Գլխավոր տեղեկություն
Համար
N 261
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.272
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2001 թվականի N 261

քաղ. Երևան

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԻ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայով (այսուհետև` կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ նշանակել`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` արդյունաբերական վթարների ներգործությունից շրջակա միջավայրի պահպանության հարցերով.

բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցման, այդպիսի վթարների դեպքում դրանց հետևանքների կանխման և վերացման հարցերով:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, 06.08.20 N 1295-Ն)

2. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կոնվենցիայի 10-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում արդյունաբերական վթարների և դրանց հետևանքների վերացման նպատակով փոխադարձ օգնության մասին ազդարարման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծել կապի կետ:

(2-րդ կետը փոփ. 06.08.20 N 1295-Ն)

3. Սահմանել, որ կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում իրավասու մարմինները`

ա) գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում.

բ) անհրաժեշտության դեպքում իրականացնում են փոխհամաձայնեցված համատեղ գործողություններ:

4. Սահմանել, որ կոնվենցիայի քարտուղարության հետ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության իրավասու մյուս նախարարություններին ու գերատեսչություններին:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, 06.08.20 N 1295-Ն)

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ է մտնում կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմինների կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:

Իրավասու մարմինների պահանջով` Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները սահմանված կարգով նրանց տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

6. Իրավասու մարմիններին` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան