Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0725/04/19

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0725/04/19

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան  

Դատավորներ՝

Հ.Ենոքյան
 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի մայիսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Կարտոն-Տարա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ «Կագա Գրուպ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի 25.06.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2019 թվականի որոշմամբ Բանկի միջնորդությունը՝ մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքերի արտադատական կարգով իրացնելը թույլատրելու մասին, բավարարվել է: Հաստատվել է Բանկի պահանջի չափը և թույլատրվել է Բանկին արտադատական կարգով իրացնել գրավադրված գույքը: Վերացվել են նաև գրավադրված գույքի նկատմամբ սնանկության վարույթի շրջանակներում կիրառված բոլոր սահմանափակումները և արգելանքները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.10.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.09.2019 թվականի «Մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացում թույլատրելու մասին» որոշումը վերացվել է. Բանկի միջնորդությունը` մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքերի արտադատական կարգով իրացնելը թույլատրելու մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչ Համիկ Մարտիրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ, 228-րդ, 229-րդ 345-րդ և 346-րդ հոդվածները, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը սահմանում է, որ պարտապանի գույքի կազմում ներառվում է պարտապանին պատկանող ցանկացած գույք: Միևնույն ժամանակ, որպես բացառություն, պարտապանի գույքի կազմում չի ընդգրկվում այն գույքը, որի արտադատական կարգով իրացման խնդրանքով դատարան էր դիմել ապահովված իրավունք ունեցող պարտատերը, հետագայում նաև ստանալով համապատասխան թույլտվությունը, և որի նկատմամբ չեն կիրառվելու մորատորիումի գործողությունները: Այսպիսով, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է պարտապանի գույքի կազմում ընդգրկված՝ մինչև գրավով ապահովված պարտատիրոջ կողմից դատարան նշված գույքի վաճառքը թույլատրելու դիմում ներկայացնելը և դատարանից համապատասխան թույլտվություն ստանալը:

Մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքերի իրացումն արտադատական կարգով թույլատրելու մասին դիմումը Բանկի կողմից սնանկության վարույթով ներկայացնելը հետապնդում էր նաև մեկ այլ նպատակ, այն է` որպեսզի պարտապանի գույքի վաճառքից ստացված գումարի նկատմամբ լինի սնանկության վարույթի պատասխանատուների (դատարանի և սնանկության գործով կառավարչի) վերահսկողությունը, որպեսզի սնանկության վարույթը լինի էլ ավելի թափանցիկ: Հակառակ պարագայում կստացվի, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի իրացումը վերահսկելի չի լինի սնանկության վարույթի այլ մասնակիցների համար, ինչն իր հերթին կարող է հետագայում հանգեցնել վերջիններիս իրավունքների կոպտագույն խախտումների:

Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ վեճի առարկա գույքերը չեն կարող ներառվել սնանկության վարույթում որպես պարտապանի գույք և սնանկության վարույթով չեն կարող իրացվել, չի անդրադարձել այն հարցին, թե գրավառուն ինչպես պետք է իրականացնի իր իրավունքները երրորդ անձի և սնանկ ճանաչված գրավատուի նկատմամբ, ուստի Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ պետք է առնվազն անդրադառնար և ձևակերպեր նշված դեպքում գրավառուի իրավունքների իրացման կարգը` հստակ նշելով գործընթացը կանոնակարգող իրավական նորմերը, ինչը սակայն չի իրականացվել:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ ոչ միայն լուծում չի տրվել այն հարցին, թե ինչպես օրինական գրավառուն պետք է իրացնի իր իրավունքները, այլև հակառակը` բեկանելով և փոփոխելով Դատարանի որոշումը, նշված իրավունքների իրացումը հայտնվել է փակուղում՝ արհեստականորեն առաջացնելով իրավական անորոշություն, ինչպես նաև հակասելով իր իսկ բերած փաստարկին, քանի որ համաձայն և ի կատարումն նշված որոշման` գրավադրված գույքը մնում է սնանկության վարույթում, որին, ըստ Վերաքննիչ դատարանի տրամաբանության, գրավառուն չի մասնակցում, քանի որ պահանջատեր չէ:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունը, այն է` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը և դրանում ներկայացված փաստական և իրավական հանգամանքները, չի ուսումնասիրել գործով ներկայացված ապացույցները: Նման պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող կայացնել հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.09.2019 թվականի որոշմանը կամ կայացնել նոր դատական ակտ:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոքաբերը վճռաբեկ բողոքում առանց որևէ էական հակափաստարկների և հիմնավորումների պարբերաբար նշում է, որ բողոքարկվող դատական ակտը հիմնավորված կամ պատճառաբանված չէ: Մինչդեռ, ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի որոշումը` ակնհայտ է, որ այն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար բոլոր փաստական և իրավական հիմքերը, ինչպես նաև ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Կազմակերպությունը սույն գործով ներկայացված պայմանագրերի շրջանակներում Բանկի նկատմամբ չի հանդիսանում վարկային պայմանագրով պարտապան. պարտապան է բացառապես «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերությունը, ուստի Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հիմք ընդունել նշված կարգավորումները և ամբողջությամբ մերժել Բանկի դիմումը:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նշել է, որ Բանկն իրեն վերագրել է գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ կարգավիճակ, որի հիման վրա պահանջել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի, 39.1-րդ և 39.2-րդ հոդվածների կիրառմամբ չտարածել մորատորիումի գործողություն, հաստատել իր պահանջի չափը և թույլատրել գրավադրված գույքի արտադատական կարգով իրացումը, այն դեպքում, երբ դիմումի հիմքում Բանկը դրել է վարկային և գրավի պայմանագրերը, որոնք կնքվել են` ի ապահովումն Բանկի հանդեպ վարկառուի («Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության) կողմից վարկային պայմանագրերով և լրացուցիչ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման:

Վերաքննիչ դատարանը մանրամասն կերպով հաստատել և հիմնավորել է այն պարզ իրողությունը, որ երրորդ անձ գրավատուն երաշխավորը չէ, ոչ էլ այլ անձի պարտավորության համար համապարտ կամ սուբսիդիար պատասխանատվություն կրող անձը, այլ միայն գրավատուն է, որը երբեք չի կարող նույնանալ ստացված գումարների վերադարձման պատասխանատվություն կրող անձի, այն է՝ պարտապանի հետ:

Վերաքննիչ դատարանը չէր կարող ուժի մեջ թողնել մի որոշում, որով բավարարվում է Բանկի դիմումը և փաստվում, որ Ընկերությունը գումարային պարտավորություն ունի Բանկի նկատմամբ, հետևաբար, եթե գումար չունի, ապա պետք է բռնագանձել նրա գույքը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ հիմնավորումներով և մեկնաբանություններով իրավացիորեն եզրակացրել է, որ Բանկը չի հանդիսանում և չի էլ կարող հանդիսանալ Ընկերության պարտատերը` վարկային գումարների վերադարձման մասով:

Վերաքննիչ դատարանը չէր կարող հաշվի չառնել, որ Կազմակերպությունը Բանկի նկատմամբ սույն գործով ներկայացված պայմանագրերի շրջանակներում չի հանդիսանում վարկային պայմանագրով պարտապան: Պարտապան է «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերությունը: Բանկի և «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության (Վարկառու) միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա պարտավորական իրավահարաբերություններ են ծագել միայն Բանկի և «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության միջև:

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է ամբողջությամբ մերժել Բանկի վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի 24.10.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, իսկ այն դեպքում, երբ ստորադաս դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, ապա Վճռաբեկ դատարանին խնդրել է հիմնավորել կամ պատճառաբանել անփոփոխ թողնված դատական ակտը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Դատարանի 25.06.2019 թվականի վճռով Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 37-41).

2. Բանկի և «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության (այսուհետ նաև` Վարկառու) միջև 31.07.2015 թվականին կնքված թիվ 310715 հիմնական պայմանագրի, վերջինիս մասով կատարված լրացումների ու փոփոխությունների համաձայն՝ Վարկառուին տրամադրվել են 6.000.000.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք այլ արժույթ գումարով, մինչև 31.07.2030 թվականը, վարկային սահմանաչափով թվով երկու վարկեր (հավելված հատոր 1-ին, գ.թ. 62-72).

3. Բանկի և «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության միջև 31.07.2015 թվականի թիվ VP032669 «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրով և թիվ VPԲ035422 «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովվել է Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Ջերմոցների փողոցի թիվ 3 ջերմոց հասցեում գտնվող անշարժ գույքի և հիմնական միջոցների գրավով (հավելված հատոր 1-ին գ.թ. 73-96, 104-116).

4. Բանկի, «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության և Կազմակերպության միջև 03.08.2015 թվականին պարտապան չհանդիսացող անձին պատկանող հիմնական միջոցների գրավի թիվ 310715/3 և թիվ 310715/1 պայմանագրերով գրավադրվել են Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Ջերմոցների փողոցի թիվ 3 ջերմոց հասցեում գտնվող անշարժ գույքը և Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հավելված հատոր 1-ին, գ.թ. 97-100, 117-121).

5. Բանկը, դիմելով Դատարան, հայտնել է, որ Բանկի և «Նեվա Վենչուր Էլ Էլ Փի» ընկերության միջև կնքվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերով գրավի պայմանագիրը, և քանզի Բանկի հանդեպ պարտավորությունները կազմում են 1.420.660,42 ԱՄՆ դոլար և 1.634.709.896,00 ՀՀ դրամ, ուստի ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, 39.1-րդ և 39.2-րդ հոդվածներով` խնդրել է հաստատել ներկայացված պահանջի չափը և Բանկին` որպես ապահովված իրավունք ունեցող պարտատեր, թույլատրել ապահովված իրավունքի առարկայի իրացումն արտադատական կարգով (հավելված հատոր 1-ին, գ.թ. 58-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ պարտավորությանը չմասնակցող երրորդ անձ գրավատուին սնանկ ճանաչելու դեպքում գրավառուի իրավունքների սահմանափակման վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչված գրավատուի կողմից գրավադրված գույքի վրա երրորդ անձ պարտապանի կետանցված պարտավորություններով բռնագանձում տարածելու իրավական խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Անշարժ գույքի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորված են նույն օրենսգրքի 15-րդ գլխով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն` գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:

Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այլ պարտավորության կատարմանը, ընդ որում` գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար։ Այսինքն` գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության և գույքի սեփականատիրոջ՝ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի և կամահայտնության առկայությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն` գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը նախատեսում է գրավը դադարելու հիմքերը և դեպքերը, իսկ նույն օրենսգրքի 248-րդ հոդվածը նախատեսում է գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու հիմքերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածը պաշտպանում է գրավառուի իրավունքները նաև գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը հարկադրաբար դադարեցնելու, գրավի առարկա գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով առգրավելու դեպքում:

Նույն օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, սառեցում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում (նույն հոդվածում այսուհետ՝ Սահմանափակում) չի կարող խոչընդոտ (արգելք) հանդիսանալ գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուի համար` իրականացնելու նույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում՝ բռնագանձում տարածելու և իրացնելու գրավի առարկան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենսգրքով:

Վերը նշված հոդվածների իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը գրավառուի կողմից գրավի իրավահարաբերություններից բխող իրավունքների իրականացման այլ կարգ է նախատեսում միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի համար։ Այսինքն` բացի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերից, որևէ նյութական կամ դատավարական օրենքով, այդ թվում նաև գրավատուի սնանկ ճանաչվելու դեպքում գրավառուի իրավունքների սահմանափակում, գրավի դադարում և գրավի առարկայի բռնագանձման արգելք նախատեսված չէ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարտավորությանը չմասնակցող երրորդ անձ գրավատուին սնանկ ճանաչելու դեպքում գրավի իրավունքը դադարեցնելու իրավական հիմք գործող օրենսդրությունը չի նախատեսում, սակայն առկա սնանկության վարույթում սնանկ ճանաչված գրավատուի գույքի իրացումն էական է նաև սնանկության վարույթի այլ մասնակիցների համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև սնանկության վարույթում կիրառվող «պահանջի գրանցում» և «պահանջի չափի հաստատում» իրավական եզրույթների բովանդակության գնահատմանը (բացահայտմանը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի «պահանջի գրանցում» իրավական եզրույթի բովանդակությունն իր մեջ ներառում է սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով առկա դրամական պահանջների ներկայացման և պահանջների վերջնական ցուցակում արտացոլման գործընթացը, որի հիման վրա գրանցված պարտատերերը սնանկության վարույթում իրենց հերթին համապատասխան ակնկալում են ստանալ դրամական պահանջի բավարարում:

«Պահանջի չափի հաստատում» իրավական եզրույթը վերաբերում է բացառապես գրավով ապահովված պարտավորության՝ պահանջի չափի որոշմանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածով նախատեսված պայմաններով:

Սույն գործով Դատարանը, Բանկի դիմումը բավարարելով, նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածում առկա «պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ» եզրույթը չի ենթադրում պարտապանի նկատմամբ դրամական (տվյալ դեպքում վարկային) պահանջի պարտադիր առկայություն՝ անհրաժեշտ համարելով միայն ապահովված իրավունքների առկայությունը, որը, և տվյալ դեպքում, արտահայտվում է պարտապանի (Կազմակերպություն) գույքի նկատմամբ պարտատիրոջ (Բանկի) գրավի իրավունքով: Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Կազմակերպության՝ սնանկ ճանաչված լինելու հանգամանքի ուժով Բանկը չունի այլ օրենսդրական հնարավորություն՝ իրացնելու օրենքով և պայմանագրով իր՝ որպես գրավառուի իրավունքները:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը վերացնելիս պատճառաբանել է, որ Կազմակերպությունն իր գույքով և միջոցներով հանդիսանում է երրորդ անձ, պարտապան չհանդիսացող գրավատու, ուստիև չի կարող հանդիսանալ պարտապան, քանզի պայմանագրով չի ստանձնել Բանկի հանդեպ որոշակի գործողություն կատարելու պարտավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի իրավական գնահատականները չեն բխում գործի փաստական հանգամանքներից, քանի որ սույն գործի փաստերից հետևում է, գրավառուն սնանկության վարույթում գրավատուի նկատմամբ դրամական պահանջ չի ներկայացրել և պահանջների ցուցակում պահանջի գրանցման իրավահարաբերություն առկա չէ։ Գրավառուի կողմից գրավով ապահովված պարտավորության չափը հաստատելու դիմում է ներկայացվել այն ծավալով, որը եղել է գրավի առարկայի արտադատական բռնագանձման ծանուցումով: Այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտատերը նպատակ է հետապնդել սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի սնանկության վարույթում ամրագրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածով նախատեսված գրավով ապահովված պարտավորության ծավալը, որի դիմաց պետք է բռնագանձվի գրավ դրված գույքը, ինչպես նաև ապահովվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված հաշվարկների իրականացումը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն առանց հաշվի առնելու պարտատիրոջ կողմից պարտապանին և երրորդ անձ գրավատուին ուղարկված բռնագանձման ծանուցումը, որի հիման վրա ծագել է գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու իրավունքը, ծանուցմամբ նշված ծավալով պարտատիրոջ գործողությունները գնահատել է որպես գրավատուի նկատմամբ ներկայացված դրամական պահանջ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը նույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները նույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

Վերոգրյալից հետևում է, որ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ընդգրկված գրավի առարկան` որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, առաջնահերթ նպատակաուղղվում է գրավով ապահովված պարտավորության կատարմանը, որի չափը ենթակա է հաստատման սնանկության գործը վարող դատավորի կողմից, քանի որ ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված գերազանցող գումարը ենթակա է վերադարձման գրավատու պարտապանի սնանկության հաշվին:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը նյութական իրավունքի նորմերի խախտումների մասին հիմնավորված են և բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 03.09.2019 թվականի «Մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացում թույլատրելու մասին» որոշմանը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական: