Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-225
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.10.2001-01.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.758
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 12-ին

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անմիջականորեն ժողովրդի իշխանություն իրականացնելու, Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու եղանակ է:

2. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:

2. Մասնակցությունը հանրաքվեին ազատ է: Քաղաքացիների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիները:

2. Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են հավասար հիմունքներով, սույն օրենքով և հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

 

1. Հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու հարցերը:

2. Հանրաքվեի չեն կարող դրվել`

ա) Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը.

բ) Հանրապետության գործող Նախագահի և գործող Ազգային ժողովի, ինչպես նաև գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգման կամ կրճատման հարցերը.

գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ


1. Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում:

2. Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած` մեկ տարվա ընթացքում, միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից և իրավական այլ ակտերից:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

1. Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Ազգային ժողովը:

2. Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին` հանրաքվեի դնելու համար:

3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու` Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված` Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

5. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու` իր առաջարկած նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով: Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

6. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, կամ Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:

7. Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:

8. Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով` ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

1. Օրենքների ընդունման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Ազգային ժողովը կամ կառավարությունը:

2. Ազգային ժողովն օրենքի նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին` հանրաքվեի դնելու համար:

3. Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած օրենքի նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

5. Հանրապետության Նախագահը կառավարության առաջարկած օրենքի նախագիծն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով` հանրաքվեի դնելու համար` Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու համար:

6. Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելու համար համաձայնություն տալու վերաբերյալ:

7. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ կառավարության առաջարկած նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:

8. Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:

9. Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով` ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հանրաքվեի հանձնաժողովներն են`

ա) հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական հանձնաժողով).

բ) հանրաքվեի մարզային հանձնաժողովները (այսուհետ` մարզային հանձնաժողովներ).

գ) հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները (այսուհետ` տեղամասային հանձնաժողովներ):

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հանրաքվեի կենտրոնական և մարզային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:

2. Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կենտրոնական հանձնաժողովը`

ա) ղեկավարում է հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքը.

բ) հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության պահպանման նկատմամբ և ապահովում է սույն օրենքի միատեսակ կիրառումը.

գ) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ անվավեր է ճանաչում օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, իրենց իրավասության սահմաններում հանրաքվեի հանձնաժողովների ընդունած որոշումներին հակասող, ինչպես նաև իրենց լիազորությունների գերազանցմամբ հանրաքվեի հանձնաժողովների ընդունած որոշումները, վերացնում հանրաքվեի հանձնաժողովների գործողության կամ անգործության հետևանքով առաջացած` քաղաքացիների իրավունքների խախտումները.

դ) ընդունում է սույն օրենքի կիրառումն ապահովող և հանրաքվեի բոլոր հանձնաժողովների համար պարտադիր որոշումներ և այլ նորմատիվ ակտեր.

ե) տալիս է պարզաբանումներ և հրահանգներ սույն օրենքի կիրառման վերաբերյալ.

զ) հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ առնչվող հարցերով լսում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.

է) տնօրինում է հանրաքվեի անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցները. դրանք բաշխում է հանրաքվեի հանձնաժողովների միջև, վերահսկողություն է իրականացնում դրանց արդյունավետ օգտագործման նկատմամբ.

ը) միջոցներ է ձեռնարկում հանրաքվեի հանձնաժողովներին անհրաժեշտ աշխատանքային պայմաններին համապատասխանող տարածքներով, նյութատեխնիկական և կապի միջոցներով ապահովելու համար.

թ) սահմանում է քվեաթերթիկների և հանրաքվեի այլ փաստաթղթերի նմուշները.

ժ) սահմանում է հանձնաժողովների կնիքների ձևերը, պատվիրում է դրանք և հատկացնում հանձնաժողովներին, սահմանում է քվեարկության ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.

ժա) ապահովում է հանրաքվեի դրվող նախագծի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.

ժբ) իր սահմանած կարգով հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին.

ժգ) սահմանում է քվեարկության արդյունքների ամփոփման միասնական կարգ.

ժդ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն ամփոփում և հրապարակում է հանրաքվեի արդյունքները, ապահովում է համապատասխան փաստաթղթերի արխիվ հանձնումը.

ժե) կազմակերպում է հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցումը.

ժզ) սույն օրենքի պահանջները խախտելու դեպքերում, ինչպես նաև հանրաքվեի կազմակերպական հարցերով դիմում է համապատասխան իրավասու մարմիններ.

ժէ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մարզային հանձնաժողովը`

ա) համակարգում է տեղամասային հանձնաժողովների աշխատանքը.

բ) համապատասխան մարզում հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության ապահովման նկատմամբ, ապահովում է սույն օրենքի միատեսակ կիրառումը.

գ) քննարկում է ստորադաս հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ անվավեր է ճանաչում դրանց` օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, կենտրոնական հանձնաժողովի և իր որոշումներին հակասող, ինչպես նաև իրենց լիազորությունների գերազանցմամբ ստորադաս հանձնաժողովների ընդունած որոշումները, վերացնում է ստորադաս հանձնաժողովների գործողության կամ անգործության հետևանքով առաջացած` քաղաքացիների իրավունքների խախտումները.

դ) կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով հսկողություն է իրականացնում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու նկատմամբ.

ե) ապահովում է կենտրոնական հանձնաժողովի և մարզում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

զ) հանրաքվեի դրված հարցերի լուսաբանման նպատակով համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների հետ.

է) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

ը) կազմակերպում է տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցումը.

թ) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է հանրաքվեի տեղամասերը, համարակալում դրանք, նշում տեղամասային կենտրոնը: Այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է կենտրոնական հանձնաժողով.

ժ) հատկացված ֆինանսական միջոցները բաշխում է տեղամասային հանձնաժողովների միջև, վերահսկողություն է իրականացնում դրանց արդյունավետ օգտագործման նկատմամբ, տեղամասային հանձնաժողովներն ապահովում է անհրաժեշտ պարագաներով.

ժա) միջոցներ է ձեռնարկում տեղամասային հանձնաժողովներն անհրաժեշտ աշխատանքային պայմաններին համապատասխանող տարածքներով, նյութատեխնիկական և կապի միջոցներով, փաստաթղթերով ապահովելու համար.

ժբ) քվեարկությունից ոչ շուտ, քան երկու օր առաջ, հանձնաժողովների կնիքները հանձնում է տեղամասային հանձնաժողովների նախագահներին.

ժգ) տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ըստ տեղամասերի հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները, ամփոփում և հրապարակում է մարզում քվեարկության արդյունքները.

ժդ) սույն օրենքի պահանջները խախտելու, ինչպես նաև հանրաքվե կազմակերպելու հարցերով դիմում է համապատասխան իրավասու մարմիններ.

ժե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Տեղամասային հանձնաժողովը`

ա) անհատական ծանուցման թերթիկների միջոցով տեղեկացնում է տվյալ տեղամասի տարածքում հաշվառված` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին հանձնաժողովի գտնվելու վայրի, հանրաքվեի կազմակերպման հետ կապված միջոցառումների անցկացման տեղի և ժամանակի մասին.

բ) ապահովում է տեղամասային կենտրոնի կահավորումը.

գ) տեղամասի տարածքում վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կիրարկման նկատմամբ.

դ) տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում է դրա արդյունքները և ներկայացնում մարզային հանձնաժողով.

ե) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.

զ) քննարկում է սույն օրենքի խախտման հետ կապված դիմումներն ու բողոքները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ, անհրաժեշտության դեպքում դիմում է իրավասու մարմիններ.

է) տնօրինում է հատկացված ֆինանսական միջոցները.

ը) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, իսկ հանրաքվեի արդյունքները սահմանադրական դատարանում վիճարկվելու դեպքում` սահմանադրական դատարանի որոշումն ընդունվելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով:

2. Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:

3. Մարզային հանձնաժողովներում հանրաքվեի կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում կազմակերպվում են ժամանակավոր հիմունքներով գործող աշխատակազմեր, որոնց հաստիքացուցակները և դրույքաչափերը կենտրոնական և յուրաքանչյուր մարզային հանձնաժողովի համար առանձին-առանձին սահմանում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:

4. Հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստի անցկացման մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա են անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյաններ, որոնցում պարտադիր կարգով ամսաթվերով և ժամերով գրառվում է հանրաքվեի կազմակերպման և անցկացման հետ կապված համապատասխան գործավարությունը: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մատյանը լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

9. Հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան հանձնաժողովի նիստերին:

10. Հանրաքվեի փաստաթղթերը հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ` հանձնողի և ընդունողի ստորագրման միջոցով:

11. Հանրաքվեի փաստաթղթերը քվեարկության արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո հանձնվում են վերադաս հանձնաժողով:

12. Կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո հանրաքվեի փաստաթղթերը պահպանության է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

1. Հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Հանրաքվեի հանձնաժողովներին արգելվում է ընդունել գաղտնի որոշումներ:

2. Հանձնաժողովների որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով: Այդ որոշումների պատճենները տրամադրվում են հանձնաժողովներում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

3. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողով կամ դատարան` որոշումն ընդունելուց, գործողությունը կատարելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնի դառնալուց հետո` երկօրյա ժամկետում, բացառությամբ տեղամասային հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների, որոնք կարող են բողոքարկվել մինչև քվեարկության հաջորդ օրվա ժամը 18-ը:

2. Դատարանները և վերադաս հանձնաժողովները բողոքների առնչությամբ պատճառաբանված որոշում են ընդունում հնգօրյա ժամկետում: Եթե բողոքում պարունակվող փաստերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

3. Քվեարկությանը նախորդող հնգօրյա ժամկետում վերադաս հանձնաժողովները և դատարանները որոշումներն ընդունում են քվեարկության օրվանից ոչ ուշ:

4. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերն ընդդատյա են սահմանադրական դատարանին: Այդ վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

5. Դատարանները և դատախազության մարմինները պարտավոր են իրենց աշխատանքները (նաև հանգստյան օրերին) կազմակերպել այնպես, որպեսզի ապահովեն սահմանված ժամկետներում բողոքների քննությունը և որոշումների ընդունումը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների` ընտրողների ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի երկրորդ գլխում համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմելուն, վարելուն, քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հանձնաժողովներին ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՏԵՂԱՄԱՍԵՐԸ և ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, հանրաքվեն նշանակելուց հետո` հնգօրյա ժամկետում, տրամադրում է կենտրոնական հանձնաժողովին:

3. Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեում միջոցներ նախատեսված չեն, ապա հանրաքվեն ֆինանսավորվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով:

4. Հանձնաժողովների միջև ֆինանսական միջոցները բաշխվում են կառավարության որոշմամբ` ըստ ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառի պետական լիազորված մարմնի սահմանած կարգի, կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած նախահաշիվների համաձայն: Հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և կրում պատասխանատվություն` դրանք սահմանված կարգով օգտագործելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 20. ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

 

1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները և հասարակական միավորումները:

2. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:

3. Քարոզչությունն սկսվում է հանրաքվեի նշանակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ:

4. Քվեարկության օրը և նրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:

5. Քարոզչություն չեն կարող կատարել`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

բ) սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.

գ) բարեգործական և կրոնական կազմակերպությունները.

դ) օտարերկրյա քաղաքացիները և կազմակերպությունները:

6. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձևով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր և ցույցեր), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:

7. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:

8. Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները, հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:

9. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցումն անցկացնելու ժամանակը, հարցմանը ենթարկվածների թիվը (ընտրանքային ձևը), տեղեկատվության հավաքման միջոցը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր անճշտությունների վիճակագրական գնահատականը: Քարոզչության վերջին 3 օրվա ընթացքում արգելվում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տեղեկություններ պարունակեն տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

11. Արգելվում է`

ա) անանուն քարոզչական նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններ` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար.

բ) քարոզչության փուլում քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.

գ) քվեարկության և դրան նախորդող օրը տեղամասային կենտրոնում և դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև այլ եղանակներով հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը.

դ) մինչև քվեարկությունն ավարտվելը հրապարակել հանրաքվեին մասնակցած անձի քվեարկության արդյունքը.

ե) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում` մինչև 50 մետր շառավղով, խմբերի հավաքվելը:

12. Հանրաքվեի հանձնաժողովները հսկում են քարոզչության համար սահմանված կարգի պահպանումը: Դրա խախտման դեպքում հանձնաժողովները կարող են դիմել իրավասու մարմիններ` դրանք կանխելու, ինչպես նաև դատարան` քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

 

1. Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձինք կարող են ստեղծել քարոզչության հիմնադրամ` քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով:

2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են քարոզչության իրավունք ունեցող անձի տված գրավոր դիմումի համաձայն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում:

3. Հիմնադրամն ստեղծվում է անձնական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.

դ) քաղաքացիություն չունեցող անձինք.

ե) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.

զ) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները: Հիմնադրամների հաշվին դրանց մուծած գումարները փոխանցվում են պետական բյուջե:

5. Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը:

6. Արգելվում է քարոզչության ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:

7. Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ կենտրոնական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների վերաբերյալ, որոնք դադարում են քվեարկությունից մեկ օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԴԻՏՈՐԴՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 22. ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.

բ) հասարակական կազմակերպությունները.

գ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

2. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության և հավատարմագրման կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

3. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԴԻՏՈՐԴՆԵՐԻ և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1. Դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

ա) ներկա գտնվել հանրաքվեի հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում.

բ) անարգել ծանոթանալ հանրաքվեի փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, հանրաքվեի հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ արձանագրություններից.

գ) բողոքարկել հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, դրանց անդամների գործողությունները կամ անգործությունը:

2. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին:

3. Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել, իսկ քվեարկության ընթացքում` ներկա գտնվել հավատարմագրված դիտորդական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:

4. Դիտորդները քվեարկության օրը հետևում են հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներին: Հանձնաժողովների նահագահներին կարող են դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել, որոնց կապակցությամբ վերջիններս ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ:

5. Դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:

6. Դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել հանրաքվեի ընթացքի, քվեարկության և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ, ՔՎԵԱՏՈՒՓԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԸ

 

1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկ քվեաթերթիկ:

2. Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ: Քվեաթերթիկները պետք է ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

3. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

4. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան երեք օր առաջ:

5. Հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական հանձնաժողովի պատվերով` այդ հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

6. Կնիքները հանձնաժողովներին հանձնելու և վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

7. Հանրաքվեի քվեաթերթիկները հանձնաժողովներին հանձնվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային հանձնաժողովները:

2. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին գրանցելու և քվեաթերթիկներ հատկացնելու, քվեաթերթիկները կնքելու ու քվեաթերթիկների վերահսկումն իրականացնելու համար տեղամասային կենտրոնում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:

3. Քվեատուփը տեղադրվում է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

4. Տեղամասային հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կամ մուտքի մոտ պարտավոր է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է փակցվեն լրացված քվեաթերթիկների նմուշները: Տեղամասում պետք է լինի հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ և ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստման ու անցկացման, ձերբակալվածների, կալանավորվածների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Քվեարկության մասնակիցը, եթե կողմ է քվեարկում, քվեաթերթիկում նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում` «դեմ եմ» բառի դիմաց:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրված ներկայացուցիչը, դիտորդը կամ հանձնաժողովի անդամը, մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:

3. Լրացված քվեաթերթիկը քառապատիկ ծալված վիճակում քաղաքացին քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում և մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկների համար պատասխանատու անդամին: Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը և, հավաստիանալով քվեարկողի անձի իսկության ու տվյալ տեղամասի տարածքում նրա հաշվառված լինելու մեջ, բացում է քվեատուփի ճեղքը` քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռելով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

4. Արգելվում է տեղամասային կենտրոնից քվեաթերթիկի դուրսբերումը:

 

ՀՈԴՎԱԾ 29. ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ

 

1. Անվավեր են համարվում «կողմ եմ», «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով, չկնքված և չստորագրված քվեաթերթիկները:

2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է համապատասխան հանձնաժողովը` քվեարկությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՄՈՒՇԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ

 

1. Չսահմանված նմուշի քվեաթերթիկ են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:

2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է հանձնաժողովը` քվեարկությամբ:

3. Հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 31. ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ և ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Տեղամասային հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը` ժամը 20-ին, արգելում է քաղաքացիների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն է ընձեռում, փակում է քվեատուփի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում է տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով`

ա) հաշվարկվում, կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով մարվում և զմռսվում է չօգտագործված, քվեարկության մասնակցի կողմից ոչ ճիշտ լրացված և վերադարձված քվեաթերթիկների փաթեթը.

բ) ցուցակների հիման վրա հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

գ) ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, և նշված ցուցակը զմռսվում է.

դ) բացվում է քվեատուփը:

2. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի չսահմանված նմուշի, վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «կողմ» կամ «դեմ» քվեարկած լինելու մասին: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն` քվեաթերթիկը դնում է «կողմ», «դեմ» կամ «անվավեր» քվեաթերթիկների փաթեթի մեջ, ապա քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Այս գործողությունն իրականացնելիս հանձնաժողովի անդամներին արգելվում է քվեաթերթիկների վրա նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկները, կողմ քվեարկած քվեաթերթիկները, դեմ քվեարկած քվեաթերթիկները: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է անվավեր քվեաթերթիկների թիվը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում և կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:

4. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն` անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է` միմյանց հետ համադրելով ցուցակներում ստորագրությունների թիվը: Քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թվի հետ տարբերությունը համարվում է անճշտության չափ:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց և համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը փաթեթավորվում և զմռսվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:

6. Միաժամանակ երկու կամ ավելի տարբեր հարցերի վերաբերող նախագծեր հանրաքվեի դրված լինելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփումը յուրաքանչյուր նախագծի համար կատարվում է առանձին-առանձին:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է`

ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակի.

բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.

գ) տեղամասային հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

դ) մարված քվեաթերթիկների թիվը.

ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.

զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

ը) կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

թ) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը:

2. Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

3. Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ քվեարկության արդյունքների ամփոփման նիստն սկսելուց հետո հեռացել է հանձնաժողովից, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

5. Դիտորդի պահանջով նրան տրվում են տեղամասային արձանագրությունների պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

6. Քվեարկության ավարտից մինչև անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

7. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:

8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրության պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում: Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, տեղամասային հանձնաժողովի նախագահը հանրաքվեի հետ կապված փաստաթղթերը կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով հանձնում է մարզային հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Մարզային հանձնաժողովը, տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում է մարզում հանրաքվեի նախնական արդյունքները` ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 22 ժամվա ընթացքում, մարզում հանրաքվեի նախնական արդյունքներն արձանագրվում, մարզային հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում և պաշտոնապես ուղարկվում են կենտրոնական հանձնաժողով:

3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում հինգ օր հետո մարզային հանձնաժողովը կազմում է մարզում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, նշելով`

ա) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակի.

բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.

գ) տեղամասային հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

դ) մարված քվեաթերթիկների թիվը.

ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.

զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

ը) կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

թ) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

ժ) անճշտությունների չափը:

4. Մարզում հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է մարզում հանրաքվեի վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի` նիստին ներկա անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը:

7. Մարզում հանրաքվեի արդյունքները հրապարակվում են, և մարզային հանձնաժողովի նախագահը համապատասխան արձանագրության մեկ օրինակը մարզային հանձնաժողովում մնացած` հանրաքվեի հետ կապված փաստաթղթերի հետ ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:

8. Դիտորդի պահանջով նրան տրվում է մարզում հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` մարզում հանրաքվեի արդյունքների ամփոփ տվյալների մասին, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

9. Մարզային հանձնաժողովը պարտավոր է քվեարկության ավարտից հետո` առնվազն երեքժամյա պարբերականությամբ, կենտրոնական հանձնաժողով հաղորդել հանրաքվեի ընթացիկ արդյունքները` ըստ տեղամասերի:

10. Մարզային հանձնաժողովի առնվազն 3 անդամի գրավոր պահանջով մարզային հանձնաժողովն ստուգում է համապատասխան տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունը հանրաքվեի փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային հանձնաժողովի անդամները:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կենտրոնական հանձնաժողովը, մարզային հանձնաժողովներից ստացված` հանրաքվեի նախնական արդյունքների հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամվա ընթացքում, հրապարակում է հանրաքվեի նախնական արդյունքները` ցուցակներում ընդգրկված` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Կենտրոնական հանձնաժողովը, որի նիստին կարող են մասնակցել նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, մարզերում հանրաքվեի վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում 7 օր հետո կազմում է հանրաքվեի ամփոփիչ արձանագրությունը` ամփոփ և ըստ մարզերի նշելով հետևյալ տվյալները.

ա) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակի.

բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.

գ) տեղամասային հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

դ) մարված քվեաթերթիկների թիվը.

ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.

զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

ը) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ժ) անճշտությունների չափը:

3. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի` նիստին ներկա անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը:

4. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում` ներկայացնելով իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում:

6. Կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշում ընդունվելուց հետո կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, 3 ժամվա ընթացքում, Հանրային հեռուստառադիոընկերության ուղիղ եթերով, պաշտոնապես հրապարակում է հանրաքվեի վերջնական արդյունքները:

7. Մինչև հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:

8. Դիտորդի պահանջով նրան տրվում է հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:

 

ՀՈԴՎԱԾ 35. ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

1. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով ամփոփելով հանրաքվեի արդյունքները, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին.

2) հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին.

3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

2. Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

3. Հանրաքվեի դրված նախագիծը չընդունված է համարվում, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները:

4. Հանրաքվեի արդյունքները համարվում են անվավեր, եթե անճշտությունների չափը կամ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդում են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա:

Հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան քսան օր հետո սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է նոր քվեարկություն:

5. Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել սահմանադրական դատարանում` արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում կենտրոնական հանձնաժողովի կամ սահմանադրական դատարանի` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշումը հրապարակվելուց հետո նախագծերը հնգօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու պահից:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հանրաքվեի փաստաթղթերը կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով պահպանվում են պետական արխիվում` առնվազն տասը տարի:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 38. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի դրույթների խախտումն առաջ է բերում ընտրական իրավունքի դեմ կատարված իրավախախտումների համար օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 39. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի ապրիլի 2-ին ընդունված «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
9 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-225