Գլխավոր տեղեկություն
Համար
N 1336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանելու մասին» N 820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1336-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա:

3. Սույն կարգը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, կարգավորվող շուկայի oպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա:

4. Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագիրը համարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանող, եթե այն ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը`

1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը:

5. Համակարգչային ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի նաև, որպեսզի`

1) անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները համապատասխանեն միմյանց.

2) բոլոր գործառնությունների, դեպքերի և իրադարձությունների արդյունքները հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որոնց վերաբերում են:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2020 թվական: