Գլխավոր տեղեկություն
Համար
N 1144-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1144-Լ

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 128-Ն որոշման 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2020 թվականի ընթացքում ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցության չափաքանակները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) միջնաժամկետ ժամանակահատվածի համար կրեդիտորական պարտքերի հիմնավորվածության, կանխարգելման և դրանց մարման կարգի վերաբերյալ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1144-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից:

2. Սույն ծրագրում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում ոռոգման համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումներն ու դրանց ապահովման մեխանիզմները:

3. Ծրագիրը հիմնականում անդրադառնում է՝

1) ոռոգման համակարգի շահագործման ծախսերի կրճատմանը.

2) մեխանիկական ջրարտադրության փոխարինմանն ինքնահոսի.

3) մեխանիկական ջրարտադրության համակարգի արդիականացմանը.

4) ոռոգման համակարգերի պահպանմանը և անվտանգ շահագործմանը.

5) ծախսերի արդյունավետության բարձրացմանը.

6) ջրակորուստների կրճատմանը, ջրաչափական սարքերի տեղադրմանը, ջրի հաշվառման համակարգի արդիականացմանը.

7) նոր դեբիտորական պարտքերի գոյացման կանխարգելիչ մեխանիզմների ներդրման նպատակով պարտադիր վճարման երաշխիքների ստեղծմանը:

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Ծրագիրը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների:

5. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում որպես ծրագրի բաղադրիչներ նախատեսվում է իրականացնել ջրային համակարգի նոր ռազմավարության մշակում, որը կհաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հետ կապված, համակարգում ֆինանսական ճեղքվածք առաջանում է հատկապես մեխանիկական ջրարտադրության ծախսատարության պատճառով:

7. Կուտակվող պարտքերի գոյացումը հնարավորինս կանխարգելելու նպատակով կոմիտեն իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝

1) մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով մեկնարկել է ոռոգման ջրամատակարարման համակարգերում ջրառի կետերը՝ մայր ջրատարներից մինչև ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները, ժամանակակից ջրաչափական սարքերի հագեցնելու գործընթացը՝ դրանք միացնելով SCADA (Supervisory Control And Data Acquisition- կարգավարական/դիսպետչերական հսկողություն և տվյալների ձեռքբերում) համակարգին, ինչը հնարավորություն կընձեռի առցանց հսկողություն իրականացնել ջրի տեղաշարժի, կորուստների և համակարգում առաջացող վթարների արագ արձագանքմանը.

2) ջրօգտագարծողների ընկերությունների կողմից առձեռն կատարվող հավաքագրումները բացառելու նպատակով «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետով կանոնակարգվել են նաև բացառապես բանկային և (կամ) փոստային եղանակով գանձումներ կատարելու մեխանիզմները: Ներկայումս ջրօգտագործողներն օգտագործած ոռոգման ջրի դիմաց վճարումները կատարում են նաև հեռախոսի, համակարգչի, տերմինալի կամ այլ ժամանակակից մեթոդների միջոցով, ինչի հետևանքով շրջանառությունից դուրս են եկել նախկինում առձեռն տրվող գանձման կտրոնները.

3) կոմիտեի կողմից առցանց եղանակով հսկողություն է սահմանվել նաև ջրօգտագործողների ընկերությունների բանկային հաշիվներից իրականացվող ծախսերի նկատմամբ:

8. Ժամանակի ընթացքում համակարգի ծախսերի զգալի նվազեցման կբերի նաև ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառման կենտրոնացումը:

9. Ոլորտի ֆինանսավորման ուղղությամբ առկա են որոշակի գործոններ՝

1) ներկայումս շարունակվում է կիրառվել նախորդ տարիներին կուտակված պարտքերը հաջորդ տարի փոխանցելու պրակտիկան: 2019 թվականի տարեկան գործունեության արդյունքներով տարին ավարտվել է 1,977.66 մլն դրամ կրեդիտորական պարտքով, որից միայն 1,116.02 մլն դրամը ջրօգտագործողների ընկերությունների կողմից «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված 3798,98 մլն դրամ («Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիր) և 3,636.76 մլն դրամ գումարներից («Աջակցություն ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության բարելավման նպատակով իրականացվող միջոցառումներին» ծրագրի) 7,435.74 մլն դրամ ընդհանուր գումարով սուբսիդիան հիմնականում ուղղվել է էլեկտրաէներգիայի պարտքերի մարման համար 2018 թվականին վերցված վարկային միջոցների գծով պարտավորությունների մարմանը.

2) ոռոգման ոլորտի ֆինանսական աջակցության նվազումը: 2018 թվականին տրամադրվել է 4,661.82 մլն դրամ, 2019 թվականին 3,636.76 մլն դրամ սուբսիդիա, իսկ 2020 թվականի համար՝ 2,856.01 մլն դրամ:

10. Համակարգում առկա խնդիրների լուծման նպատակով կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում սույն ծրագիրը:

 

III. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Ոռոգման համակարգերի ֆինանսական առողջացման ապահովման համար անհրաժեշտ է՝

1) ծախսերի արդյունավետության բարձրացում.

2) ոռոգման համակարգի շահագործման ծախսերի կրճատում.

3) մեխանիկական ջրարտադրության համակարգի արդիականացում.

4) ոռոգման համակարգի պահպանում և անվտանգ շահագործում.

5) ոռոգման ջրամատակարարման դիմաց մուտքերի ապահովում

6) մեխանիկական ջրարտադրության փոխարինումն ինքնահոսի.

7) ջրակորուստների կրճատում, ջրաչափական սարքերի տեղադրում, ջրի հաշվառման համակարգի արդիականացում.

8) նոր դեբիտորական պարտքերի գոյացման կանխարգելիչ մեխանիզմների ներդրման նպատակով պարտադիր վճարման երաշխիքների ստեղծում:

12. Ոռոգման համակարգերի ֆինանսական առողջացմանը խոչընդոտում են համակարգում առկա հետևյալ խնդիրները՝

1) համակարգում ոռոգման ջրի առկա մեծ կորուստների առկայությունը.

2) մեխանիկական ջրարտադրության ծախսերի համեմատաբար մեծ կշիռը ոռոգման ջրի ընդհանուր ծախսերի մեջ.

3) ոռոգման համակարգի մաշվածությունը և դրանով պայմանավորված ջրակորուստների մեծությունը, ընթացիկ ներդրումների անհրաժեշտության շարունակական աճը.

4) մեխանիկական ջրարտադրության պոմպային սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածությունը, դրանց շահագործման հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսերը.

5) ոռոգման տարածքներում ջրապահանջարկի նկատմամբ ոռոգման ջրի անհամաչափ բաշխվածությունը.

6) ջրօգտագործողների հետ կնքվող պայմանագրերում թերվճարումների կանխման մեխանիզմների բացակայությունը.

7) նախորդ տարիներին կուտակված, տարեցտարի փոխանցվող դեբիտորական պարտքերի բացասական ազդեցությունը համակարգի ընթացիկ տարվա ֆինանսական գործունեության վրա:

 

IV. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

13. Սույն ծրագրի 3-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար՝

1) անհրաժեշտ է կրճատել ոռոգման ջրի կորուստները.

2) ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակը պահպանելու, ընթացիկ նորոգումներն ապահովելու, վթարավտանգ իրավիճակների հավանականությունը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոռոգման համակարգի հիմնանորոգման ամենամյա ծրագիր, որը հաստատվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով.

3) ոռոգման ջրի ընդհանուր ծախսերի ծավալի մեջ մեխանիկական ջրարտադրության կշիռը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է վարկային, դրամաշնորհային ծրագրերը նպատակաուղղել մեխանիկական ջրարտադրությունից ինքնահոս ոռոգման համակարգի անցման ապահովմանը.

4) Հայաստանի Հանրապետությունում ջրամբարաշինությունը հիմնականում իրականացվում է վարկային միջոցների ներգրավմամբ, որն էլ ավելի է թանկացնում, ինչպես ջրամբարի կառուցման, այնպես էլ ոռոգման ջրի ինքնարժեքը, հետևաբար անհրաժեշտ է իրականացնել ներկայումս որդեգրված պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ակտիվացման քաղաքականություն, որի շրջանակներում նպատակահարմար է իրականացնել նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագիրը՝ կիրառելով մասնավոր հատվածի համար գրավիչ մոտեցումներ.

5) մեխանիկական ջրարտադրության պոմպային սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածության պատճառով մեծ են դրանց շահագործման հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսերը: Ամբողջ համակարգը, քիչ բացառությամբ, ենթակա է փոփոխման և արդիականացման: Կարիքների գնահատման և ծրագրային լուծումներ տալու նպատակով անհրաժեշտ է իրականացնել նախնական ուսումնասիրություն.

6) նպատակահարմար է պոմպակայանների սպասարկումն ու արդիականացման աշխատանքները հանձնել մասնագիտացված կազմակերպության, որը հանձն կառնի բոլոր փոխարինման ենթակա պոմպային սարքավորումների արդիականացման իրականացումն ու ընթացիկ սպասարկումը, որի արդյունքում կառաջանա էլեկտրաէներգիայի ծախսի խնայում և շահագործման ծախսերի կրճատում և որոշակի ժամանակահատվածում կստանա եկամուտ, համակարգն իր հերթին կարդիականացվի.

7) մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով ոռոգման ջրամատակարարման համակարգերում անհրաժեշտ է ջրառի կետերը և մայր ջրատարներից մինչև ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները, որոնց ընդհանուր քանակը շուրջ 2100 է, բերել պատշաճ վիճակի՝ կարգաբերելով և հագեցնելով դրանք ժամանակակից ջրաչափական սարքերով և համապատասխան կառավարման կենտրոնով: Նախնական գնահատականներով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը կազմում է շուրջ 1,500.0 մլն դրամ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 950-Ն որոշմամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով կոմիտեին տրամադրվել է 44,9 մլն դրամ գումար: Կազմակերպված մրցութային գործընթացի արդյունքում կնքվել է 41.28 մլն դրամի նախագծային աշխատանքների պայմանագիր.

8) անհրաժեշտ է ավարտին հասցնել էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման և հսկման համակարգով («АСКУЭ») աշխատող էլեկտրական հաշվիչների տեղադրման գործընթացը՝ ստեղծելով միացյալ ինֆորմացիոն հարթակ: Իրականացնել վերը նշված («АСКУЭ») համակարգի ինտեգրացիա ջրի կառավարման աշխարհագրատեղեկատվական («GIS») ջրի կառավարման համակարգի մեջ: Տվյալները, որոնք ստացվում են էլեկտրական հաշվիչներից առցանց տարբերակով, ավտոմատ կտեղակայվեն ջրի կառավարման ծրագրում՝ համապատասխան հաշվետվության մեջ.

9) հաշվապահական հաշվառման վարումը հանձնել պատվիրակված մասնագիտացված կազմակերպության՝ հաշվառման և հաշվետվողականության կենտրոնացման ու նույնականացման նպատակով: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել մշակել ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական և կառավարչական հաշվառման վարման միասնական քաղաքականություն: Մի շարք գործառույթների կրկնությունը բացառելու նպատակով, հաշվապահական հաշվառման տվյալների հավաստիությունն ապահովելու և այդ տվյալների հիման վրա վերլուծություններ կատարելու, եզրակացություններ և գնահատականներ տալու համար նպատակահարմար է ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառման վարումն իրականացնել պատվիրակված և մասնագիտացված կազմակերպության միջոցով:

 

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք ինքնահոս եղանակով մատակարարվող ջրի կշռի, հաշվառվող ոռոգման ջրի ծավալների և հասույթների մեծացում, ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի բարելավում, ցանցի ընդլայնում, փոքր ջրամբարների շինարարության իրականացման միջոցով ոռոգման ջրի հավասարաչափ բաշխվածության (դիվերսիֆիկացիայի) ապահովում, ինչը հնարավորություն կտա ոռոգման համակարգի ընկերություններին նախապատրաստելու (ամբողջ համակարգի կամ ըստ առանձին բաղադրիչների) պետական-մասնավոր գործընկերության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1144-Լ որոշման

 

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

ՋՕԸ-ի անվանումը

ՀՀ պետական բյուջեից աջակցություն ոռոգման համակարգի առողջացմանը

1.

Երևան

55,705.2

2.

Արտաշատ

212,594.6

3.

Արարատ

195,848.3

4.

Արմավիր

300,387.6

5.

Էջմիածին

319,424.3

6.

Շենիկ

46,475.0

7.

Արագածոտն

30,408.6

8.

Թալին

162,081.7

9.

Կոտայք

94,455.1

10.

Գեղարքունիք

108,191.0

11.

Շիրակ

50,043.6

12.

Տավուշ

91,505.6

13.

Լոռի

28,986.5

14.

Եղեգնաձոր

18,576.9

15.

Սյունիք

81,124.5

Ընդամենը

1,795,808.6

ՀԱՇՎԱՐԿ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

(հազ. դրամ)

NN
ը/կ

ՋՕԸ-ի անվանում

2020 թ. ՋՕԸ-ի ֆինանսական ճեղքվածքը

ՀՀ պետական բյուջեից աջակցություն ոռոգման համակարգի առողջացմանը*

1.

Երևան

251,707.4

55,705.2

2.

Արտաշատ

960,621.5

212,594.6

3.

Արարատ

884,952.1

195,848.3

4.

Արմավիր

1,357,319.4

300,387.6

5.

Էջմիածին

1,443,338.0

319,424.3

6.

Շենիկ

210,000.0

46,475.0

7.

Արագածոտն

137,403.0

30,408.6

8.

Թալին

732,376.0

162,081.7

9.

Կոտայք

426,801.2

94,455.1

10.

Գեղարքունիք

488,867.6

108,191.0

11.

Շիրակ

226,125.1

50,043.6

12.

Տավուշ

413,473.5

91,505.6

13.

Լոռի

130,977.1

28,986.5

14.

Եղեգնաձոր

83,941.0

18,576.9

15.

Սյունիք

366,566.0

81,124.5

Ընդամենը

8,114,468.9

1,795,808.6

 

*ՀՀ պետական բյուջեից աջակցություն ոռոգման համակարգի առողջացման չափաքանակը հաշվարկվել է յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար տվյալ ֆինանսական ճեղքվածքի ≈22.1%-ի չափով՝ պահելով հավասարության սկզբունքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1144-Լ որոշման

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

 

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Միջոցառումները

Նպատակը, խնդիրը, ոլորտում իրականացվելիք միջոցառման նկարագիրը

Պատասխանատու կատարողները և համակատա-րողները

Ժամկետը

Ծանոթագրություն (ֆինանսական ապահովման վերաբերյալ)

Տեղեկատվու-թյուն միջոցառման կատարման ընթացքի մասին

1) Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում որպես ծրագրի բաղադրիչներ նախատեսվում է իրականացնել ջրային համակարգի նոր ռազմավարության մշակում։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում։

Ռազմավարության նպատակն է ոռոգման ծառայությունների մատչելիության ավելացումը, մատուցման շարունակականության ապահովումն ու արդյունավետության բարձրացումը, ոռոգման ջրի համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության բարելավումը՝ ամրապնդելով ընթացիկ ծախսածածկմանն անցման նախադրյալները, ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանումն ու արդիականացումը, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացումը, ոռոգման համակարգին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության արդյունավետության բարձրացումը։
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի նիստի N 33 արձանագրությամբ հավանության արժանացած «Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման» ռազմավարության իրագործելիության ժամկետը մինչև 2022 թվականն է:

Ջրային կոմիտե

2021 թ. 4-րդ եռամսյակ

դրամաշնորհ՝ 1.5 մլն եվրո գումարի չափով, ՀՀ կառավարության համաֆինանսավորում

 

2) Ոռոգման համակարգի շահագործման ծախսերի կրճատում: Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ամենամյա ծրագրի իրականացման նպատակով բյուջետային հայտի ներկայացում:

Ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակի պահպանում, ընթացիկ նորոգումների ապահովում, վթարավտանգ իրավիճակների հավանականության կանխարգելում: Նշված նպատակների համար անհրաժեշտ է վերականգնել ոռոգման համակարգի հիմնանորոգման ծրագիրը:

Ջրային կոմիտե

2020 թ. շարունա-կական

ՀՀ պետական բյուջե  

3) Մեխանիկական ջրարտադրության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման միջոցով էներգախնայողության ապահովում: Գնումների գործընթացի կազմակերպում:

Ինքնահոս եղանակով մատակարարվող ջրի կշռի մեծացում՝
1. Մեխանիկական ջրարտադրության սարքերի, սարքավորումների և ենթակառուցվածքների տեխնիկական գնահատում:
2. Աշխատանքների առաջնահերթու-թյունների սահմանում և ներդրումների իրականացման փուլային ծրագիր:
3. Մրցութային փաթեթի/փաթեթների կազմում:

Տարածքային զարգացման հիմնադրամ

Ջրային կոմիտե

2020-2023 թթ.

վարկային միջոցներ՝ 40 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով,
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

 

4) Ջրօգտագործողների հետ կնքվող պայմանագրերի լրամշակում՝ թերվճարումների կանխման մեխանիզմների ներառում: Հայաստանի Հանրապետության կառավարության 26.12.2002 թ. N 2121-Ն որոշմամբ հաստատվող ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևի սահմանում:

Ոռոգման ջրամատակարարման դիմաց մուտքերի ապահովման համար ջրօգտագործող ընկերություններում նոր դեբիտորական պարտքերի գոյացման կանխարգելիչ մեխանիզմների ներդրում:

Ջրային կոմիտե

2021 թ. 3-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

5) Ջրօգտագործողների ընկերություններում անցած տարիների ընթացքում կուտակված դեբիտորական պարտքերի դուրսգրման և/կամ ներման մեխանիզմների վերաբերյալ առաջարկի պատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում:

Նոր դեբիտորական պարտքերի գոյացման կանխարգելիչ մեխանիզմների ներդրման նպատակով պարտադիր վճարման երաշխիքների ստեղծում:

Ջրային կոմիտե

2020 թ. շարունա-կական

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

6) Հաշվապահական հաշվառման վարումը հանձնել պատվիրակված մասնագիտացված կազմակերպությանը:

Հաշվապահական հաշվառման տվյալների հավաստիությունն ապահովելու և այդ տվյալների հիման վրա վերլուծություններ կատարելու, եզրակացություններ և գնահատականներ տալու նպատակով ջրօգտագարծողների ընկերությունների հաշվապահական հաշվառման վարումն իրականացնել պատվիրակված և մասնագիտացված կազմակերպության միջոցով

Ջրային կոմիտե

2021 թ. 2-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական: