Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0076/04/17

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0076/04/17
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

Ս. Թորոսյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի` Փայլակ Հայրապետյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2018 թվականի որոշման դեմ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Փայլակ Հայրապետյանին ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2017 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 06.10.2017 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով դիմումի հիմքում դրված` Կոմիտեի կողմից 30.11.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 2005/01 որոշումը, Փայլակ Հայրապետյանի կողմից 23.05.2017 թվականին բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որն էլ 26.05.2017 թվականի որոշմամբ ընդունվել է այն վարույթ, հետևաբար միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի վճարային պարտավորությունը չդիտվի անվիճելի: Կոմիտեի կողմից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է, որ Փայլակ Հայրապետյանի հարկային պարտավորության առկայության վերաբերյալ հանգամանքը հարկային մարմնին հայտնի է դարձել առնվազն 23.09.2016 թվականին, իսկ Փայլակ Հայրապետյանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է 10.04.2017 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում ակնհայտ ապօրինի առոչինչ վարչական ակտ է, քանի որ Փայլակ Հայրապետյանը հարկային մարմնին ներկայացրել է առարկություններ և հիմնավորումներ, որ ինքը նման պարտավորություններ չունի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին կամ ամբողջությամբ բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կոմիտեի 30.11.2016 թվականի որոշումը Փայլակ Հայրապետյանի կողմից չի բողոքարկվել և արդյունքում դարձել է անբողոքարկելի վարչական ակտ: Փայլակ Հայրապետյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան միայն ձևական նկատառումներով` սնանկության գործընթացն արհեստականորեն երկարաձգելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից 30.11.2016 թվականին կայացվել է թիվ 2005/01 որոշումը` Փայլակ Հայրապետյանից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա 115.361.130 ՀՀ դրամը բռնագանձելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 10-11).

2) Կոմիտեն 13.04.2017 թվականին դիմում է ներկայացրել Դատարան Փայլակ Հայրապետյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի 14.04.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1).

3) Փայլակ Հայրապետյանը 22.05.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կոմիտեի՝ 30.11.2016 թվականի հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին թիվ 2005/01 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի 26.05.2017 թվականի թիվ ՎԴ/4562/05/17 որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: ՀՀ վարչական դատարանը նշված որոշմամբ արձանագրել է. «Հաշվի առնելով, որ Փայլակ Հայրապետյանը հայցադիմումով ներկայացված միջնորդությամբ հայտնել է, որ վարչական ակտի մասին իրազեկվել է թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործի շրջանակներում, որից հետո հայցվորի դիմումի հիման վրա սույն թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տրամադրվել է վարչական ակտի պատճենը, Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումով և դրան կից փաստաթղթերով հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում չի հիմնավորվում վերջինիս կողմից հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու հանգամանքը» (հատոր 1-ին, գ.թ. 33-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը. և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշումը չի դարձել անբողոքարկելի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում` լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

-երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը, արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար` անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն) (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Նշված դիրքորոշումը հիմք ընդունելով` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը դիտարկելով նույն կետի «գ» ենթակետի համատեքստում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից, կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հակառակ պարագայում, երբ այդպիսի պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, և ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ներկայացված դիմումի հիմքում դրված մինչև 01.01.2018 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի կարգավորմանը, արձանագրում է հետևյալը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` (ա) անձի դիմումը, բողոքը. (բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են՝ (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը՝ վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական մարմնի համար իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորություն նախատեսված լինելու դեպքերից մեկն ամրագրված էր իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն) 29.1-րդ հոդվածով:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: (...) Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով (հոդվածներ 87-89) սահմանված կարգով (...):

Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթի վերլուծությանը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ օրենքին համապատասխան սահմանված հարկեր մուծելը յուրաքանչյուրի սահմանադրաիրավական պարտականությունն է (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մաս): Օրենսդիրն իր հերթին հարկ վճարողների համար սահմանել է հարկերը ժամանակին վճարելու պարտականություն (իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» կետ), որի չկատարման դեպքում իրավասու վարչական մարմինը՝ հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով լիազորված է որոշում կայացնել հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում Կոմիտեի կողմից դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկել համապատասխան վարչական ակտը:

Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չէին կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի, ինչից բխում է, որ առանց նման որոշման` գումարի բռնագանձման իրավասությունը չէր կարող իրացվել: Հետևաբար առանց նման որոշման կայացման և դրա` անբողոքարկելի դառնալու, համապատասխան պետական մարմինը չէր կարող վկայակոչել պարտապանի` հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը (տե՜ս, նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքին, երբ իրավասու մարմնի կողմից կայացվել է հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում: Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից հետևում է, որ նման որոշման կայացումը դեռևս բավարար չէ և անձին սնանկ ճանաչելու պարտավորության անվիճելիությունը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշումը միաժամանակ դարձել է անբողոքարկելի: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված՝ հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում ներկայացված լինելու պարագայում սնանկության գործը քննող դատարանը պետք է գնահատի նաև այդ որոշման անբողոքարկելիությունը՝ համադրելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի իրավակարգավորումները գործի փաստական հանգամանքների հետ:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից 30.11.2016 թվականին կայացվել է թիվ 2005/01 որոշումը` Փայլակ Հայրապետյանից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա 115.361.130 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Կոմիտեն 13.04.2017 թվականին դիմում է ներկայացրել Դատարան Փայլակ Հայրապետյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի 14.04.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Փայլակ Հայրապետյանը 22.05.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` Կոմիտեի 30.11.2016 թվականի հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին թիվ 2005/01 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 26.05.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: ՀՀ վարչական դատարանը նշված որոշմամբ արձանագրել է. «Հաշվի առնելով, որ Փայլակ Հայրապետյանը հայցադիմումով ներկայացված միջնորդությամբ հայտնել է, որ վարչական ակտի մասին իրազեկվել է թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործի շրջանակներում, որից հետո հայցվորի դիմումի հիման վրա սույն թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տրամադրվել է վարչական ակտի պատճենը, Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումով և դրան կից փաստաթղթերով հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում չի հիմնավորվում վերջինիս կողմից հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու հանգամանքը»:

Սույն գործով Դատարանը դիմումը մերժելիս պատճառաբանել է, որ անձին սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորությունը վիճարկվել է և ՀՀ վարչական դատարանի 26.05.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հետևաբար բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համապատասխան հիմքը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում է Դատարանի՝ քաղաքացիական գործի վարույթը չկասեցնելու դիրքորոշման իրավաչափությունը, ինչը գործող իրավակարգավորման շրջանակներում է, հետևաբար գտել է, որ Դատարանը պետք է կասեցներ սույն գործի վարույթը, քանի որ ՀՀ վարչական դատարանում քննվող գործն ուղղակիորեն վերաբերում է սնանկության դիմումի հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափությանը, հետևաբար, նշված գործի քննության շրջանակներում հաստատվող փաստն էական նշանակություն ունի սույն գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել, որ Փայլակ Հայրապետյանի՝ հարկային պարտավորությունների մասով առաջացած և չվճարված գումարի բռնագանձման վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը վիճարկվել է: Տվյալ պարագայում Կոմիտեն չէր կարող վկայակոչել Փայլակ Հայրապետյանի մոտ հարկային պարտավորությունների առկայությունը` առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտի գոյության: Այսինքն` ներկայացնելով առարկություն, պարտապանը հիմնավորել է, որ առկա է բավարար հիմք` բողոքարկված վարչական ակտ, որը պարտավորությունը դարձրել է վիճելի:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունի հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշման կայացված լինելու և այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու փաստերի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներից բխում է, որ Վճռաբեկ դատարանը կարևորել է որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, մինչդեռ այդ որոշման վիճարկված լինելն արդեն իսկ բացառում է անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանի առկայությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի հետևությունը սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ թիվ ՎԴ/4562/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողում արձանագրված չլինելու և հայցադիմումը վարույթ ընդունված լինելու պայմաններում, արդեն իսկ հիմնավորվում է սույն գործով ներկայացված՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 30.11.2016 թվականի թիվ 2005/01 որոշման վիճարկված լինելու փաստը, որը սնանկ ճանաչելու հիմք հանդիսացած պարտավորությունը դարձրել է վիճելի:

Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ օրենսդիրը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով), այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով կարգավորել է կասեցման ընթացակարգի կիրառման հնարավորությունը: Օրենսդիրը վարույթի կասեցման կարգ նախատեսել է առանձին պարտատերերի պահանջների մասով և այն պայմանով, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը (հիմքերը) կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ: Ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով: Այսպիսով, օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով (տե՛ս, ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի՝ թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված իրավական դիրքորոշումից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու փուլում բացակայում է սնանկության գործի վարույթը կասեցնելու իրավական հնարավորությունը, որպիսի հանգամանքը ևս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվել Փայլակ Հայրապետյանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել էր Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքի առկայությունն այլ գործի շրջանակներում հիմնավորվելու և սույն գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ ոչ իրավաչափ եզրահանգման արդյունքում խախտվել է անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 06.10.2017 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ Փայլակ Հայրապետյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2017 թվականի վճռին։

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ Փայլակ Հայրապետյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Մ. Դրմեյան
 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան
 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան