամբ, որը Հիմնադրամը կարող է ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Կողմերը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր նման գործունեության և նախագծերի (այսուհետ՝ Ծրագրային փաստաթուղթ) հատկորոշիչները սահմանելու վերաբերյալ: Սույն Համաձայնագրի ներքո կնքված ցանկացած նման Ծրագրային փաստաթուղթ չի կարող Կառավարության և Հիմնադրամի համար առաջացնել միջազգային իրավունքի ներքո այլ պարտավորություններ և չի կարող հակասել Համաձայնագրի ժամկետներին և պայմաններին (հոդվ. 1):

3. Ըստ Համաձայնագրի՝ Հիմնադրամն ունի լիարժեք իրավաբանական անձի կարգավիճակ և, մասնավորապես, իրավասու է կնքել պայմանագիր, ձեռք բերել և տնօրինել շարժական և անշարժ գույք, հանդես գալ դատարանում (հոդվ. 3, կետ 1):

4. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, հետևյալները.

ա) ապահովել Հիմնադրամի տարածքների անձեռնմխելիությունը, ինչպես նաև Կառավարության միջոցով ապահովել Հիմնադրամի տարածքների պահպանությունը և այդ տարածքների համար հանրային ծառայությունների տրամադրումը (հոդվ. 3, կետ 2),

բ) ապահովել, որ մինչև Հիմնադրամի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացնելը Հիմնադրամի գույքի և տարածքի վրա, անկախ դրանց գտնվելու վայրից և դրանք տնօրինողից, չկիրառվի որևէ տեսակի բռնագրավում, զննություն, կալանք, արգելանք կամ հարկադիր կատարում (հոդվ. 4, կետ 3),

գ) ապահովել Հիմնադրամի գույքի ու ակտիվների, անկախ գտնվելու վայրից և տնօրինողից, անձեռնմխելիությունը գործադիր կամ օրենսդիր գործունեությամբ սահմանված հետախուզման, արգելանքի, առգրավման, բռնագանձման կամ որևէ այլ տեսակի պահանջագրի և իրավազրկման գործողություններից (հոդվ. 5),

դ) ապահովել Հիմնադրամին պատկանող կամ նրա մոտ պահվող արխիվների և բոլոր փաստաթղթերի ու տվյալների, ինչ տարբերակով էլ դրանք կազմված լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով, անձեռնմխելիությունը՝ անկախ դրանց գտնվելու վայրից (հոդվ. 6),

ե) ապահովել, որ Հիմնադրամի պաշտոնական հաղորդակցության նկատմամբ ցուցաբերվի ոչ պակաս բարյացակամ վերաբերմունք, քան Հայաստանի Հանրապետությունում ներկա միջազգային կազմակերպությունների պաշտոնական հաղորդակցության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը (հոդվ. 8),

զ) ապահովել, որ Կառավարությունը դյուրացնի Հիմնադրամի համար առաքելություն իրականացնող պաշտոնյաների և փորձագետների տեղաշարժը, ներառյալ մուտքի վիզայի համար դիմումներին արագ ընթացք տալու միջոցով, երբ պահանջվում է մուտքի վիզա, և Հայաստանի Հանրապետության օրենքներով ու կարգավորումներով թույլատրելի սահմաններում (հոդվ. 10, կետ 1),

է) ապահովել, որ Կառավարությունը դյուրացնի Հիմնադրամի կազմակերպած հանդիպումներին ու համաժողովներին մասնակցելու համար Հիմնադրամի կողմից հրավիրված դիտորդների և այլ անձանց մուտքի վիզայի համար դիմելու ընթացակարգը, երբ պահանջվում է մուտքի վիզա, և Հայաստանի Հանրապետության օրենքների ու կարգավորումների թույլատրելի սահմաններում (հոդվ. 10, կետ 2),

ը) ապահովել, որ Հիմնադրամը, նրա ակտիվները, գույքը, եկամուտը, նրա գործառնություններն ու գործարքները, ներառյալ ցանկացած գործունեություն և նախագիծ, որն իրականացվում է Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում, ազատվեն բոլոր հարկումներից և բոլոր մաքսատուրքերից (հոդվ. 11, կետ 1) և այլն:

5. Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

24 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1560

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2020 թվական: