Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.02.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2451/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2451/02/16
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Ս. Միքայելյան

 

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

   

Վ. Ավանեսյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

   

Տ. Պետրոսյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մուրադ Մուրադյանի ընդդեմ Անուշ Հովհաննիսյանի, Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների` բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի` Անուշ Հովհաննիսյանի ընդդեմ Մուրադ Մուրադյանի` սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մուրադ Մուրադյանը պահանջել է ճանաչել իր ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ, և վերադարձնել գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Անուշ Հովհաննիսյանը պահանջել է դադարեցնել Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 25.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2017 թվականի որոշմամբ Անուշ Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 25.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մուրադ Մուրադյանի ներկայացուցիչ Աշոտ Խլոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 201-րդ, 273-րդ, 274-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարձակալներն իրենց օգտագործման և տիրապետման իրավունքներն իրացրել են օրինական կերպով, սակայն Դատարանն իր վճռում այդպես էլ չի փաստել, թե որն է պատասխանողների տիրապետման ոչ իրավաչափությունը: Վերաքննիչ դատարանը, չիրականացնելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, իրավական գնահատական չի տվել որպես վերաքննիչ բողոքի փաստական հիմք ներկայացված այն հանգամանքին, համաձայն որի` Մուրադ Մուրադյանը Երևանի խորհրդային շրջանային ժողովրդական դատարանի 2-330/1998թ. քաղաքացիական գործով 18.02.1998 թվականի վճռով անհայտ բացակայող է ճանաչվել, ինչի արդյունքում Անուշ Հովհաննիսյանը ֆիզիկապես չէր կարող Մուրադ Մուրադյանի համաձայնությունը ստանալ բնակարանը վարձակալությամբ հանձնելու առնչությամբ: Մուրադ Մուրադյանն ի հայտ է եկել 2015 թվականին և 17.08.2015 թվականին տրված գրությամբ հավաստել է, որ այլևս որևէ պարտք ու պահանջ չունի Անուշ Հովհաննիսյանից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումներով հայտնած իրավական դիրքորոշումները սույն քաղաքացիական գործով կիրառելի չեն, ապա Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ յուրաքանչյուր դեպքում գործով դատական նախադեպ կիրառելիս անհրաժեշտ պայման է ոչ թե նույնանման պահանջների առկայությունը, այլ փաստական հանգամանքների առկայությունը, իսկ տվյալ դեպքում էական էր համատեղ սեփականության ինստիտուտի նորմերի հետ կապված վերլուծությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ թեև Մուրադ Մուրադյանի` Անուշ Հովհաննիսյանից անշարժ գույքի իր մասնաբաժնի գումարը ստացած լինելու փաստը չի ստացել իրավական հետևանքներ, այնուամենայնիվ նշվածը վկայում է այն մասին, որ Մուրադ Մուրադյանը համաձայնություն է հայտնել իր գույքից հրաժարվելու մասին, անկախ այն հանգամանքից, թե նշված իրավունքը կամ սահմանափակումը ստացել է նոտարական վավերացում և պետական գրանցում, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջը հիմնական պահանջի հետևանքն է, քանի որ Դատարանը ճանաչել էր Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ, հետևաբար նա սեփականատիրոջ իր իրավունքները լիարժեքորեն իրականացնելու համար իրավունք ուներ նաև պահանջելու Իխտիարյանների ընտանիքին ազատելու բնակարանը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված փաստաթղթին, որով իբրև Մուրադ Մուրադյանը ստացել է իր բաժնեմասի գումարը, ապա դա առոչինչ գործարք է, քանի որ վերաբերում է անշարժ գույքին, որտեղ նույնիսկ գնի վերաբերյալ նշում առկա չէ: Ստորադաս ատյանները կայացրել են օրինական դատական ակտեր և Մուրադ Մուրադյանը հնարավորություն է ստացել տնօրինել իր բնակարանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արաբկիրի տարածքային բաժնի (այսուհետ՝ Բաժին) կողմից 11.04.2015 թվականին տրված ամուսնության ակտի գրանցման մասին տեղեկանքի պատճենի համաձայն՝ Մուրադ Մուրադյանի և Անուշ Հովհաննիսյանի ամուսնության գրանցումը կատարվել է Բաժնում 17.10.1981 թվականին ակտ թիվ 1067 (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) «Կայմ-11» համատիրության ղեկավարի կողմից 17.05.2016 թվականին տրված թիվ 379 տեղեկանքի համաձայն՝ Երևանի Քանաքեռցու թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում են ամուսին՝ Արթուր Իխտիարյան, կին՝ Անուշ Իխտիարյան, աղջիկ՝ Մարիա Իխտիարյան, աղջիկ՝ Լիա Իխտիարյան (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) Ելենա Գևկասի և Անուշ Հովհաննիսյանի միջև 11.05.1993 թվականին կնքվել է Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

4) Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի թիվ 2-330/1998թ. վճռի համաձայն՝ Անուշ Հովհաննիսյանի դիմումը բավարարվել է` անհայտ բացակայող է ճանաչվել 13.10.1960 թվականին Երևանում ծնված քաղաքացի Մուրադ Մուրադյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

5) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2016 թվականի վճռով Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված դիմումը՝ անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի վճիռը վերացնելու մասին, բավարարվել է: Վերացվել է Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականին կայացված գործ թիվ 2-330/1998թ. վճիռը: (հատոր 1-ին, գ.թ. 13-15):

6) Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրված գրության համաձայն՝ Մուրադ Մուրադյանը` ծնված 13.10.1960 թվականին, Անուշ Հովհաննիսյանից ստացել է իրենց համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի իր հասանելի մասնաբաժնի գումարը, և Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի (հատոր 1-ին, գ.թ. 60):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսիններից մեկի կողմից փոխհատուցմամբ իրավունքից հրաժարվելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. օրենսդրությամբ սահմանված` սեփականության իրավունքից հրաժարվելու եղանակով սեփականության իրավունքի դադարման հիմքի առկայության պայմաններում, ստորադաս ատյանները պահպանե՞լ են արդյոք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

Վերոգրյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

Վերոգրյալով է պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճորեն իրականացնելու իր օգտագործման, տնօրինման և տիրապետման իրավազորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի և 280-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է նաև այն դեպքում, երբ այդ գույքի սեփականատերը հրաժարվում է իր գույքի նկատմամբ սեփականության իրավունքից` այդ մասին հայտարարելով:

Այսինքն` որպես սեփականության իրավունքի դադարման հիմք, «սեփականության իրավունքից հրաժարվել» եզրույթը մեկնաբանելիս անվերապահորեն պետք է գնահատել սեփականության իրավունքից հրաժարվող սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 Սույն գործի փաստերի համաձայն` Մուրադ Մուրադյանը և Անուշ Հովհաննիսյանն ամուսնացել են 17.10.1981 թվականին: Առուվաճառքի պայմանագրի համաձայն` Անուշ Հովհաննիսյանը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանը ձեռք է բերել համատեղ ամուսնության ընթացքում` 11.05.1993 թվականին: Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի վճռով Անուշ Հովհաննիսյանի դիմումով Մուրադ Մուրադյանը ճանաչվել է անհայտ բացակայող, որը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2016 թվականի վճռով Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ վերացվել է: Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրվել է գրություն հետևյալ բովանդակությամբ. «(…) Մուրադ Մուրադյանը` ծնված 13.10.1960 թվականին, Անուշ Հովհաննիսյանից ստացել է իրենց համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռցու փողոցի 151/1 շենքի 48-րդ բնակարանի իր հասանելի մասնաբաժնի գումարը, և Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի»:

Դատարանը պատճառաբանել է, որ Մուրադ Մուրադյանը 17.08.2015 թվականին տրված գրությամբ հայտնել է, որ Անուշ Հովհաննիսյանից ստացել է իրենց համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի իր հասանելի մասնաբաժնի գումարը և Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի, սակայն հաշվի առնելով, որ հիշյալ գրավոր փաստաթուղթը չի վավերացվել նոտարական կարգով, ինչպես նաև չի պահպանվել դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը, գտել է, որ նշված գրավոր փաստաթուղթը բավարար չէ վեճի առարկա անշարժ գույքի բաժնի նկատմամբ Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար և գտել է, որ Անուշ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մուրադ Մուրադյանի՝ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, պետք է մերժել:
Դատարանը, անդրադառնալով Մուրադ Մուրադյանի հայցին, գտել է, որ վերջինս վեճի առարկա գույքը ձեռք է բերել համատեղ ամուսնության ընթացքում, հետևաբար նա հանդիսանում է նշված անշարժ գույքի համասեփականատեր, իսկ սույն գործով պատասխանողները` Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանները (օրինական ներկայացուցիչներ Արթուր և Անուշ Իխտիարյաններ), նշված գույքը տիրապետում են ապօրինի, որով խախտում են Մուրադ Մուրադյանի` որպես սեփականության սուբյեկտի` օրենքով և իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող` գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը, հետևաբար հայցը ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ Մուրադ Մուրադյանը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` գույքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու փաստը, որի հիմքով էլ պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը վերոնշյալ գույքի նկատմամբ, ինչպես նաև ուրիշի ապօրինի տիրապետությունից նշված գույքը հետ պահանջելու իր իրավունքը, իսկ Անուշ Հովհաննիսյանը, պահանջելով դադարեցնել Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը, որպես փաստական հիմք վկայակոչել է վերջինիս կողմից ակնկալվող սեփականության իրավունքի դիմաց ստացված դրամական փոխհատուցումը և դրա վերաբերյալ տրված ստացականը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրված գրությանը, որով վերջինս հայտնել է, որ ստացել է իրենց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի` Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի իրեն սեփականության իրավունքով պատկանող մասնաբաժնի գումարը և Անուշ Հովհաննիսյանի հետ այլևս պարտք ու պահանջ չունի, արձանագրում է, որ ստորադաս ատյանները որպես ապացույց պատշաճ չեն գնահատել նշված հայտարարությունը, քանի որ սույն գրության բովանդակությունից միանշանակորեն կարելի է հասկանալ, որ Մուրադ Մուրադյանը հրաժարվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի իր բաժնից և դրա դիմաց մյուս համասեփականատիրոջից ստացել է համապատասխան փոխհատուցում: Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ գրությունից պարզ է դառնում, որ Մուրադ Մուրադյանը հրաժարվել է վերոնշյալ հասցեի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռքբերված անշարժ գույքի բաժնի նկատմամբ իր իրավունքից, այլևս դրա նկատմամբ որևէ իրավունք չպահպանելու մտադրությամբ: Այսպիսով` ստորադաս ատյանների կողմից վերոնշյալ գրությունը` որպես էական ապացույց, սխալ գնահատելու արդյունքում չի հաստատվել Մուրադ Մուրադյանի կողմից սեփականության իրավունքի իր բաժնից հրաժարվելու հիմքով սեփականության իրավունքի դադարման փաստը, այնինչ Մուրադ Մուրադյանի վարքագիծը միանշանակ թույլ է տալիս նման եզրահանգման գալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2016 թվականի վճռով Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված դիմումի համաձայն` վերացվել է Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականին կայացված թիվ 2-330/1998թ. վճիռը, որով Մուրադ Մուրադյանն անհայտ բացակայող էր ճանաչվել, և այդ հիմքով էլ վերականգնվել էին վերջինիս գույքային և այլ իրավունքները, մինչդեռ Մուրադ Մուրադյանի կողմից վերոնշյալ բովանդակությամբ ստացականը տալու փաստով էլ հաստատվում է, որ Մուրադ Մուրադյանը փոխհատուցում է ստացել համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի իրեն հասանելիք բաժնի դիմաց և հրաժարվել է սեփականության իրավունքով պատկանող գույքի իր բաժնից, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մուրադ Մուրադյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը վերաբերում է այն նույն գույքին, որի դիմաց նա արդեն իսկ ստացել է դրամական փոխհատուցում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ Մուրադ Մուրադյանի կողմից տրված հիշյալ գրավոր փաստաթուղթը չի վավերացել նոտարական կարգով, ինչպես նաև չի պահպանվել դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը, հետևաբար նշված գրավոր փաստաթուղթը բավարար չէ վեճի առարկա անշարժ գույքի բաժնի նկատմամբ Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Մուրադ Մուրադյանի կողմից ստացականը տրամադրելու ժամանակ, այսինքն` վերջինիս կողմից համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի իր բաժնից հրաժարվելու ժամանակ` վեճի առարկա բնակարանի նկատմամբ արդեն իսկ գրանցված էր Անուշ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, որի պայմաններում անհիմն են նաև ստորադաս ատյանների պատճառաբանություններն այն մասին, որ պահպանված չեն անշարժ գույքի հետ կապված գործարքների ձևին ներկայացվող պահանջները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս ատյանների կողմից Մուրադ Մուրադյանի կողմից տրված ստացականը որպես ապացույց սխալ գնահատելու և դրա արդյունքում տրամաբանական հետևության չհանգելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որով անտեսվել է Մուրադ Մուրադյանի` որպես համատեղ սեփականության մասնակցի, իր սեփականության բաժնի նկատմամբ փոխհատուցում ստացած լինելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, այդ հիմքով վերջինիս` Անուշ Հովհաննիսյանին պատկանող Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ, սեփականության իրավունքի դադարման փաստերը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, եկել է սխալ եզրահանգման, հետևաբար Մուրադ Մուրադյանի պահանջը` վերոնշյալ հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ինչպես նաև ուրիշի ապօրինի տիրապետումից այդ գույքը հետ պահանջելու վերաբերյալ, անհիմն է և ենթակա է մերժման սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

 

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Մուրադ Մուրադյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար Դատարանի կողմից 13.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, Մուրադ Մուրադյանից հօգուտ Անուշ Հովհաննիսյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Մուրադ Մուրադյանի հայցն ընդդեմ Անուշ Հովհաննիսյանի, Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների` բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին, մերժել:

2. Մուրադ Մուրադյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Մուրադ Մուրադյանից հօգուտ Անուշ Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Մուրադ Մուրադյանից հօգուտ Անուշ Հովհաննիսյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/2451/02/16 քաղաքացիական գործով 04.02.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.02.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի փետրվարի 04-ին գրավոր ընթացակարգով քննելով Անուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մուրադ Մուրադյանի ընդդեմ Անուշ Հովհաննիսյանի, Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների` բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի` Անուշ Հովհաննիսյանի ընդդեմ Մուրադ Մուրադյանի` սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Մուրադ Մուրադյանի հայցն ընդդեմ Անուշ Հովհաննիսյանի, Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների` բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին, մերժել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ե. Խունդկարյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մուրադ Մուրադյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ, ինչպես նաև Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների ապօրինի տիրապետումից հետ պահանջել վերը նշված բնակարանը և վերջիններիս վտարել:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Անուշ Հովհաննիսյանը պահանջել է դադարեցնել Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 25.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2017 թվականի որոշմամբ Անուշ Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մուրադ Մուրադյանի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշման օրինականության ստուգման հարցում դրել է հետևյալ հիմքերը.

 «Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 201-րդ, 273-րդ, 274-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը»:

Որպես բողոք բերած անձի նշված պնդման պատճառաբանություններ` վկայակոչվել են հետևյալ փաստարկները.

«Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարձակալներն իրենց օգտագործման և տիրապետման իրավունքներն իրացրել են օրինական կերպով, սակայն Դատարանն իր վճռում այդպես էլ չի փաստել, թե որն է պատասխանողների տիրապետման ոչ իրավաչափությունը: Վերաքննիչ դատարանը, չիրականացնելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, իրավական գնահատական չի տվել որպես վերաքննիչ բողոքի փաստական հիմք ներկայացված այն հանգամանքին, համաձայն որի` Մուրադ Մուրադյանը Երևանի խորհրդային շրջանային ժողովրդական դատարանի 2-330/1998թ. քաղաքացիական գործով 18.02.1998 թվականի վճռով անհայտ բացակայող է ճանաչվել, ինչի արդյունքում Անուշ Հովհաննիսյանը ֆիզիկապես չէր կարող Մուրադ Մուրադյանի համաձայնությունը ստանալ բնակարանը վարձակալությամբ հանձնելու առնչությամբ: Մուրադ Մուրադյանն ի հայտ է եկել 2015 թվականին և 17.08.2015 թվականին տրված գրությամբ հավաստել է, որ այլևս որևէ պարտք ու պահանջ չունի Անուշ Հովհաննիսյանից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումներով հայտնած իրավական դիրքորոշումները սույն քաղաքացիական գործով կիրառելի չեն, ապա Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ յուրաքանչյուր դեպքում գործով դատական նախադեպ կիրառելիս անհրաժեշտ պայման է ոչ թե նույնանման պահանջների առկայությունը, այլ փաստական հանգամանքների առկայությունը, իսկ տվյալ դեպքում էական էր համատեղ սեփականության ինստիտուտի նորմերի հետ կապված վերլուծությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ թեև Մուրադ Մուրադյանի` Անուշ Հովհաննիսյանից անշարժ գույքի իր մասնաբաժնի գումարը ստացած լինելու փաստը չի ստացել իրավական հետևանքներ, այնուամենայնիվ նշվածը վկայում է այն մասին, որ Մուրադ Մուրադյանը համաձայնություն է հայտնել իր գույքից հրաժարվելու մասին, անկախ այն հանգամանքից, թե նշված իրավունքը կամ սահմանափակումը ստացել է նոտարական վավերացում և պետական գրանցում, թե` ոչ»:

 

Որպես բողոք բերած անձի պահանջ նշվել է, որ վերջինս պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը.

«Գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջը հիմնական պահանջի հետևանքն է, քանի որ Դատարանը ճանաչել էր Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ, հետևաբար նա սեփականատիրոջ իր իրավունքները լիարժեքորեն իրականացնելու համար իրավունք ուներ նաև պահանջելու Իխտիարյանների ընտանիքին ազատելու բնակարանը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված փաստաթղթին, որով իբրև Մուրադ Մուրադյանը ստացել է իր բաժնեմասի գումարը, ապա դա առոչինչ գործարք է, քանի որ վերաբերում է անշարժ գույքին, որտեղ նույնիսկ գնի վերաբերյալ նշում առկա չէ: Ստորադաս ատյանները կայացրել են օրինական դատական ակտեր և Մուրադ Մուրադյանը հնարավորություն է ստացել տնօրինել իր բնակարանը»:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

«1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արաբկիրի տարածքային բաժնի (այսուհետ՝ Բաժին) կողմից 11.04.2015 թվականին տրված ամուսնության ակտի գրանցման մասին տեղեկանքի պատճենի համաձայն՝ Մուրադ Մուրադյանի և Անուշ Հովհաննիսյանի ամուսնության գրանցումը կատարվել է Բաժնում 17.10.1981 թվականին ակտ թիվ 1067 (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) «Կայմ-11» համատիրության ղեկավարի կողմից 17.05.2016 թվականին տրված թիվ 379 տեղեկանքի համաձայն՝ Երևանի Քանաքեռցու թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում են ամուսին՝ Արթուր Իխտիարյան, կին՝ Անուշ Իխտիարյան, աղջիկ՝ Մարիա Իխտիարյան, աղջիկ՝ Լիա Իխտիարյան (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) Ելենա Գևկասի և Անուշ Հովհաննիսյանի միջև 11.05.1993 թվականին կնքվել է Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

4) Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի թիվ 2-330/1998թ. վճռի համաձայն՝ Անուշ Հովհաննիսյանի դիմումը բավարարվել է` անհայտ բացակայող է ճանաչվել 13.10.1960 թվականին Երևանում ծնված քաղաքացի Մուրադ Մուրադյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

5) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2016 թվականի վճռով Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված դիմումը՝ անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի վճիռը վերացնելու մասին, բավարարվել է: Վերացվել է Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականին կայացված գործ թիվ 2-330/1998թ. վճիռը (հատոր 1-ին, գ.թ. 13-15):

6) Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրված գրության համաձայն՝ Մուրադ Մուրադյանը` ծնված 13.10.1960 թվականին, Անուշ Հովհաննիսյանից ստացել է իրենց համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի իր հասանելի մասնաբաժնի գումարը, և Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի (հատոր 1-ին, գ.թ. 60)»:

 

4. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը.

Վճռաբեկ դատարանը`

1) վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե «օրենսդրությամբ սահմանված` սեփականության իրավունքից հրաժարվելու եղանակով սեփականության իրավունքի դադարման հիմքի առկայության պայմաններում, ստորադաս ատյանները պահպանե՞լ են արդյոք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը»,

2) արձանագրելով, որ «սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է`

- վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնելով, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսիններից մեկի կողմից փոխհատուցմամբ իրավունքից հրաժարվելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

- վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա»,

3) ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի, 197-րդ հոդվածի 1-ին կետի, 199-րդ հոդվածի, 201-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 279-րդ հոդվածի 1-ին կետի, 280-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի վկայակոչմամբ նշելով, որ (մեջ է բերվում բառացի)`

«ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

Վերոգրյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

Վերոգրյալով է պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճորեն իրականացնելու իր օգտագործման, տնօրինման և տիրապետման իրավազորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի և 280-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է նաև այն դեպքում, երբ այդ գույքի սեփականատերը հրաժարվում է իր գույքի նկատմամբ սեփականության իրավունքից` այդ մասին հայտարարելով:

Այսինքն` որպես սեփականության իրավունքի դադարման հիմք, «սեփականության իրավունքից հրաժարվել» եզրույթը մեկնաբանելիս անվերապահորեն պետք է գնահատել սեփականության իրավունքից հրաժարվող սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 Սույն գործի փաստերի համաձայն` Մուրադ Մուրադյանը և Անուշ Հովհաննիսյանն ամուսնացել են 17.10.1981 թվականին: Առուվաճառքի պայմանագրի համաձայն` Անուշ Հովհաննիսյանը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանը ձեռք է բերել համատեղ ամուսնության ընթացքում` 11.05.1993 թվականին: Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի վճռով Անուշ Հովհաննիսյանի դիմումով Մուրադ Մուրադյանը ճանաչվել է անհայտ բացակայող, որը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2016 թվականի վճռով Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ վերացվել է: Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրվել է գրություն հետևյալ բովանդակությամբ. «(…) Մուրադ Մուրադյանը` ծնված 13.10.1960 թվականին, Անուշ Հովհաննիսյանից ստացել է իրենց համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռցու փողոցի 151/1 շենքի 48-րդ բնակարանի իր հասանելի մասնաբաժնի գումարը, և Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի»:

Դատարանը պատճառաբանել է, որ Մուրադ Մուրադյանը 17.08.2015 թվականին տրված գրությամբ հայտնել է, որ Անուշ Հովհաննիսյանից ստացել է իրենց համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի իր հասանելի մասնաբաժնի գումարը և Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի, սակայն հաշվի առնելով, որ հիշյալ գրավոր փաստաթուղթը չի վավերացվել նոտարական կարգով, ինչպես նաև չի պահպանվել դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը, գտել է, որ նշված գրավոր փաստաթուղթը բավարար չէ վեճի առարկա անշարժ գույքի բաժնի նկատմամբ Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար և գտել է, որ Անուշ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մուրադ Մուրադյանի՝ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, պետք է մերժել:

Դատարանը, անդրադառնալով Մուրադ Մուրադյանի հայցին, գտել է, որ վերջինս վեճի առարկա գույքը ձեռք է բերել համատեղ ամուսնության ընթացքում, հետևաբար նա հանդիսանում է նշված անշարժ գույքի համասեփականատեր, իսկ սույն գործով պատասխանողները` Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանները (օրինական ներկայացուցիչներ Արթուր և Անուշ Իխտիարյաններ), նշված գույքը տիրապետում են ապօրինի, որով խախտում են Մուրադ Մուրադյանի` որպես սեփականության սուբյեկտի` օրենքով և իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող` գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը, հետևաբար հայցը ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ Մուրադ Մուրադյանը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` գույքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու փաստը, որի հիմքով էլ պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը վերոնշյալ գույքի նկատմամբ, ինչպես նաև ուրիշի ապօրինի տիրապետությունից նշված գույքը հետ պահանջելու իր իրավունքը, իսկ Անուշ Հովհաննիսյանը, պահանջելով դադարեցնել Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը, որպես փաստական հիմք վկայակոչել է վերջինիս կողմից ակնկալվող սեփականության իրավունքի դիմաց ստացված դրամական փոխհատուցումը և դրա վերաբերյալ տրված ստացականը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրված գրությանը, որով վերջինս հայտնել է, որ ստացել է իրենց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի` Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի իրեն սեփականության իրավունքով պատկանող մասնաբաժնի գումարը և Անուշ Հովհաննիսյանի հետ այլևս պարտք ու պահանջ չունի, արձանագրում է, որ ստորադաս ատյանները որպես ապացույց պատշաճ չեն գնահատել նշված հայտարարությունը, քանի որ սույն գրության բովանդակությունից միանշանակորեն կարելի է հասկանալ, որ Մուրադ Մուրադյանը հրաժարվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի իր բաժնից և դրա դիմաց մյուս համասեփականատիրոջից ստացել է համապատասխան փոխհատուցում: Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ գրությունից պարզ է դառնում, որ Մուրադ Մուրադյանը հրաժարվել է վերոնշյալ հասցեի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռքբերված անշարժ գույքի բաժնի նկատմամբ իր իրավունքից, այլևս դրա նկատմամբ որևէ իրավունք չպահպանելու մտադրությամբ: Այսպիսով` ստորադաս ատյանների կողմից վերոնշյալ գրությունը` որպես էական ապացույց, սխալ գնահատելու արդյունքում չի հաստատվել Մուրադ Մուրադյանի կողմից սեփականության իրավունքի իր բաժնից հրաժարվելու հիմքով սեփականության իրավունքի դադարման փաստը, այնինչ Մուրադ Մուրադյանի վարքագիծը միանշանակ թույլ է տալիս նման եզրահանգման գալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2016 թվականի վճռով Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված դիմումի համաձայն` վերացվել է Երևանի խորհրդային շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականին կայացված թիվ 2-330/1998թ. վճիռը, որով Մուրադ Մուրադյանն անհայտ բացակայող էր ճանաչվել, և այդ հիմքով էլ վերականգնվել էին վերջինիս գույքային և այլ իրավունքները, մինչդեռ Մուրադ Մուրադյանի կողմից վերոնշյալ բովանդակությամբ ստացականը տալու փաստով էլ հաստատվում է, որ Մուրադ Մուրադյանը փոխհատուցում է ստացել համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի իրեն հասանելիք բաժնի դիմաց և հրաժարվել է սեփականության իրավունքով պատկանող գույքի իր բաժնից, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մուրադ Մուրադյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը վերաբերում է այն նույն գույքին, որի դիմաց նա արդեն իսկ ստացել է դրամական փոխհատուցում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ Մուրադ Մուրադյանի կողմից տրված հիշյալ գրավոր փաստաթուղթը չի վավերացել նոտարական կարգով, ինչպես նաև չի պահպանվել դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը, հետևաբար նշված գրավոր փաստաթուղթը բավարար չէ վեճի առարկա անշարժ գույքի բաժնի նկատմամբ Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Մուրադ Մուրադյանի կողմից ստացականը տրամադրելու ժամանակ, այսինքն` վերջինիս կողմից համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի իր բաժնից հրաժարվելու ժամանակ` վեճի առարկա բնակարանի նկատմամբ արդեն իսկ գրանցված էր Անուշ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, որի պայմաններում անհիմն են նաև ստորադաս ատյանների պատճառաբանություններն այն մասին, որ պահպանված չեն անշարժ գույքի հետ կապված գործարքների ձևին ներկայացվող պահանջները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս ատյանների կողմից Մուրադ Մուրադյանի կողմից տրված ստացականը որպես ապացույց սխալ գնահատելու և դրա արդյունքում տրամաբանական հետևության չհանգելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որով անտեսվել է Մուրադ Մուրադյանի` որպես համատեղ սեփականության մասնակցի, իր սեփականության բաժնի նկատմամբ փոխհատուցում ստացած լինելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, այդ հիմքով վերջինիս` Անուշ Հովհաննիսյանին պատկանող Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ, սեփականության իրավունքի դադարման փաստերը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, եկել է սխալ եզրահանգման, հետևաբար Մուրադ Մուրադյանի պահանջը` վերոնշյալ հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ինչպես նաև ուրիշի ապօրինի տիրապետումից այդ գույքը հետ պահանջելու վերաբերյալ, անհիմն է և ենթակա է մերժման սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

 

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները»,

և համարելով, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարելու, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշումը բեկանելու և այն փոփոխելու` Մուրադ Մուրադյանի հայցն ընդդեմ Անուշ Հովհաննիսյանի, Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների` բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին, մերժելու մասին:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ե. Խունդկարյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը յուրաքանչյուր անձի իրավունք է վերապահել դիմելու դատարան Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար` պայմանով, որ այդ իրավունքի իրականացումը տեղի ունենա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Դրանից ելնելով` օրենսդիրը գործին մասնակցող անձանց համար սահմանել է վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու միջոցով դատավարական իրավունքների իրականացման եղանակ` կրկին այդ իրավունքի իրականացումը բացառապես պայմանավորելով նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով, որը բխում է նաև տնօրինչականության սկզբունքից, որի համաձայն` գործին մասնակցող անձն իր դատավարական իրավունքները իրականացնում է և դատական պաշտպանության միջոցներն ու եղանակները տնօրինում է սեփական հայեցողությամբ, սակայն օրենքով սահմանված կարգով: Այդպիսի կարգ է նախատեսված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վճռաբեկ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականության ստուգման հարցում դրել է նաև այն հիմքերը, որ`

1) «Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարձակալներն իրենց օգտագործման և տիրապետման իրավունքներն իրացրել են օրինական կերպով, սակայն Դատարանն իր վճռում այդպես էլ չի փաստել, թե որն է պատասխանողների տիրապետման ոչ իրավաչափությունը»,

2) «Վերաքննիչ դատարանը, չիրականացնելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, իրավական գնահատական չի տվել որպես վերաքննիչ բողոքի փաստական հիմք ներկայացված այն հանգամանքին, համաձայն որի` Մուրադ Մուրադյանը Երևանի խորհրդային շրջանային ժողովրդական դատարանի 2-330/1998թ. քաղաքացիական գործով 18.02.1998 թվականի վճռով անհայտ բացակայող է ճանաչվել, ինչի արդյունքում Անուշ Հովհաննիսյանը ֆիզիկապես չէր կարող Մուրադ Մուրադյանի համաձայնությունը ստանալ բնակարանը վարձակալությամբ հանձնելու առնչությամբ»:

Վերլուծության ենթարկելով վերը նշված երկու հիմքերը, դրանք համադրելով վճռաբեկ բողոքում նշված այլ հիմքերի հետ` գտնում ենք, որ Անուշ Հովհաննիսյանն այդ հիմքերով չէր կարող վճռաբեկ բողոք բերել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, իսկ բերված վճռաբեկ բողոքն այդ հիմքերի մասով ենթակա չէր քննության, քանի որ այդ հիմքերն Անուշ Հովհաննիսյանի համար անբարենպաստ չեն այն պատճառաբանությամբ, որ, ըստ էության, մի դեպքում վերաբերում են վարձակալների կողմից իրենց օգտագործման և տիրապետման իրավունքներն օրինական կերպով իրացնելուն, իսկ մյուս դեպքում, որ Մուրադ Մուրադյանի` անհայտ բացակայող ճանաչված լինելու փաստով չէր կարող վերջինիցս համաձայնություն ստացվել բնակարանը վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ: Այսինքն` այդ հիմքերը, ըստ էության, առնչվում են Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների ապօրինի տիրապետումից բնակարանը հետ պահանջելու և նույն անձանց այդ բնակարանից վտարելու մասին պահանջներին, որը բացառապես ուղղված է վերջիններիս դեմ:

 

Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականության ստուգման հարցում դրված մյուս հիմքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին, ապա այդ մասով նշենք հետևյալը.

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն՝ անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է այդ քաղաքացու գույքի հավատարմագրային կառավարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Ստանիսլավ Հովակիմյանն ընդդեմ Արտաշես Դավթյանի և մյուսների գործով անդրադարձել է ամուսնական պայմանագրի էությանը և արձանագրել, որ ամուսնական պայմանագիրը գործարք է, որն ունի առանձնահատուկ սուբյեկտային կազմ և կարգավորման առարկա: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել բացառապես ամուսնացող կամ արդեն իսկ ամուսնացած անձանց միջև` համապատասխանաբար ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է: Մասնավորապես, կնքելով նման պայմանագիր, ամուսինները կարող են փոփոխել համատեղ սեփականության օրենքով սահմանված ռեժիմը` նախատեսելով ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի նկատմամբ ամուսինների բաժնային կամ յուրաքանչյուրի անհատական սեփականության իրավունքը: Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նաև որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտների ստեղծմանը մասնակցելու, նրանցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսերը հոգալու կարգը: Նշվածը վկայում է ամուսնական պայմանագրի կարգավորիչ գործառույթի մասին: Ամուսնական պայմանագիրը, սակայն, իրականացնում է ոչ միայն կարգավորիչ, այլև` ապահովող գործառույթ: Ամուսնական պայմանագրի ապահովող գործառույթը նախևառաջ արտահայտվում է ամուսիններից յուրաքանչյուրի գույքային ինքնուրույնության երաշխավորմամբ, որը հատկապես կարևորվում է քաղաքացիական շրջանառությանը մասնակցելիս, ինչպես նաև ամուսնության լուծման դեպքում (տե՛ս, թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով անդրադառնալ ամուսինների համատեղ սեփականության բաժանման հնարավորությանը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ամուսիններն իրենց համատեղ սեփականություն հանդիսացող գույքի կարգավիճակը կարող են փոփոխել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

1) ամուսնական պայմանագիր կնքելով,

2) ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքելով և այն դատարանին ներկայացնելով,

3) որպես ընդհանուր սեփականության մասնակիցներ՝ գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածների հիմքով բաժանելով (տե՛ս, Սուսաննա Խաչատրյանն ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի թիվ ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, առավել մանրամասնեցնելով 1-ին և 2-րդ հիմքերը, փաստել է, որ ամուսնական պայմանագրով ընդհանուր գույքի կարգավիճակը որոշվում է արտադատական կարգով, այսինքն՝ ամուսինների միջև դատական վեճից անկախ: Մինչդեռ ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքվում և հաստատվում է դատական կարգով: Տվյալ դեպքում դատարանը հաստատում է այդ համաձայնությունը, և ամուսինների ընդհանուր գույքը բաժանվում է արդեն դատարանի վճռի հիման վրա: Ամուսնական պայմանագրի դեպքում ամուսինները կնքում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պայմաններին համապատասխանող գործարք, որը ենթարկվում է նոտարական վավերացման:

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նաև, որ ինչպես ամուսնական պայմանագրի, այնպես էլ ամուսնալուծվելիս կնքված համաձայնության առարկան պետք է լինի հստակ՝ նկատի ունենալով, որ երկուսն էլ գործարք են՝ ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն, ուստի կնքված համարվելու համար պետք է ունենան հստակ առարկա: Այլ կերպ ասած, եթե ամուսնալուծվելիս ամուսինները համաձայնությամբ որոշում են ընդհանուր գույքը բաժանել, ապա հստակ պետք է լինեն գույքը և ամուսինների բաժինները, կամ եթե կնքվում է ամուսնական պայմանագիր, ապա հստակ պետք է լինի ամուսինների կամքը, մասնավորապես` սահմանելու համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականությունը՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ընդ որում, առարկայի մասին դրույթը պարզելիս ամուսնական պայմանագիրը և ամուսնալուծվելիս կնքվող համաձայնությունը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Հետևաբար, եթե ամուսինների միջև կնքված համաձայնությունը միանշանակորեն հնարավորություն չի տալիս պարզելու վերջինիս առարկան, այն չի կարող հիմք հանդիսանալ ամուսիններից մեկի սեփականության իրավունքի դադարման համար:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` ցանկանում ենք նշել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Մուրադ Մուրադյանն Անուշ Հովհաննիսյանի հետ ամուսնացել է 17.10.1981 թվականին: Անուշ Հովհաննիսյանը Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանը գնման եղանակով ձեռք է բերել Մուրադ Մուրադյանի հետ համատեղ ամուսնության ընթացքում` 11.05.1993 թվականին` այդ բնակարանի նկատմամբ գրանցելով միայն իր սեփականության իրավունքը: Երևանի Խորհրդային շրջանի ժողովրդական դատարանի 18.02.1998 թվականի վճռով Մուրադ Մուրադյանը ճանաչվել է անհայտ բացակայող, որը վերացվել է դատարանի 26.04.2016 թվականի վճռով։ 17.08.2015 թվականին Մուրադ Մուրադյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «Անուշ Հովհաննիսյանից ստացել է համատեղ սեփականություն հանդիսացող վերը նշված բնակարանի` իրեն հասանելիք մասնաբաժնի գումարը, Անուշ Հովհաննիսյանի հետ պարտք ու պահանջ չունի...»: Մուրադ Մուրադյանի և Անուշ Հովհաննիսյանի միջև մինչև ամուսնության պետական գրանցումը և դրանից հետո ամուսնական պայմանագիր չի կնքվել, ինչպես նաև նրանց միջև պայմանագիր չի կնքվել (համաձայնություն ձեռք չի բերվել) այդ գույքը նրանց համատեղ սեփականության կազմում չներառելու վերաբերյալ:

Սույն գործով Դատարանը, Մուրադ Մուրադյանի հայցը՝ Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, բավարարելով, պատճառաբանել է, որ վերը նշված անշարժ գույքը ձեռք է բերվել Մուրադ Մուրադյանի և Անուշ Հովհաննիսյանի ամուսնության ընթացքում, կողմերի միջև առկա չէ ամուսնական պայմանագիր, ուստի այն նրանց համատեղ սեփականությունն է:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել վերը շարադրված եզրահանգումը:

Հիմնվելով վերոհիշյալ իրավական վերլուծությունների վրա` փաստում ենք, որ չնայած վերը նշված բնակարանի նկատմամբ գրանցվել է միայն Անուշ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, այդուհանդերձ այն համարվում է Անուշ Հովհաննիսյանի և Մուրադ Մուրադյանի ընդհանուր համատեղ սեփականությունը` նրանց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու հիմքով` հաշվի առնելով նաև այն, որ Մուրադ Մուրադյանի և Անուշ Հովհաննիսյանի միջև մինչև ամուսնության պետական գրանցումը և դրանից հետո ամուսնական պայմանագիր չի կնքվել, ինչպես նաև նրանց միջև պայմանագիր չի կնքվել (համաձայնություն ձեռք չի բերվել) այդ գույքը նրանց համատեղ սեփականության կազմում չներառելու վերաբերյալ: Դրանից ելնելով` այդ գույքի նկատմամբ տարածվում է այն ռեժիմը, որը սահմանված է ընդհանուր համատեղ սեփականության համար՝ անկախ նրանից, թե որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված:

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ օրենսդրի կողմից տրված այն կարգավորմանը, որի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջելու ճանաչել իր սեփականության իրավունքը։ Օրենսդիրը նախատեսել է, որ թեև անձը սեփականատեր է, նրան, այնուամենայնիվ, տրվում է հնարավորություն պահանջելու ճանաչել իր սեփականության իրավունքը։

Սույն մեկնաբանության լույսի ներքո անդրադառնալով գործի հանգամանքներին՝ գտնում ենք, որ Մուրադ Մուրադյանը՝ որպես վիճելի գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության մասնակից, հնարավորություն ունի պահանջելու ճանաչել իր սեփականության իրավունքը։

Հարկ ենք համարում քննարկման առարկա դարձնել նաև Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրված գրավոր հայտարարությունը: Հիմք ընդունելով վերը վկայակոչված իրավական վերլուծությունները և հաշվի առնելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով 27.05.2011 թվականի որոշմամբ նախկինում հայտնած դիրքորոշումները՝ գտնում ենք, որ սույն գործում առկա գրավոր հայտարարության ձևակերպումներից ու բովանդակությունից պարզ չէ, թե արդյոք այդ գրությամբ Մուրադ Մուրադյանը հրաժարվում է կոնկրետ անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքներից, թե ոչ, ինչպես նաև բացակայում է հստակ ձևակերպում առ այն, որ պարտքից և պահանջից հրաժարվելու ներքո կողմը նկատի է ունեցել կոնկրետ գույքի նկատմամբ որևէ պահանջ այլևս չներկայացնելը: Քանի որ սույն գրավոր հայտարարության բովանդակությունը միանշանակորեն հնարավորություն չի տալիս պարզելու վերջինիս առարկան, ապա այն չի կարող հիմք հանդիսանալ ամուսիններից մեկի սեփականության իրավունքի դադարման համար: Դրանից ելնելով` գտնում ենք, որ սույն գրավոր հայտարարությունը և դրանում տեղ գտած ձևակերպումները բավարար չեն հետևություն անելու այն մասին, որ համատեղ սեփականության մասնակիցը հրաժարվել է գույքի նկատմամբ իր իրավունքներից, այսինքն՝ համաձայնություն է տվել իր իրավունքը դադարեցնելու վերաբերյալ, կամ որ այդպիսի հայտարարությամբ կողմն այլևս հրաժարվում է կոնկրետ գույքի նկատմամբ որևէ բնույթի պահանջ ունենալուց և (կամ) ներկայացնելուց՝ միաժամանակ նկատի ունենալով, որ պահպանված չեն նմանատիպ պայմանագրի ձևին ներկայացվող պահանջները:

Նման պայմաններում գտնում ենք, որ Դատարանը, ճանաչելով Մուրադ Մուրադյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը՝ օրինական ուժի մեջ թողնելով վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

Միաժամանակ վկայակոչված հոդվածներից հետևում է, որ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման այլ կարգ նախատեսված չլինելու դեպքում նշված գույքը կարող է տիրապետվել և օգտագործվել բացառապես բոլոր մասնակիցների համաձայնությամբ, որը կոչված է ապահովելու համասեփականատերերից յուրաքանչյուրի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գույքը միասին տիրապետելու և օգտագործելու իրավունքի իրացումը: Վերոգրյալով է պայմանավորված համասեփականատերերից յուրաքանչյուրի կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճ իրականացնելու իր օգտագործման, տիրապետման, տնօրինման իրավազորությունները:

Տվյալ դեպքում սեփականատերն իրավասու է պահանջելու վերացնել իր սեփականատիրական իրավունքները լիարժեք իրականացնելու հետ կապված սահմանափակումները, ընդ որում, սահմանափակումները կարող են լինել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական, երբ ապօրինի գործողությունների միջոցով խոչընդոտում են սեփականատիրոջն օգտագործել, տիրապետել և տնօրինել իր գույքը: Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքն այլ անձանց կողմից ապօրինի տիրապետվելու պայմաններում համատեղ սեփականության մասնակիցներից որևէ մեկը զրկված չէ հետ պահանջելու իր գույքն ապօրինի տիրապետողից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի: Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են () (տե՛ս, Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, Մուրադ Մուրադյանի հայցը՝ Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյաններին Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանից վտարելու պահանջի մասով, բավարարելով, պատճառաբանել է, որ Մուրադ Մուրադյանը Երևանի Քանաքեռցու 151/1 շենքի թիվ 48 բնակարանի համասեփականատերն է, իսկ պատասխանողներ Արթուր Իխտիարյանը, Անուշ Իխտիարյանը, Մարիա և Լիա Իխտիարյանները հայցվորին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ անշարժ գույքը տիրապետում են ապօրինի, որով խախտում է հայցվորի՝ որպես սեփականության իրավունքի սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող՝ իր հայեցողությամբ իրեն պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը: Հետևաբար Դատարանը գտել է, որ հայցվոր Մուրադ Մուրադյանը` որպես համասեփականատեր, իրավունք ունի իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, ուստի հայցվորի պահանջը հիմնավոր է ու պետք է այն բավարարել և պատասխանողներ Արթուր Իխտիարյանին, Անուշ Իխտիարյանին, Մարիա և Լիա Իխտիարյաններին պետք է վտարել Երևանի Քանաքեռցու 151/1 շենքի թիվ 48 բնակարանից:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել վերը շարադրված եզրահանգումը:

 

Գտնում ենք, որ «Կայմ» համատիրության կողմից տեղեկանքը տալու օրվա` 17.05.2016 թվականի դրությամբ Երևանի Քանաքեռցու փողոցի թիվ 151/1 շենքի 48-րդ բնակարանում բնակվել են Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանները, սակայն գործով չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ վերոնշյալ անձանց հետ կնքված է եղել վարձակալության պայմանագիր, այն ստացել է նոտարական վավերացում, և որ նրանց՝ այդ բնակարանի օգտագործման և տիրապետման իրավունքները, որոնք ծագել են վարձակալության պայմանագրից, ստացել են պետական գրանցում: Մինչդեռ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը պարտադիր ենթակա են պետական գրանցման: Քանի որ անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից, իսկ Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների իրավունքների պետական գրանցում տեղի չի ունեցել, ապա կարելի է հետևություն անել այն մասին, որ սույն անձանց մոտ ի սկզբանե որևէ իրավունք չի ծագել գույքի նկատմամբ։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունն այն մասին, որ Մուրադ Մուրադյանի կողմից 17.08.2015 թվականին տրված գրավոր հայտարարության բովանդակությունը միանշանակորեն հնարավորություն չի տալիս պարզելու վերջինիս առարկան, հետևաբար այն չի կարող հիմք հանդիսանալ ամուսիններից մեկի սեփականության իրավունքի դադարման համար, ուստի այն չի կարող դիտարկվել որպես բավարար հիմք՝ եզրակացնելու, որ անձը նմանատիպ գրավոր հայտարարությամբ տվել է համաձայնություն մյուս համասեփականատիրոջը՝ իր հայեցողությամբ տնօրինելու այդ գույքը: Դրանից ելնելով` գտնում ենք, որ սույն գործով գրավոր հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես վեճի առարկա հանդիսացող բնակարանը մյուս համասեփականատիրոջ կողմից վարձակալությամբ հանձնելու համաձայնություն:

Այսպիսով, քանի որ Մուրադ Մուրադյանն օրենքի ուժով համարվել է վեճի առարկա բնակարանի համասեփականատեր, և վերոշարադրյալ հիմնավորմամբ Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների տիրապետումը և օգտագործումն այդ գույքի նկատմամբ եղել են ոչ օրինական, հիմնավոր ենք համարում ստորադաս դատարանների կողմից Մուրադ Մուրադյանի այս պահանջի բավարարումը ևս:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ բնակարանը վարձակալությամբ հանձնելու ժամանակ Մուրադ Մուրադյանը եղել է անհայտ բացակայող, որպիսի պարագայում Անուշ Հովհաննիսյանն իրավասու է եղել այն հանձնելու Արթուր, Անուշ, Մարիա և Լիա Իխտիարյանների տիրապետմանը, ապա նշված հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքն այդ մասով բավարարելու համար, քանի որ Մուրադ Մուրադյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը վերացվելու արդյունքում վերջինիս իրավունքներն ու պարտականություններն ամբողջ ծավալով վերականգնվել են, որի արդյունքում վերականգնվել է նաև վերոհիշյալ բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը և դրանից բխող նրա՝ այդ գույքի նկատմամբ իրավական հնարավորությունները։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները հայցի մասով բխում են սույն գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված:

 

Նման պայմաններում վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ`    
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան