Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.06.2001-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.411
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին

 

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

գեոդեզիա` երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ոլորտ.

քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ոլորտ.

գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական և արտադրական գործունեություն.

գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների ստեղծման գործընթաց.

քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:

 

Հոդված 2. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են`

ա) պետական նշանակության աշխատանքների.

բ) տեղական նշանակության աշխատանքների:

2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

ա) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.

գ) պետական գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.

դ) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.

ե) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարումը.

է) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, սերտիֆիկացումը, տեխնիկական նորմերի և ստանդարտների սահմանումը.

ը) գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծումը և վարումը.

թ) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

ժ) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.

ժա) գեոդեզիական աշխատանքների լիցենզավորումը.

ժբ) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ժգ) պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը:

3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրի, հողերի ծրաչափություն և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը` կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում.

բ) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:

4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

ա) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.

բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծումը գրաֆիկ, թվային (էլեկտրոնային) և այլ ձևերով, դրանց թարմացումը, հրատարակումը և բազմացումը.

գ) երկրագնդի հեռահար զոնդավորումը, օդահանութային (աերոհանութային) աշխատանքների կատարումը, ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը` քարտեզների ստացման նպատակով.

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.

զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը և աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը.

է) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի) ստեղծումը և հրատարակումը.

ը) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը, գրանցումը, չափաբանական ապահովումը, սերտիֆիկացումը, նորմերի և ստանդարտների սահմանումը.

թ) պետական երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.

ժ) պետական մասշտաբային շարքի քարտեզների ու հատակագծերի և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

ժա) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.

ժբ) քարտեզագրական աշխատանքների լիցենզավորումը.

ժգ) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը:

5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների (կադաստրային, գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ոռոգելի հողերի, երկրաբանական, տնտեսական, կլիմայական, պատմական, տուրիստական, հողերի ծրաչափության, հողաշինարարական, գեոդինամիկայի և այլն) ստեղծումն ու հրատարակումը.

բ) գերատեսչական և տեղական (համայնքային) երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.

գ) անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:

 

Հոդված 3. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված նյութերի և տվյալների օգտագործողներ:

2. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքը և նրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 4. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.

գ) սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.

դ) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը.

ե) սահմանում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների վերահսկողության կարգը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 5. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)`

ա) ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը.

բ) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.

գ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերի և ծրագրերի մշակումը, վերահսկում է դրանց իրականացումը.

դ) սահմանված կարգով իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողություն.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական և քարտեզագրական տվյալների բանկի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հերթապահ տեղեկատու քարտեզի) կառավարումը.

զ) սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.

է) հանդես է գալիս որպես պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.

ը) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.

ժ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները:

 

Հոդված 6. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Պետական կառավարման մարմինը`

ա) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

բ) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

գ) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

դ) իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը.

ե) վարում է այդ բնագավառին առնչվող տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական տվյալների բանկը.

զ) լիազորված մարմնին սահմանված կարգով տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 7. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում համայնքի ղեկավարը`

ա) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

բ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

գ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

դ) ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանության աշխատանքները.

ե) լիազորված մարմնին տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տվյալներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 8. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերը և ստանդարտները:

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է լիազորված մարմինը: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:

3. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:

Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`

ա) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.

բ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:

 

Հոդված 9. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գեոդեզիական չափումների, քարտեզագրական ստանդարտների միասնականության ապահովումը, գեոդեզիական և քարտեզագրական սարքերի և գործիքների փորձարկումների իրականացումը, այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը, չափաբանական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Չափաբանական նորմատիվների և ստանդարտների սահմանումն իրականացնում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով սերտիֆիկացման և ստանդարտացման պետական լիազորված մարմնի հետ:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման, գրանցման և սերտիֆիկացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

 

Հոդված 10. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա:

Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու և (կամ) կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները:

Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի առկայության, տարածքների ուսումնասիրվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է լիազորված մարմինը:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԸ

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստացված պետական գեոդեզիական պլանային և բարձունքային, պետական ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի կետերի քարտադարանները, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը (գրաֆիկ, թվային և այլ ձևերով), հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունները, օդահանութային և տիեզերահանութային նյութերն ու տվյալները, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութերն ու տվյալները ձևավորում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը` տեղեկատվական բանկը:

2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ընդգրկում է պետական նշանակություն ունեցող աշխատանքների իրականացումից ստացված նյութերն ու տվյալները և գտնվում է լիազորված մարմնի տնօրինության տակ:

Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից օգտվելու համար սահմանված կարգով գանձվում է վճար:

4. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պետական սեփականություն են:

5. Տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծված գերատեսչական ֆոնդերն ստեղծում է պետական կառավարման տվյալ մարմինը, որի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

 

Հոդված 12. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

2. Լիցենզավորումն իրականացնում է լիազորված մարմինը:

3. Լիցենզավորման ենթակա գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ցանկը և լիցենզավորման կարգը սահմանվում է լիցենզավորման մասին օրենքով:

 

Հոդված 13. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` գեոդեզիական պետական տեսչության միջոցով:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են`

ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.

գ) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ե) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.

զ) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.

է) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների:

3. Գեոդեզիական պետական տեսչությունն իրավունք ունի`

ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.

բ) պահանջել գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կազմակերպման ու կատարման, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքով ստացված գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների կուտակման, հաշվառման, պահպանման, օգտագործման և իրացման կարգի հայտնաբերված խախտումների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ցուցումներ, ենթարկել վարչական տույժերի, իրավասու պետական մարմիններին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ նյութերից ու տվյալներից օգտվելու համար լիազորված մարմինը տալիս է թույլտվություն:

2. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 15. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են պաշտպանության և գեոդեզիայի ու քարտեզագրության պետական կառավարման լիազորված մարմինները: Այդ մարմինների իրավասությունը վերոնշյալ բնագավառում որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները (այսուհետ` գեոդեզիական կետեր) համարվում են պետական սեփականություն:

2. Գեոդեզիական կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն լիազորված մարմնի թույլտվությամբ:

3. Գեոդեզիական կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման խնդիրները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

4. Գեոդեզիական կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը: Մարզպետները և համայնքների ղեկավարները պարտավոր են լիազորված մարմնին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:

5. Գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 17. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 18. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
 

1. Սույն օրենքի խախտման հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 20. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 21. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 մայիսի 2001 թ.
ՀՕ-179