Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0046/01/17

ԵՄԴ/0046/01/17

Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

Դատավորներ՝

Ա. Ազարյան

Ա. Վարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ`

դատախազներ՝ 

Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

 

Ա. ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Արման Ռուբենի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է թիվ 16152017 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

2017 թվականի հունվարի 19-ին Արման Ռուբենի Գեղամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նույն օրը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Գեղամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2017 թվականի մայիսի 16-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ա.Գեղամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2017 թվականի մայիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Դատաքննության ընթացքում մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել Ա.Գեղամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի դատավճռով Ա.Գեղամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2017 թվականի հունվարի 17-ից: Նույն դատավճռով Ա.Գեղամյանը համարվել է պատիժը կրած, վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Լուսինե Նորիկի Ալահվերդյանը:

3. Մեղադրող Ա.Կոստանդյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 5. Ա.Գեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) 2017 թվականի հունվարի 12-ին նրան է զանգահարել Լուսինե Ալահվերդյանը և խնդրել 20.000 ՀՀ դրամով իր համար գտնել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Ժամը 22-ի սահմաններում Արման Գեղամյանը հանդիպել է Լուսինե Ալահվերդյանին, որից հետո Արման Գեղամյանի՝ գործով չպարզված ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Շինարարների փողոց, որտեղ վերջինս դուրս է եկել ավտոմեքենայից և 2-3 րոպե հետո վերադառնալով՝ կրկին նստել է ավտոմեքենան: Ավտոմեքենայի մեջ Լուսինե Ալահվերդյանն Արման Գեղամյանին տվել է 20.000 ՀՀ դրամ գումարը, ինչից հետո վերջինս Լուսինե Ալահվերդյանին ապօրինի իրացրել է թղթի մեջ փաթեթավորված զգալի չափերի հասնող՝ 0.165 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Վերը նշված թմրամիջոցը նույն օրը Լուսինե Ալահվերդյանին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկելուց հետո հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա պայուսակի միջից»1:

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]մբաստանյալ Արման Ռուբենի Գեղամյանի կողմից տրված նմանօրինակ ցուցմունքներն արժանահավատ չեն, դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից, այդ ցուցմունքները հերքվեցին և ամբաստանյալ Արման Ռուբենի Գեղամյանի կողմից հանցավոր արարք կատարելն, ինչպես նաև ամբաստանյալ Լուսինե Նորիկի Ալահվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցավոր արարքը, բացի վերջինիս կողմից տրված խոստովանական ցուցմունքներից, հիմնավորվեց նաև քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով. [վկաներ] Նաիրա Արայի Գեղամյանի (…) Աննա Աշոտի Նադարյանի (…) Լիլիթ Հարությունյանի (…) Հայկ Համբարձումյանի [ցուցմունքներով] (…)

- Լուսինե Ալահվերդյանի և վկա Աննա Նադարյանի միջև 2017 թվականի մարտի 29-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի մասնակիցներից յուրաքանչյուրը առերես պնդել է իր ցուցմունքները (…)

- Լուսինե Ալահվերդյանի և վկա Նաիրա Գեղամյանի միջև 2017 թվականի մարտի 31-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի մասնակիցներից յուրաքանչյուրը առերես պնդել է իր ցուցմունքները (…)

- Լուսինե Ալահվերդյանի և Արման Գեղամյանի միջև 2017 թվականի ապրիլի 26-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ (…)

- ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի կողմից 13.01.2017 թվականին տրված դատաքիմիական փորձաքննության թիվ 10 Ք-17 եզրակացությամբ (…)

-2017 թվականի հունվարի 27-ին կազմված Լուսինե Ալահվերդյանի բջջային հեռախոսահամարի վերծանումների զննության մասին արձանագրությամբ (…)

-2017 թվականի փետրվարի 19-ին մեղադրյալ Լուսինե Ալահվերդյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ (…)

-0,165 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ (…):

(…) Տվյալ դեպքում դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված են հետևյալ փաստերը. ա) Լուսինե Ալահվերդյանն Արման Գեղամյանին խնդրել է իր անձնական գործածման համար գտնել` ձեռք բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ Արման Գեղամյանը խոստացել է կատարել Լուսինե Ալահվերդյանի խնդրանքը, բ) Արման Գեղամյանը թմրամիջոցը վերցրել է ի կատարումն Լուսինե Ալահվերդյանին տրված խոստումի, գ) Արման Գեղամյանի վերցրած փոշենման զանգվածը պարունակում է 0,165 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որը համապատասխանում է Լուսինե Ալահվերդյանի անձնական գործածման քանակին, դ) Վերցրած թմրամիջոցի նկատմամբ Արման Գեղամյանը տնօրինման իրավունք չի ունեցել, ե) Արման Գեղամյանի դիտավորությունն ընդգրկել է միայն թմրամիջոցի ձեռքբերմանն աջակցելը։

(…) Արման Գեղամյանը գործելով թմրամիջոց սպառողի` Լուսինե Ալահվերդյանի շահերից, նրան խոuտացել է ձեռք բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկա՝ թմրամիջոց։ Այսինքն առկա է թմրամիջոցի ձեռքբերման հանցակցություն` ֆիզիկական օժանդակության ձևով, ավելին, Արման Գեղամյանը փաստացի ձեռք է բերել այն Լուսինե Ալահվերդյանի կողմից տրված գումարով` 20000 ՀՀ դրամով և այն փոխանցել նրան, որպես սպառողի։

Այսինքն (…) ամբաստանյալ Արման Ռուբենի Գեղամյանի կողմից կատարած հանցավոր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին»2։

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ. «(...) [Մեջբերված իրավադրույթների և նախադեպային որոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործով ձեռք բերված և Դատարանի կողմից դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, այդ ապացույցներից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Արման Գեղամյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այսինքն աջակցել է Լուսինե Ալահվերդյանի կողմից թմրամիջոցի ձեռքբերմանը, վերջինիս խնդրանքով և դրամական միջոցներով (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-127-րդ հոդվածների պահանջների և սկզբունքների խախտումներ:

9. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները սխալ են գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչը հանգեցրել է Ա.Գեղամյանի արարքի սխալ որակման: Մասնավորապես, Ա.Գեղամյանի կողմից տրված ցուցմունքներն անարժանահավատ են, դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից, ավելին, այդ ցուցմունքները հերքվում են ինչպես ամբաստանյալ Լ.Ալահվերդյանի ցուցմունքներով, այնպես էլ՝ գործով ձեռք բերված մյուս ապացույցներով:

10. Բողոքաբերը փաստել է, որ թեև Ա.Գեղամյանն անհայտ անձից թմրանյութ է ձեռք բերել Լ.Ալահվերդյանի խնդրանքով և դրամական միջոցներով, վերջինիս անձնական գործածման համար անհրաժեշտ քանակով, սակայն դրա նկատմամբ ունեցել է տնօրինման իրավունք: Ընդ որում, ըստ բողոքաբերի՝ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրն ամեն կերպ թաքցնելու մեղադրյալի ձգտումը նույնպես փաստում է հանցագործության առարկայի նկատմամբ նրա ունեցած տնօրինման լիազորության մասին:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա±ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Գեղամյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Գեղամյանին մեղսագրված արարքի իրավական գնահատականի վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության4:

14. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Գեղամյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են վկաներ Ն.Գեղամյանի, Ա.Նադարյանի, Լ.Հարությունյանի, Հ.Համբարձումյանի ցուցմունքներով, Լ.Ալահվերդյանի և վկա Ա.Նադարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, Լ.Ալահվերդյանի և վկա Ն.Գեղամյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, Լ.Ալահվերդյանի և Ա.Գեղամյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, դատաքիմիական փորձաքննության թիվ 10 Ք-17 եզրակացությամբ, Լ.Ալահվերդյանի բջջային հեռախոսահամարի վերծանումների զննության մասին արձանագրությամբ, Լ.Ալահվերդյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, իրեղեն ապացույց ճանաչված՝ 0.165 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի առկայության փաստով:

15. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Գեղամյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

16.1 Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: 

16.2 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»5:

16.3 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում6:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով` ամբաստանյալ Ա.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

20. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում7: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է8:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Գեղամյանին մեղսագրված արարքն ավարտվել է 2017 թվականի հունվարի 12-ին9: ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակված՝ Ա.Գեղամյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի փետրվարի 19-ին: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ10:

Վերոշարադրյալից բխում է, որ Ա.Գեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2019 թվականի հունվարի 12-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել:

22. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Ա.Գեղամյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Գեղամյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը: 

Ուստի, սույն գործով ամբաստանյալ Ա.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճել:

23. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Գեղամյանն իր նկատմամբ կայացված դատավճիռը չի բողոքարկել: Այլ կերպ` պաշտպանական կողմը ամբաստանյալի մեղավորության հարցը չի վիճարկել, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է:

24. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար՝ դադարեցնելով Ա.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

25. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ 0.165 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը պետք է ոչնչացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արման Ռուբենի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումը բեկանել, Ա.Գեղամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Որպես իրեղեն ապացույց ճանաչված 0.165 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը՝ ոչնչացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 236-237։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 144-162։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 50-65։

4 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

5 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵԿԴ/0211/01/10 գործով 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման 14-րդ կետը։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵՇԴ/0055/01/11 գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշումը, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0121/11/14 գործով 2015 թվականի մարտի 27-ի որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ2/0016/01/14 գործով 2017 թվականի ապրիլի 12-ի որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0180/01/15 գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: