Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.12/61(1616).1 Հոդ.751.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1438/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1438/02/08

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան
 

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Ե. Խունդկարյան

 

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

   

Գ. հակոբյան

 

 

      Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչ Հասմիկ Մելիքսեթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարշամ Ղարիբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Վարշամ Ղարիբյանին վերադարձնել վերջինիս տիրապետության տակ գտնվող գույքը և հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ։

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Հարթենյան) 11.03.2014 թվականի վճռով հայցը` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասով, մերժվել է, իսկ գումարի բռնագանձման պահանջի մասով գործի վարույթը՝ կարճվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ի. Վարդանյան, Ն. Բարսեղյան, Տ. Նազարյան) 03.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2014 թվականի վճիռը` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.10.2014 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վարշամ Ղարիբյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը գույքի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Վարշամ Ղարիբյանի հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչ Հասմիկ Մելիքսեթյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 21.06.2019 թվականին պատասխանողը փոստային ծառայությանն է հանձնել 30.04.2019 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան» բառերը՝ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն, ինչի արդյունքում՝ 01.07.2019 թվականին փոստային առաքանին վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը բաց չի թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը, այն ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում՝ 21.06.2019 թվականին, այդ մասին նշել է նաև Վերաքննիչ դատարանը՝ բողոքարկվող որոշման մեջ, սակայն զուտ տեխնիկական վրիպակի պատճառով ներկայացված բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից չի ստացվել։ Ծրարը պատասխանողի կողմից հետ ստանալուց հետո՝ անմիջապես նույն օրը, երկրորդ անգամ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս պատասխանողը ներկայացրել է միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Իրավական որևէ սկզբունքից չի բխում, որ տեխնիկական վրիպակ թույլ տալու հետևանքը կարող է լինել անձին դատական պաշտպանության իրավունքից զրկելը։ Սույն պարագայում՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելով՝ Վերաքննիչ դատարանը փաստացի զրկել է Վարշամ Ղարիբյանին դատական պաշտպանության իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը՝ հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Stubbings and others v. The United Kingdom թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից հստակ նախատեսվել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում վճիռը կարող էր բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքը` այն նախատեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը հնարավորություն է տվել բողոք բերած անձին՝ ներկայացնելու միջնորդություն վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, որով բողոք բերած անձը հնարավորություն է ստանում սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո ներկայացնելու վերաքննիչ բողոք, եթե նման ժամկետի բաց թողնման հանգամանքները հարգելի են: Ընդ որում, նման պայմաններում վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս պետք է առաջնորդվի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ձևականություններից զերծ մնալու հիմքով, այդ թվում՝ բողոք բերած անձի կամքից անկախ հանգամանքների պատճառով, չպետք է սահմանափակի անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը:

 

Սույն գործով Դատարանի 30.04.2019 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է, իսկ Վարշամ Ղարիբյանի հակընդդեմ հայցը՝ մերժվել (հատոր 11-րդ, գ.թ. 77-89): Գործում առկա է Դատարանի՝ առանց թվագրման և ելքագրման ուղեկցական գրությունը՝ վճիռը Վարշամ Ղարիբյանին ուղարկելու մասին (հատոր 11-րդ, գ.թ. 91), սակայն առկա չէ վերը նշված գրությամբ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչպես նաև Դատարանի վճիռը Վարշամ Ղարիբյանի կողմից ստանալու փաստը հաստատող փոստային հետադարձ ծանուցագիր: Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 21.06.2019 թվականին (հատոր 11-րդ, գ.թ. 102): Նշված ծրարը փոստային ծառայության կողմից 01.07.2019 թվականին վերադարձվել է «Անհայտ» նշումով` այն պատճառով, որ ծրարի վրա նշված է «ՀՀ վերաքննիչ դատարան» և այս դեպքում անհայտ է` ծրարն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական, թե` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին (հատոր 11-րդ, գ.թ. 126): Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը նույն օրը՝ 01.07.2019 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և միջնորդել է հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը՝ պատճառաբանելով, որ տեխնիկական վրիպակի արդյունքում փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան», ինչն էլ հանգեցրել է ծրարը հետ վերադարձնելուն (հատոր 11-րդ, գ.թ. 106, 124-125):

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, գտել է, որ այն ենթակա չէ բավարարման այն պատճառաբանությամբ, որ միջնորդության հիմքում բողոք բերած անձը դրել է Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը և նախքան վճիռը ստանալը դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ պնդումը, մինչդեռ բողոքարկված վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը կարող էր հարգելի պատճառ հանդիսանալ դրա դեմ վերաքննիչ բողոքը մինչև 24.06.2019 թվականը (2019 թվականի հունիսի 22-ը և 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), ժամը 24:00-ն բերվելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, իսկ տվյալ դեպքում բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնվել 01.07.2019 թվականին: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե վերաքննիչ բողոքը պարունակած առաքանին իր կողմից 21.06.2019 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը, բայց բողոքը պարունակած առաքանին փոստային ծառայության կողմից վերադարձվել է` հասցեատիրոջ անվանումը պատշաճ ձևով նշված չլինելու պատճառաբանությամբ, ապա այդ հանգամանքը ժամկետի բաց թողնման հարգելի պատճառ որակվել և բաց թողնված ժամկետի վերականգնման հիմք ծառայել չի կարող, քանի որ բողոք բերած անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր անփութության պատճառով (հատոր 11-րդ, գ.թ. 127-128):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը կարող էր հարգելի պատճառ հանդիսանալ դրա դեմ վերաքննիչ բողոքը մինչև 24.06.2019 թվականը (2019 թվականի հունիսի 22-ը և 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), ժամը 24:00-ն բերվելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և դատարանի մատչելիության սկզբունքից՝ հաշվի առնելով այն, որ գործում բացակայում է Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը Վարշամ Ղարիբյանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը: Մասնավորապես, գործում առկա է միայն Դատարանի՝ առանց թվագրման և ելքագրման ուղեկցական գրությունը՝ վճիռը Վարշամ Ղարիբյանին ուղարկելու մասին, սակայն առկա չէ վերը նշված գրությամբ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչը փաստում է այն մասին, որ Դատարանը պատշաճ չի կատարել իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում բացակայում է նաև Վարշամ Ղարիբյանի կողմից Դատարանի վճիռն ստանալու մասին ապացույցը, և այդ կապակցությամբ միակ տեղեկությունը բողոքարկվող վճիռը 21.05.2019 թվականին ստացված լինելու մասին բողոք ներկայացրած անձի փաստարկն է, որը վերոգրյալի համատեքստում պետք է համարվի հավաստի:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որի համաձայն՝ բողոք բերած անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր անփութության պատճառով, գտնում է, որ այն անհիմն է, քանի որ բողոք բերած անձը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Մասնավորապես, Դատարանի 30.04.2019 թվականի վճռի դեմ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը 21.06.2019 թվականին փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել: 01.07.2019 թվականին փոստային ծառայություն ներկայացրած բողոքը նույն ծառայության կողմից վերադարձվել է՝ հասցեի անհստակության պատճառով, այն է՝ համապատասխան ծրարի վրա նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան», չհստակեցնելով՝ ծրարն ուղղված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, թե` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը 01.07.2019 թվականին ներկայացրել է Վերաքննիչ դատարան, որը միջնորդություն է պարունակում վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերականգնման իրավական հնարավորության հարցը պարզել և իր եզրահանգումները կատարել է՝ հայցվող ժամկետը բաժանելով երկու ժամանակահատվածների: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով բողոք բերած անձի կողմից Դատարանի 30.04.2019 թվականի վճիռն ուշացումով՝ 21.05.2019 թվականին ստանալու փաստը, թեև հիմնավոր է համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառը 21.05.2019 թվականից մինչև 24.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, այդուհանդերձ, մերժել է միջնորդությունը՝ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը հիմնավոր չհամարելով 25.06.2019 թվականից մինչև 01.07.2019 թվականն ընդգրկող ժամանակահատվածի համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, 07.08.2019 թվականին որոշում կայացնելով Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ, ըստ էության, կիրառել է խիստ ձևական բնույթի սահմանափակում՝ հաշվի չառնելով, որ բողոք բերած անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Մասնավորապես, Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հասցեագրված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, իսկ փոստային ծրարի վրա, որպես հասցեատեր, նշված է «ՀՀ վերաքննիչ դատարան»: Վկայակոչված հանգամանքների համադրումից հետևում է, որ բողոք բերած անձն, ըստ էության, պահպանել է վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին վերաբերող օրենսդրական պահանջը՝ միաժամանակ հաշվի առնելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը, որից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Հայաստանի Հանրապետությունում գործող վերաքննիչ դատարաններից է (տե°ս, նաև նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող՝ ըստ դիմումի Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների՝ թիվ ՇԴ/0100/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը զուտ ձևական հանգամանքով պայմանավորված վերաքննիչ բողոք բերած անձին զրկել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքներից: Ավելին` Վերաքննիչ դատարանն այդ պատճառաբանությամբ միջնորդությունը մերժելիս և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս խախտել է ողջամիտ հարաբերակցությունը կիրառվող սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև, ինչն անհամատեղելի է անձի հիմնական իրավունքներից մեկը հանդիսացող դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքը` կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը խախտելու հետ, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

 

Ն. Տավարացյան

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1438/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1438/02/08

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան
 

Ա. Սմբատյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

2020 թվականի փետրվարի 21-ին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարշամ Ղարիբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և գումարի բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչ Հասմիկ Մելիքսեթյանի վճռաբեկ բողոքը, որոշել է. վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված հիմքով և կարգով Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Է. Սեդրակյանս ներկայացնում ենք հատուկ կարծիք` դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու պատճառաբանությամբ.

 

Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշմամբ արձանագրվել է հետևյալը.

Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Վարշամ Ղարիբյանին վերադարձնել վերջինիս տիրապետության տակ գտնվող գույքը և հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ։

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Հարթենյան) 11.03.2014 թվականի վճռով հայցը` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասով, մերժվել է, իսկ գումարի բռնագանձման պահանջի մասով գործի վարույթը՝ կարճվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ի. Վարդանյան, Ն. Բարսեղյան, Տ. Նազարյան) 03.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2014 թվականի վճիռը` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.10.2014 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վարշամ Ղարիբյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը գույքի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Վարշամ Ղարիբյանի հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչ Հասմիկ Մելիքսեթյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 21.06.2019 թվականին պատասխանողը փոստային ծառայությանն է հանձնել 30.04.2019 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան» բառերը՝ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն, ինչի արդյունքում՝ 01.07.2019 թվականին փոստային առաքանին վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը բաց չի թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը, այն ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում՝ 21.06.2019 թվականին, այդ մասին նշել է նաև Վերաքննիչ դատարանը՝ բողոքարկվող որոշման մեջ, սակայն զուտ տեխնիկական վրիպակի պատճառով ներկայացված բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից չի ստացվել։ Ծրարը պատասխանողի կողմից հետ ստանալուց հետո՝ անմիջապես նույն օրը, երկրորդ անգամ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս պատասխանողը ներկայացրել է միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Իրավական որևէ սկզբունքից չի բխում, որ տեխնիկական վրիպակ թույլ տալու հետևանքը կարող է լինել անձին դատական պաշտպանության իրավունքից զրկելը։ Սույն պարագայում՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելով՝ Վերաքննիչ դատարանը փաստացի զրկել է Վարշամ Ղարիբյանին դատական պաշտպանության իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը՝ հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Stubbings and others v. The United Kingdom թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից հստակ նախատեսվել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում վճիռը կարող էր բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքը` այն նախատեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը հնարավորություն է տվել բողոք բերած անձին՝ ներկայացնելու միջնորդություն վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, որով բողոք բերած անձը հնարավորություն է ստանում սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո ներկայացնելու վերաքննիչ բողոք, եթե նման ժամկետի բաց թողնման հանգամանքները հարգելի են: Ընդ որում, նման պայմաններում վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս պետք է առաջնորդվի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ձևականություններից զերծ մնալու հիմքով, այդ թվում՝ բողոք բերած անձի կամքից անկախ հանգամանքների պատճառով, չպետք է սահմանափակի անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը:

 

Սույն գործով Դատարանի 30.04.2019 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է, իսկ Վարշամ Ղարիբյանի հակընդդեմ հայցը՝ մերժվել (հատոր 11-րդ, գ.թ. 77-89): Գործում առկա է Դատարանի՝ առանց թվագրման և ելքագրման ուղեկցական գրությունը՝ վճիռը Վարշամ Ղարիբյանին ուղարկելու մասին (հատոր 11-րդ, գ.թ. 91), սակայն առկա չէ վերը նշված գրությամբ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչպես նաև Դատարանի վճիռը Վարշամ Ղարիբյանի կողմից ստանալու փաստը հաստատող փոստային հետադարձ ծանուցագիր: Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 21.06.2019 թվականին (հատոր 11-րդ, գ.թ. 102): Նշված ծրարը փոստային ծառայության կողմից 01.07.2019 թվականին վերադարձվել է «Անհայտ» նշումով` այն պատճառով, որ ծրարի վրա նշված է «ՀՀ վերաքննիչ դատարան» և այս դեպքում անհայտ է` ծրարն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական, թե` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին (հատոր 11-րդ, գ.թ. 126): Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը նույն օրը՝ 01.07.2019 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և միջնորդել է հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը՝ պատճառաբանելով, որ տեխնիկական վրիպակի արդյունքում փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան», ինչն էլ հանգեցրել է ծրարը հետ վերադարձնելուն (հատոր 11-րդ, գ.թ. 106, 124-125):

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, գտել է, որ այն ենթակա չէ բավարարման այն պատճառաբանությամբ, որ միջնորդության հիմքում բողոք բերած անձը դրել է Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը և նախքան վճիռը ստանալը դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ պնդումը, մինչդեռ բողոքարկված վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը կարող էր հարգելի պատճառ հանդիսանալ դրա դեմ վերաքննիչ բողոքը մինչև 24.06.2019 թվականը (2019 թվականի հունիսի 22-ը և 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), ժամը 24:00-ն բերվելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, իսկ տվյալ դեպքում բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնվել 01.07.2019 թվականին: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե վերաքննիչ բողոքը պարունակած առաքանին իր կողմից 21.06.2019 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը, բայց բողոքը պարունակած առաքանին փոստային ծառայության կողմից վերադարձվել է` հասցեատիրոջ անվանումը պատշաճ ձևով նշված չլինելու պատճառաբանությամբ, ապա այդ հանգամանքը ժամկետի բաց թողնման հարգելի պատճառ որակվել և բաց թողնված ժամկետի վերականգնման հիմք ծառայել չի կարող, քանի որ բողոք բերած անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր անփութության պատճառով (հատոր 11-րդ, գ.թ. 127-128):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը կարող էր հարգելի պատճառ հանդիսանալ դրա դեմ վերաքննիչ բողոքը մինչև 24.06.2019 թվականը (2019 թվականի հունիսի 22-ը և 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), ժամը 24:00-ն բերվելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և դատարանի մատչելիության սկզբունքից՝ հաշվի առնելով այն, որ գործում բացակայում է Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը Վարշամ Ղարիբյանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը: Մասնավորապես, գործում առկա է միայն Դատարանի՝ առանց թվագրման և ելքագրման ուղեկցական գրությունը՝ վճիռը Վարշամ Ղարիբյանին ուղարկելու մասին, սակայն առկա չէ վերը նշված գրությամբ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչը փաստում է այն մասին, որ Դատարանը պատշաճ չի կատարել իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում բացակայում է նաև Վարշամ Ղարիբյանի կողմից Դատարանի վճիռն ստանալու մասին ապացույցը, և այդ կապակցությամբ միակ տեղեկությունը բողոքարկվող վճիռը 21.05.2019 թվականին ստացված լինելու մասին բողոք ներկայացրած անձի փաստարկն է, որը վերոգրյալի համատեքստում պետք է համարվի հավաստի:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որի համաձայն՝ բողոք բերած անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր անփութության պատճառով, գտնում է, որ այն անհիմն է, քանի որ բողոք բերած անձը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Մասնավորապես, Դատարանի 30.04.2019 թվականի վճռի դեմ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը 21.06.2019 թվականին փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել: 01.07.2019 թվականին փոստային ծառայություն ներկայացրած բողոքը նույն ծառայության կողմից վերադարձվել է՝ հասցեի անհստակության պատճառով, այն է՝ համապատասխան ծրարի վրա նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան», չհստակեցնելով՝ ծրարն ուղղված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, թե` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը 01.07.2019 թվականին ներկայացրել է Վերաքննիչ դատարան, որը միջնորդություն է պարունակում վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերականգնման իրավական հնարավորության հարցը պարզել և իր եզրահանգումները կատարել է՝ հայցվող ժամկետը բաժանելով երկու ժամանակահատվածների: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով բողոք բերած անձի կողմից Դատարանի 30.04.2019 թվականի վճիռն ուշացումով՝ 21.05.2019 թվականին ստանալու փաստը, թեև հիմնավոր է համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառը 21.05.2019 թվականից մինչև 24.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, այդուհանդերձ, մերժել է միջնորդությունը՝ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը հիմնավոր չհամարելով 25.06.2019 թվականից մինչև 01.07.2019 թվականն ընդգրկող ժամանակահատվածի համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, 07.08.2019 թվականին որոշում կայացնելով Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ, ըստ էության, կիրառել է խիստ ձևական բնույթի սահմանափակում՝ հաշվի չառնելով, որ բողոք բերած անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Մասնավորապես, Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հասցեագրված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, իսկ փոստային ծրարի վրա, որպես հասցեատեր, նշված է «ՀՀ վերաքննիչ դատարան»: Վկայակոչված հանգամանքների համադրումից հետևում է, որ բողոք բերած անձը, ըստ էության, պահպանել է վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին վերաբերող օրենսդրական պահանջը՝ միաժամանակ հաշվի առնելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը, որից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Հայաստանի Հանրապետությունում գործող վերաքննիչ դատարաններից է (տե°ս, նաև նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող՝ ըստ դիմումի Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների՝ թիվ ՇԴ/0100/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը զուտ ձևական հանգամանքով պայմանավորված վերաքննիչ բողոք բերած անձին զրկել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքներից: Ավելին` Վերաքննիչ դատարանն այդ պատճառաբանությամբ միջնորդությունը մերժելիս և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս խախտել է ողջամիտ հարաբերակցությունը կիրառվող սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև, ինչն անհամատեղելի է անձի հիմնական իրավունքներից մեկը հանդիսացող դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքը` կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը խախտելու հետ, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Գտնում ենք, որ վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն խիստ ձևական բնույթի, իսկ Վերաքննիչ դատարանն ըստ էության, կիրառել է խիստ ձևական բնույթի սահմանափակում՝ հաշվի չառնելով, որ բողոք բերած անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար:

Հարկ ենք համարում նշել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը և անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման վերաբերյալ միջնորդության հիմնավորումներին, արձանագրել է, որ Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը 21.05.2019 թվականին ստացած լինելու փաստը և նախքան վճիռը ստանալը դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից զրկված լինելը կարող էր հարգելի պատճառ հանդիսանալ միջնորդությունը բավարարելու համար, եթե դրա դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվեր մինչև 24.06.2019 թվականը (2019 թվականի հունիսի 22-ը և 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), ժամը 24:00-ը, իսկ տվյալ դեպքում բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնվել 01.07.2019 թվականին:

 

Գտնում ենք, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են և բխում են գործի փաստերից, քանի որ դատավարության մասնակիցները պարտավոր են իրենց դատավարական իրավունքներից օգտվել և դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, որի արդյունքում չպետք է թույլ տան այնպիսի անուշադիր, անփույթ սխալներ, որոնք կհանգեցնեն դատավարական նորմերի խախտման: Հետևաբար բողոք բերած անձի այն փաստարկը, որ Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը 21.05.2019 թվականին ստանալու պայմաններում վերաքննիչ բողոքը 21.06.2019 թվականին հանձնել է փոստային ծառայությանը, իսկ փոստային առաքանին վերադարձվել է` դատարանի անվանումը ոչ հստակ նշելու պատճառաբանությամբ, դեռևս չի կարող գնահատվել որպես բողոքաբերի կողմից դրսևորված բարեխիղճ վարքագիծ, որպիսի պայմաններում չենք կարող արձանագրել, որ անձը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու համար: Կարծում ենք, որ նշվածը չի վկայում այն մասին, որ անձն օրենսդրի սահմանած ժամկետում դատական պաշտպանության անբաժանելի մաս կազմող բողոքարկման իրավունքն իրացրել է պատշաճ` ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար, հակառակը` վերջինս իր պարտականությունը կատարել է թերի, այն է` փոստային ծրարի վրա որպես հասցեատեր նշել է «ՀՀ վերաքննիչ դատարան»` «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան-ի» փոխարեն, այսինքն` բողոք բերած անձը նշել է հասցեատիրոջ կիսատ անվանումը, մինչդեռ ուներ դատավարական պարտականություն նշելու դատարանի ճիշտ և լրիվ անվանումը, որն էլ պատճառ է հանդիսացել փոստային առաքանին վերադարձվելու համար և, որի արդյունքում վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան կրկին ներկայացվել է 01.07.2019 թվականին` բաց թողնելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը:

Գտնում ենք, որ բողոքաբերի օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության պատճառաբանությունը Վերաքննիչ դատարանի կողմից իրավացիորեն որակվել է որպես անհիմն, քանի որ բողոքաբերի անփույթ վարքագիծը չի կարող համարվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը հիմնավորող փաստարկ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից հստակ նախատեսվել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում վճիռը կարող էր բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքը` այն նախատեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Կարծում ենք, որ օրենսդրի տրամաբանությունն այն է, որ բողոք բերող անձն հստակորեն պատկերացնի, որ բողոքարկման իր իրավունքը պետք է իրացնի որոշակի ժամկետում, իսկ սահմանված դատավարական ժամկետի բացթողումը կարող է հարգելի համարվել և վերականգնվել, երբ իրականում այդ բացթողումը տեղի է ունեցել բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով, իսկ վերջինս ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները այդ իրավունքն իրացնելու համար, այլ ոչ թե բողոք բերող անձի ցանկացած անուշադիր վարքագիծ դրսևորելու պայմաններում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավոր և իրավաչափ դատական ակտ:

Հետևաբար գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` գտնում ենք, որ Վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ

Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
 

Է. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան