ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0057/04/15 Դատավորներ՝ Հ. Ենոքյան
Սնանկության գործ
2020 թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան
Ս. Միքայելյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի մայիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երանուհի Ծովիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ Արայիկ Սարգսյանի դիմումի ընդդեմ Երանուհի Ծովիկյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արայիկ Սարգսյանը պահանջել է Երանուհի Ծովիկյանին սնանկ ճանաչել:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.08.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Երանուհի Ծովիկյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) 24.06.2016 թվականի որոշմամբ Երանուհի Ծովիկյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Լ. Գրիգորյան, մասնակցությամբ` դատավորներ Ն. Բարսեղյան, Մ. Հարթենյան) 16.12.2016 թվականի որոշմամբ Երանուհի Ծովիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2016 թվականի «Երանուհի Ծովիկյանի սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիրը քննության առնելու մասին» որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) (այսուհետ՝ Դատարան) 26.05.2017 թվականի որոշմամբ Երանուհի Ծովիկյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2017 թվականի որոշմամբ Երանուհի Ծովիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.05.2017 թվականի «Երանուհի Ծովիկյանի սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիրը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երանուհի Ծովիկյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 61-րդ, 66-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ, 60-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Երանուհի Ծովիկյանը 06.11.2015 թվականին Դատարան է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագիր, որում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացվել է պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, իր վճարունակությունը վերականգնելու համար նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում իր գործունեությունը շարունակելու, պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ կառավարչի և այլ ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը, ներկայացրել է նաև արժանահավատ փաստաթղթեր: Սակայն Դատարանն անտեսել է սնանկության գործընթացի գլխավոր նպատակը` անձին ֆինանսապես առողջացնելը և տնտեսական շրջանառության մեջ նրա վերադարձին նպաստելը:
Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս դադարեցնել ֆինանսական առողջացման ծրագրի ընթացքը, եթե այն չի ընթանում նախանշված պահանջներին համապատասխան, որպիսի պայմաններում ակնհայտ է, որ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատմամբ որևէ անձի վնաս չի պատճառվի: Ավելին, հարկ է նշել, որ ֆինանսական առողջացման ծրագիրն ապագայում կատարվելիք գործողությունների պլան է, որը կազմվում է պարտապանի ֆինանսական առողջացման և առկա պարտքերի մարման նպատակով, ուստի դրա իրագործման աստիճանի վերաբերյալ հաստատապես կարելի է եզրահանգումներ կատարել միայն առողջացման ծրագրի ավարտին, իսկ մինչ առողջացման ծրագրի մեկնարկը կարելի է եզրահանգումներ կատարել բացառապես դրա իրագործման վերաբերյալ ներկայացված փաստերի և ապացույցների արժանահավատության վերաբերյալ, ուստի անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ներկայացված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու այն հանգամանքը, որ դրանում նկարագրված բիզնեսն արդեն գործում է կամ դրա գործելու արդյունքում ինչ եկամուտներ են ստացվելու:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 10.08.2015 թվականի վճռով Երանուհի Ծովիկյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին գ.թ. 32-34):
2) Երանուհի Ծովիկյանը 06.11.2015 թվականին Դատարան է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագիր, որում նշված է, որ իրականացվելիք ծրագրի շրջանակներում վճարումները սնանկության հատուկ հաշվին կկատարվեն յուրաքանչյուր ամսվա մեկին համաձայն ներկայացված ժամանակացույցի` ընդամենը` 64.687.993 ՀՀ դրամ: Ծրագրի գործողության սկիզբ է նշվել` 01.01.2016 թվականը, իսկ ավարտը` 01.12.2019 թվականը: Միջոցների բաշխումը պետք է կատարվի կառավարչի կողմից ներկայացվող բաշխման միջանկյալ ծրագրերի համաձայն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ և 82-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Ֆինանսական առողջացման ծրագրին կից ներկայացվել է առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման պայմանագրի պատճենը, Աբրահամ Բալայանի անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը, Երանուհի Ծովիկյանի և Հայկ Բալայանի ամուսնության վկայականի պատճենը, Աբրահամ Բալայանի ծննդյան վկայականի պատճենը, Երանուհի Ծովիկյանի անձնագրի պատճենը, Հայկ Բալայանի անձնագրի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 15-26):
3) Երանուհի Ծովիկյանը 12.02.2016 թվականին ներկայացրել է վերախմբագրված ֆինանսական առողջացման ծրագիրը` նշելով, որ իրացվելիք ծրագրի շրջանակներում վճարումները սնանկության հատուկ հաշվին կկատարվեն յուրաքանչյուր ամսվա մեկին սկսած 01.03.2016 թվականից` կից ներկայացվող հավելվածով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ծրագրի գործողության սկիզբ սահմանելով 01.03.2016 թվականը, իսկ ավարտը` 01.02.2020 թվականը: Միջոցների բաշխումը պետք է կատարվի կառավարչի կողմից ներկայացվող բաշխման միջանկյալ ծրագրերի համաձայն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ և 82-րդ հոդվածներով սահմանված կարգով (հատոր 2-րդ, գ.թ. 56-61):
4) Բանկը, որպես թիվ ԵԷԴ/0057/04/15 սնանկության գործով պարտատեր, 20.11.2015 թվականին ներկայացրել է Երանուհի Ծովիկյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկություն (հատոր 2-րդ, գ.թ. 35-36):
5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 16.12.2016 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 24.06.2016 թվականի «Երանուհի Ծովիկյանի սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիրը քննության առնելու մասին» որոշումը, պատճառաբանել է, որ Դատարանի հետևությունն անհիմն է և գործում առկա ապացույցների թերի հետազոտման և ոչ պատշաճ գնահատման արդյունք է, քանի որ Երանուհի Ծովիկյանի կողմից ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների պահպանմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 48-52):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի սխալ մեկնաբանելու և կիրառելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման փուլում պարտապանը պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված գործողությունները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները`
ա) պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառքը.
բ) պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցելը.
գ) պարտապանի գույքի գրավադրումը.
դ) շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխությունը.
ե) անշահավետ գործարքների փոփոխումը կամ դադարեցումը.
զ) պարտքի վերակառուցումը (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում).
է) պարտքի փոխարինումը արժեթղթերով.
ը) դեբիտորական պարտավորությունների բռնագանձումը.
թ) նոր վարկի ստացումը.
ժ) նոր ներդրումների իրականացումը.
ժա) պարտապանի վերակազմակերպումը.
ժբ) նոր բաժնետոմսերի թողարկումը կամ հետգնումը.
ժբ.1) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը.
ժգ) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:
Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`
ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.
բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.
գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը.
դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):
Մինչև 17.06.2016 թվականի թիվ ՀՕ-105-Ն փոփոխությունները գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է նույն օրենքով սահմանված պահանջներին: Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող 4 տարուց ավելի լինել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից չի քվեարկվում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատիրոջ (պարտատերերի) կողմից կարող է վիճարկվել, եթե՝ ա) այն չի համապատասխանում նույն օրենքով սահմանված պահանջներին, բ) ծրագրի ժամկետը պակաս է 3 տարուց, և (որի արդյունքում) պարտատերերը իրենից պահանջների ամբողջական բավարարում չեն ստանում:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում պարտապանի ֆինանսական առողջացումը սնանկության վարույթի առանցքային տարրերից է, որը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ, այն է՝ հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել իր բնականոն գործունեությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով պարտատերերի շահերի պաշտպանությունը: Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող` օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի արդյունքում պարտապանը չի լուծարվում:
Ֆինանսական առողջացման ծրագիրը սնանկության այնպիսի ընթացակարգ է, որը կիրառվում է պարտապանի նկատմամբ, նրա վճարունակությունը վերականգնելու և պահանջների մարման հերթականությանը համապատասխան պարտապանի պարտավորությունների մարման նպատակով: Ֆինանսական առողջացումը կարևոր օղակ է հանդիսանում սնանկության ընթացակարգերում, որոնք կիրառվում են սնանկ ճանաչված պարտապանների նկատմամբ։ Եթե ֆինանսական առողջացման ընթացքում պարտապանի վճարունակությունը չի վերականգնվում և պարտատերերի պահանջները չեն բավարարվում, ապա պարտապանի նկատմամբ, դատարանի համապատասխան որոշմամբ, սկսվում է լուծարման գործընթաց: Այսպիսով, թե՛ ֆինանսական առողջացման, թե՛ լուծարման ընթացակարգերը նպատակ ունեն պարտատերերի պահանջների բավարարում ապահովել, ընդ որում առաջին դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են լրիվ ծավալով, իսկ երկրորդ դեպքում` մասնակիորեն` պահպանելով պահանջների բավարարման համամասնությունը։
Ֆինանսական առողջացման ընթացակարգի էությունը և նշանակությունն, ըստ էության, հանդիսանում է ոչ թե պարտապանի վճարունակության վերականգնումը, այլ այն հիմնականում նպատակ է հետապնդում ապահովել պարտատերերի պահանջների լրիվ բավարարում: Օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնողին օգտագործել օրենքով չարգելված ցանկացած միջոցառում (միջոցառումներ), որի արդյունքում պարտապանը կմարի իր դրամավճարային բոլոր պարտավորությունները և արդյունքում չի լուծարվի:
Սույն գործով Դատարանը, կրկին անգամ մերժելով Երանուհի Ծովիկյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը, պատճառաբանել է, որ պարտապան Երանուհի Ծովիկյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի իրագործմանն ուղղված որևէ հիմնավոր և պատշաճ ապացույց դատարան չի ներկայացվել: Իսկ ներկայացվածներով չի հիմնավորվել, որ այդ «Ընտանեկան բիզնես»-ն ունի և/կամ կարող է ունենալ բավարար ֆինանսական միջոցներ` եկամուտներ, որը թույլ կտա կատարել ժամանակացույցով սահմանված բոլոր վճարումները: Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2016 թվականի որոշմամբ ըստ էության սահմանված ծավալին, այն է. «դատական նիստի շրջանակներում պահանջվող փաստերի շրջանակը պարտատերերի և Երանուհի Ծովիկյանի հետ քննարկելու դեպքում դատարանը կարող էր պարզել և վերջինիս հնարավորություն ընձեռել ներկայացնելու բոլոր հնարավոր ապացույցները», ապա Դատարանը նշել է, որ դատական նիստի ընթացքում քննարկվել են նշված հանգամանքները, ինչի արդյունքում հենց Երանուհի Ծովիկյանի ներկայացուցիչը հաստատել է, որ որևէ այլ ապացույց չունեն: Վերոգրյալի հիման վրա Դատարանը ֆինանսական առողջացման ծրագիրը համարել է ոչ իրատեսական ու արժանահավատ:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Երանուհի Ծովիկյանի բողոքը, պատճառաբանել է, որ պարտապանը պարտավոր է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ներկայացնել իր կողմից ներկայացված ծրագրի իրագործմանն ուղղված բավարար ապացույցներ, մասնավորապես այն մասին, որ ծրագրում վկայակոչված բիզնեսի շնորհիվ կձևավորվեն բավարար միջոցներ նշված ժամանակացույցով վճարումներ կատարելու համար: Ինչ վերաբերում է ֆինանսական առողջացման ծրագրին կից ներկայացված փաստաթղթերին, այն է` վաճառակետի վարձակալության պայմանագրերին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ դրանք ևս բավարար չեն հաստատված համարելու այն հանգամանքը, որ դրանում նկարագրված բիզնեսն արդեն գործում է կամ դրա գործելու արդյունքում ինչ եկամուտներ են ստացվել, ավելին, ներկայացված ժամանակացույցը ևս, բացի ենթադրությունների վրա հիմնված թվային տվյալներից որևէ կերպ չի հիմնավորվել, իսկ անձնագրերում առկա մուտքի և ելքի վերաբերյալ կնիքների առկայությունը չի նշանակում, որ դրանք կապված են պարտապանի առևտրային գործունեության հետ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը դա միջոցառումների համալիր է, որի իրականացման հետևանքով ակնկալվում է այնպիսի արդյունքի ստացում, որի շրջանակներում հնարավոր կլինի բավարարել պարտատերերի պահանջները: Ընդ որում, ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է ունենալ իրականացման որոշակի հավանականություն, որի բարձր կամ ցածր լինելը պետք է որոշի դատարանը, հաշվի առնելով նաև պարտատերերի կողմից ներկայացված առարկությունները:
Սակայն սույն գործով Դատարանը, ըստ էության գնահատել է ոչ թե ֆինանսական առողջացման ծրագրի իրացվելիության հավանականությունը, այլ մինչև այդ ծրագրի հաստատումը պարտապանի կողմից առողջացման գործողություններ չկատարելը:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի որոշումը ֆինանսական առողջացման ծրագիրը չհաստատելու մասին հիմնավորված չէ, իսկ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ չեն հերքում վերաքննիչ բողոքում բողոքաբերի ներկայացրած փաստարկները: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման հաջողության վերաբերյալ ապացույցները՝ ծրագրի հաստատման փուլում, գործնականորեն չեն կարող ներկայացվել և այդ կապակցությամբ է, որ օրենսդիրը նախատեսել է ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և գործը` պարտապան Երանուհի Ծովիկյանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող ռ. Հակոբյան Զեկուցող Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|