Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0019/06/18

ԵԴ/0019/06/18

Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ` Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
պաշտպան` Հ. ԱԼՈՒՄՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Թաթուլ Լյովայի Շուշանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Թ.Շուշանյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 69105317 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և միացվել է թիվ 55101817 քրեական գործին։

2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում թիվ 55101817 քրեական գործի նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և միացվել է թիվ 55101817 քրեական գործին։

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից մաս է անջատվել, որին շնորհվել է 69100618 համարը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Թաթուլ Լյովայի Շուշանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Թ.Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ մերժվել է պաշտպանի միջնորդությունը՝ Թ.Շուշանյանին կալանքից գրավով ազատելու մասին:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Թ.Շուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է, միաժամանակ մերժվել է պաշտպանի միջնորդությունը՝ Թ.Շուշանյանին կալանքից գրավով ազատելու մասին:

4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Թ.Շուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 2018 թվականի օգոստոսի 7-ը: Նույն որոշմամբ բավարարվել է նաև պաշտպան Ա.Մակինյանի միջնորդությունը, Թ.Շուշանյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի, և գրավի գումարի չափ է սահմանվել 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը:

5. Դատախազի և տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշումը մասնակի բեկանել է և գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Թ.Շուշանյանի պաշտպան Հ.Ալումյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մայիսի 30-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Ս]ույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունը դատարանին թույլ է տալիս գալ այն հետևության, որ բացակայում են կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը, և գրավը, որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի գտնվելն ապահովելու համար, այն համաչափ է հասարակության ընդհանուր շահի և մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռման տեսանկյունից»1:

8. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշման համաձայն. «(...)[Վ]երաքննիչ դատարանի գնահատմամբ` Թաթուլ Շուշանյանին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, դրանց վտանգավորության աստիճանը (…), կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, նրա անձը (աշխատանքը ՀՀ քննչական կոմիտեում, նախկինում զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքը և հնարավոր կապերը), վերագրվող արարքների կապվածությունը մեղադրյալի նախկին ծառայողական գործունեության հետ, վարույթին մասնակցող անձանց շրջանակի առանձնահատկությունը (այդ թվում նաև` մեղադրյալի նախկին ենթակայի)` իրենց համակցության մեջ` մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ Թաթուլ Շուշանյանը կարող է ոչ միայն թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, այլև խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարության մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Հետևաբար` Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չի դատարանի հետևությունն առ այն, որ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախությունը էականորեն նվազել է:

Ինչ վերաբերվում է դատարանի այն հետևությանը, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կատարված մեծածավալ ձայնագրություններով անցնող անձանց հարցաքննության օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը հիմնավորված չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել, որ նշված ձայնագրություններով անցնող անձինք առնչություն ունեն Թաթուլ Շուշանյանին վերագրվող արարքների հետ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշյալ միջոցառման արդյունքում կատարված ձայնագրություններով անցնող անձինք ողջամտորեն հնարավոր է, որ մասնակից դարձվեն սույն գործով վարույթին, հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` կոնկրետ դեպքում կանխատեսելի է նաև, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ Թաթուլ Շուշանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, նաև քրեական դատավարությանը դեռևս մասնակից չդարձած անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

Անդրադառնալով մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու թույլատվության հարցին Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) սույն գործի նյութերում բացակայում են այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտան փաստարկված դատողություն անելու առ այն, որ տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի ոչ իրավաչափ վարքագծի կանխման համար: Վերաքննիչ դատարանի այդպիսի եզրակացման համար հիմք է հանդիսանում մասնավորապես` մեղադրյալ Թաթուլ Շուշանյանին վերագրվող հանցագործությունների բնույթը և վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, նրա անձը, վերագրվող արարքների կապվածությունը մեղադրյալի նախկին ծառայողական գործունեության հետ, վարույթին մասնակցող անձանց շրջանակի առանձնահատկությունը: (…)»2:

8.1 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Թ.Շուշանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատական ակտով խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` Թ.Շուշանյանի ազատության իրավունքը։

9.1 Բողոքաբերը, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 150-րդ և 287-րդ հոդվածները, գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գրավ կիրառելու մասին որոշումները դատախազի կամ տուժողի կողմից բողոքարկվել չեն կարող, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատախազի և տուժողի ներկայացուցիչների բողոքները վարույթ է ընդունել:

9.2 Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը բացի Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված համարված կալանավորման հիմքից, այն է` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունից, գտել է, որ առկա է նաև Թ.Շուշանյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականություն, ինչից ելնելով էլ գրավը չի դիտարկել որպես բավարար երաշխիք՝ վերջինիս պատշաճ վարքագծի ապահովման համար:

Բողոքաբերը փաստել է, որ առաջնորդվելով ազատության կանխավարկածով՝ Վերաքննիչ դատարանը պետք է քննարկեր ոչ թե այն հարցը, թե առկա են արդյոք փաստական տվյալներ, որոնք կվկայեն գրավ կիրառվելու դեպքում Թ.Շուշանյանի պատշաճ վարքագծի մասին, այլ թե առկա են արդյոք այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն, որ մնալով ազատության մեջ՝ Թ.Շուշանյանը կխախտի գրավի պայմանները:

Բողոքաբերի պնդմամբ՝ այն հանգամանքը, որ քսան օր շարունակ գտնվելով ազատության մեջ՝ մեղադրյալ Թ.Շուշանյանը թույլ չի տվել որևէ գործողություն, որը կարող էր վկայել, որ նա խոչընդոտել կամ կարող է խոչընդոտել քննությանը, հիմնավորում է, որ գրավը բավարար երաշխիք է Թ.Շուշանյանի կողմից իր դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը երաշխավորելու համար:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա±փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Թ.Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (…) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

(…)

3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:

14. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի հարցը, արձանագրել է. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ: Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդ որում օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է դռնփակ նիստում՝ դատախազի և պաշտպանի ներկայությամբ:

(…)

Վերոշարադրյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ (…)

-օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին: Այսինքն՝ դատախազն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու է մասնակցելու նաև այն դատական նիստին, որում քննության առարկա է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելին՝ իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը կամ այն անձամբ պաշտպանել: Ասվածի համատեքստում, նման օրենսդրական կարգավորման պայմաններում տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է,

- օրենսգրքի 285 և 287-րդ հոդվածները վերաբերում են բացառապես կալանքի հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը և դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի բացառիկ իրավասությանը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկման առնչությամբ»4:

15. Մեջբերված իրավական նորմերի վերլուծության և Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշմամբ նշել է, որ. «(…) [Օ]րենսդիրը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների սպառիչ շարքին է դասում մեղադրանքի կողմից` դատախազին, պաշտպանության կողմից` մեղադրյալին, նրա պաշտպանին և օրինական ներկայացուցչին: Նշվածից բխում է, որ օրենսդիրը մեղադրանքի կողմում հանդես եկող տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին իրավունք չի վերապահում բողոքարկելու մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Այլ կերպ` նախնական կալանքի կամ այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին դատարանի որոշման դեմ վերադաս դատական ատյան դիմելու մատչելիության իրավունքը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի համար սահմանափակված է:

(…) [Դ]ատախազը, հանդիսանալով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված դատավարական սուբյեկտ, կոչված է երաշխավորելու գործով շահագրգիռ անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումը: Այդ համատեքստում` դատախազն ապահովում է մեղադրանքի կողմից հանդես եկող տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` հաշվի առնելով նաև վերջինիս ունեցած դիրքորոշումները` վարույթի ընթացքում կատարվող գործողությունների և կայացվող որոշումների վերաբերյալ: Ասվածն ուղղակիորեն հետևում է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականից, համաձայն որի՝ վարույթի ընթացքում դատախազը պարտավոր է ներկայացնել և պատշաճ ուշադրության արժանացնել տուժողի տեսակետներն ու մտահոգությունները:

Ուստի, մինչդատական վարույթի ընթացքում դատախազը խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելիս նկատի է ունենում նաև տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումները (ինչպես օրինակ` մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու դեպքում իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու, անվտանգությանը սպառնալու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վտանգի վերաբերյալ): Հետևաբար, մինչդատական վարույթի շրջանակներում դատախազի կողմից` խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու միջոցով է ներկայացվում տուժողի հնարավոր դատավարական շահը, որպիսի մոտեցումն արձանագրվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերը վկայակոչված որոշման շրջանակներում:

Բացի այդ, (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը ուղարկվում է տուժողին։ Այսինքն` օրենսդիրն իմպերատիվ պահանջ է նախատեսել խափանման միջոցի վերաբերյալ որոշման բովանդակության մասին տուժողին տեղեկացնելու և այդ կերպ գործի ընթացքի մասին տուժողի պատշաճ իրազեկումն ապահովելու, ինչը նաև ըստ էության բխում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85)11 և 2006 թվականի հունիսի 14-ին ընդունված «Հանցագործությունից տուժած անձանց օժանդակության վերաբերյալ» թիվ Rec(2006)8 հանձնարարականներում ամրագրված դրույթներից։ Նշվածի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման շրջանակներում տուժողի հնարավոր դատավարական շահի ներկայացվածությունը կարող է ապահովվել ոչ միայն միջնորդավորված` դատախազի միջոցով, այլ կարիքն առաջանալու դեպքում կարող է ներկայացվել նաև անձամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով` խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար դատական նիստին կանչվելու միջոցով:

Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես հակակշռող գործոն հարկ է նաև առանձնացնել տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումների հաշվառմամբ անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հնարավորությունը: Մասնավորապես, այն որպես գործուն միջոց, կարող է կիրառվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժողի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Վերոնշյալ հակակշռող գործոնների պայմաններում (…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու, ինչպես նաև այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից վերադաս դատական ատյան բողոքարկելու մատչելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ է (…)»:5

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- մեղադրյալ Թ.Շուշանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել նաև տուժողի ներկայացուցիչները6,

- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դատախազի և տուժողի ներկայացուցիչների բողոքները` 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ մասնակի բավարարել է դրանք, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 30-ի որոշումը` գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի7:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Թ.Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելն իրավաչափ չէ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ գրավ կիրառելու մասին որոշումը չէր կարող բողոքարկել նաև դատախազի կողմից8, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով սահմանված կարգով, ի թիվս այլոց, իրականացվում է դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու, այդ թվում` կալանքը գրավով փոխարինելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը9, իսկ ՀՀ քրեական դատավարության 287-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է բողոք բերելու դատախազի իրավունքը։

Բացի այդ, վճռաբեկ բողոքի՝ սույն որոշման 9.2-րդ կետում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թ.Շուշանյանին կալանավորելու անհրաժեշտության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստարկված է համարում Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Թ.Շուշանյանին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, վերագրվող արարքների կապը մեղադրյալի նախկին ծառայողական գործունեության հետ, վարույթին մասնակցող անձանց շրջանակի առանձնահատկությունն իրենց համակցության մեջ մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ՝ Թ.Շուշանյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող, ինչպես նաև դեռևս մասնակից չդարձված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ուստի գրավը` որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք ծառայել քրեական գործով վարույթի ընթացքում Թ.Շուշանյանի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար:

Ուստի հաշվի առնելով, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից քննվել և իրավաչափորեն բավարարվել է նաև Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը10՝ բողոքարկված դատական ակտը ենթակա չէ բեկանման:

Միևնույն ժամանակ հիմք ընդունելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել Թ.Շուշանյանի իրավունքի խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Թաթուլ Լյովայի Շուշանյանի իրավունքի խախտման փաստը:

3. Թաթուլ Լյովայի Շուշանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 273:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 92-94:

3 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման 6-րդ կետը։

5 Տե՛ս Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշման 18-րդ և 18.1-րդ կետերը։

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ և 8-րդ կետերը:

8 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:

8 Տե՛ս Գևորգ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ՇԴ/0182/06/16 որոշման 15-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Հատուկ կարծիք հայտնած դատավոր`

Ս. Ավետիսյան

 

ԵԴ/0019/06/18

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Դատավոր Սերժիկ Ավետիսյան

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` Վճռաբեկ դատարան2019 թվականի սեպտեմբերի 18-ի` Թաթուլ Լյովայի Շուշանյանի վերաբերյալ կայացրած դատական ակտի պատճառաբանական առանձին և եզրափակիչ մասերի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 69105313 քրեական գործը և միացվել է թիվ 55101817 քրեական գործին:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից անջատվել է առանձին մաս, որին շնորհվել է 69100618 համարը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Թաթուլ Լյովայի Շուշանյանը թիվ 69100618 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Թ.Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Թ.Շուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է: Պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Ա.Մակինյանի միջնորդությունը` Թ.Շուշանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին, և գրավի չափ է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը:

5. Դատախազի և տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանել է և գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Թ.Շուշանյանի պաշտպան Հ.Ալումյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

7. Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման համաձայն՝ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Ճանաչվել է Թաթուլ Լյովայի Շուշանյանի իրավունքի խախտման փաստը: Թաթուլ Լյովայի Շուշանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մայիսի 30-ի որոշմամբ մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի պաշտպան Ա.Մակինյանի միջնորդությունը բավարարել է, մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի, գրավի չափ սահմանելով՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ1:

9. Վերաքննիչ դատարանը, բավարարելով դատախազի և տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքները, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանել է. մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի2:

10. 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Թ.Շուշանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Առաջին ատյանի դատարան3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի դատական ակտով խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` Թ.Շուշանյանի ազատության իրավունքը։

Բողոքաբերը վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ և 287-րդ հոդվածները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից գրավ կիրառելու մասին որոշումները դատախազի կամ տուժողի կողմից բողոքարկվել չեն կարող, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը դատախազի և տուժողի ներկայացուցիչների բողոքները վարույթ է ընդունել:

Բողոքաբերը նշել է նաև, որ գրավը բավարար երաշխիք է Թ.Շուշանյանի կողմից իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարումը երաշխավորելու համար:

Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումը և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը, ստուգելով Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելու իրավաչափության հարցը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության և քրեադատավարական մի շարք նորմեր, ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշումը և Արտակ Հովհաննիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները4, հանգել է եզրահանգման, որ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելու մասով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում:

Արդյունքում՝ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ճանաչվել է Թաթուլ Շուշանյանի իրավունքի խախտման փաստը և Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումը և եզրահանգումը.

13. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշումը, դրա դեմ բերված մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը, ծանոթանալով վարույթում առկա նյութերին, լսելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ պաշտպանի հիմնավորումները և դատախազ Ա.Մնացականյանի պատասխանը, հայտնում եմ Հատուկ կարծիք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման պատճառաբանական առանձին մասերի և եզրափակիչ մասի վերաբերյալ, ներքոշարադրյալ պատճառաբանություններով:

13.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:

13.2. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլնի, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտների հարցը, արձանագրել է, որ դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Նման օրենսդրական կարգավորումների պայմաններում՝ տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է5:

14. Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշման առնչությամբ ներկայացված Հատուկ կարծիքում քննարկման առարկա դարձնելով տուժողի, տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցը, արտահայտել եմ հետևյալ իրավական դիրքորոշումները.

<<Տուժողի կարգավիճակին նվիրված միջազգային փաստաթղթերում մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների ընտրության վարույթին մասնակցելու վերաբերյալ պահանջ նախատեսված չէ: Միևնույն ժամանակ տարբեր փաստաթղթերում ընդգծվում է դատական և վարչական վարույթների՝ տուժողի կարիքներին հնարավորինս համապատասխանելուն աջակցելու6, ինչպես նաև մատչելի ընթացակարգերի միջոցով քրեական դատավարության բոլոր փուլերում տուժողի պահանջները հաշվի առնելու, քրեական արդարադատության նկատմամբ տուժողների վստահությունը բարձրացնելու7 անհրաժեշտությունը:

Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականի համաձայն՝ վարույթի ընթացքում դատախազը պարտավոր է ներկայացնել և պատշաճ ուշադրության արժանացնել տուժողի տեսակետներն ու մտահոգությունները8:

Տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց ներկայացուցչի դատավարական կարգավիճակին մշտապես անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը, ընդգծելով, որ քրեական դատավարության ընթացքին տուժողի, տուժողի իրավահաջորդի մասնակցությունը մի կողմից անհրաժեշտ նախապայման է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ նպաստում է քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը9:

Հիշյալ պահանջների հաշվառմամբ հայրենական գրականությունում քննարկվում է տուժողի կարգավիճակի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, նշվում է, որ մեղադրյալի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի ընտրությունը երաշխավորում է տուժողին անվտանգության որոշակի աստիճան, ուստի տուժողի իրազեկված լինելը, թե խափանման ինչ միջոց է ընտրվել մեղադրյալի հանդեպ, նրան վստահություն է ներշնչում իր անվտանգության հարցում: Իսկ այն դեպքում, եթե տուժողը համարի, որ ընտրված խափանման միջոցը բավարար չէ իր անվտանգությունն ապահովելու համար, նա հնարավորություն ունի ժամանակին միջոցներ ձեռնարկելու համապատասխան խափանման միջոցը փոխելու համար՝ համապատասխան միջնորդություն ներկայացնելով10:

Հատուկ հետազոտություն իրականացրած հեղինակները նշում են, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունքով պետք է օգտվի նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և տուժողի իրավահաջորդը, քանի որ կալանավորումը որպես խափանման միջոց նպատակ է հետապնդում նաև ապահովել քրեական դատավարության խնդիրները, որի կենսագործումն անմիջականորեն կապված է տուժողի շահերի հետ: Կալանքի օրինականության ու հիմնավորվածության ապահովումը չպետք է կապված լինի այն բանից, թե ով է այդ որոշումը բողոքարկում11:

Մի շարք հեղինակներ անդրադառնալով կալանքը՝ որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատական ակտը բողոքարկելու տուժողի իրավունքի հարցին, նշում են, որ տուժողը կալանքի վերաբերյալ դատարանի այս որոշումը բողոքարկելու իրավունք ունի: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելը համարվում է պաշտպանության միջոց, իսկ 98-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո, հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու օրենսգրքով սահմանված կարգով: Այս նորմերից բխում է, որ եթե մինչդատական վարույթում տուժողը դիմել է քննիչին, որպեսզի վերջինս կալանքը, որպես պաշտպանության միջոց, կիրառելու միջնորդություն ներկայացնի դատարան, սակայն դատարանը մերժում է քննիչի միջնորդությունը, ապա տուժողը պետք է օժտված լինի այդ որոշմանը ծանոթանալու և այն բողոքարկելու իրավունքով12:

Քննարկվող հարցը վիճելի է նաև Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես, տեսաբանները, ինչպես նաև ՌԴ սահմանադրական և գերագույն դատարանները գտնում են, որ օրենսգրքով չնայած ուղղակի նախատեսված չէ, բայց նաև բացառված էլ չէ տուժողի մասնակցությունը քննարկվող վարույթին, և այն դեպքերում, երբ տվյալ խափանման միջոցի կիրառման հարցը շոշափում է տուժողի իրավունքները և օրինական շահերը, այդ թվում՝ իր անձնական անվտանգության պաշտպանության կամ պատճառված գույքային վնասի հատուցման ապահովման հետ կապված, նա պետք է ունենա տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու և դատական ակտը բողոքարկելու իրավունք: Գերագույն դատարանը պարզաբանել է, որ տուժողը կամ նրա ներկայացուցիչը ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 389.1-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, անկախ նրանց մասնակցությունից դատական նիստին, իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտը13:

 

Վերոգրյալի համատեքստում մեջբերված Հատուկ կարծիքում արձանագրել եմ հետևյալը.

1) Օրենսգրքի մեջբերված իրավական կարգավորումներից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը հանձնում է նաև տուժողին, իսկ դատական նիստին չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկվում է նրան,

2) խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար Վերաքննիչ դատարանի դատական նիստին կարող է կանչվել նաև տուժողը:

3) գործող օրենսդրական կարգավորումների համաձայն տուժողը կալանավորման վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չունի,

4) կալանավորման որոշման բողոքարկման նպատակահարմարության հարցում տուժողի և դատախազի միջև անհամաձայնության դեպքում, տուժողը փաստացի զրկվում է դատական ակտը անձամբ բողոքարկելու և վերանայման վարույթին մասնակցելու իրավունքից,

5) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներում կարգավորվում է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելու հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը: Մինչդեռ, <<կալանքը գրավով փոխարինելու մասին որոշումը>> նշված հոդվածներում մեջբերված չէ, ինչը կարելի է դիտարկել որպես օրենսդրական բաց: Սակայն, Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ (կետեր 11-րդ և 18-րդ) բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում օգտագործում է նաև <<կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու>> նախադասությունը: Հարկ է ընդգծել, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ այդպիսի արտահայտություն օգտագործված չէ:

Համակարծիք լինելով տուժողի կարգավիճակի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտության մասին միջազգային հանրության կողմից և հայկական դոկտրինաներում արտահայտված մոտեցմանը, գտնում եմ, որ տուժողը, լինելով ենթադրյալ հանցագործության փաստացի տուժած սուբյեկտ, զոհ, առնվազն մահվան ելքով գործերով պետք է կալանավորման՝ որպես խափանման միջոց կայացված որոշումների բողոքարկման լիարժեք իրավունք ունենա:

Վերոնշված մոտեցումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Սահմանադրության 24-րդ հոդվածում հռչակված է կյանքի իրավունքը:

Քննարկվող իրավական հարցի համատեքստում սկզբունքային նշանակություն ունի նաև Վճռաբեկ դատարանի կողմից առանձին դեպքերում դատավարության մասնակիցներին հնարավորություն տալ Վերաքննիչ դատարան անմիջական ռեժիմով բողոքարկել այնպիսի դատական ակտեր, որոնց բողոքարկման վերաբերյալ օրենքով ուղղակի դրույթ նախատեսված չէ: Այսպես, Վճռաբեկ դատարանը քննարկել է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավաչափության հարցը: Հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ արձանագրել է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման:

Վճռաբեկ դատարանն այս դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը՝ վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտում է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռվածության ողջամիտ հարաբերակցությունը14:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում սահմանված է դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման ազատության ընթացակարգը: Մինչդեռ նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածում նախատեսված չէ տուժողի կողմից կալանավորման վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավունքը:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածում առկա է բաց: Սակայն հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, գտնում եմ, որ այդ բացը (առնվազն մահվան ելքով գործերով) իրավակիրառ պրակտիկայում հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է վերստին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ տվյալ նորմի և իրավակիրառ պրակտիկայում տրված դրա մեկնաբանությունների սահմանադրականության հարցը բացահայտելու համար:

Տվյալ իրավակարգավորման թերությունը հանգեցրել է հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը դատարանների կողմից լիարժեք հաղթահարված չէ: Բացի այդ, վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը կարող է խախտել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված իրավունքները: Գտնում եմ, որ տվյալ իրավակարգավորման բացը հակասում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի դրույթներին>>15:

15. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Հատուկ կարծիքի եմ մնացել նաև Արայիկ Ներսիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման առնչությամբ16:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Թ.Շուշանյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 30-ի որոշումը բողոքարկվել է ինչպես դատախազի, այնպես էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից:

Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և դատախազի բողոքները բավարարվել են՝ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի:

Մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության ընթացքում, 2019 թվականի սեպտեմբերի 18-ի դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Մնացականյանը, մասնավորապես, հայտնեց, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի պարզաբանումների իմաստով նպատակահարմար կլինի տուժողների իրավունքները քրեական դատավարությունում ապահովվելու տեսանկյունից վերջիններիս իրավունք վերապահել բողոքարկելու խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները, չնայած, որ օրենքի համաձայն այդ իրավունքը պատկանում է դատախազին:

17. Վերահաստատելով Արտակ Հովհաննիսյանի և Արայիկ Ներսիսյանի գործերով կայացված որոշումների առնչությամբ իմ Հատուկ կարծիքներում արտահայտված վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, գտնում եմ, որ մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը ոչ իրավաչափ համարելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը վիճահարույց է:

Հարկ եմ համարում նշել, որ տվյալ իրավակարգավորման թերությունը ոչ միայն հանգեցրել է հակասական իրավական պրակտիկայի, որը դատարանների կողմից հաղթահարված չէ, այլ նաև այնպիսի մեկնաբանության ու կիրառման, որը իմ կարծիքով հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման:

Այսպես, Վճռաբեկ դատարանը, Արտակ Հովհաննիսյանի, Արայիկ Ներսիսյանի և Թաթուլ Շուշանյանի վերաբերյալ գործերով 2019 թվականի ապրիլի 11-ին և սեպտեմբերի 18-ին կայացրած որոշումներում իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ տուժողը, տուժողի իրավահաջորդը կամ նրա ներկայացուցիչը իրավունք չունեն բողոքարկելու խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումը, այդպիսի իրավունքով օժտված է միայն դատախազը:

Սակայն, Վերաքննիչ դատարանը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով 2019 թվականի հունիսի 25-ին քննության է առել ոչ միայն դատախազի, այլ նաև տուժող Ա.Ավագյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքները, կապված խափանման միջոց՝ անձնական երաշխավորությունը վերացնելու և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորում ընտրելու հետ և արդյունքում բավարարել նաև տուժող կողմի բողոքը: Տվյալ որոշման դեմ պաշտպանները վճռաբեկ բողոքներ են բերել և բողոքարկման հիմքում նշել են նաև այդ հանգամանքը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին17: Տվյալ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ներկայացրել եմ Հատուկ կարծիք18, որում, ի թիվս այլնի, ուշադրություն եմ հրավիրել նշված հարցին, առաջարկելով բողոքները ընդունել վարույթ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կայացնել նոր դատական ակտ:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ բավարար հիմքեր կան սույն գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար, պարզելու, թե արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածները՝ կալանավորման կամ կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատական ակտի բողոքարկման վերաբերյալ տուժողին, տուժողի իրավահաջորդին կամ նրա ներկայացուցչին բողոքարկման իրավունք չվերապահելու մասով առկա բացը չի հակասում ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածների պահանջներին:

Այսպիսով, գտնում եմ, որ պաշտպանի վճռաբեկ բողոքին հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Հաշվի առնելով վերոշարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 23-րդ և 71-րդ հոդվածներով,

 

գտնում եմ, որ՝

 

սույն քրեական գործի վարույթն անհրաժեշտ է կասեցնել և վերստին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածում առկա բացը (այնքանով որքանով, մատնանշված չէ տուժողի, տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցիչների, խափանման միջոցների վերաբերյալ դատական ակտերը բողոքարկելու իրավունքը), արդյո՞ք չի հակասում ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:

 

_________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 273:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 94:

3 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ:

4 Տե՛ս Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշումը։

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշումը:

6 Տե՛ս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 29.11.1985թ. թիվ 40/34 բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը:

7 Տե՛ս Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի՝ 28.06.1985թ. <<Քրեական իրավունքի և քրեական դատավարության շրջանակներում տուժողի կարգավիճակի մասին>> թիվ R (85) 11, 14.06.2006թ. <<Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ>> թիվ R(2006) 8 հանձնարարականները:

8 Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականը, կետ 32:

9 Տե՛ս Ս.Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշման 25-26 կետերը:

10 Տե՛ս Ս.Ա.Դիլբանդյան, Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մինչդատական վարույթում: Մենագր. /գիտ. խմբ.՝ Գ.Ս.Ղազինյան, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 216:

11 Տե՛ս Դ.Զ.Ավետիսյան, Կալանավորման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, Եր., ԵՊՀ հրատ., 2006, էջ 214:

12 Տե՛ս Ա.Ս.Ղամբարյան, Դատական ակտերի բողոքարկումը ժամանակակից քրեական դատավարությունում /գիտ. խմբ., պրոֆեսոր Ս.Ավետիսյան., Եր.: Լուսաբաց, 2017, էջ 49-50, Брусницын Л., Право потерпевшего обжаловать неизбрание меры пресечения // Уголовный процесс. 2009.-N6, С. 37-40.

Դատավարագետ Անի Դանիելյանը գտնում է, որ կալանքի կիրառելիության հարցի քննարկման վարույթին տուժողին մասնակից դարձնելու վերաբերյալ պահանջի նախատեսման նպատակահարմարությունը բացակայում է (Տե՛ս Ա.Կ.Դանիելյան, Մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, թեկն. ատենախոս., Եր., 2019, էջ 67:

13 Определение Конституционного Суда РФ от 17 октября 2006 г. N 422-О <<Об отказе в принятии к рассмотрению жалобы граждан Диденко Виктора Владимировича и Осадской Татьяны Михайловны на нарушение их конституционных прав положениям статей 42, 108 и главы 43 Уголовно-процессуалньного кодекса Российской Федерации>>, Постановление Пленума Верховного суда РФ от 29 октября 2009 г. N 22 <О практике применения судами мер пресечения в виде заключения под стражу, залога и домашнего ареста>>, п. 17:

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշումը:

15 Տե՛ս Արտակ Հովհաննիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի Հատուկ կարծիքը:

16 Տե՛ս Արայիկ Ներսիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0032/06/18 որոշման վերաբերյալ Հատուկ կարծիքը:

18 Տե՛ս Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշումը:

18 Տե՛ս Ռոբերտ Քոչարյանի թիվ ԵԴ/0253/01/19 գործով 2019 թվականի սեպտեմբերի 20-ի Հատուկ կարծիքը:

 

Դատավոր՝

Ս. Ավետիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: