Գլխավոր տեղեկություն
Համար
N 1244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1170
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1244-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1244-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

2. Հանրապետական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանրապետական հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (այսուհետ՝ հրաման):

(3-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

4. Հանրապետական հանձնաժողովին ուղղված դիմումներն ընդունում և հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

 

II. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվը 2 անդամով պետք է ավելի լինի պետական մարմինների ներկայացուցիչների թվից: Հանրապետական հանձնաժողովը բաղկացած է առնվազն 18 անդամից:

6. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը www.escs.am կայքում տեղադրում է հայտարարություն՝ թեկնածուներ առաջադրելու համար:

(6-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն) 

7. Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, տվյալ բնագավառում ունեն ավելի երկար փորձառություն (իրականացրել են բնագավառին առնչվող ծրագրեր, մասնակցել են պետական մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

8. Հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա (հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետներում) դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Դիմումին կից պետք է ներկայացվի սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պահանջները հիմնավորող տեղեկատվություն, ինչպես նաև՝ վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:

(8-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

9. Հանրապետական հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել առաջադրող պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:

10. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիմում չներկայացվելու և հանրապետական հանձնաժողովի կազմը չհամալրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկություն է ներկայացնում համապատասխան պետական մարմիններ՝ իրենց բնագավառում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկին առաջադրելու նպատակով:

(10-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

11. Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդամներին տեղեկացնում է հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին:

(11-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

12. Հանրապետական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հանձնաժողովի անհատական կազմի հաստատման օրվան հաջորդող օրը:

(12-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 16.07.20 N 1179-Ն)

 

III. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

14. Հանրապետական հանձնաժողովի գործունեության նպատակը սոցիալական գովազդը հավանության արժանացնելն է:

15. Հանրապետական հանձնաժողովի գործառույթներն են՝

1) ներկայացված դիմումների՝ համաձայն ձևի, ուսումնասիրումը.

2) սոցիալական գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնելը:

(15-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

16. Հանրապետական հանձնաժողովը հավանության է արժանացնում մարդու իրավունքների և պարտականությունների, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ սոցիալական գովազդը:

 17. Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը գովազդը հրամանով ճանաչում է սոցիալական կամ մերժում է այն:

(17-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

18. Գովազդը սոցիալական ճանաչելու կամ մերժելու մասին հրամանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրավոր տեղեկացնում է դիմումատուին` կցելով հրամանի պատճենը:

(18-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

19. Գովազդը սոցիալական չճանաչելու մասին հրամանը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է նիստերի միջոցով: Հանրապետական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը: Հանրապետական հանձնաժողովի անդամներից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է հանձնաժողովի քարտուղար:

(20-րդ կետը խմբ. 16.07.20 N 1179-Ն)

21. Հանրապետական հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

21.1. Հանրապետական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցներով:

(21.1-ին կետը լրաց. 16.07.20 N 1179-Ն)

21.2. Հանրապետական հանձնաժողովի գործունեությունը էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցներով իրականացվում է սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան:

(21.2-րդ կետը լրաց. 16.07.20 N 1179-Ն) 

22. Հանրապետական հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանրապետական հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

23. Հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

24. Հանրապետական հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանրապետական հանձնաժողովի աշխատանքները.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

3) հանրապետական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը.

4) վարում է հանրապետական հանձնաժողովի նիստերը.

5) որոշում է հանրապետական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերի, դիմումների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանրապետական հանձնաժողովի անդամների հետ.

6) հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին.

7) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:

(24-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

25. Հանրապետական հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

2) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.

3) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.

4) կազմակերպում է հանրապետական հանձնաժողովի գործավարությունը.

5) արձանագրում է հանրապետական հանձնաժողովի նիստերը.

6) կազմում է հանրապետական հանձնաժողովի կողմից ընդունվելիք եզրակացությունների նախագծերը.

7) հանրապետական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի եզրակացությունների նախագծերը.

8) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

26. Հանրապետական հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանրապետական հանձնաժողովի աշխատանքներին.

2) ուսումնասիրում է հանրապետական հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը.

3) մասնակցում է հանրապետական հանձնաժողովի նիստերի քվեարկություններին.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

5) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

27. Հանրապետական հանձնաժողովի անդամի մասնակցությունը դադարեցվում է, եթե այդ անդամը`

1) մեկ անգամ անհարգելի բացակայել է հանրապետական հանձնաժողովի նիստերից.

2) դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հանրապետական հանձնաժողովի կազմից դուրս գալու համար.

3) ազատվել է աշխատանքից.

4) մահացել է:

(27-րդ կետը փոփ. 16.07.20 N 1179-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.07.20 N 1179-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

_________________________________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (կազմակերպության անվանումը)

 

_________________________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը, պետական գրանցման համարը)

 

_________________________________________________________________

 (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՈՎԱԶԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ իմ կողմից ներկայացված գովազդը ճանաչել սոցիալական:

 

Կից ներկայացնում եմ՝

1) ֆիզիկական անձի դեպքում՝ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճենը.

2) սոցիալական գովազդի ճանաչման նախագիծը.

3) գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ երկու օրինակից, գովազդի չափերի նշումով:

 

Դիմող՝

______________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 
 _____ ___________ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2020, N 1179-Ն 22.07.2020, N 1244-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան