Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 195
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.12.2001-31.05.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1999/4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 նոյեմբերի 1999 թվականի

թիվ 195

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգ 4-ը նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 139 որոշումը և որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված «Բանկերում վերստուգումների իրականացումը, բանկերի աուդիտային ստուգումը» կանոնակարգ 4-ը` բոլոր լրացումներով և փոփոխություններով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1999 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 195 որոշմամբ

 

 ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4

 (նոր խմբագրությամբ)

 

 ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

 

 Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

Կանոն 1.1. Սույն կանոնակարգը սահմանում է բանկերում, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի տարածքային ստորաբաժանումներում (այսուհետև` բանկեր) ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերստուգումների իրականացման իրավական հիմքերը և կարգը, վերստուգման ընթացքում ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները:

Կանոն 1.2. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության (այդ թվում` տեղերում վերստուգումների իրականացման միջոցով) բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:

Կանոն 1.3. Բանկերում վերստուգումներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության կողմից, բացառապես սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

Գլուխ 2. Վերստուգումների իրականացման իրավական հիմքերը և կարգը

 

Կանոն 2.1. Բանկերում վերստուգումներն անցկացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման և դրանց հիման վրա բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետի կողմից տրված լիազորագրով:

Կանոն 2.2. Վերստուգում իրականացնելու մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանում (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ) նշվում են վերստուգվող բանկի անվանումը, վերստուգման տեսակը և նպատակը, իսկ լիազորագրում` վերստուգող խմբի կազմը, այդ թվում` ղեկավարը, վերստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը:

Կանոն 2.3. Վերստուգող խմբում, որպես կանոն, ընդգրկվում են բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության աշխատակիցները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այլ ստորաբաժանումների կողմից վերստուգմանը մասնակցելու կապակցությամբ առաջացած տարաձայնությունները լուծում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը:

Կանոն 2.4. Վերստուգող խմբի անդամների թիվը չի կարող 2-ից պակաս լինել: Վերստուգումների ընթացքում, անհրաժեշտության դեպքում, ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետի լիազորագրով կարող են փոփոխություններ կատարվել աշխատանքային խմբի կազմում և թվաքանակում:

Կանոն 2.5. Վերստուգումներն անցկացվում են բանկի հիմնադիր փաստաթղթերի, դրանցում կատարված փոփոխությունների, կառավարման մարմինների որոշումների, բանկի ղեկավար մարմինների հրամանների, կարգադրությունների, կատարված գործառնությունների արդյունքում կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն) ինչպես նաև համակարգիչներում և էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության միջոցով:

Կանոն 2.6. Վերստուգվող բանկի ղեկավարությունը պարտավոր է ընդունել և աջակցել վերստուգող խմբին, մասնավորապես`

ա) ապահովել վերստուգման ընթացքում վերստուգող խմբի անդամների անարգել մուտքը և ելքը բանկի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` ըստ փոխադարձ պայմանավորվածության,

բ) վերստուգման առաջին օրը կազմակերպել վերստուգող խմբի անդամների հանդիպումը բանկի գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) և վերստուգմանն աջակցող իրավասու անձանց հետ,

գ) վերստուգող խմբին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով, ինչպես նաև տեխնիկական և կապի միջոցներով:

Կանոն 2.7. Վերստուգող խումբը վերստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է`

ա) անարգել մուտք գործել բանկի բոլոր տարածքները, բացառությամբ դրամապահոցի, որտեղ մուտքը կատարվում է միայն բանկի համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ,

բ) օգտվել վերստուգման համար անհրաժեշտ, բանկում առկա կազմակերպատեխնիկական միջոցներից, ինչպես նաև վերստուգվող բանկ բերել և տանել համակարգիչ, մագնիսական կրիչներ (դիսկետներ), հաշվիչներ և այլն,

գ) վերստուգվող բանկի ղեկավարներից և իրավասու աշխատակիցներից պահանջել վերստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր` կնքված բանկի կնիքով և ստորագրված իրավասու անձանց կողմից, այդ թվում`

- բանկի հիմնադիր փաստաթղթեր, դրանցում կատարված փոփոխություններ, բանկի կառավարման մարմինների որոշումներ, բանկի ղեկավար մարմինների հրամաններև կարգադրություններ, ներքին վերահսկողության ակտեր,

- պայմանագրեր, գրագրություններ, դրամարկղահաշվարկային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ, սկզբնական և այլ հաշվապահական փաստաթղթեր,

- տեղեկություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, մերժված վարկային հայտեր, հաճախորդների բողոք-դիմումներ,

- բանկի գործունեությունն ապահովող համակարգչային համակարգի հետ կապված փաստաթղթեր,

- անկախ աուդիտային կազմակերպության հետ ունեցած հարաբերություններին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև բանկի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, բանկի գործունեության ծրագրի կատարման ընթացքի և նախորդ վերստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ բանկի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր` վերստուգումները ժամանակին և սպառիչ իրականացնելու համար,

դ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող բանկի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր, ֆայլեր, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումներ,

ե) վերստուգվող բանկի ղեկավարությանը և իրավասու աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են վերստուգման անհրաժեշտությունից և նպատակից:

զ) հաճախորդների համաձայնությամբ վերջիններից ստանալ իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, որն անհրաժեշտ է փաստացի հանգամանքները, այդ թվում` վերստուգվող բանկից ստացված փաստաթղթերում պարունակվող տվյալների հավաստիությունը հաստատելու համար:

Կանոն 2.8. Վերստուգման ամբողջ ընթացքում, առանց վերստուգող խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը վերստուգող խմբին հատկացված տարածք արգելվում է:

Կանոն 2.9. Վերստուգող խմբին հատկացված տարածքն աշխատանքային օրվա ավարտին կարող է կնքվել և հանձնվել վերստուգվող բանկի պահպանությանը:

Կանոն 2.10. Անհրաժեշտության դեպքում վերստուգող խմբի ղեկավարն իրավասու է կնքել բանկի առանձին ծառայողական տարածքները, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել դրանցում պահվող փաստաթղթերի, կանխիկ դրամի և այլ արժեքների վերստուգումը, հաշվառումը կամ գույքագրումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որն ստորագրվում է վերստուգող խմբի ղեկավարի և բանկի համապատասխան աշխատակիցների կողմից (հավելված 1):

Կանոն 2.11. Վերստուգող խմբի անդամները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես իրենց տրամադրված փաստաթղթերի ապահովության և վերադարձնելիության համար:

Կանոն 2.12. Բանկերում վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ՀՀ կենտրոնական բանկի վերստուգող խմբի օրինական գործողություններին խոչընդոտել կամ միջամտել:

Կանոն 2.13. Սույն կանոնակարգի 2.6 և 2.7 կանոններով նախատեսված պարտավորությունները վերստուգվող բանկի ղեկավարների և իրավասու աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում` ուշացնելը, ինչպես նաև կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է վերստուգումների խոչընդոտում:

Կանոն 2.14. Յուրաքանչյուր նման դեպք նույն օրն աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ձևակերպվում է համապատասխան ակտով, որը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետին (հավելված 2): Վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկում է ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված միջոցառումներ:

Կանոն 2.15. Վերստուգմանը խոչնդոտելու մասին ակտը բանկի ղեկավարների կողմից չստորագրելը երբևէ չի կարող վիճարկվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության կիրառման ժամանակ:

Կանոն 2.16. Բանկերում վերստուգումների իրականացման արդյունքում կազմված հաշվետվություններում և ակտերում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք, որոնք կարող են տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Վերստուգումների տեսակները

 

Վերստուգումները լինում են`

ա) համալիր վերստուգումներ, այդ թվում`

- հերթական,

- արտահերթ,

բ) նպատակային վերստուգումներ:

 

Գլուխ 3. Համալիր վերստուգումներ

 

Կանոն 3.1. Բանկերում համալիր վերստուգումներն իրականացվում են բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական ակտերի պահանջներին բանկի կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը, ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և  տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատությունը պարզելու, ֆինանսական վիճակը, արդյունքները, ռիսկերը և վերստուգման արդյունքներով CAMELS համակարգով բանկը գնահատելու նպատակով:

Կանոն 3.2. Հերթական համալիր վերստուգումներն իրականացվում են բանկերում համալիր վերստուգումների իրականացման ռազմավարությանը համապատասխան (հավելված 4)` ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետի կողմից հաստատված ծրագրի համաձայն:

Կանոն 3.3. Բանկերի համալիր վերստուգումների ժամանակ պարտադիր կատարվում է ամփոփ վերլուծություն և գնահատում հետևյալ ուղղություններով` կապիտալի համարժեքություն, ակտիվների որակ, կառավարում, ֆինանսական արդյունքներ (եկամուտներ և ծախսեր), իրացվելիություն, ռիսկերի գնահատում, օրենսդրության պահանջների պահպանում:

Կանոն 3.4. Համալիր վերստուգումների ընթացքում կատարվում է բանկի ընդհանուր ակտիվների առնվազն 70%-ի, բայց ոչ պակաս, քան եկամտաբեր ակտիվների (վարկային, ինվեստիցիոն ներդրումներ և այլն) առնվազն 70 %-ի ուսումնասիրություն:

Կանոն 3.5. Համալիր վերստուգումների ժամկետը կախված է բանկի ակտիվների ծավալից, տարածքային ստորաբաժանումների քանակից և, որպես կանոն, սահմանվում է մինչև 60 օր: Անհրաժեշտության դեպքում վերստուգումների տևողությունը մինչև 30 օր ժամկետով կարող է երկարաձգվել բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետի կողմից` համաձայնեցնելով բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի հետ:

Կանոն 3.6. Համալիր վերստուգումների ամբողջ ընթացքում բանկի շենքի մուտքին փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերստուգում իրականացնելու, բանկի հաճախորդներից առաջարկություններ ու հայտարարություններ ստանալու հնարավորության մասին, ինչպես նաև վերստուգող խմբի հեռախոսահամարը (հավելված 3):

Կանոն 3.7. Բանկի ղեկավարները պարտավոր են վերստուգող խմբին տրամադրել բանկի հաճախորդներից և մասնակիցներից ստացված բողոքները և առաջարկությունները: Անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպվել վերստուգող խմբի հանդիպում բանկի հաճախորդների և մասնակիցների հետ:

Կանոն 3.8. Հերթական համալիր վերստուգումներն իրականացվում են վերստուգումների ժամանակացույցի հիման վրա, որը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար և հաստատվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

Կանոն 3.9. Հերթական համալիր վերստուգումներն իրականացվում են ոչ ավելի, քան ֆինանսական տարին մեկ անգամ:

Կանոն 3.10. Արտահերթ համալիր վերստուգումները նշանակվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի գաղտնի որոշմամբ:

Կանոն 3.11. Արտահերթ համալիր վերստուգումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ`

 - հիմնական տնտեսական նորմատիվների պարբերաբար խախտումները,

 - CAMELS-ի ցուցանիշներում վտանգավոր միտումների ի հայտ գալը,

 - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի հիմնավորումը:

Կանոն 3.12. Համալիր վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների նախնական քննարկում:

 Նախնական քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:

 Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:

 Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

(կանոն 3.12-ը խմբ. 25.12.01 թիվ 333)

Կանոն 3.13. Համալիր վերստուգման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում, վերստուգման արդյունքների և սույն կանոնակարգի 3.12 կանոնով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն: Անհրաժեշտության դեպքում բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի թույլտվությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել մեկ շաբաթով:

Կանոն 3.14. Վերստուգման հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, որոնք վերստուգող խմբի կողմից ստորագրվում և հանձնվում են բանկի ղեկավարությանը:

Կանոն 3.15. Բանկի ղեկավարությունը մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը, և բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը) ստորագրում է այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ և մեկ օրինակը վերադարձնում վերստուգող խմբին:

Կանոն 3.16. Բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը) կարող է հաշվետվությանը կից ներկայացնել իր առարկություններն ու բացատրությունները: Վերստուգող խումբը հաշվետվությունը բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) առարկությունների ու բացատրությունների հետ միասին ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետին:

Կանոն 3.17. ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետը հաշվետվությունն ստանալուց հետո, 1 շաբաթվա ընթացքում, իր եզրակացությունների և առաջարկությունների հետ այն ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենին:

Կանոն 3.18. ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենը կազմակերպում է ներկայացված նյութերի քննարկում, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ վերստուգվող բանկի կողմից առարկությունների և բացատրությունների առկայության դեպքում` պարտադիր նաև բանկի ղեկավարներն ու տվյալ բանկում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:

 

Գլուխ 4. Նպատակային վերստուգումներ

 

Կանոն 4.1. Նպատակային վերստուգումներն իրականացվում են` հիմք ընդունելով.

- ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում արտացոլված տվյալների անարժանահավատության կամ կատարված գործառնությունների օրինականության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի հիմնավորումը,

- ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացվող հիմնավորված առաջարկությունները,

- պետական մարմինների առաջարկությունները,

- բանկի հաճախորդների կամ մասնակիցների բողոքները:

Կանոն 4.2. Նպատակային վերստուգումները, որպես կանոն, իրականացվում են առանց բանկին նախապես ծանուցելու և ըստ հետևյալ հիմնական ուղղությունների`

- հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների օրինականության վերստուգում,

- բանկի ընդհանուր կապիտալի մեծության գնահատում,

- բանկի իրացվելիության գնահատում,

- ակտիվների վերլուծություն, դասակարգում և գնահատում,

- բանկի կառավարման որակի գնահատում,

- բանկի ֆինանսական արդյունքների (եկամուտներ և ծախսեր) գնահատում,

- ռիսկերի առանձին տեսակների գնահատում,

- դրամական միջոցների հոսքերի գնահատում,

- ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերստուգում,

- ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականների ու առաջարկությունների կատարման ընթացքի վերստուգում,

- ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության վերստուգում:

Կանոն 4.3. Նպատակային վերստուգումների իրականացման ժամկետները, որպես կանոն, սահմանվում են մինչև 15 օր և իրականացվում են սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով:

Կանոն 4.4.Նպատակային վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների քննարկում:

 Քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:

 Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է մինչև քննարկումն ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների քննարկման չկայացման համար:

 Անհրաժեշտության դեպքում քննարկմանը կարող են մասնակցել վերստուգման խնդրին առնչվող բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները:

 Քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

(կանոն 4.4-ը խմբ. 25.12.01 թիվ 333)

Կանոն 4.5. Վերստուգումների արդյունքների և սույն կանոնակարգի 4.4 կանոնով նախատեսված քննարկումների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է ակտ, որն ստորագրվում է վերստուգող խմբի և բանկի ղեկավարի կողմից:

Կանոն 4.6. Ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվում է վերստուգվող բանկի ղեկավարին: Բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը) կարող է ակտին կից ներկայացնել իր առարկություններն ու բացատրությունները:

Կանոն 4.7. Ակտի մյուս օրինակը հանձնվում է բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետին: Վերջինս 5 օրվա ընթացքում բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենին է ներկայացնում ակտը և դրա վերաբերյալ իր եզրակացություններն ու առաջարկությունները:

Կանոն 4.8. ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենը ներկայացված նյութերի վերաբերյալ կազմակերպում է քննարկում, որին անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև ՀՀ կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ և վերստուգվող բանկի ներկայացուցիչներ:

 

Գլուխ 5. Վերստուգման արդյունքների ամփոփումը

 

Կանոն 5.1. Վերստուգման արդյունքները բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի կողմից ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

Կանոն 5.2. Վերստուգման ընթացքում բացահայտված խախտումների վարույթն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Կանոն 5.3. Վերստուգումների ընթացքում հաստատապես հայտնի` նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված` քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում ՀՀ կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է համապատասխան իրավապահ մարմիններին:

 

Գլուխ 6. Վերստուգման առանձնահատկությունները բանկի տարածքային ստորաբաժանումներում

 

Կանոն 6.1. Բանկերի տարածքային ստորաբաժանումներում իրականացվող վերստուգումները, որպես կանոն, լինում են նպատակային, եթե նշված վերստուգումները չեն իրականացվում տվյալ բանկում համալիր վերստուգումների շրջանակներում:

Կանոն 6.2. Բանկերի տարածքային ստորաբաժանումներում վերստուգումներն իրականացվում են սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով, սույն գլխում նշված բացառություններով:

Կանոն 6.3. Բանկի մասնաճյուղում վերստուգման ավարտից հետո վերստուգման նախնական արդյունքները քննարկվում են մասնաճյուղի ղեկավարի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ իրավասու աշխատակիցների հետ:

Կանոն 6.4. Վերստուգման ավարտից հետո վերստուգման արդյունքների և սույն կանոնակարգի 6.3 կանոնով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է ակտ, որն ստորագրվում է վերստուգող խմբի և բանկի մասնաճյուղի ղեկավարի կողմից:

Կանոն 6.5. Ակտը կազմվում է 3 օրինակից (մեկական օրինակ բանկին, բանկի մասնաճյուղին և վերստուգող խմբին): Բանկի մասնաճյուղի ղեկավարը կարող է ակտին կից ներկայացնել իր առարկություններն ու բացատրությունները:

Կանոն 6.6. Բանկի մասնաճյուղի վերստուգման ժամանակ, այլ տարածքային ստորաբաժանումում կամ բանկի գլխամասում հանդիպակաց վերստուգումն իրականացվում է նույն լիազորագրով, իսկ արդյունքների ամփոփումը` սույն գլխի 6.3, 6.4 և 6.5 կանոններով սահմանված կարգով:

Կանոն 6.7. (կանոնն ուժը կորցրել է 25.12.01 թիվ 333)

Կանոն 6.8. (կանոնն ուժը կորցրել է 25.12.01 թիվ 333)

Կանոն 6.9. (կանոնն ուժը կորցրել է 25.12.01 թիվ 333)

Կանոն 6.10. (կանոնն ուժը կորցրել է 25.12.01 թիվ 333)

 

 

Հավելված 1

 

 Ա Կ Տ

 

 Բանկի կողմից վերստուգման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ

 

 

Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության ---- ----------------- ---- թ. թիվ ------ վերստուգման լիազորագրի համաձայն` ------------------------------------------ բանկում

                                                                       վերստուգվող բանկի անվանումը

 

վերստուգում իրականացնող խմբի կողմից, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից` բանկի

------------------------------------------------------------------- -ից

աշխատակցի պաշտոնը, անունը և ազգանունը

 

«---» ------------- ---- թ. պահանջվեց --------------------------------:

                                             պահանջի մանրամասն նկարագիրը

 

 Նշված աշխատակցի կողմից վերստուգող խմբի պահանջը չբավարարվեց, որով խոչընդոտվեց վերստուգման բնականոն ընթացքը:

 Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց բանկի գործադիր տնօրենին (վարչության նախագահին):

 

 Վերստուգող խմբի

 ղեկավար`               ----------------- /                    /

 

 «Ստացա ակտի մեկ օրինակը» --- ------------ ---- թ.

 

 Բանկի գործադիր տնօրեն` ----------------- /                    /

 (վարչության նախագահ)

 

 

Հավելված 2

 

 Ա Կ Տ

 

Բանկի ծառայողական տարածքի կնքման վերաբերյալ

 

Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության --- ---------------- --- թ. թիվ ---- վերստուգման լիազորագրի համաձայն` ---------------------------------------- բանկում վերստուգվող բանկի անվանումը վերստուգում իրականացնող խմբի կողմից --- ------------ ---- թ. ժամը --- -ին, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, ՀՀ կենտրոնական բանկի տեսչական  վերահսկողության վարչության թիվ ------ կնիքով կնքվեց բանկի ------------------------------------------------------------------------- 

                     կնքվող տարածքի անվանումը

Կնքված տարածքը պատասխանատու պահպանության հանձնվեց բանկի ------------------------------------------------------------------------- 
աշխատակցի պաշտոնը, անունը և ազգանունը

Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց վերջինիս:

 

Վերստուգող խմբի                                          Պատասխանատու

ղեկավար`                                                          աշխատակից

 -------------- /          /                                         ---------------- /           /

 

 

Հավելված 3

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«--------------------» բանկում իրականացվող վերստուգման վերաբերյալ

 

ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության կողմից ------ -------------------- ------ թ. մինչև ---- -------------- ---- թ. իրականացվում է ---------------------  համալիր վերստուգում:

Բանկի այն հաճախորդները և մասնակիցները, որոնք ունեն հայտարարություններ և առաջարկություններ, նշված ժամանակահատվածում կարող են դիմել վերստուգում իրականացնող խմբին:

Վերստուգող խմբի հեռախոսահամարն է` -------------------------:

 

Վերստուգող խմբի ղեկավար` ------------------------------------

 

 

Հավելված 4

 

Բանկերում համալիր վերստուգումների իրականացման ռազմավարությունը

 

1. Բանկերում համալիր վերստուգումներն իրականացնել ըստ տարբերակված մոտեցումների, մասնավորապես ֆինանսապես առողջ և հեռանկարային բանկերում համալիր վերստուգումներն անցկացնել ավելի պակաս պարբերականությամբ, քան մնացած բանկերում:

2. Նոր հիմնադրվող բանկերում հերթական համալիր վերստուգումներն իրականացվում են նրանց գործունեության մեկ տարին լրանալուց հետո:

3. Բանկերում համալիր վերստուգումներն անցկացնել 3 տարին մեկ անգամ, եթե վերջին վերստուգումներին հաջորդող երկու տարվա ընթացքում`

- փաստաթղթային (off-site) վերահսկողության տվյալներով, ըստ գնահատման CAMELS համակարգի, բանկն ունի միջին համակարգայինից բարձր ռեյտինգ,

- բանկը չի խախտել հիմնական տնտեսական նորմատիվները,

- բանկն ունի վճարունակության բարձր ցուցանիշներ. կապիտալի համարժեքության նորմատիվների փաստացի մեծությունները 2 և ավելի անգամ գերազանցում են սահմանված նորմատիվները,

- բանկն աշխատել է շահութաբերությամբ. շահութաբերության ցուցանիշներն ըստ ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների գերազանցում են  համակարգային միջին ցուցանիշները,

- յուրաքանչյուր տարի բանկն ստուգվել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, և վերջինիս հրապարակած եզրակացությունը  դրական է,

- բանկում գործում է ներքին վերահսկողության արդյունավետ մեխանիզմ, վերստուգիչ հանձնաժողովը պատշաճորեն է կատարել օրենքով նախատեսված ֆունկցիաները:

4. Բանկերում համալիր վերստուգումներն անցկացնել 2 տարին մեկ անգամ, եթե վերջին վերստուգմանը հաջորդող 1,5 տարվա ընթացքում`

- փաստաթղթային (off-site) վերահսկողության տվյալներով, ըստ գնահատման CAMELS համակարգի, բանկն ունի միջին համակարգայինին մոտ ռեյտինգ,

- բանկի կողմից մեկ ֆինանսական տարվա ընթացքում հիմնական տնտեսական նորմատիվների թույլ տրված խախտումների թիվը չի գերազանցում 3-ը,

- բանկի կապիտալի համարժեքության փաստացի նորմատիվները 1,5-2 անգամ գերազանցում են սահմանված նորմատիվները,

- բանկի շահութաբերության ցուցանիշները մոտ են համակարգային միջին ցուցանիշներին,

- յուրաքանչյուր տարի բանկն ստուգվել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, և վերջինիս հրապարակած եզրակացությունը  դրական է,

- Կենտրոնական բանկը բանկի վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը գնահատել է բավարար:

5. Բանկերում համալիր վերստուգումներն իրականացնել յուրաքանչյուր տարի, եթե`

- փաստաթղթային (off-site) վերահսկողության տվյալներով, ըստ գնահատման CAMELS համակարգի, բանկն ունի միջինից ցածր ռեյտինգ,

- բանկն ունի վճարունակության և իրացվելիության լուրջ հիմնախնդիրներ,

- բանկը պարբերաբար խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները,

- բանկի շահութաբերության ցուցանիշները համակարգային միջին ցուցանիշներից ցածր են,

- բանկը չի ստուգվել անկախ աուդիտորական կազմակերպության կողմից,

- նախորդ վերստուգման արդյունքներով ԿԲ վերստուգող խումբը հիմնավորել է մեկ տարի անց բանկում համալիր վերստուգում անցկացնելու  անհրաժեշտությունը:

6. Համալիր վերստուգումներին տալ ոչ միայն զուտ տեսչական (վերահսկողական) բնույթ, այլև վերստուգումների արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, ելնելով տեսչական վերահսկողության փորձից` բանկին ներկայացնել խորհրդատվական բնույթի առաջարկություններ (մասնավորապես, բանկի կառավարման բարելավման, ներքին վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման, ակտիվների և պասիվների հավասարակշռված կառավարման և այլ հարցերի գծով):

7. Բանկերում համալիր վերստուգումների անցկացման հաճախականությունը որոշելիս հաշվի առնել նաև անկախ աուդիտային ստուգումների արդյունքները:

(կանոնակարգը խմբ., փոփ. 25.12.01 թիվ 333)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2004, N 291-Ն 14.01.2005, թիվ 195
14.05.2002, թիվ 143 31.05.2002, թիվ 195
25.12.2001, թիվ 333 25.12.2001, թիվ 195
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան