Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-120
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.12.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 6-ին

 

 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքները:

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:

 

Հոդված 2.

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակարաններ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 3.

ԶԲԱՂԵՑՐԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ

 

Համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք սահմանված կարգով ճանաչվում են վարձակալ իրենց զբաղեցրած տարածքների նկատմամբ, եթե այլ անձինք դրանց նկատմամբ չունեն վարձակալության և այլ իրավունքներ:

 

Հոդված 4.

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ

 

Պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Սեփականաշնորհման կարգը և սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 5.

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ժամանակավոր կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք ազատվում են բնակության համար սահմանված վարձը վճարելուց, բացառությամբ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծախսերի: Նրանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 6.

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՂԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի դիմաց փոխհատուցումների հարցը լուծելու դեպքում փոխհատուցվում է նաև բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց գույքի արժեքը:

 

Հոդված 7.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-120