Գլխավոր տեղեկություն
Համար
N 507-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 11.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 507-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ (ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 30.04.20 N 646-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին) և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։

3. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 20-րդ կետի 2-րդ ենթակետի, 20.1-ին, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 24-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:

(3-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 9

Երևան

           

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 507-Լ որոշման

     

Կ Ա Ր Գ
(սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 20-րդ կետի 2-րդ ենթակետի, 20.1-ին, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի, դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ից)

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ (ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 30.04.20 N 646-Լ)

     

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ նախատեսված միանվագ աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: (նախադասությունը հանվել է 30.04.20 N 646-Լ)

(1-ին կետը փոփ. 30.04.20 N 646-Լ)

2. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալները 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ։

3. Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ հաստատված միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) 2-րդ և 3-րդ կետերը, էլեկտրոնային եղանակով Ծառայությանն է տրամադրում՝

1) բացառապես Տուժած ոլորտների Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործատուների ՀՎՀՀ-ները.

2) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործատուի ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործատուների ՀՎՀՀ-ները.

3) բացառապես Տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ները և հանրային ծառայությունների համարանիշները, 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը.

4) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է անհատ ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ները, հանրային ծառայությունների համարանիշները և Տուժած ոլորտների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը:

Սույն կետում նշված՝ Տուժած ոլորտների գործատուների և անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է՝ հիմք ընդունելով մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար մայիսի 5-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը:

Սույն կետում նշված՝ անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 5-ի դրությամբ ներկայացված համապատասխան հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները՝ սույն կարգի 3.1-ին կետին համապատասխան։

(3-րդ կետը փոփ. 30.04.20 N 646-Լ, 07.05.20 N 703-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

3.1. Ավելացված արժեքի հարկ վճարող կամ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված համապատասխանաբար 2019 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ավելացված արժեքի հարկի և 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկները։

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է վերջիններիս կողմից ներկայացված իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված ընդամենը իրացման շրջանառության Զ-ի չափով։

Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է անհատ ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերի Տուժած ոլորտների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործունեության տեսակների տեսակարար կշիռը։

4. Ծառայությունը, հիմք ընդունելով Միջոցառման 6-րդ և 7-րդ կետերի դրույթները, ինչպես նաև Տուժած ոլորտների գործատուների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը, ձևավորում է շահառուների ցանկ։

5. 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար տուժած ոլորտի տվյալ գործատուի (ում մոտ աշխատել է շահառուն 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ) կողմից միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար տուժած ոլորտի տվյալ գործատուի (ում մոտ աշխատել է շահառուն 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ) կողմից շահառուին վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտների (այսուհետ՝ եկամուտ) հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով։ Սույն կետում նշված՝ եկամտի չափում չեն ներառվում աշխատավարձից, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտներից վճարվող հարկերը և այլ պարտադիր վճարները։ Եթե շահառուն տուժած ոլորտի գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2020 թվականին հունվարի 1-ից հետո և մինչև աշխատանքի ընդունվելն աշխատել է նաև տուժած ոլորտի այլ գործատուի մոտ, բայց 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ չի աշխատում այդ գործատուի մոտ, ապա սույն կետում նշված եկամտում հաշվառվում է նաև տուժած ոլորտի այլ գործատուի կողմից 2020 թվականին հունվարի 1-ից մինչև տուժած ոլորտի գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (ամսվա կամ ամիսների) համար շահառուին վճարված (վճարման ենթակա) եկամուտը:

(5-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ, 18.05.20 N 759-Լ)

6. Շահառուների ցանկում ներառվում են նաև Տուժած ոլորտների գործատուների՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները):

(6-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

7. Եթե շահառուների ցանկում ներառված վարձու աշխատողների (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին եկամուտ չի հաշվարկվել կամ անհատ ձեռնարկատերը 2019 թվականի 4-րդ եռամսյակում իրացման շրջանառություն չի ունեցել, ապա աջակցության գումար չի վճարվում:

(7-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

8. Համատեղությամբ աշխատող շահառուի միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում միայն Տուժած ոլորտի գործատուի կողմից (իսկ եթե շահառուն աշխատում է Տուժած ոլորտի մեկից ավելի գործատուների մոտ՝ բոլոր այդ գործատուների կողմից) վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) համար հաշվարկված եկամուտը։

(8-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

9. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող՝ շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման համար հիմք է հանդիսանում Տուժած ոլորտներում իրացման շրջանառությունը։

10. Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների) աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները)։

(10-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

11. Եթե անհատ ձեռնարկատերը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա նրան աջակցություն տրամադրվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության մեջ Տուժած ոլորտներում գործունեության (իրացման շրջանառության) տեսակարար կշիռը կազմում է առնվազն 40 տոկոս։

12. Շահառուների ցանկում ներառվում են՝

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, գործատուի ՀՎՀՀ-ն.

2) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին վարձու աշխատողին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին) վճարված (վճարման ենթակա) եկամուտը, միջին ամսական աշխատավարձի չափը.

3) անհատ ձեռնարկատեր շահառուի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը.

4) հաշվարկված աջակցության չափը։

(12-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

13. Միաժամանակ վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է առանձին, որպես վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող), և առանձին, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվարկված աջակցության չափերից առավելագույնի հաշվարկով՝ հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերի դրույթները:

(13-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

14. Դիմումը ներկայացնելու համար անձը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ), Ծառայություն է ներկայացնում՝

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) շահառուի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը)։

(14-րդ կետը խմբ. 14.04.20 N 555-Լ, լրաց. 03.09.20 N 1464-Լ)

15. Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը Շահառուների ցանկում։

16. Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում Ծառայությունը հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը՝ շահառուին տեղեկացնելով՝

1) հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով՝ դիմումը հաշվառելու և շահառուին վճարման ցուցակներում ներառելու մասին, եթե շահառուն ընդգրկված է շահառուների ցանկում, կամ.

2) էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով՝ դիմումը մերժելու մասին, եթե շահառուն ընդգրկված չէ շահառուների ցանկում։

17. Ծառայությունը օրական պարբերականությամբ, սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը համադրում է շահառուների ցանկի հետ և ձևավորում է վճարման ցուցակ։

18. Վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները հանվում են շահառուների ցանկից։

19. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը։

20. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-իN 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(20-րդ կետը խմբ. 14.04.20 N 555-Լ)

20.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը՝

1) գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում, շահառուի համաձայնությամբ, նրա բանկային հաշվից հետ է գանձում գումարը (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը.

2) գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում, եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը:

Սույն կետում նշված դեպքում, եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջը բանկի կողմից ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է (գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում) կամ գումարն արդեն կանխիկացվել է (գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում), ապա գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:

(20.1-ին կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

21. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։

(21-րդ կետը փոփ. 03.09.20 N 1464-Լ)

22. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

23. Աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։

24. (կետն ուժը կորցրել է սույն որոշման 3-րդ կետի համաձայն)

(հավելվածը խմբ. 14.04.20 N 555-Լ, լրաց., փոփ. 30.04.20 N 646-Լ, փոփ. 07.05.20 N 703-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ, լրաց., փոփ. 03.09.20 N 1464-Լ)

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան