Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0134/01/08

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

   
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ բողոք բերած անձ` Գ. Ջհանգիրյանի
դատախազ` Պ. Պետրոսյանի

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ Գ.Ջհանգիրյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Վարդան Վրեժի Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ:

Հետաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու փաստի առթիվ:

2008 թվականի փետրվարի 24-ին Գ.Ջհանգիրյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է։

1.1. 2008 թվականի մարտի 7-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, այն փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի օգոստոսի 13-ին Գ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով վերացվել է, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ և նույն թվականի օգոստոսի 22-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճռով Գ.Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Գ.Ջհանգիրյանի և նրա պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մայիսի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է նշանակված պատժի հետագա կրումից:

4. Գ.Ջհանգիրյանի և նրա պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանգիրյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանը, Գ.Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, հաստատված է համարել հետևյալ փաստերը «2008թ փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան քաղաք ընթացող «BMW-X5» մակնիշի 99 ՏԼ 555 պետհամարանիշի և նրան ուղեկցող «ՎԱԶ 21010» մակնիշի 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաներում զինված անձինք են գտնվում, որոնց ինքնությունն այդ տեղեկատվությունը ստանալու պահին պարզված չի եղել:

Ստացված օպերատիվ տեղեկությունը ստուգելու, իսկ հաստատման դեպքում այդ ավտոմեքենաներում գտնվող զինված անձանց վնասազերծելու ու բերման ենթարկելու նպատակով, ՀՀ ոստիկանության հիշյալ Գլխավոր վարչության Հատուկ նշանակության և Քրեական հետախուզական վարչության աշխատակիցներից կազմվել է օպերատիվ խումբ, որոնք ղեկավարության կողմից հրահանգավորում ստանալուց հետո, դիրքավորվել են Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում: Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, օպերատիվ միջոցառումն իրացնելիս, «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Ջհանգիրյանի մոտ հայտնաբերվել է հրազեն, վերջինիս վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել, որի ընթացքում օպերատիվ խմբի անդամ` ոստիկանության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանն իր հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել, որի հետևանքով հրազենային վնասվածք են ստացել ինչպես Վարդան Ջհանգիրյանը, այնպես էլ ոստիկանության աշխատակիցներ Տիգրան Կարապետյանը և Գևորգ Մալխասյանը:

Հիշյալ «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայի մեջ է գտնվել նաև Վարդան Ջհանգիրյանի եղբայր Գագիկ Ջհանգիրյանը, որը տեղում իր մոտ եղած հրազենը ոստիկանության աշխատակիցների պահանջով կամովին հանձնել է նրանց:

Ինչպես նախապես ունեցած օպերատիվ տեղեկատվության իրացումը, այնպես էլ հիշյալ միջադեպը հիմք են հանդիսացել, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, տարբեր ավտոմեքենաներով, բերման են ենթարկվել «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Վարդան և Գագիկ Ջհանգիրյաններն ու նրանց ուղեկցողներ` «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայում գտնվող` վերջինիս վարորդ Լյովա Պողոսյանը և օգնական Կարեն Հովհաննիսյանը: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են տեղափոխվել նաև հիշյալ երկու ավտոմեքենաները:

Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների ու Կարեն Հովհաննիսյանի մոտից, համապատասխանաբար, առգրավվել են` «CZ-75B» տեսակի, 36684 գործարանային համարի ատրճանակ` 15 փամփուշտներով, «IZH-75» տեսակի, թԿկ-1432 համարի ատրճանակ` 8 փամփուշտով, «Մակարով» տեսակի «Խխ3006Ժ» համարի ատրճանակ, 2 պահունակ` 16 փամփուշտներով:

Բացի այդ, Վարդան Ջհանգիրյանի վարած «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել և առգրավվել է «ԺԽ-118518» համարի 12.0մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան` 5 փամփուշտներով: Իսկ Գագիկ Ջհանգիրյանին ուղեկցող «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահից զննմամբ հայտնաբերվել և առգրավվել է, վերջինիս անվամբ հաշվառված, 9.0մմ տրամաչափի «խ-80646 2» գործարանային համարի «Բրաունինգ» մոդելի ատրճանակ` 14 փամփուշտներով, ինչպես նաև ձեռնաշղթա, զրահաբաճկոն և դանակ:

Ստուգմամբ պարզվել է, որ Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններին ուղեկցող «ՎԱԶ-21010» մակնիշի 80ՍՍ555 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից զննմամբ հայտնաբերված «Բրաունինգ» տեսակի «Լ-80646» գործարանային համարի հրազենն, իրոք, հաշվառված է Գագիկ Ջհանգիրյանի անվամբ, սակայն այդ հրազենի իրանի և փողի վրա` գործարանային համարի վերջնամասում, առկա է «2» թիվը:

Այդ կապակցությամբ, ինչպես նաև հիշյալ հրազենն իրեն ուղեկցող ավտոմեքենայում գտնվելու հանգամանքների վերաբերյալ, Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է որևէ բացատրություն տալուց:

Նախաքննության մարմինը Արգավանդի խաչմերուկում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, իսկ հարուցված քրեական գործի նյութերով նոր քրեական գործ է հարուցել նաև Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ հայտնաբերված և առգրավված զենքերը և ռազմամթերքը Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը և Կարեն Հովհաննիսյանը պահել ու կրել են օրենքով սահմանված կարգով` համապատասխան թույլտվությունների հիման վրա: Միաժամանակ հիմնավորվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի զննմամբ առգրավված «Բրաունինգ» տեսակի ատրճանակը, թեև հաշվառված է եղել Գագիկ Ջհանգիրյանի անվամբ, սակայն, ըստ դատաձգաբանական փորձաքննության եզրակացության, գործարանային «Լ-80646» համարի վերջնամասում, ատրճանակի իրանի և փողի վրա դրոշմված «2» թիվը կատարվել է արհեստագործական եղանակով, չի պարզվել նաև, թե ինչ հանգամանքներում է Գագիկ Ջհանգիրյանի անվամբ հաշվառված այդ հրազենը հայտնվել վերջինիս ուղեկցող ավտոմեքենայի սրահում:

Բացի այդ, ՀՀ ոստիկանություն բերման ենթարկելուց հետո, Գագիկ Ջհանգիրյանը ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, որոնց կատարման համար վարույթ իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի հետագա քննության ընթացքում նախաքննության մարմինը հանգել է այն հետևության, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը շարունակել, այդ հոդվածով քննիչի 13.08.2008թ. որոշմամբ քրեական հետապնդումը նրա նկատմամբ վերացվել է` ապացույցների անբավարարության հիմքով ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել (...)»1։

61 Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել այն, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008 թվականի փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ապօրինի հրազեն կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ վարչության բակ բերման ենթարկվելուց հետո, նույն վարչության շենքի բակում` չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներ Արման Հարությունյանի և Տիգրան Աղվանյանի օրինական պահանջներին` չի կատարել ավտոմեքենայից իջնելու վերջիններիս պահանջը, ավտոմեքենայից իջնելիս փորձել է ոտքերով հարվածել նրանց: Ուժի գործադրմամբ ավտոմեքենայից իջեցնելուց հետո, ոստիկանության հիշյալ աշխատակիցների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքով հարվածել է ոստիկանության աշխատակից Արման Հարությունյանին` նրան պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև քաշել ու պատռել է ոստիկանության մյուս աշխատակից Տիգրան Աղվանյանի անթև համազգեստի գրպանը, իսկ այդ ամենը զուգորդվել է նաև նրանով, որ Գագիկ Ջհանգիրյանը սպառնացել է վերջիններիս ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Քանի որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է կամովին մտնել վարչական շենք, Արման Հարությունյանն ու Տիգրան Աղվանյանը ուժի գործադրմամբ, ձեռքերն ոլորելով կանխել են դիմադրությունը ու Գագիկ Ջհանգիրյանին մտցրել են վարչական շենքի նախասրահ2:

7. Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Գ.Ջհանգիրյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ որոշելով դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել վկաների մի մասին3:

8. Առաջին ատյանի դատարանը, Գ.Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելով մեղսագրվող հանցագործության կատարման մեջ, հիմք է ընդունել տուժողներ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 5-րդ վարչության կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի, նույն վարչության 1-ին բաժնի օպերլիազոր Տ.Աղվանյանի ցուցմունքները, ինչպես նաև վկաներ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ Կ.Բաբակեխյանի, Ս.Ասատրյանի, Տ.Հովհաննիսյանի, Գ.Վարդանյանի, Ա.Եղյանի, Ա.Եղիազարյանի, Ա.Սուքիասյանի, Վ.Գևորգյանի, Ա.Ապրիյանի, Մ.Բաղդասարյանի, Ռ.Մուրադյանի, Ա.Աղանիկյանի, Ա.Մարգարյանի, Մ.Ղազարյանի, Տ.Կարապետյանի, Գ.Վարդանյանի, Կ.Խաչատրյանի, Գ.Գևորգյանի, Մ.Արզումանյանի, Վ.Քաբաբյանի, Ռ.Կայֆաջյանի, Գ.Մադոյանի ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքները, իրեղեն ապացույց ճանաչված` տուժող Տ.Աղվանյանի ոստիկանության համազգեստն ու դրա 2008 թվականի փետրվարի 26-ի առգրավման արձանագրությունը, դատահետքաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 372 եզրակացությունը4:

9. Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշել է. «(...) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությանն այն մասին, որ Գ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա՝ առանց որևէ էական լրացուցիչ հիմնավորող ապացույցների, ապա (...) Վերաքննիչ դատարանը գտնում է՝ գործով տուժողների և վկաների՝ ոստիկանության աշխատակիցներ լինելու հանգամանքը չի նվազեցնում վերջիններիս ցուցմունքների ապացուցողական նշանակությունը, և անթույլատրելի է այն դիտել որպես կանխորոշիչ կամ կանխակալ հանգամանք:

Սրա հետ մեկտեղ քրեական գործում առկա են բացի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներից նաև ԿՀԴՊ ԳՎ օպերատիվ ղեկավարման բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր Ա.Եղյանի (...), նույն վարչության օպերատիվ ղեկավարման բաժնի ավագ ենթասպա Գ.Վարդանյանի (...), նույն վարչության 1-ին բաժնի օպերլիազոր Տ.Աղվանյանի (...), նույն վարչության 1-ին բաժնի կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի (...) [զեկուցագրերը] (...):

Բացի այդ, քրեական գործում առկա է տուժող Տ.Աղվանյանի ոստիկանական համազգեստի վերնազգեստը առգրավելու մասին արձանագրությունը, ինչպես նաև դատահետքաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննության թիվ 372 եզրակացությունը (...)»5:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբեր ԳՋհանգիրյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մասնակցել է Ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարի 22-ին կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Դրանից հետո իր և հարազատների նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազն իրեն պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմել է ՀՀ նախագահին, որից հետո ՀՀ նախագահի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և զրկվել դասային աստիճանից։ Այնուհետև, նույն օրը ժամը 22-ի սահմաններում իր եղբոր հետ ապօրինի բերման և քրեական հետապնդման է ենթարկվել։ Ըստ բողոքաբերի՝ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն, որը քողարկվել է կեղծ քրեական հետապնդում իրականացնելով, ինչն արտահայտվել է հետևյալ հակասություններով. իրեն բերման են ենթարկել մի հիմքով, ձերբակալել այլ հիմքով, կալանավորել մեկ ուրիշ հիմքով, իսկ կալանքի տակ պահելու ժամկետները երկարացվել են բոլորովին այլ հիմքերով:

101 Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, փաստել է, որ ստորադաս դատարանները գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Ըստ բողոքի հեղինակի՝ դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: Բողոքաբերի պնդմամբ՝ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն առավել արժանահավատ են համարել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները և արդյունքում եկել են սխալ եզրահանգման առ այն, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի մայիսի 20-ի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ, հռչակել իր անմեղությունը հանցադեպի բացակայության հիմքով և կարճել գործի վարույթը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

14. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»6:

«Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»7:

15. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում8 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ9,

- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»10,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին11,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն12,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին13,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները14:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Գ.Ջհանգիրյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ որոշելով դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել վկաների մի մասին15:

161 Առաջին ատյանի դատարանը, 2009 թվականի մարտի 23-ի դատավճռով Գ.Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ հիմք է ընդունել տուժողներ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի և նույն վարչության օպերլիազոր Տ.Աղվանյանի ցուցմունքները, վկաներ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցիներ Կ.Բաբակեխյանի, Ս.Ասատրյանի, Տ.Հովհաննիսյանի, Գ.Վարդանյանի, Ա.Եղյանի, Ա.Եղիազարյանի, Ա.Սուքիասյանի, Վ.Գևորգյանի, Ա.Ապրիյանի, Մ.Բաղդասարյանի, Ռ.Մուրադյանի, Ա.Աղանիկյանի, Ա.Մարգարյանի, Մ.Ղազարյանի, Տ.Կարապետյանի, Գ.Վարդանյանի, Կ.Խաչատրյանի, Գ.Գևորգյանի, Մ.Արզումանյանի, Վ.Քաբաբյանի, Ռ.Կայֆաջյանի, Գ.Մադոյանի ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքները, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված` տուժող Տիգրան Աղվանյանի ոստիկանական համազգեստն ու դրա՝ 2008թ. փետրվարի 26-ի առգրավման արձանագրությունը, դատահետքաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 372 եզրակացությունը16:

16.2 Վերաքննիչ դատարանը, 2009 թվականի հունիսի 23-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ գործով տուժողների և վկաների՝ ոստիկանության աշխատակիցներ լինելու հանգամանքը չի նվազեցնում վերջիններիս ցուցմունքների ապացուցողական նշանակությունը, և անթույլատրելի է այն դիտել որպես կանխորոշիչ կամ կանխակալ հանգամանք: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործում բացի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներից առկա են նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերատիվ ղեկավարման բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Ա.Եղյանի, նույն վարչության օպերատիվ ղեկավարման բաժնի ավագ ենթասպա Գ.Վարդանյանի, ինչպես նաև՝ տուժողի ոստիկանական համազգեստն առգրավելու մասին արձանագրությունը, դատահետքաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը17:

17. Սույն որոշման 16-16.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ԳՋհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովվել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները ԳՋհանգիրյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Գ.Ջհանգիրյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` տուժողներ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի և նույն վարչության օպերլիազոր Տ.Աղվանյանի ցուցմունքներն են։ Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, այն է` որպես վկա հարցաքննված ոստիկանության մյուս աշխատակիցների ցուցմունքները, իրեղեն ապացույցը, դրա առգրավման արձանագրությունն ու փորձագիտական եզրակացությունը, ապա դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում ԳՋհանգիրյանի առնչությունը մեղսագրվող արարքին։

Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Գ.Ջհանգիրյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, սույն գործով ևս պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Մասնավորապես, պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք, ըստ պաշտպանների, կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալները և հիմնավորում էին դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը։ Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:

18. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ ԳՋհանգիրյանի մեղավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»։

18.1. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ. «(…) «[Ա]պացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։

(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։

(…) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։

(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

(…)։

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։

(…) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (…)։

(…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»18։

19. Սույն որոշման 18-18.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման 16-16.2-րդ կետերում ներկայացված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` Գ.Ջհանգիրյանին բերման և քրեական հետապնդման ենթարկելուն նախորդող և հաջորդող իրադարձությունների համատեքստում19 արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից: Այսպես, դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է.

Գ.Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին, և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ.Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից։

Նույն օրը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան քաղաք ընթացող «BMW-X5» մակնիշի և նրան ուղեկցող «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաներում զինված անձինք են գտնվում: Կարճ ժամանակ անց, օպերատիվ միջոցառումն իրացնելիս, «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գ.Ջհանգիրյանի եղբայր Վ.Ջհանգիրյանի մոտ հայտնաբերվել է հրազեն: Նրան վնասազերծելիս ոստիկանության աշխատակից Ռ.Մուրադյանն իր հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել, որի հետևանքով հրազենային վնասվածք են ստացել ինչպես Վ.Ջհանգիրյանը, այնպես էլ ոստիկանության աշխատակիցներ Տ.Կարապետյանը և Գ.Մալխասյանը: Հիշյալ «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայի մեջ է գտնվել նաև Գ.Ջհանգիրյանը, որը ոստիկանության աշխատակիցների պահանջով տեղում կամովին հանձնել է իր մոտ եղած հրազենը20:

Ինչպես նախապես ունեցած օպերատիվ տեղեկատվության իրացումը, այնպես էլ հիշյալ միջադեպը հիմք են հանդիսացել ավտոմեքենաներում գտնվող անձանց, այդ թվում` Գ.Ջհանգիրյանին` ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկելու և նրանց մոտ գտնվող զենքերն առգրավելու համար21։

2008 թվականի փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Վ.Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ, և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Գ.Ջհանգիրյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու փաստի առթիվ և նույն օրը վերջինս ձերբակալվել է22:

Հարկ է նաև նշել, որ գործով կատարված քննությամբ պարզվել է, որ հայտնաբերված և առգրաված զենքերը եղել են օրինական և Գ.Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` ապացույցների անբավարարության հիմքով։

Միաժամանակ, Գ.Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ՀՀ ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, ինչն առավելապես հիմնավորվել է վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից ոստիկանների ցուցմունքներով, ինչպես նաև դեպքի մասին միջնորդավորված ձևով իրազեկված ոստիկանության աշխատակիցների անուղղակի ցուցմունքներով։

Դեպքի վերոնշյալ ժամանակագրությունը` հանրահավաքին Գ.Ջհանգիրյանի մասնակցելու պահից մինչև ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվելը, այնուհետև` բերման ենթարկելու նախնական կասկածների փարատումն ու այդ մասով քրեական հետապնդման դադարեցումը և ոստիկանության բաժնում ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրման համար մեղադրանքի առաջադրումը, ողջամտորեն ստվերում են այն հիմնավորող, գործով ուղղակի ապացույց հանդիսացող՝ տուժող ճանաչված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը` կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը։

Վերոշարադրյալ անհերքելի գործոնների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Գ.Ջհանգիրյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը։

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Գ.Ջհանգիրյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանել:

2. Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 137-164:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 145:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 96,

քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 86,

քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 112:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 137-164:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 108-141-րդ:

6 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

8 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

9 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

10 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:

11 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:

12 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topić v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։

13 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ։

14 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

18 Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:

19 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 10-րդ կետերը։

20 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

21 Տե՛ս նույն տեղում։

22 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: