ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2019 թվականի N 152-Ա
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրականացնել փորձնական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով (այսուհետ՝ ծրագիր):
2. Սահմանել, որ՝
1) ծրագիրն առնվազն պետք է ներառի՝
ա. ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի ընթացիկ նորոգում և այդ աշխատանքների իրականացման ժամանակահատվածում պարենավորման գործընթացի անխափանության ապահովում,
բ. տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում ու փոխարինում ժամանակակից միջոցներով,
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 13.08.20 N 1361-Ա)
դ. սննդի գծաշարային բաշխում (ըստ հնարավորության), պարենավորման կազմակերպում դաշտային պայմաններում, ինչպես նաև առաջնագծում (ըստ հնարավորության), ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում,
ե. սանիտարահիգիենիկ միջոցառումներ,
զ. գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, գոյություն ունեցող աշխատատեղերի միջին աշխատավարձերի համեմատ աշխատավարձերի աճի ապահովում,
է. պայմանագրի կատարման ապահովություն՝ բանկային երաշխիք, պայմանագրի գնի 10 տոկոսի չափով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից,
ը. զինված ուժերի կարիքների համար ձևավորվող պահուստների թարմացում և կառավարում (ըստ հնարավորության),
թ. թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ.
2) ծրագրի ընթացքում ձեռք բերված կամ ստեղծված նյութական և ոչ նյութական ակտիվները ծրագրի ավարտից հետո որպես սեփականություն անցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.
3) ծրագիրն իրականացվում է՝
ա. հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով,
բ. մինչև երեք տարի ժամկետով,
գ. առնվազն երեք տարբեր գործընկերների միջոցով՝ յուրաքանչյուրի հետ ոչ ավելի, քան 8000 զինծառայողների համար, բացառությամբ ծրագրում փոքր՝ մինչև 100 սնվող ունեցող զորամասեր ընդգրկելու, կամ զորավարժությունների կամ զինվորական վարժանքների կամ զորաշարժերի կամ զորանոցային դրություն հայտարարելու կամ պատերազմական կամ այլ սպառնալից գործոններով պայմանավորված սնվողների քանակն ավելանալու անհրաժեշտության դեպքերի,
դ. մեկ զինծառայողի մասով մեկ օրվա համար մատուցվող ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը չպետք է գերազանցի 3000 Հայաստանի Հանրապետության դրամը, ներառյալ՝ բոլոր հարկերը.
4) ծրագրի իրականացման նպատակով՝
ա. կնքվող պայմանագրերում կարող են չներառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ՝ Կարգ) 33-րդ կետով նախատեսված դրույթները՝ դրանցով նախատեսված կարգավորումների փոխարեն, անհրաժեշտության դեպքում, սահմանելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ դրույթներ,
բ. պայմանագրեր կնքած մասնավոր գործընկերներին կարող է հատկացվել կանխավճար՝ բանկային երաշխիքի ձևով կանխավճարի ապահովում ներկայացնելու պայմանով՝ պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Սույն պարբերությունում նշված կանխավճարների մարումներն իրականացվելու են ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով,
գ. կնքված պայմանագրերում կարող են կատարվել փոփոխություններ՝ չկիրառելով կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը.
5) սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված կանխավճարների հատկացման գործընթացի վրա չեն տարածվում Կարգի 56-րդ կետի 6-րդ ենթակետի և 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
6) կնքված պայմանագրերի շրջանակներում` մասնավոր գործընկերների կողմից պարենավորման գործընթաց իրականացնելու նպատակով ձեռք բերված՝
ա. ճաշարանախոհանոցային գույքի և սարքավորումների դիմաց իրականացված ծախսերի հաշվարկման համար հիմք են հանդիսանում կազմակերպությունների կողմից ներկայացված՝ ձեռքբերումները հավաստող փաստաթղթերը, իսկ կատարված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է զորամասում ապրանքատեսակի փաստացի առկայությունը հավաստող երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության և դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա: Փոխհատուցման ենթակա ապրանքատեսակների անվանացանկը և առավելագույն քանակը ըստ ճաշարանների սնվողների թվաքանակի` հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված,
բ. «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռք բերված և զորամասերում շահագործվող դիզելային գեներատորների դիմաց իրականացված ծախսերի հաշվարկման համար հիմք են հանդիսանում կազմակերպության կողմից ներկայացված՝ գեներատորների ձեռքբերումները հավաստող փաստաթղթերը, իսկ կատարված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է զորամասում ապրանքատեսակի փաստացի առկայությունը հավաստող երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության և դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա,
գ. «Մեդիտեք» և «Ռեդի Սթեդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից կատարված և ավարտին հասցված կապիտալ շինարարական աշխատանքների ծախսերի փոխհատուցումն իրականացվում է վերջիններիս կողմից ձեռքբերումները հավաստող փաստաթղթերի (կատարողական ակտ) զորամասում փաստացի կատարված և երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության և դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա:
(2-րդ կետը խմբ., լրաց. 02.04.20 N 583-Ա, փոփ., խմբ., լրաց. 13.08.20 N 1361-Ա)
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով ձեռքբերումը կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` գնումը կատարելով կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետովուղղ. նախատեսված կանխավճար տրամադրելու անհրաժեշտության առաջացման դեպքում այդ մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և ֆինանսների բնագավառում պետական լիազոր մարմնին:
(4-րդ կետը լրաց. 13.08.20 N 1361-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 7 Երևան |