Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

           

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ2/0042/01/17

Քրեական գործ թիվ ԱՎԴ2/0042/01/17

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան

Դատավորներ՝

 Ս. Համբարձումյան

 Ս. Մարաբյան

      

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

    

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Մ. Մնացականյանի

  

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք.Երևանում

     

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Բենիկ Մուշեղի Պապիկյանի պաշտպան Գ.Ասատրյանի վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

   

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91158517 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Բ.Պապիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ Բ.Պապիկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի նոյեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 4-ի դատավճռով ամբաստանյալ Բ.Պապիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցանքը կատարելու մեջ ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցակազմի բացակայության հիմքով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 4-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Բ.Պապիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Բ.Պապիկյանի պաշտպան Գ.Ասատրյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ պաշտպանի բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Բենիկ Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «Նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 70179 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի հացահատ, կոչումով շարքային, 2017 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:30-ի սահմաններում, զորամասի ճաշարանից գաղտնի հափշտակել է 2017 թվականի մայիսի 9-ի նախաճաշի համար նախատեսված և զորամասի անձնակազմին չհատկացված զգալի չափերի` 15.480 ՀՀ դրամ արժողությամբ մեկ արկղ` 360 հատ հավկիթ, որն արկղով նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, զորամասից տեղափոխելու և իր ծանոթ Լևոն Ներսիսյանին փոխանցելու նպատակով, դրել է զորամասին հաց մատակարարող, վարորդ Վահե Գևորգյանի վարած «Ֆորդ տրանզիտ կոննեկտ» մակնիշի 33 OQ 909 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն զորամասից դուրս գալուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է Վայքի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից, որի ընթացքում գողոնը հայտնաբերվել է, ինչի արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցվել Բենիկ Պապիկյանի կամքից անկախ հանգամանքներով»1։

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով Բենիկ Պապիկյանի հանցանքն հիմնավորող, ինչպես նաև մեղադրական ճառում մեղադրողի կողմից որպես Բ.Պապիկյանի մեղավորությունը հաստատող ապացույցներ նշվածներից ոչ մեկը չի հաստատում նշված հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը Բ.Պապիկյանի արարքում, որի կատարման մեջ պետք է ճանաչել և հռչակել նրա անմեղությունը և արդարացնել նրան:

(...) Համադրելով Բ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ շարադրված փաստական տվյալները դատաքննությամբ հետազոտված ապացույցներում առկա փաստական տվյալների հետ` ակնհայտ է դառնում, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը նշված որոշման մեջ չի ներառել հափշտակության առարկայի նկատմամբ Բ.Պապիկյանի` որոշակի իրավասություն ունենալու հանգամանքը, որպիսի տվյալների ներառման պայմաններում նրա արարքը քրեաիրավական առումով չէր կարող որակվել որպես զգալի չափի գույքի գողության փորձ:

Մասնավորապես, քրեական հետապնդում իրականացնող մարմինն անտեսել է այնպիսի էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ, ինչպիսիք են`

1. թիվ 70179 զորամասի ճաշարանի պատասխանատու անձանց կողմից Բենիկ Պապիկյանին զորամասի պարենային մթերքների պահեստից նրանց փոխարեն ապրանքներ ստանալու հանձնարարություններ տալը,

2. Բենիկ Պապիկյանի կողմից խոհարարների հանձնարարությամբ 2017 թվականի մայիսի 6-ին և մայիսի 8-ին տարբեր խոհարարների փոխարեն նշված պահեստից չորս օրվա սննդամթերք, այդ թվում հավկիթ, անձամբ ստանալու և որպես դրանք ընդունած անձ թիվ 245, 247, 248, 249 ապրանքագրերում անձամբ ստորագրելու հանգամանքը,

3. Թիվ 2 կետում նշված չորս ապրանքագրերով ստացած ապրանքները ճաշարանի պետին, ավագ խոհարարին կամ այլ պատասխանատու անձի Բ.Պապիկյանի կողմից հանձնած լինելու վերաբերյալ փաստաթղթի բացակայության հանգամանքը,

4. թիվ 2 կետում նշված չորս ապրանքագրերով ստացված ապրանքների համար Բ.Պապիկյանի պատասխանատու լինելու վերաբերյալ վկաներ Ս.Սմբատյանի, Ս.Առաքելյանի, Հ.Մադաթյանի ցուցմունքներում նշված տվյալները,

5. քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից մեղադրական եզրակացության մեջ շարադրված և որպես հաստատված համարված այն հանգամանքը, որ Բենիկ Պապիկյանը 2017 թվականի մայիսի 8-ին զորամասի պարենային պահեստից ստացել է ճաշարանի` 2017 թվականի մայիսի 9-ի համար նախատեսված սննդամթերքը, այդ թվում` 458 հատ հավկիթ և տեղափոխել ճաշարանի սննդի պահպանման սենյակ, որտեղից բաշխվել է մթերքը և ինքն ու ճաշարանի խոհարարները այնտեղ մուտք գործելու իրավունք են ունեցել»:

6. Բ.Պապիկյանի կողմից ապրանքագրով ստացված ապրանքներից 15.480 ՀՀ դրամ արժողության 360 հատ հավկիթը մինչև նշված պահեստից դուրս բերելը և անհատույց օգտագործման համար այլ անձի հանձնելու նպատակով Վ.Գևորգյանի մեքենան տեղավորելը Բ.Պապիկյանի վստահության և պահպանության տակ գտնվելու և հետևաբար դրանց համար Բ.Պապիկյանի պատասխանատու լինելու հանգամանքը:

(...) Վերոշարադրյալ փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ վկայում են, որ վերադասի ցուցում-հանձնարարությամբ զորամասի պարենային պահեստից համապատասխան ապրանքագրերով անձամբ ապրանքներ ստանալու, փաստաթղթերում որպես ապրանքներն ընդունած անձ անձամբ ստորագրելու և ճաշարանի պահեստ տեղափոխելուց հետո որևէ փաստաթղթով այլ անձի հանձնված չլինելու փաստի ուժով Բ.Պապիկյանը հանդիսացել է այդ ապրանքների համար նյութական պատասխանատվություն կրող անձ:

Բացի այդ, վերադասի և այդպիսիք համարվող ճաշարանի պետի, ավագ խոհարարի հանձնարարությամբ ճաշարանի չոր սննդի պահեստ մուտք գործելու իրավունք ունեցող Բ.Պապիկյանի կողմից պահեստից օրվա հերթապահ խոհարարներին ըստ ճաշացանկի իր ստացած սննդամթերքը բաշխելով Բ.Պապիկյանը փաստացի իրականացրել է իր վստահության և պահպանության տակ գտնվող նյութական արժեքների ճակատագիրը որոշելու գործառույթը:

Նման պայմաններում Բ.Պապիկյանի կողմից պահեստից զգալի չափի հասնող` 15.480 ՀՀ դրամ արժողության 360 հատ հավկիթ ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով գաղտնի դուրս բերելու և անհատույց օգտագործման համար իր ծանոթին հանձնելու նպատակով Վ.Գևորգյանի ավտոմեքենան տեղավորելու, սակայն ավտոմեքենան զորամասի տարածքից դուրս գալուց հետո ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից մեքենայում հավկիթի արկղը հայտնաբերելու արարքը չի կարող որակվել որպես զգալի չափի հասնող գույքի գողության փորձ, քանի որ նկարագրված փաստական տվյալները վկայում են անձին վստահված գույքը յուրացնելու եղանակով հափշտակության փորձ կատարելու մասին:

(...) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննությամբ ապացուցվել է, որ թիվ 70179 զորամասի արտահաստիքային հացահատ Բ.Պապիկյանի կողմից նրան վստահված գույքը` 15.480 ՀՀ դրամ արժողության 360 հատ հավկիթը յուրացնելու եղանակով հափշտակության փորձ կատարելու արարքը թեև ձևականորեն համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-179-րդ հոդվածի հատկանիշներին, սակայն նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասով որպես հափշտակության զգալի չափի նվազագույն շեմ, բացի գողությունից, նախատեսված է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը` 30.000 ՀՀ դրամը, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշը կազմող, հափշտակված գույք զգալի չափի բացակայության հանգամանքով պայմանավորված` Բ.Պապիկյանի արարքում բացակայում է հանցակազմը (…)»2։

6.1. ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 70179 զորամասի հրամանատարի` 2017 թվականի հունվարի 17-ի թիվ 64 և նույն թվականի մայիսի 4-ի թիվ 633 հրամաններով Բ.Պապիկյանը ընդգրկվել է զորամասի ճաշարանում` որպես հացահատ3:

6.2. Բ.Պապիկյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ (…) ՀՀ ՊՆ թիվ 70179 զորամասի հրամանատարի հրամանով նշանակվել է որպես հացահատ և տեղափոխվել է զորամասի ճաշարան: Իր պարտականությունների մեջ է մտել հացը կտրել-բաժանելը, կարագը, շաքարավազը ըստ չափաբաժինների բաժանելը: (…) 2017 թվականի մայիսի 6-ին զորամասի սննդի պահեստից ճաշարանի խոհարարի հանձնարարությամբ ստացել է երկու օրվա` մայիսի 7-ի և մայիսի 8-ի սննդամթերքը, իսկ մայիսի 8-ին՝ դարձյալ ճաշարանի ավագ խոհարար Սիրվարդ Առաքելյանի հանձնարարությամբ ստացել է մայիսի 9-ի և մայիսի 10-ի սննդամթերքը և ապրանքագրերում ինքն է ստորագրել որպես սնունդը ստացող անձ: 2017 թվականի մայիսի 8-ին խոհարար Սիրվարդ Առաքելյանը խնդրել է իրեն զորամասի պարենային պահեստից ստանալ ճաշարանի՝ 2017 թվականի մայիսի 9-ի և 10-ի համար նախատեսված սննդամթերքը, որի մեջ եղել է նաև հավկիթ, սակայն մոռացել է մեկ արկղ` 360 հատ հավկիթը տրամադրել խոհարարներին, որից հետո մտածել է, որ զորամասի անձնակազմին նախաճաշի համար նախատեսված հավկիթը չտալու պատճառով կարող է իր վրա խոսակցություն գալ, վախեցել է և որոշել հավկիթի արկղը դուրս հանել զորամասի տարածքից և հանձնել իր ծանոթ Լևոն Ներսիսյանին: Դրանից հետո (…) հավկիթի արկղը դրել է Վահե Գևորգյանի ավտոմեքենայի բեռնախցիկում, (…) սակայն զորամասից դուրս գալուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է Վայքի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից և արկղը հայտնաբերվել է:

Մայիս ամսին պահեստից իր ստացած բոլոր ապրանքների ապրանքագրերը ստորագրել է ինքը, ճաշարանի չոր սննդի պահեստ մտնելու իրավունք ունեցել է, պահեստի բանալին եղել է իր մոտ: Քանի որ ինքն է ստորագրել և ստացել ապրանքը, կորուստի դեպքում ինքն է պատասխանատու եղել դրա համար: Սնունդը ստացել է խոհարարի հանձնարարությամբ բերել է պահեստ, սակայն որևէ փաստաթղթով խոհարարին չի հանձնել իր կողմից ստացված սնունդը: Չնայած իր պարտականությունների մեջ չի մտել բացի հացից, շաքարավազից, կարագից այլ` ապրանքները ստանալը, սակայն դա կատարել է ավագ խոհարարի հանձնարարություն - խնդրանքով, քանի որ նա հանդիսանում է ճաշարանում որպես իր ղեկավարը (…)»4:

6.3. Վկա Հռիփսիմե Մադաթյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ 70179 զորամասում որպես օժանդակ բանվոր, իսկ 2014 թվականին նշանակվել է խոհարար: 2016 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ 70179 զորամասի ճաշարանի պետի պաշտոնակատար: Բենիկ Պապիկյանը հանդիսացել է որպես հացահատ, նրա պարտականությունների մեջ է մտել հացը կտրել-բաժանելը, կարագը և շաքարավազը բաժանելը: (…) Եթե Բենիկն է ստացել ապրանքները, նա էլ ստորագրել է փաստաթղթերը:

Բացի այդ, երբ խոհարարը զբաղված է եղել` խնդրել են, և Բենիկն է օգնել ու ճաշարանի պահեստից տրամադրել օրվա հասանելիք սննդամթերքը: Իրենց հանձնարարությամբ նա ազատ մտել է պահեստ և դուրս է եկել և դրա համար պահեստի բանալին տվել են նրան:

(…) Չոր սննդամթերքի պահեստում գտնվող գույքի համար պատասխանատու է ճաշարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` խոհարարը: Բենիկ Պապիկյանը դրա հետ կապ չուներ, սակայն երբեմն իր խնդրանքով կամ իր հանձնարարությամբ գնացել և պահեստից ստացել է ապրանքները: Ապրանքները ստացել են փաստաթղթով, որը ստորագրել է օրվա խոհարարը և բժիշկը: Մեկ-մեկ ստորագրել է նաև Բենիկը, երբ ապրանքներ է ստացել (…)»5:

6.4. Վկա Գարիկ Քոչարյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2003 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ 70179 զորամասի պարենային պահեստի պետ:
Որպես կանոն պահեստից ապրանքագրի հիման վրա սննդամթերքը ստանում են ճաշարանի ավագ խոհարարը, վերակարգը և հերթապահը: Ապրանքագիրը ստորագրում է ավագ խոհարարը, բժիշկը:

2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 14-ի սահմաններում, եկել է զորամասի պահեստ, որպեսզի բաց թողնի մայիսի 9-ի և 10-ի սննդամթերքը: Զանգել է ավագ խոհարար Սիրվարդ Առաքելյանին, որն ասել է, որ ճնշումը բարձր է, չի կարողանում բարձրանալ պահեստ և ապրանքը ստանալու համար կուղարկի Բենիկ Պապիկյանին: Քիչ անց ապրանքագրերով պարենային պահեստ է եկել ճաշարանի հացահատ Բենիկ Պապիկյանը և ստացել մայիսի 9-ի և 10-ի համար նախատեսված համապատասխան չափաքանակի սննդամթերքը, որի մեջ եղել է արկղերով հավկիթ: Իր հիշելով արկղի մեջ եղել է 360 հատ հավկիթ: Փաստաթուղթը ինքը ստորագրել է որպես հանձնող, իսկ Բենիկը` որպես ստացող, այն ստորագրել է նաև բժիշկը: Բացի մայիսի 8-ից, Բենիկը պահեստից ապրանքներ է ստացել նաև մայիսի 6-ին և ստորագրել փաստաթղթերը: Քանի որ նշված օրերին Բենիկն է ստացել ապրանքները, նա էլ պատասխանատու է եղել դրանց համար մինչև խոհարարին հանձնելը, իսկ ճաշարանի պահեստի պահպանությունը Բենիկին հանձնելը իր կարծիքով պայմանավորված է նրանով, որ ճաշարանի պետը տեղում չի եղել (…)»6:

6.5. Վկա Սիրվարդ Առաքելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականից պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 70179 զորամասի նյութաապահովման վաշտի խոհարար, իսկ 2016 թվականից` որպես ավագ խոհարար: 2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 9:00-ից մինչև 2017 թվականի մայիսի 9-ը` ժամը 9:00-ն, նշանակված է եղել որպես զորամասի ավագ խոհարար: 2017 թվականի մայիսի 8-ին սովորականի նման ընդունել է հերթապահությունը, ճաշացանկին համապատասխան նախապատրաստել է ճաշին և ընթրիքին անձնակազմին այդ օրվա համար հատկացվող սնունդը: Հերթապահության է եղել որպես խոհարար` Նարինե Շահբազյանը, իսկ որպես հացահատ` Բենիկ Պապիկյանը: Քանի որ մայիսի 9-ը եղել է ոչ աշխատանքային օր, մայիսի 8-ին պետք է սնունդ ստանային մայիսի 9-ի և մայիսի 10-ի համար: Քանի որ ինքը վատ է զգացել, խնդրել է հացահատ Բենիկ Պապիկյանին, որպեսզի զորամասի պահեստից իր փոխարեն նա ստանա այդ երկու օրվա սնունդը: Բ.Պապիկյանը ստացել է սնունդը, ստորագրել ապրանքագիրը, ապրանքները բերել է ճաշարանի պահեստ և քանի որ պահեստի բանալին նրա մոտ է եղել` սնունդը դասավորել պահեստում: 2017 թվականի մայիսի 8-ին ապրանքագրով ստացված ապրանքներն ինքը փաստաթղթով Բենիկից չի ընդունել: Մայիսի 8-ի ընթրիքի և մայիսի 9-ի նախաճաշի համար նախատեսված ապրանքներն առանձնացրել են հիմնական սննդից ու հանձնարարել է Բ.Պապիկյանին մնացած ապրանքները տեղավորել ճաշարանի չոր սննդի պահեստում: (…) Քանի որ վատառողջ է եղել` ուշադիր չի եղել, որ նախաճաշին ձու չի եղել: Ենթադրել է, որ ձուն կլինի ճաշին: Հաջորդ օրը հերթապահությունը հանձնել է Հռիփսիմե Մադաթյանին, որին ասել է, որ ճաշին պետք է ձու տրվի անձնակազմին, քանի որ իրենք մոռացել են, նախաճաշին չեն տվել: (…) Մայիսի 9-ին ինքը հերթապահությունը հանձնել և բանալիները տվել է Հռիփսիմե Մադաթյանին և չի կարող ասել, թե ինչպես է այն հայտնվել Բենիկ Պապիկյանի մոտ: Բենիկ Պապիկյանը առնչություն չունի ապրանքները ստանալու հետ, սակայն նա դա կատարել է իր խնդրանքով: Նրա ստացած ապրանքների մեջ ձու եղել է , սակայն չի հիշում` ինչքան: (…) Բենիկ Պապիկյանն իրենց խնդրանքով օգնել է իրենց: Բենիկը չէր կարող որոշել` ինչ բերել, ինչ քանակով, դա որոշել է հերթապահ խոհարարը, իսկ Բենիկը օգնել և բերել է: Բենիկ Պապիկյանի ստացած ապրանքների բացակայության դեպքում պատասխանատու է ինքը, Նարինե Շահբազյանը և Բենիկ Պապիկյանը: Բանալին պետք է լինի խոհարարների մոտ, սակայն եղել են դեպքեր, որ Բենիկ Պապիկյանին են տվել` սննդի պահեստից ապրանք հանելու համար»7

6.6. ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 70179 զորամասի հրամանատարի թիկունքի և կազմի գծով տեղակալ Սարգիս Սմբատյանը դատաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքը. «(…) Զորամասի ճաշարանի չոր սննդի պահեստում գտնվող սննդի համար պատասխանատու են ճաշարանի պետը և ավագ խոհարարը, որը նախատեսված է ՀՀ ՊՆ 29.03.2013 թվականի թիվ 327 հրամանով: Նույն հրամանի համաձայն` ճաշարանի ավագ խոհարարը, ճաշարանի հերթապահի ներկայությամբ զորամասի պարենային պահեստից անձամբ ստանալով մթերքը, ստուգում է դրանց որակը և ապահովում պահպանությունը: Ճաշարանի չոր պահեստի պատասխանատուներ են համարվում ճաշարանի պետն ու ճաշարանի ավագ խոհարարը: (…) Սովորաբար սնունդը ստանում են երեկոյան` հաջորդ օրվա համար: Տեղյակ չէ, թե այդ օրը կոնկրետ ով է ստացել ապրանքները պահեստից, սակայն ըստ կարգի այն պետք է ստանար ավագ խոհարարը բժշկի հետ միասին: Բենիկ Պապիկյանը զորամասի հրամանատարի հրամանով նշանակված է եղել որպես զորամասի հացահատ: Նրա պարտականությունների մեջ է մտել հացը, կարագը և շաքարավազը ստանալ, ըստ չափաբաժինների կտրել և բաժանել: Մնացած ապրանքներն ստանալու հետ կապ չունի: Այն, որ մայիսի 9-ի սննդամթերքը ստացել է Բենիկ Պապիկյանը, իմացել է մայիսի 10-ին: Դրանից հետո նշանակվել է ծառայողական քննություն և պարզվել է, որ այդ օրը խոհարար Սիրվարդ Առաքելյանը վատ է զգացել և խնդրել է, որպեսզի ապրանքը Բենիկ Պապիկյանը ստանա, որն էլ ստացել և այն բերել է ճաշարանի չոր սննդի պահեստ: Ճաշարանում գտնվող չոր սննդի պահեստի պատասխանատուն օրվա ընթացքում ճաշարանի պետն է, իսկ երեկոյան ժամերին հերթապահ խոհարարը: Բանալիները պետք է գտնվի հերթապահ խոհարարի մոտ: Այն մշտապես չէր կարող գտնվել Բենիկ Պապիկյանի մոտ, սակայն հաճախակի է այն գտնվել նրա մոտ, որպեսզի կարգավորի պահեստը, քանի որ նա գրագետ էր և կարողանում էր սնունդը դասավորել ըստ ապրանքատեսակների: Նրա ելումուտը պահեստ չէր բացառվում: Նա պարբերաբար ներկա է եղել ապրանքների ստացմանը, զուտ օգնելու նպատակով: Քանի որ Բենիկ Պապիկյանը պարենային պահեստից ստորագրել և ստացել էր ապրանքները, նրա պատասխանատվությունը մինչև չոր սննդի պահեստ հանձնելն է»8:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի սխալ կիրառում, որի արդյունքում կայացրել է արդարացման դատավճիռ:

(…) Չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ հետևություններին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, ավելին՝ Բ.Պապիկյանին փաստացի դարձրել է հանցագործության հատուկ սուբյեկտ, որպիսի կարգավիճակ նա չի ունեցել իր ծառայության բերումով:

(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետևանք են այն բանի, որ հիմք է ընդունել ոչ թե այն հանգամանքը, որ չկա որևէ զինվորական կանոնակարգ, հրաման և այլ փաստաթուղթ, որը կսահմանի պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի հացահատի իրավունքներն ու պարտականությունները՝ սննդի ստացման, առաքման, բաշխման, պահպանման և այլնի հետ կապված, այլ զուտ փաստացի իրավիճակը, որ նրան վերադասները ցուցում-հանձնարարություն են տվել, որի իրավունքը չեն ունեցել, մինչդեռ՝ ինչպես նշվեց արարքը յուրացում/վատնում որակելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ առկա են գույքը հանցավորին վստահված լինելու օրինական հիմքեր:

Վերաքննիչ դատարանը (…) սույն գործով հաստատված է համարում հետևյալը`

1)   Բ.Պապիկյանը 2017 թվականի մայիսի 9-ի և 10-ի համար նախատեսված սննդամթերքը զորամասի պահեստից ստանալու իրավասություն չի ունեցել,

2)  Բ.Պապիկյանը նշված սննդամթերքը ստացել է ավագ խոհարար Ս.Առաքելյանի խնդրանքով,

3)  Բ.Պապիկյանը ստացված սննդամթերքը տեղավորել է ճաշարանի պահեստում, որի պատասխանատուն է հանդիսանում ճաշարանի պետն, իսկ նրա բացակայության դեպքում ավագ խոհարարը,

4)  Բ.Պապիկյանը չի ունեցել որևէ իրավասություն պահեստ մտնելու, այնտեղից ապրանքներ դուրս բերելու ուղղությամբ, քանի որ այդ պարտականությունը կրում են ճաշարանի պետն, իսկ նրա բացակայության դեպքում ավագ խոհարարը,

5)  Բ.Պապիկյանն, ունենալով պահեստի բանալիները (ընդ որում առանց սահմանված կարգի) այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 15.480 ՀՀ դրամ արժողությամբ, մեկ արկղ` 360 հատ հավկիթ:

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ հանցագործության պահին ամբաստանյալ Բ.Պապիկյանին օրինական հիմքով որևէ սննդամթերք, այդ թվում՝ հավկիթ վստահված չի եղել, նրա պահպանության տակ այդ ապրանքները չեն գտնվել, ինչը նշանակում է, որ նրա արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-179-րդ հոդվածի 1-ին մասին, այլ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասին: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Բ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ չեն և հանգեցրել են քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման (…):

(…)  Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից Բ.Պապիկյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով որակված է եղել ճիշտ, որի կատարման համար նա պետք է ենթարկվի պատժի (…)»9։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ ճիշտ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 179-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 397-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ Բ.Պապիկյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել այն արարքի համար, որը հաստատվել է Առաջին ատյանի դատարանի կողմից՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 34-179-րդ հոդվածով: Բ.Պապիկյանն իրեն վստահված չոր սննդի պահեստից դուրս է բերել մեկ արկղ հավկիթ` այլ անձի հանձնելու համար: Վերոնշյալ արարքը Վերաքննիչ դատարանն անհիմն վերաորակել է գողության փորձ` ակնհայտ սխալ մեկնաբանելով Բ.Պապիկյանի գործողությունները:

Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, համադրելով Բ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ շարադրված փաստական տվյալները դատաքննությամբ հետազոտված ապացույցներում առկա փաստական տվյալների հետ, արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը նշված որոշման մեջ չի ներառել հափշտակության առարկայի նկատմամբ Բ.Պապիկյանի` որոշակի իրավասություն  ունենալու հանգամանքը, որպիսի տվյալների ներառման պայմաններում, նրա արարքը քրեաիրավական առումով չէր կարող որակվել որպես զգալի չափերով գողության փորձ:

Ըստ բողոքաբերի՝ վերադասի ցուցում-հանձնարարությամբ զորամասի պարենային պահեստից համապատասխան ապրանքագրերով անձամբ ապրանքներ ստանալու, փաստաթղթերում որպես ապրանքներ ընդունած անձ` անձամբ ստորագրելու և ճաշարանի պահեստ տեղափոխելուց հետո որևէ փաստաթղթով այլ անձի հանձնած չլինելու փաստի ուժով Բ.Պապիկյանը հանդիսացել է այդ ապրանքների համար նյութական պատասխանատվություն կրող անձ:

Դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը պահպանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները, հետևաբար այն բեկանելու հիմքեր Վերաքննիչ դատարանը չի ունեցել:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 4-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանման, ինչպես նաև յուրացման և գողության հանցակազմերի սահմանազատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Բենիկ Պապիկյանին օրինական հիմքերով սննդամթերք, այդ թվում` մեկ արկղ հավկիթ վստահված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը

11. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով (…)»:

Յուրացման հանցակազմի հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Յուրացումը սեփականության անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հանցագործություն է, որը դասվում է հափշտակությունների շարքին: Յուրացման օբյեկտիվ կողմն արտահայտվում է հանցավորի կողմից իր լիազորությունների գործադրմամբ վստահված գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելով: Այսինքն` յուրացման դեպքում հանցավորը գույքն առանձնացնում է դրա սեփականատիրոջ գույքային ֆոնդից և միացնում իր կամ մեկ ուրիշի գույքային ֆոնդին` օգտագործելով այն լիազորությունները, որոնք նրան վերապահված են եղել այդ գույքի նկատմամբ: Այդ հանգամանքն ունի առանձնահատուկ նշանակություն անձի արարքում յուրացման հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայության հարցը քննարկելիս: Այդ համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հափշտակության առարկան հանցավորի ունեցած լիազորությունների ուժով առնվազն պետք է հանձնված լինի հանցավորի տիրապետությանը: Ընդ որում, այդ լիազորությունները պետք է բխեն որոշակի փաստական տվյալներից և պայմանավորված լինեն հանցավորի պարտականություններով, հատուկ հանձնարարություններով կամ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի դրույթներով:

Սուբյեկտիվ կողմից հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում իրեն վստահված գույքը հափշտակելուն: Հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Այսինքն` հանցանք կատարող անձը գիտակցում է իր կողմից ուրիշի գույքը յուրացնելու` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսում և ցանկանում է իրեն վերապահված լիազորությունների գործադրմամբ նյութական արժեքները սեփականատիրոջ գույքային ֆոնդից միացնել իր գույքային ֆոնդին:

(…)

Ինչ վերաբերում է յուրացման հանցակազմի սուբյեկտին, ապա այն հատուկ է: Մասնավորապես, որպես յուրացման հանցակազմի սուբյեկտ կարող է հանդես գալ այն անձը, ում վերապահվել են գույքի նկատմամբ որոշակի լիազորություններ, որոնց գործադրմամբ է յուրացվել վստահված գույքը»10:

Վերահաստատելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրացումը` որպես հափշտակության եղանակ, բնութագրվում է հափշտակության ընդհանուր հատկանիշներով, մասնավորապես` ուրիշի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, եթե վերջինս գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել11

Միևնույն ժամանակ, յուրացման հանցակազմն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով այն տարբերվում է հափշտակության մյուս եղանակներից: Մասնավորապես, յուրացման առարկան ոչ թե ցանկացած, այլ հանցավորին վստահված գույքն է, իսկ սուբյեկտը հատուկ է` 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական այն անձը, ում վստահվել է ուրիշի գույքը և ում վերապահվել են որոշակի լիազորություններ այդ գույքի նկատմամբ: Այլ կերպ` յուրացման դեպքում խոսքը ոչ թե գույքը պարզապես հանցավորին հասանելի լինելու, այլ դրա նկատմամբ վերջինիս կողմից կոնկրետ լիազորություններ ունենալու և դրանց գործադրմամբ ուրիշի գույքը հափշտակելու մասին է:

12. Անդրադառնալով յուրացման հանցակազմի հիմնական` ուրիշի գույքը հանցավորին վստահված լինելու հատկանիշի որոշման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

- գույքի վստահված լինելը ենթադրում է, որ այն գտնվում է անձի օրինական տիրապետման ներքո, ինչը կարող է պայմանավորված լինել համապատասխան իրավական ակտերի պահանջներով, անձի պաշտոնեական կամ ծառայողական դիրքով, կնքված պայմանագրի, աշխատանքային հարաբերությունների ուժով, հատուկ հանձնարարությամբ և այլն: Ընդ որում, գույքի վստահումը միշտ չէ, որ ենթադրում է գրավոր փաստաթղթի առկայություն, այն կարող է կատարվել նաև բանավոր կարգով, սակայն միայն օրինական հիմքերի առկայության դեպքում,

- գույքը վստահելը ենթադրում է ոչ թե գույքի պարզապես փոխանցում, այլ դրա նկատմամբ անձին որոշակի լիազորությունների վերապահում: Մասնավորապես, գույքի նկատմամբ անձը կարող է իրականացնել տնօրինման, տիրապետման, օգտագործման, կառավարման, առաքման կամ պահպանման լիազորություններ,

- գույքի վստահումը ենթադրում է նաև անձի` գույքի ամբողջականության և պահպանության համար պատասխանատվության կրում: Այլ կերպ` սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը, գույքը հանցավորին վստահելով, նրան վերապահում է որոշակի լիազորություններ, իսկ վերջինս էլ իր հերթին պատասխանատու է այդ գույքի պահպանության համար:

12.1. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարված արարքը յուրացում որակելու համար անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների պարզաբանում`

- արդյո՞ք ուրիշի գույքը գտնվում է անձի օրինական տիրապետման ներքո,

- ի՞նչ հանգամանքների ուժով է ուրիշի գույքը վստահվել հանցավորի օրինական տիրապետմանը (իրավական ակտերի պահանջ, պաշտոնական կամ ծառայողական դրություն, պայմանագրային կամ աշխատանքային հարաբերություններ, հատուկ հանձնարարություն և այլն),

- ի՞նչ լիազորությունով է օժտված հանցավորն ուրիշի գույքի նկատմամբ (տնօրինման, տիրապետման, օգտագործման, կառավարման, առաքման կամ պահպանման):

13. Հիմք ընդունելով յուրացման հանցակազմի պարտադիր հատկանիշների վերաբերյալ սույն որոշման նախորդ կետերում իրականացված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրացման հանցակազմի առարկայի և սուբյեկտի առանձնահատկություններն են կանխորոշում յուրացման և գողության հանցակազմերի սահմանազատման հիմնական չափանիշները: Մասնավորապես, ի տարբերություն յուրացման` գողության դեպքում հափշտակության առարկան հանցավորին վստահված չէ, և վերջինս այդ գույքի նկատմամբ որևէ լիազորությունով օժտված չէ. նա կա՛մ գույքի հետ որևէ առնչություն չունի, կա՛մ էլ գույքը նրան է հանձնվել միայն տեխնիկական կամ արտադրական նպատակներով (օրինակ` աշխատանքային պարտականությունների կատարման, գույքի ֆիզիկական պահպանության նպատակով և այլն): Այլ կերպ` հափշտակության առարկան հանցավորին տարբեր հանգամանքների ուժով հասանելի լինելը կամ նրան հանձնվելը դեռևս չի ենթադրում, որ վերջինիս այն վստահվել է և դրա նկատմամբ նրան կոնկրետ լիազորություններ են վերապահվել:

Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է, յուրացման դեպքում հափշտակության առարկան օրինական հիմքով տրվում է հանցավորին (օրինակ` իրավական ակտի պահանջներով, կնքված պայմանագրով, զբաղեցված պաշտոնով կամ ծառայողական դիրքով պայմանավորված և այլն), ինչի ուժով վերջինս գույքի նկատմամբ իրականացնում է կոնկրետ լիազորություններ` միաժամանակ պատասխանատվություն կրելով իրեն վստահված գույքի պահպանության համար

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը Բ.Պապիկյանին արդարացրել է` նշելով, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը որևէ գնահատման չի ենթարկել  հափշտակության առարկայի նկատմամբ Բ.Պապիկյանի` որոշակի իրավասություն ունենալու հանգամանքը, որպիսի տվյալների ներառման պայմաններում նրա արարքը քրեաիրավական առումով չէր կարող որակվել որպես զգալի չափի գույքի գողության փորձ: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ վերադասի ցուցում-հանձնարարությամբ զորամասի պարենային պահեստից համապատասխան ապրանքագրերով անձամբ ապրանքներ ստանալու, փաստաթղթերում որպես ապրանքներն ընդունած անձ անձամբ ստորագրելու և ճաշարանի պահեստ տեղափոխելուց հետո որևէ փաստաթղթով այլ անձի հանձնված չլինելու փաստի ուժով Բ.Պապիկյանը հանդիսացել է այդ ապրանքների համար նյութական պատասխանատվություն կրող անձ: Բացի այդ, վերադասի և այդպիսիք համարվող ճաշարանի պետի, ավագ խոհարարի հանձնարարությամբ ճաշարանի չոր սննդի պահեստ մուտք գործելու իրավունք ունեցող Բ.Պապիկյանի կողմից պահեստից օրվա հերթապահ խոհարարներին ըստ ճաշացանկի իր ստացած սննդամթերքը բաշխելով` Բ.Պապիկյանը փաստացի իրականացրել է իր վստահության և պահպանության տակ գտնվող նյութական արժեքների ճակատագիրը որոշելու գործառույթը12:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Բ.Պապիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել ոչ թե այն հանգամանքը, որ չկա որևէ զինվորական կանոնակարգ, հրաման և այլ փաստաթուղթ, որը կսահմանի պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի հացահատի իրավունքներն ու պարտականությունները՝ սննդի ստացման, առաքման, բաշխման, պահպանման և այլնի հետ կապված, այլ զուտ փաստացի իրավիճակը, որ նրան վերադասները ցուցում-հանձնարարություն են տվել, որի իրավունքը չեն ունեցել, մինչդեռ արարքը յուրացում/վատնում որակելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ առկա են գույքը հանցավորին վստահված լինելու օրինական հիմքեր: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Բ.Պապիկյանը սննդամթերքը զորամասի պահեստից ստանալու իրավասություն չի ունեցել, և այն ստացել է ավագ խոհարար Ս.Առաքելյանի խնդրանքով, ստացված սննդամթերքը տեղավորել է ճաշարանի պահեստում, որի պատասխանատուն ճաշարանի պետն է, իսկ նրա բացակայության դեպքում` ավագ խոհարարը, մինչդեռ Բ.Պապիկյանը որևէ իրավասություն չի ունեցել պահեստ մտնելու, այնտեղից ապրանքներ դուրս բերելու առումով, քանի որ այդ պարտականությունը կրում է ճաշարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` ավագ խոհարարը, ուստի Բ.Պապիկյանը, ունենալով պահեստի բանալիները (ընդ որում` առանց օրինական հիմքի), այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 15.480 ՀՀ դրամ արժողությամբ, մեկ արկղ հավկիթ:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հանցագործության պահին ամբաստանյալ Բ.Պապիկյանին օրինական հիմքով որևէ սննդամթերք, այդ թվում՝ հավկիթ վստահված չի եղել, նրա պահպանության տակ այդ ապրանքները չեն գտնվել, ինչը նշանակում է, որ նրա արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-179-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին13:

15. Սույն որոշման 11-13-րդ կետերում կատարված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետում շարադրված փաստական տվյալները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բ.Պապիկյանին օրինական հիմքերով սննդամթերք, այդ թվում` հավկիթ վստահված լինելու և դրանց նկատմամբ օրինական լիազորություններ ունենալու, հետևաբար նաև Բ.Պապիկյանի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների հնարավոր առկայության հարցում Առաջին ատյանի դատարանը եկել է սխալ եզրահանգման: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի առարկայի պարտադիր հատկանիշների, ինչպես նաև հանցագործության հատուկ սուբյեկտի բացակայության մասին վկայող` սույն գործում առկա փաստական տվյալների համակցությունը:

Այսպես` Առաջին ատյանի դատարանը թեև արձանագրել է, որ Բ.Պապիկյանը գործել է վերադասի ցուցում-հանձնարարությամբ և անձամբ է զորամասի պարենային պահեստից համապատասխան ապրանքագրերով ապրանքներ ստացել, փաստաթղթերում որպես ապրանքներն ընդունած անձ ստորագրել, այնուհետև տնօրինել դրանք, սակայն քննարկման առարկա չի դարձրել այն հարցը` արդյո՞ք Բ.Պապիկյանին օրինական հիմքերով է վստահվել համապատասխան սննդամթերքը, և արդյո՞ք կոնկրետ դեպքում վերադասի տված ցուցում-հանձնարարությունը եղել է օրինական (ընդ որում, պետք է նկատել, որ գործի փաստերից երևում է, որ ավագ խոհարար Ս.Առաքելյանը Բ.Պապիկյանին ոչ թե ցուցում-հանձնարարություն է տվել, ինչպես արձանագրել է Առաջին ատյանի դատարանը, այլ խնդրել է, որ իր փոխարեն զորամասի պահեստից ստանա սնունդը14:

Մասնավորապես, սույն գործի փաստերից հետևում է, որ Բ.Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 70179 զորամասի հրամանատարի հրամաններով ընդգրկված է եղել զորամասի ճաշարանում` որպես հացահատ, ում պարտականությունների մեջ են մտել հացը կտրել-բաժանելը, կարագը, շաքարավազը ըստ չափաբաժինների բաժանելը: Այլ ապրանքներ ստանալու հետ նա որևէ առնչություն չի ունեցել15: Այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ առկա չէ որևէ զինվորական կանոնակարգ, հրաման կամ այլ փաստաթուղթ, որը կսահմաներ պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի հացահատի իրավունքներն ու պարտականությունները` սննդի ստացման, առաքման, բաշխման, պահպանման և այլնի հետ կապված:

Միևնույն ժամանակ, ըստ գործում առկա` ավագ խոհարարի պարտականությունների հաստատված ցանկի, վերջինս պարտավոր է մթերքն անձամբ ստանալ` ճաշարանի հերթապահի ներկայությամբ, ստուգել դրանց որակը և ապահովել պահպանությունը16: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 70179 զորամասի հրամանատարի թիկունքի և կազմի գծով տեղակալ Ս.Սմբատյանը դատաքննության ընթացքում ընդգծել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության` 2013 թվականի մարտի 29-ի թիվ 327 հրամանի համաձայն` ճաշարանի ավագ խոհարարը, ճաշարանի հերթապահի ներկայությամբ զորամասի պարենային պահեստից անձամբ ստանալով մթերքը, ստուգում է դրանց որակը և ապահովում պահպանությունը: Նույն հրամանի համաձայն` զորամասի ճաշարանի չոր սննդի պահեստում գտնվող սննդի համար պատասխանատու են ճաշարանի պետը և ավագ խոհարարը17:

16. Վերոշարադրյալ փաստական տվյալներից ակնհայտորեն բխում է, որ Բ.Պապիկյանը զորամասի պարենային պահեստից անձամբ սնունդ ստանալու, ինչպես նաև այն տնօրինելու և պահպանելու ուղղությամբ կոնկրետ լիազորություններ իրականացնելու որևէ իրավասություն չի ունեցել:  

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի արձանագրած այն փաստին, որ Բ.Պապիկյանը գործել է վերադասի ցուցում-հանձնարարությամբ, ապա հարկ է փաստել, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ ավագ խոհարարը կարող էր հանձնարարել, հրահանգավորել այլ աշխատողների` իր փոխարեն կատարելու իր վրա դրված պարտականությունները: Ավելին` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 287-րդ հոդվածի համաձայն` «Օրվա վերակարգի բոլոր անձինք պետք է գիտենան, ճիշտ և բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները` համառորեն ձգտելով կանոնակարգի կատարմանը և ներքին կարգուկանոնի այլ պայմանների պահպանմանը: Օրվա վերակարգի անձինք իրավունք չունեն դադարեցնել կամ ուրիշին հանձնել իրենց պարտականությունների կատարումը առանց գնդի հերթապահի թույլտվության»: 

16.1. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերադասը կոնկրետ դեպքում Բ.Պապիկյանին նման ցուցում-հանձնարարություն տալու իրավունք չի ունեցել, հետևաբար հանցագործության պահին ամբաստանյալին օրինական հիմքով որևէ սննդամթերք, այդ թվում՝ հավկիթ վստահված չի եղել, նրա օրինական տիրապետման ներքո չի գտնվել: Այլ կերպ` Բ.Պապիկյանը չի հանդիսացել այն անձը` ում օրինական հիմքերով վստահվել է ուրիշի գույքը, հետևաբար նա դրանց նկատմամբ որևէ օրինական լիազորությամբ` տնօրինելու, առաքելու, պահպանելու և այլն, օժտված չի եղել:

Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն առ այն, որ Բ.Պապիկյանը համապատասխան ապրանքագրերով զորամասի պարենային պահեստից անձամբ է ապրանքներ ստացել, փաստաթղթերում որպես ապրանքներն ընդունած անձ անձամբ է ստորագրել և ճաշարանի պահեստ տեղափոխելուց հետո որևէ փաստաթղթով այլ անձի սնունդը չի հանձնել, բացի այդ, ստացած սննդամթերքը օրվա հերթապահ խոհարարներին պահեստից ըստ ճաշացանկի բաշխելով` փաստացի իրականացրել է իր վստահության և պահպանության տակ գտնվող նյութական արժեքների ճակատագիրը որոշելու գործառույթը, որևէ իրավական նշանակություն չեն կարող ունենալ` ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար: Այլ կերպ` հափշտակության առարկան հանցավորին տարբեր հանգամանքների ուժով հասանելի լինելը կամ նրան հանձնվելը դեռևս չի ենթադրում, որ վերջինիս այն վստահվել է և դրա նկատմամբ նրան կոնկրետ լիազորություններ են վերապահվել:

17. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բենիկ Պապիկյանին օրինական հիմքերով սննդամթերք, այդ թվում` մեկ արկղ հավկիթ վստահված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը հիմնավոր չէ:  

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Բենիկ Պապիկյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը (…)»:

Գողությունը` որպես հափշտակության եղանակ, բնութագրվում է հափշտակության ընդհանուր` օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով, այն է` ուրիշի գույքը գաղտնի կերպով, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով վերցնելով կամ հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով:

Անդրադառնալով շահադիտական նպատակի բուն էությանը` Վճռաբեկ դատարանը Գևորգ Մանգասարյանի վերաբերյալ որոշմամբ ընդգծել է, որ հանցավորը, հափշտակելով ուրիշի գույքը, ձգտում է նյութական օգուտ ստանալ` առանց դրա դիմաց հատուցում կատարելու` դրանով իսկ վնաս պատճառելով գույքի սեփականատիրոջը կամ այլ օրինական տիրապետողին: Այլ կերպ` նյութական շահ ստանալն այն հիմնական մղիչ ուժն է, որը դրդում է հանցավորին հափշտակելու ուրիշի գույքը` փոխարենը չկատարելով դրա դիմաց որևէ փոխհատուցում18:

19. Սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ թեև Բ.Պապիկյանը ընդգրկված է եղել զորամասի ճաշարանում` որպես հացահատ, ում պարտականությունների մեջ են մտել հացը կտրել-բաժանելը, կարագը, շաքարավազը ըստ չափաբաժինների բաժանելը, իսկ այլ ապրանքներ ստանալու, դրանք տնօրինելու հետ նա որևէ առնչություն չի ունեցել, այնուամենայնիվ, զորամասի ճաշարանի պետի պաշտոնակատարի, ավագ խոհարարի խնդրանքով հաճախ օգնել է նրանց, զորամասի պահեստից երբեմն անձամբ է ստացել ապրանքները, ինչպես նաև ճաշարանի պահեստից տրամադրել օրվա հասանելիք սննդամթերքը: Բացի այդ, Բ.Պապիկյանն ազատ ելումուտ է ունեցել պահեստ, և եղել են դեպքեր, երբ պահեստի բանալին հանձնվել է նրան, թեև այն պետք է գտնվեր խոհարարների մոտ: Այսպես` զորամասի հրամանատարի թիկունքի և կազմի գծով տեղակալ Ս.Սմբատյանն իր ցուցմունքներում ընդգծել է, որ ճաշարանի չոր սննդի պահեստի բանալին հաճախակի է գտնվել Բ.Պապիկյանի մոտ, որպեսզի վերջինս կարգավորի պահեստը, քանի որ նա կարողանում էր սնունդը դասավորել ըստ ապրանքատեսակների:

2017 թվականի մայիսի 8-ին ճաշարանի ավագ խոհարար Ս.Առաքելյանի խնդրանքով Բ.Պապիկյանը ստացել է մայիսի 9-ի և մայիսի 10-ի սննդամթերքը և ապրանքագրերում անձամբ ստորագրել` որպես սնունդը ստացող անձ, հետևաբար դրանց համար պատասխանատու է եղել նաև ինքը19:

Իր ցուցմունքներում Բ.Պապիկյանը նշել է, որ 2017 թվականի մայիսի 8-ին ստացած սննդամթերքի մեջ եղել է նաև հավկիթ, սակայն մոռացել է մեկ արկղ` 360 հատ հավկիթը տրամադրել խոհարարներին, որից հետո մտածել է, որ զորամասի անձնակազմին նախաճաշի համար նախատեսված հավկիթը չտալու պատճառով կարող է իր վրա խոսակցություն գալ, վախեցել է և որոշել հավկիթի արկղը դուրս հանել զորամասի տարածքից20:

20. Մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Բ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելիս, որևէ գնահատականի չի արժանացրել ամբաստանյալի կողմից մեկ արկղ հավկիթը զորամասից դուրս բերելու նպատակը և շարժառիթները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Բ.Պապիկյանի կողմից տրված ցուցմունքները պատշաճ գնահատման չի ենթարկել և չի դիտարկել սույն գործով հաստատված և որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների համատեքստում:

Այսպես` սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ Բ.Պապիկյանը մշտապես պատշաճ կերպով կատարել է իրեն տրված հանձնարարությունները, վայելել է վերադասների վստահությունը, կարողացել է կազմակերպել ճաշարանի պահեստի աշխատանքը, ինչի շնորհիվ նրան են վստահել նաև պահեստի բանալին: Ամբաստանյալն իր ցուցմունքներում ընդգծել է, որ 2017 թվականի մայիսի 8-ին ստացած` նախաճաշի համար նախատեսված հավկիթը չտալու պատճառով մտածել է, որ կարող է իր վրա խոսակցություն գալ, վախեցել է, ուստի որոշել է հավկիթի արկղը դուրս հանել զորամասի տարածքից:

Այլ կերպ` գործում առկա չէ բավարար տվյալ առ այն, որ Բ.Պապիկյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է շահադիտական նպատակով, այն է` զորամասի տարածքից փորձելով հանել մեկ արկղ հավկիթը` նյութական օգուտ ստանալու շահ է հետապնդել: Ավելին, ըստ ամբաստանյալի տված ցուցմունքների, վերոնշյալ արարքը կատարվել է միանգամայն այլ շարժառիթով` վախի և թերացման պատճառով խոսակցություններից խուսափելու դրդապատճառով, իսկ հակառակի մասին վկայող տվյալները գործի նյութերում բացակայում են

Այս առումով, Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ հափշտակությունները, այդ թվում` նաև գողությունը, սուբյեկտիվ կողմից դրսևորվում են միայն ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակներով: Այլ կերպ` արարքի նպատակը սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է, որի բացակայությունը ենթադրում է անձի արարքում նաև հանցակազմի բացակայություն: Հետևաբար, հափշտակությունների յուրաքանչյուր գործով շահադիտական նպատակի առկայությունը պետք է հաստատվի գործում առկա վերաբերելի և թույլատրելի ապացույցների բավարար համակցությամբ:

21. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չեն վերաբերելի և թույլատրելի ապացույցների բավարար ամբողջություն, ինչը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու Բ.Պապիկյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող հանցավոր արարքում:

Հետևաբար, Բենիկ Պապիկյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Բ.Պապիկյանի արարքում հաստատված համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա ապացույցների համակցությունը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների խախտում, ինչն իր բնույթով էական է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ 

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով արդարացման դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը սխալ է պատճառաբանել իր կողմից կայացված դատական ակտը, սակայն դա չի ազդել գործի ելքի վրա: Ուստի, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

   

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

 Ո Ր Ո Շ Ե Ց

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Բենիկ Մուշեղի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 27-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 4-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

        

________________________________________

1  Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 256:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 36-38:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 71-72:

4 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը, հատոր 3-րդ, թերթեր, 66-69:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 361-367, հատոր 2-րդ, թերթեր 166-167, 181-184, դատական նիստի լազերային սկավառակը, հատոր 3-րդ, թերթեր, 45-48:

6 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 184-187, հատոր 2-րդ, թերթեր 210-211, դատական նիստի լազերային սկավառակը, հատոր 3-րդ, թերթեր, 64-65:

7 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը, հատոր 3-րդ, թերթեր 107-108:

8 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը, հատոր 3-րդ, թերթեր 108-109:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 87-90:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սևակ Լսկավյանի վերաբերյալ գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0303/01/16 որոշման 12.1-րդ կետը:

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ղամբարյանի և մյուսների վերաբերյալ գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12, Գրիգոր Ղլիջյանի վերաբերյալ գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշումները:

12 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

13 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

14 Տե'ս սույն որոշման 6.5-6.6-րդ կետերը:

15 Տե'ս սույն որոշման 6.1-6.6-րդ կետերը:

16 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 140:

17 Տե'ս սույն որոշման 6.6-րդ կետը:

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Մանգասարյանի վերաբերյալ գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ1/0070/01/17 որոշման 14.1-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 6.1-6.6-րդ կետերը:

20 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

     

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան