Գլխավոր տեղեկություն
Համար
N 799-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2003

«Վավերացնում եմ

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2003 թվականի N 799-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 01.06.06 N 755-Ն)

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ պետական գրանցում 27821003495, հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իր անունով ու հասցեներով որպես մարդասիրական օգնություն ուղարկված բեռների ստացումը, մաքսազերծումը, ընդունումը, գույքագրումը, վերագնահատումը, բաշխումը, դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշումը, պետական առողջապահական ծրագրերում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ստացումը, մաքսազերծումը, ի պահ ընդունումը և բացթողումն են.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

մաքսային գործառնության իրականացում և (կամ) կազմակերպում.

բեռների պահեստավորման ծառայության մատուցում՝ պահանջվող չափորոշիչներին համապատասխան.

դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գույքագրման, գնահատման, վերագնահատման, բաշխման, բեռնափոխադրման աշխատանքների ու ծառայությունների մատուցում.

դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման, արտահանման, ձեռքբերման, ոչնչացման աշխատանքների ու ծառայությունների կազմակերպում.

«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներից բխող մասնագիտական պրակտիկայի ուսուցում, մասնագիտական վերապատրաստում.

գ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառել իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

(2-րդ կետը լրաց. 01.06.06 N 755-Ն, խմբ. 10.09.20 N 1498-Ն)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(3-րդ կետը լրաց. 01.06.06 N 755-Ն)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին իր տնօրինության` 10.0 մլն դրամ արժողությամբ, պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(4-րդ կետը լրաց. 01.06.06 N 755-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի 05 ենթախմբի «01. Այլ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով սուբսիդավորում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

(5-րդ կետը լրաց.. 01.06.06 N 755-Ն)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

(6-րդ կետը լրաց.. 01.06.06 N 755-Ն)

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան:

(7-րդ կետը լրաց. 01.06.06 N 755-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 3
Երևան