Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2020-19.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

8 սեպտեմբերի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 94-Ն

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, 7-րդ մասի և «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

 1. Հաստատել`

 1) հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

 2) հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2020 թ. սեպտեմբերի 8

ք. Երևան

 

 

Հավելված N 1

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի 2020 թվականի
սեպտեմբերի 8-ի թիվ 94-Ն
որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման, անցկացման և վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը:

2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Մրցույթը հայտարարվում է սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում:

4. Սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ:

5. Հանրային մուլտիպլեքսում նոր սլոթ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է Կառավարության լիազոր մարմնի կողմից Հանձնաժողովին այդ մասին տեղեկացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

6. Հանրային մուլտիպլեքսում ազատ սլոթ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է մեկամսյա ժամկետում:

7. Մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

8. Լսողական մեդիածառայություն մատուցողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սույն կարգով նախատեսված կարգավորումները:

9. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

10. Նույնական պայմաններով մրցույթների դեպքում Հանձնաժողովը հայտարարում է մեկ մրցույթ՝ սահմանելով սլոթերի քանակը:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

11. Մրցույթը հայտարարվում է Հանձնաժողովի որոշմամբ:

12. Մրցույթի մասին տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և իր՝ www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում:

13. Մրցույթի մասին տեղեկատվությունը պետք է ներառի՝

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

2) սփռման տարածքը,

3) սլոթերի քանակը,

4) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

5) հայտերի ընդունման ժամանակահատվածը և վայրը,

6) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը՝ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

7) հայտի ձևը:

 

3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ՝ Հայտ)՝ համաձայն Ձև N 1-ի և անհրաժեշտ փաստաթղթեր:

15. Հանրապետական սփռում ապահովող սլոթերի օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտատուն ըստ ցանկության կարող է մասնակցել նաև մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթերի օգտագործման լիցենզավորման մրցույթին՝ այդ մասին նշում կատարելով Հայտում:

16. Հայտին կցվում են՝

1) փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4) տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5) էթիկայի կանոնագիր,

6) Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7) լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

17. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթուղթը ներկայացվում է ազատ ոճով (միասնական ձևեր (ստանդարտներ) սահմանված չեն), սակայն վերլուծության և գնահատման համար ընկալելի ձևով:

18. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայման:

19. Հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև այլ տեղեկություններ, որոնց առկայությունը հայտի հիմնավորման առումով հայտատուն նպատակահարմար է գտնում:

20. Հայտը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգով սահմանված պահանջներին:

21. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

22. Հայտը և կից փաստաթղթերը Հանձնաժողով են ներկայացվում մրցույթ հայտարարելու օրվանից 30 օր հետո՝ 20-օրյա ժամկետում՝ առձեռն կամ փոստով:

23. Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են երեք նույնական փաթեթով՝ յուրաքանչյուրը թելակարված, համարակալված, վերջին թերթի հետնամասում, կարի վրա փակցված պիտակով՝ «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ («...» նշվում է թերթերի քանակը), ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում): Փաթեթները ներկայացվում են փակ ծրարով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):

 

4. ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

24. Հանձնաժողովը hայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:

25. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Նիստի անցկացման ժամանակաթիվը և օրակարգը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստից առնվազն երկու օր առաջ:

26. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում Հայտը և կից փաստաթղթերը՝ փակ ծրարով: Հայտի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

27. Հայտը քննության չի առնվում, եթե մասնակիցը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին և սույն կարգի 26-րդ կետի համաձայն չի ներկայացրել իր Հայտի բովանդակությունը:

 

5. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

28. Հայտերի հրապարակման օրվանից հետո` դրանց ուսումնասիրման համար, Հանձնաժողովն ընդհատում է նիստը մինչև 60 օր տևողությամբ: Նիստը վերսկսելու օրը որոշում է Հանձնաժողովը՝ այդ մասին վերսկսվելիք նիստից առնվազն հինգ օր առաջ տեղեկատվություն հրապարակելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

29. Վերսկսված նիստում Հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի (մասնակիցների) ընտրությունը:

30. Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվում է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պատահականության սկզբունքով վերցնում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկներից մեկը և տալիս Հանձնաժողովի քարտուղարին: Հանձնաժողովի քարտուղարը վիճակահանության թերթիկում նշված թվագրումով գնահատման թերթիկը՝ համաձայն Ձև N 2-ի, տալիս է Հանձնաժողովի անդամին՝ այդ մասին նշում կատարելով իր մոտ:

31. Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

32. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ սույն կարգի 37-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված յուրաքանչյուր չափանիշ գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով: Մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը:

33. Հանձնաժողովի անդամների կողմից լրացված և հետնամասում ստորագրված գնահատման թերթիկները փոխանցվում են Հանձնաժողովի քարտուղարին, որը հաշվարկում է Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից մասնակցին տրված ամփոփիչ միավորը, իսկ վարկանիշային միավորը որոշվում է ամփոփիչ միավորների հանրագումարով: Վարկանիշային միավորը հաշվարկելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է այն:

34. Վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:

35. Մեկից ավելի սլոթերի քանակով մրցույթի դեպքում վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավորներ ստացած մասնակիցները` սլոթերի քանակին համապատասխան:

36. Միևնույն ժամանակ հայտարարված հանրապետական սփռման և մայրաքաղաքային սփռման մրցույթների դեպքում՝ մրցույթի անցողիկ շեմը հաղթահարած, սակայն հանրապետական սփռման համար սահմանված սլոթերի քանակը ավելի բարձր վարկանիշային միավորներ ստացած մասնակցի (մասնակիցների) կողմից զբաղեցված լինելու դեպքում, Հայտում նաև մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու նշում կատարած մասնակցի վարկանիշային միավորը համադրվում է մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների վարկանիշային միավորների հետ, որի արդյունքում հաղթող է ճանաչվում առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը (մասնակիցները):

37. Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում`

1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2) հայերեն հաղորդումների գերակայությունը,

3) բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6) ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,

7) գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողների դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

38. Մրցույթի ժամանակ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին, որոնք իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել օրենսդրության նվազ քանակով կամ վտանգավորությամբ խախտումներ.

2) գործող այն տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին, որոնք տեսալսողական հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:

39. Վարկանիշային քվեարկության արդյունքում մրցույթի անցողիկ շեմը հաղթահարած, առավելագույն հավասար վարկանիշային միավորներ ստացած և սույն կարգի 38-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները բավարարած մասնակիցներից հաղթող ճանաչելու որոշումը կայացվում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա` քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

40. Հանձնաժողովի որոշումը մրցույթի մասնակիցներին ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

41. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ որոշումն ընդունելու օրվանից հետո՝ 20-օրյա ժամկետում:

42. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

7. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

43. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի Հայտ չի ներկայացվել.

2) մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին և սույն կարգի 26-րդ կետի համաձայն չի ներկայացրել իր Հայտի բովանդակությունը:

 

 

Ձև N 1

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման

 լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

 ______________________________ին

 (անուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ

 

Սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու

 

Հայտատուի անվանում ______________________________________________________________________

Գտնվելու/հաշվառման վայրը _________________________________________________________________

Պետական գրանցման/հաշվառման համարը_____________________________________________________

Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն ________________________________________________________

Սփռման տարածքը*________________________________________________________________________

Տեղեկություն հեղինակազորման վերաբերյալ ___________________________________________________

 

 □ Հաստատում եմ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 15-րդ հոդվածում նշված սահմանափակումների բացակայությունը:

 Կից փաստաթղթեր՝ ________ թերթ:

 

 Հայտատու

 _______________________________

(անուն, ազգանուն)

 _______________ 

տորագրություն)

 

  __ _________ ______ 

(օրը, ամիսը, տարեթիվը)

Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

 

* Եթե հանրապետական սփռման մրցույթի հայտատուն ցանկանում է մասնակցել նաև միևնույն ժամանակ հայտարարված մայրաքաղաքային սփռման մրցույթին, ապա այդ մասին նշում է կատարում «Սփռման տարածքը» դաշտում:

 

Ձև N 2

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման

լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի

 

ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ ______________

 

հ/հ

Գնահատման չափանիշը

Գնահատման միավորը

Մասնակիցների անվանումը

     

1

սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը

     

2

հայերեն հաղորդումների գերակայությունը

     

3

բազմակարծությունը խթանելու կարողությունը

     

4

տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները

     

5

աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

     

6

ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը

     

Ամփոփիչ միավորը

     

 

 ____ _________ __________

 (օրը, ամիսը, տարեթիվը)

 

 

Հավելված N 2

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի 2020 թվականի
սեպտեմբերի 8-ի թիվ 94-Ն
որոշմամբ

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԼԻՑԵՆԶԻԱ _______

 (լիցենզիայի սերիան և համարը)

 

ք. ___________

___ ______________________ _______ 
 (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը)

տրվում է

___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 __________________________________________________________

 (իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը)

գործունեության տեսակը ___________________________________________________________
սփռման տարածքը ___________________________________________________________
լիցենզիայի գործողության ժամկետը ___________________________________________________________

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

_______________

ստորագրություն)

Կ.Տ.

_______________

(անուն, ազգանուն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2022, թիվ 33-Ն 19.03.2022, թիվ 94-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան