ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին
ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում երաշտի հետևանքների վերացման պետական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները և սահմանում է երաշտի հետևանքների վերացման ծրագրային կատարման սկզբունքները:
ՀՈԴՎԱԾ 2. | ԵՐԱՇՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Երաշտի հետևանքների վերացման գործընթացը ու դրա հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
ՀՈԴՎԱԾ 3. | ԵՐԱՇՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Երաշտի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացվում են Երաշտի հետևանքների վերացման ծրագրով (այսուհետ` Ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:
2. Ծրագիրը, որով սահմանվում են դրա իրականացման համամասնությունները, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:
ՀՈԴՎԱԾ 4. | ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Ծրագիրը ներառում է`
ա) հիմնական խնդիրները.
բ) նախատեսվող աշխատանքների ծավալներն ու իրականացման ժամանակացույցը` ըստ երաշտից տուժած տարածաշրջանների.
գ) նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները, ծավալները և աղբյուրները.
դ) Ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսվող աշխատանքների առաջնահերթությունը.
ե) երաշտից տուժած բնակչությանը, տնտեսավարող սուբյեկտներին և համայնքներին տրամադրվող օգնությունները.
զ) երաշտի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելու և դրանք ֆինանսավորելու (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.
է) ցորենի, գարու, կերային կուլտուրաների սերմացուի, կարտոֆիլի տնկանյութի, անասնապահության ձմեռացումն անցկացնելու նպատակով հատիկաֆուրաժի, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հանքային պարարտանյութեր և դիզելային վառելանյութ ձեռք բերելու և երաշտից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրելու քանակական ցուցանիշները.
ը) երաշտից տուժած տնտեսություններին հատկացվող պարենային օգնության ծավալը.
թ) ոռոգման համակարգի գործունեության և էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակ ապահովելու համար պահանջվող ֆինանսավորման ծավալները:
ՀՈԴՎԱԾ 5. | ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում Ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՈԴՎԱԾ 6. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքի գործողությունը վերաբերում է նաև 2000 թվականի երաշտի հետևանքների վերացմանը:
2. 2000 թվականի ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի նիստում մինչև 2001 թվականի մայիսի 1-ը ներկայացնում է հաղորդում:
3. 2000 թվականի երաշտից տուժած տարածաշրջաններն են`
Արագածոտնի մարզի Թալինի, բարձրադիր և անջրդի տարածաշրջանները.
Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները.
Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը.
Գեղարքունիքի մարզը.
Շիրակի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները.
Լոռու մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները.
Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները.
Սյունիքի մարզի Սիսիանի և անջրդի տարածաշրջանները.
Վայոց ձորի մարզի անջրդի տարածաշրջանները.
Տավուշի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները:
ՀՈԴՎԱԾ 7. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|