Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.03.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1345/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1345/02/14
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան  

Դատավորներ՝

Տ. Նազարյան
 

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Ն. Տավարացյան

      

2020 թվականի մարտի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Շահբազ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ Իրինա Մաթևոսյանի հայցի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, Շահբազ Շահբազյանի, Հայկ Պողոսյանի, Լուսինե Մաթևոսյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) Աջափնյակ և Դավթաշեն բաժնի՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Իրինա Մաթևոսյանը պահանջել է հանել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները, մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 25.01.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0080/02/13 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-408/13, այնուհետև, 01/06-2106/13 համարը ստացած կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի` 04.02.2013 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 18.11.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1472/02/13 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-7560/13 կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի` 13.12.2013 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 08.05.2012 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0434/02/12 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-2322/12, այնուհետև, 01/06-3619/12, 01/06-1638/14 համարները ստացած կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի որոշմամբ կիրառված արգելանքը և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2012 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-5601/12, այնուհետև, 01/06-1489/13 համարը ստացած կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի` 14.12.2012 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը:  

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2018 թվականի որոշմամբ Շահբազ Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.01.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շահբազ Շահբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Իրինա Մաթևոսյանի կողմից, ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի, Լուսինե Մաթևոսյանի դրամական պարտավորության դիմաց բաժնեմասի արժեքի հատուցում կատարելու հիմքով Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ Լուսինե Մաթևոսյանի իրավունքները փոխանցվել են Իրինա Մաթևոսյանին, անտեսել է այն հանգամանքը, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է պետական գրանցման պահից, հետևաբար տվյալ պարագայում վերը նշված գույքը հանդիսացել է Լուսինե Մաթևոսյանի սեփականությունը և վերջինիս նկատմամբ սնանկության վարույթ հարուցված լինելու պայմաններում Դատարանը չէր կարող վերացնել սահմանափակումները վերը նշված գույքի նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2018 թվականի որոշումը և փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Ծառայության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է պետական գրանցման պահից, հետևաբար տվյալ դեպքում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող բնակարանը հանդիսացել է պարտապան Լուսինե Մաթևոսյանի սեփականությունը և վերջինիս նկատմամբ հարուցված է եղել սնանկության վարույթ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 17.08.2005 թվականին տրված` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1986158 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող բնակարանը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Անժելա Կարապետյանի, Լուսինե Մաթևոսյանի, Իրինա Մաթևոսյանի և Ալբերտ Վարդխաթունյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.01.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0080/02/13 կատարողական թերթի համաձայն` «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, բավարարվել է և որոշվել է հայցագնի՝ 322.602,1 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Լուսինե Մաթևոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 40):

3. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 04.02.2013 թվականի որոշմամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/0080/02/13 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01/06-408/13 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 41):

4. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 04.02.2013 թվականի որոշումների համաձայն` հարուցված թիվ 01/06-408/13 կատարողական վարույթի շրջանակներում պարտապան Լուսինե Մաթևոսյանին պատկանող դրամական միջոցների և գույքի վրա արգելանք է դրվել (հատոր 1-ին, գ.թ. 42, 44):

5. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 27.02.2013 թվականի որոշմամբ թիվ 01/06-408/13 կատարողական վարույթն ավարտվել է և կատարողական գործողությունների արդյունքում արգելանք է դրվել պարտապան Լուսինե Մաթևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Բաշինջաղյան 188-րդ շենք, թիվ 32 բնակարանի վրա (հատոր 1-ին, գ.թ. 46):

6. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 09.04.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0080/02/13 կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի 27.02.2014 թվականի վճռով վճռվել է Լուսինե Սերյոժայի Մաթևոսյանից հօգուտ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության բռնագանձել 419.054,10 ՀՀ դրամ, որից 332.602,10 ՀՀ դրամ` որպես վարկի հիմնական պարտքի գումար, նախապես վճարված պետական տուրքի գումար` 6.452 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ` փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (հատոր 1-ին, գ.թ. 47):

7. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Բ. Գրիգորյանի` «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 03.05.2013 թվականի որոշման համաձայն` թիվ 01/06-408/13 ավարտված կատարողական վարույթը վերսկսվել է և ստացել 01/06/-2106/13 համարը (հատոր 1-ին, գ.թ. 48):

8. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Բ. Գրիգորյանի` (թիվ 01/06/-2106/13 կատարողական վարույթ) «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 27.06.2013 թվականի որոշման համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Լուսինե Մաթևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Բաշինջաղյան 188-րդ շենք, թիվ 32 բնակարանի վրա և պարտատիրոջն առաջարկվել է դիմել գույքի վայրի ընդհանուր իրավասության դատարան` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 49):

9. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.11.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1472/02/13 կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի կողմից Շահբազ Շահբազյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է և որոշվել է հայցագնի` 1.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Լուսինե Մաթևոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 50):

10. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Բ. Գրիգորյանի` «Կատարողական վարույթ հարուցելու», «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին», «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 13.12.2013 թվականի որոշումների համաձայն` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 18.11.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/1472/02/13 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01/06-7560/13 կատարողական վարույթը, որի շրջանակներում արգելանք է դրվել Լուսինե Մաթևոսյանին պատկանող անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև 1.000.000 ՀՀ դրամի չափով` դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 51-52, 54):

11. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2012 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0434/02/12 կատարողական թերթի համաձայն` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է և որոշվել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանող Լուսինե Մաթևոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 56):

12. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` 28.05.2012 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» և 11.06.2012 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումների համաձայն` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 08.05.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0434/02/12 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01/06-2322/12 կատարողական վարույթը, արգելանք է դրվել Լուսինե Մաթևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Բաշինջաղյան 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի վրա (հատոր 1-ին, գ.թ. 58, 60):

13. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.08.2012 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0434/02/12 կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի 03.07.2012 թվականի վճռով վճռվել է Լուսինե Սերյոժայի Մաթևոսյանից, «Եվրոքլինինգ» ՍՊԸ-ից համապարտության կարգով հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.231.481 ՀՀ դրամ, որից` վարկի մնացորդը 1.000.000 ՀՀ դրամ, տոկոսը` 204.481 ՀՀ դրամ, միանվագ վճարները` 27.000 ՀՀ դրամ և 24.629,60 ՀՀ դրամը` նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձել վարկի մնացորդի` 1.000.000 ՀՀ դրամի նկատմամբ պայմանագրով սահմանված օրական 0,1 տոկոս տոկոսադրույքը` հաշվարկված 27.04.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը (հատոր 1-ին, գ.թ. 61):

14. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 31.08.2012 թվականի որոշման համաձայն` թիվ 01/06-2322/12 ավարտված կատարողական վարույթը վերսկսվել է և ստացել 01/06-3619/12 համարը (հատոր 1-ին, գ.թ. 63):

15. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 15.10.2012 թվականի որոշման համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Լուսինե Մաթևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Բաշինջաղյան 188-րդ շենք, թիվ 32 բնակարանի վրա (հատոր 1-ին, գ.թ. 64):     

16. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի որոշմամբ Հայկ Պողոսյանի միջնորդությունը բավարարվել է և որոշվել է հայցագնի` 2.300.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել սեփականության իրավունքով Լուսինե Մաթևոսյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 69):

17. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. ԱվագյանիԿատարողական վարույթ հարուցելու մասին», «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 14.12.2012 թվականի որոշումների համաձայն` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01/06-5601/12 կատարողական վարույթը և արգելանք է դրվել Լուսինե Մաթևոսյանին պատկանող դրամական միջոցների և գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 70, 72-73):   

18. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.03.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի 05.02.2013 թվականի վճռով վճռվել է Լուսինե Մաթևոսյանից հօգուտ Հայկ Պողոսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ` Լուսինե Մաթևոսյանից հօգուտ Հայկ Պողոսյանի բռնագանձել պարտքի գումարի` 2.300.000 ՀՀ դրամի տոկոսներ` սկսած 16.09.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափի և 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (հատոր 1-ին, գ.թ. 77):

19. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Սողոմոնյանի` «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 02.04.2013 թվականի որոշման համաձայն` թիվ 01/06-5601/12 ավարտված կատարողական վարույթը վերսկսվել է և ստացել 01/06-1489/13 համարը (հատոր 1-ին, գ.թ. 78):

20. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Ավագյանի` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 29.05.2013 թվականի որոշման համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Լուսինե Մաթևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բաշինջաղյան 188-րդ շենք, թիվ 32 բնակարանի վրա և պարտատիրոջն առաջարկվել է դիմել գույքի վայրի ընդհանուր իրավասության դատարան` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 79):   

21. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2014 թվականի թիվ ԵԱԴԴ/0081/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացիական գործով ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լուսինե Մաթևոսյանի, երրորդ անձինք Անժելա Կարապետյանի, Իրինա Մաթևոսյանի, Ալբերտ Վարդխաթունյանի` ընդհանուր գույքում պարտապանի բաժինը որոշելու, բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Հայկ Պողոսյանի հայցի ընդդեմ Լուսինե Մաթևոսյանի, Անժելա Կարապետյանի, Իրինա Մաթևոսյանի, Ալբերտ Վարդխաթունյանի` ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, վճռվել է. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հայցը բավարարել մասնակի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Հայկ Պողոսյանի հայցը բավարարել. Իրինա Մաթևոսյանին թույլատրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում գնելու Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանում Լուսինե Մաթևոսյանի 1/4 բաժինը` 4.390.000 ՀՀ դրամով, և այդ գումարը բաշխել «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության՝ ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0434/02/12 վճռի պահանջների, և Հայկ Պողոսյանի՝ ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/1261/02/12 վճռի (թիվ ԵԱԴԴ/1261/02/12 վճռի հիման վրա 20.03.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի) պահանջների, միջև: Գումարը վճարելուց հետո դադարեցնել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանում բաժնի նկատմամբ Լուսինե Մաթևոսյանի սեփականության իրավունքը, և նույն բաժնի նկատմամբ ճանաչել Իրինա Մաթևոսյանի սեփականության իրավունքը: Իրինա Մաթևոսյանի կողմից վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Լուսինե Մաթևոսյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի   188-րդ շենքի թիվ 32 բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարից Լուսինե Մաթևոսյանին պատկանող 1/4 բաժնի վրա բռնագանձում տարածել ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0434/02/12 վճռի և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/1261/02/12 վճռի (թիվ ԵԱԴԴ/1261/02/12/ վճռի հիման վրա 20.03.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1291/02/12 կատարողական թերթի) պահանջների: Ստացված գումարի 3/4 մասը հավասարապես բաշխել Անժելա Կարապետյանի, Իրինա Մաթևոսյանի, Ալբերտ Վարդխաթունյանի միջև (հատոր 1-ին, գ.թ. 13-20):

22. «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից տրված 15.04.2014 թվականի թիվ 000150/90496430/ և 000149 /303474760/ վճարման անդորրագրերի համաձայն` Իրինա Մաթևոսյանը որպես դրամական պարտավորության դիմաց բաժնեմասի արժեքի հատուցում Հայկ Պողոսյանին վճարել է 2.490.000 ՀՀ դրամ, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը` 1.900.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 11):

23. «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության նախագահ-գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Թառումյանի կողմից Ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետին հասցեագրված 22.04.2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ ի կատարումն թիվ ԵԱԴԴ/0081/02/13 կատարողական թերթի` Իրինա Մաթևոսյանի կողմից կամավոր մարվել են պարտապան Լուսինե Մաթևոսյանի` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները և առաջարկվել է նշված հիմքով կարճել հարուցված կատարողական վարույթները (հատոր 1-ին, գ.թ. 67):

24. Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գ. Արզումանյանի` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 25.04.2014 թվականի որոշման համաձայն` կատարողական թերթի պահանջը կատարված լինելու հիմքով որոշվել է ավարտել 03.04.2014 թվականին վերսկսված կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 68):

25. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.04.2014 թվականի թիվ Մ-23/04/2014-1-0159 որոշմամբ` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ Իրինա Մաթևոսյանի իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 10):

26. Թիվ ԵԱԴԴ/0043/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ Շահբազ Շահբազյանի դիմումը` Լուսինե Սերյոժայի Մաթևոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ (հատոր 4-րդ, գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի, 200-րդ հոդվածի 2-րդ մասի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. ընդհանուր սեփականության մասնակցի կողմից պարտապան համասեփականատիրոջ պարտքը մարելը բավարա՞ր է արդյոք ընդհանուր սեփականությունում պարտապան համասեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման և վերջինիս բաժնի նկատմամբ պարտապանի պարտքը մարած ընդհանուր սեփականության մասնակցի սեփականության իրավունքի ծագման համար:  

2. արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ ներկայացված հայցը քննության ենթակա՞ է արդյոք գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանում այն դեպքում, երբ արգելանքի տակ գտնվող գույքը ներառված է սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես` վերջիններիս շահերից ելնելով` սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկելու ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով (տե'ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու անհնարինության կամ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի դեմ առարկելու դեպքում ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք են ստանում գնելու ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժինը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության պայմաններում ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջվում է կոնկրետ և համարժեք գործողությունների կատարում, որոնք ուղղված են ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը` օրենքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում օրենսդիրը նախատեսել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժնի առանձնացման և/կամ դրա իրացման կարգ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Մարանյանի, երրորդ անձինք Սամվել, Սոս և Ավետիք Սարգսյանների թիվ ՏԴ/0045/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտապան չհանդիսացող ընդհանուր սեփականության մասնակցի մոտ առկա է համաձայնություն գնելու պարտապան համասեփականատիրոջ բաժինը, ապա վերջինս պարտավոր է կատարել կոնկրետ և համարժեք գործողություններ` ուղղված ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պարտատիրոջ հանդեպ առկա պարտավորության կատարումը պարտապան չհանդիսացող ընդհանուր սեփականության մասնակցի կողմից չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտապանի բաժնի ձեռք բերում, քանի որ օրենսդիրը վերոհիշյալ իրավական նորմով սահմանել է ընդհանուր սեփականության մասնակցի` պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու իրավունքը, ինչը ենթադրում է պարտապանի բաժնեմասի օտարում` զուգորդված ընդհանուր սեփականությունում պարտապանի սեփականության իրավունքի դադարմամբ և ընդհանուր սեփականությունում պարտապանի ունեցած բաժնի նկատմամբ այդ բաժինը շուկայական գնով ձեռք բերած ընդհանուր սեփականության մասնակցի սեփականության իրավունքի ծագմամբ: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է այն հանգամանքից, որ պարտապանի սեփականության իրավունքը, որպես սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունք, դադարման ենթակա է միայն օրենքով սահմանված դեպքերում, իսկ տվյալ դեպքում օրենքը որպես պարտապան համասեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման հիմք` նախատեսել է ոչ թե այլ անձի (այդ թվում` մյուս համասեփականատիրոջ) կողմից պարտապանի պարտքի մարումը, այլ` շուկայական գնով ընդհանուր սեփականությունում պարտապանին պատկանող բաժնի գնումը` վաճառքից ստացված գումարը պարտքի մարմանն ուղղելու նպատակով: Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը վկայակոչում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրակարգավորման հիման վրա պարտապան համասեփականատիրոջ պարտքը մարելու արդյունքում պարտապանի բաժնի նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման հանգամանքը, ապա վերջինս պարտավոր է ապացուցել պարտապան համասեփականատիրոջ և իր միջև պարտապանի բաժնի օտարման գործարք կնքված լինելու և այդ գործարքից ստացված գումարը պարտքի մարմանն ուղղելու փաստերի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` 1) պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը, 2) գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման տվյալների վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը և կառավարումը, 3) գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և միասնականության ապահովումը, 4) անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից` 1) մինչև նույն օրենքի ընդունումը` հասարակական կարիքների համար, գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը, 2) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել, 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն), 4) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին նույն օրենքով սահմանված սերվիտուտը:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենքը նախատեսում է անձանց քաղաքացիական իրավունքների ծագման մի շարք հիմքեր (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն միաժամանակ նախատեսում է նաև պարտադիր պահանջ` պետական գրանցման ենթարկելու այն իրավունքները, որոնք օրենքի հիման վրա ենթակա են այդպիսի գրանցման: Ընդ որում, գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից, ինչը ենթադրում է, որ նույնիսկ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը բավարար չէ պետական գրանցման ենթակա իրավունքների ծագման համար: Նշվածից բացառություն է նախատեսված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, որով սահմանված են գույքի նկատմամբ այն իրավունքները և սահմանափակումները, որոնք ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, պետական գրանցման ենթակա իրավունք է համարվում նաև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը վկայակոչում է օրենքով նախատեսված այս կամ այն հիմքով անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման հանգամանքը, ապա վերջինս պարտավոր է ապացուցել նաև այն փաստը, որ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման է ենթարկել իր վերոհիշյալ իրավունքը:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 17.08.2005 թվականին տրված` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1986158 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող բնակարանը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Անժելա Կարապետյանի, Լուսինե Մաթևոսյանի, Իրինա Մաթևոսյանի և Ալբերտ Վարդխաթունյանի անվամբ:

 Վերոհիշյալ բնակարանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա կիրառված են մի շարք արգելանքներ, մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 25.01.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0080/02/13 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-408/13, այնուհետև, 01/06-2106/13 համարը ստացած կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի` 04.02.2013 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 18.11.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1472/02/13 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-7560/13 կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի` 13.12.2013 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 08.05.2012 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0434/02/12 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-2322/12, այնուհետև 01/06-3619/12, 01/06-1638/14 համարները ստացած կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի որոշմամբ կիրառված արգելանքը և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2012 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/06-5601/12, այնուհետև 01/06-1489/13 համարը ստացած կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի` 27.02.2013 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը:

 Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2014 թվականի թիվ ԵԱԴԴ/0081/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացիական գործով ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լուսինե Մաթևոսյանի, երրորդ անձինք Անժելա Կարապետյանի, Իրինա Մաթևոսյանի, Ալբերտ Վարդխաթունյանի` ընդհանուր գույքում պարտապանի բաժինը որոշելու, բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Հայկ Պողոսյանի հայցի ընդդեմ Լուսինե Մաթևոսյանի, Անժելա Կարապետյանի, Իրինա Մաթևոսյանի, Ալբերտ Վարդխաթունյանի` ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, վճռվել է. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հայցը բավարարել մասնակի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Հայկ Պողոսյանի հայցը բավարարել. Իրինա Մաթևոսյանին թույլատրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում գնելու Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանում Լուսինե Մաթևոսյանի 1/4 բաժինը` 4.390.000 ՀՀ դրամով, և այդ գումարը բաշխել «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության՝ ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0434/02/12 վճռի պահանջների, և Հայկ Պողոսյանի՝ ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/1261/02/12 վճռի (թիվ ԵԱԴԴ/1261/02/12 վճռի հիման վրա 20.03.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1261/02/12 կատարողական թերթի) պահանջների, միջև: Գումարը վճարելուց հետո դադարեցնել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանում բաժնի նկատմամբ Լուսինե Մաթևոսյանի սեփականության իրավունքը, և նույն բաժնի նկատմամբ ճանաչել Իրինա Մաթևոսյանի սեփականության իրավունքը: Իրինա Մաթևոսյանի կողմից վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Լուսինե Մաթևոսյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188 շենքի թիվ 32 բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարից Լուսինե Մաթևոսյանին պատկանող 1/4 բաժնի վրա բռնագանձում տարածել ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0434/02/12 վճռի և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/1261/02/12 վճռի (թիվ ԵԱԴԴ/1261/02/12/ վճռի հիման վրա 20.03.2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/1291/02/12 կատարողական թերթի) պահանջների: Ստացված գումարի 3/4 մասը հավասարապես բաշխել Անժելա Կարապետյանի, Իրինա Մաթևոսյանի, Ալբերտ Վարդխաթունյանի միջև:

 «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից տրված 15.04.2014 թվականի թիվ 000150/90496430/ և 000149 /303474760/ վճարման անդորրագրերի համաձայն` Իրինա Մաթևոսյանը որպես դրամական պարտավորության դիմաց բաժնեմասի արժեքի հատուցում Հայկ Պողոսյանին վճարել է 2.490.000 ՀՀ դրամ, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը` 1.900.000 ՀՀ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.04.2014 թվականի թիվ Մ-23/04/2014-1-0159 որոշմամբ` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ Իրինա Մաթևոսյանի իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով:

Թիվ ԵԱԴԴ/0043/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ Շահբազ Շահբազյանի դիմումը` Լուսինե Սերյոժայի Մաթևոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:

Իրինա Մաթևոսյանը, դիմելով դատարան, պահանջել է հանել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները:

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջների կատարմամբ, այն է` 15.04.2014 թվականին Իրինա Մաթևոսյանի կողմից ընդհանուր գույքում Լուսինե Մաթևոսյանի բաժնի արժեքի դիմաց փոխհատուցում վճարելու փաստի ուժով ընդհանուր գույքում` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանում Լուսինե Մաթևոսյանը կորցրել է իր բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը: Այսինքն` հիշյալ գույքը սկսած 15.04.2014 թվականից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ մասի և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուժով չի հանդիսացել Լուսինե Մաթևոսյանին պատկանող գույք:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը և դրանով սահմանված պահանջները կատարելու հանգամանքը Իրինա Մաթևոսյանի մոտ առաջացրել են գույքի` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի` Լուսինե Մաթևոսյանի 1/4-րդ բաժինը, ձեռք բերելու օրինական ակնկալիք, իրավաչափ սպասելիք, որոնք իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակներում ենթակա են համարժեք պաշտպանության իրավական պետության կողմից:

Այսպիսով, Դատարանը, հաստատված համարելով, որ սկսած 15.04.2014 թվականից Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ դադարել է Լուսինե Մաթևոսյանի սեփականության իրավունքը, փաստել է նաև այն, որ վերջինիս պարտավորությունների համար հիշյալ գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը երաշխավորում են արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` քննարկվող պարագայում Իրինա Մաթևոսյանի իրավունքների պաշտպանությունը` Դատարանը գտել է, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները ենթակա են վերացման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Շահբազ Շահբազյանի վերաքննիչ բողոքը, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները, միաժամանակ արձանագրելով, որ Շահբազ Շահբազյանի դիմումը` Լուսինե Սերյոժայի Մաթևոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունվել է վարույթ 03.06.2015 թվականին, մինչդեռ, գործի նյութերի համաձայն, Իրինա Մաթևոսյանի կողմից, ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի, որպես Լուսինե Մաթևոսյանի դրամական պարտավորության դիմաց բաժնեմասի արժեքի հատուցում կատարված վճարումները կատարվել են դեռևս 15.04.2014 թվականին, այսինքն` նախքան Լուսինե Մաթևոսյանին սնանկ ճանաչելու մասին դիմումի վարույթ ընդունվելը: Հետևաբար հիմք ընդունելով այն, որ դրամական պարտավորության դիմաց բաժնեմասի արժեքի հատուցումը կատարվել է ոչ թե բողոքաբերի կողմից վկայակոչած սնանկության գործի շրջանակներում պարտապան հանդիսացող Լուսինե Մաթևոսյանի, այլ Իրինա Մաթևոսյանի կողմից, ավելին, վերջինիս կողմից Լուսինե Մաթևոսյանի դրամական պարտավորության դիմաց բաժնեմասի արժեքի հատուցումը կատարվել է մինչև Լուսինե Մաթևոսյանին սնանկ ճանաչելու մասին դիմումի վարույթ ընդունվելը, այսինքն` սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահի դրությամբ Լուսինե Մաթևոսյանի իրավունքներն արգելադրված` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ արդեն իսկ ենթակա էին փոխանցման Իրինա Մաթևոսյանին` վերջինիս կողմից Իրինա Մաթևոսյանի կողմից բաժնեմասի արժեքի հատուցում կատարելու հիմքով, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելը չի կարող դիտվել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտում:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի (…)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործում առկա ապացույցները վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով 15.04.2014 թվականից սկսած Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ Լուսինե Մաթևոսյանի սեփականության իրավունքի դադարման փաստը, անտեսել են այն, որ Իրինա Մաթևոսյանը, նախևառաջ, պարտավոր էր ապացուցել Լուսինե Մաթևոսյանի և իր միջև Լուսինե Մաթևոսյանի բաժնի օտարման գործարք կնքված լինելու և այդ գործարքից ստացված գումարը պարտքի մարմանն ուղղելու փաստերի առկայությունը, ինչպես նաև Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի` Լուսինե Մաթևոսյանի կողմից օտարված 1/4 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթարկած լինելու հանգամանքը: Մինչդեռ, Իրինա Մաթևոսյանը, ի հաստատումն իր սեփականության իրավունքի ծագման փաստի, Դատարան է ներկայացրել միայն «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից տրված 15.04.2014 թվականի թիվ 000150/90496430/ և 000149 /303474760/ վճարման անդորրագրերը, որոնցով հաստատվում է այն փաստը, որ Իրինա Մաթևոսյանը Հայկ Պողոսյանին վճարել է 2.490.000 ՀՀ դրամ, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին` 1.900.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոհիշյալ անդորրագրերով հաստատվում է միայն այն փաստը, որ Իրինա Մաթևոսյանը մարել է Լուսինե Մաթևոսյանի ունեցած պարտավորությունները Հայկ Պողոսյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հանդեպ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը համապատասխան Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի` Լուսինե Մաթևոսյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ Իրինա Մաթևոսյանի սեփականության իրավունքի ծագման փաստի հաստատման համար վերոհիշյալ անդորրագրերը բավարար ապացույցներ չեն:

  Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքում պարտապան համասեփականատիրոջը պատկանող բաժնի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի դադարման և այդ բաժնի նկատմամբ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ վերոհիշյալ փաստերը վկայակոչող գործին մասնակցող անձն ապացուցում է պարտապան համասեփականատիրոջ և ընդհանուր սեփականության մասնակցի միջև շուկայական գնով պարտապանի բաժնի օտարման գործարք կնքված լինելու, այդ գործարքից ստացված գումարը պարտքի մարմանն ուղղված լինելու փաստերի առկայությունը, ինչպես նաև այդ գործարքից ծագած սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթարկած լինելու հանգամանքը:

Մինչդեռ սույն գործով Իրինա Մաթևոսյանը չի ներկայացրել համապատասխան թույլատրելի, վերաբերելի, արժանահավատ և բավարար ապացույցներ առ այն, որ թիվ ԵԱԴԴ/0081/02/13 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2014 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Լուսինե Մաթևոսյանից 4.390.000 ՀՀ դրամով գնել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի` Լուսինե Մաթևոսյանին պատկանող 1/4 բաժնեմասը և այդ գործարքից ստացված գումարն ուղղվել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության և Հայկ Պողոսյանի հանդեպ Լուսինե Մաթևոսյանի ունեցած պարտքի մարմանը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոհիշյալ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելուց հետո Իրինա Մաթևոսյանը պարտավոր էր ներկայացնել նաև համապատասխան ապացույցներ առ այն, որ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրից ծագած իր սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթարկել է պետական գրանցման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԵԱԴԴ/0043/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ Շահբազ Շահբազյանի դիմումը` Լուսինե Մաթևոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, իսկ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի 1/4 բաժինը սեփականության իրավունքով վերը նշված պատճառաբանություններով դեռևս պատկանում է Լուսինե Մաթևոսյանին, գտնում է, որ սույն քաղաքացիական գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա քննության ենթակա է Լուսինե Մաթևոսյանի սնանկության գործի շրջանակներում հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպեu այդ գույքի uեփականատերը, այնպեu էլ դրա oրինական տիրապետողը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերոգրյալ նորմի վերլուծությանը և արձանագրել է, որ ի տարբերություն վարույթի կողմերի, ովքեր իրավունք ունեն բողոքարկելու հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձինք արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում իրավունք ունեն դիմել դատարան: Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճի առկայության դեպքում շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը թե՛ քաղաքացիական, և թե՛ քրեական գործերով երաշխավորում են արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի իրավունքների պաշտպանությունը նաև այն դեպքում, երբ գործով վարույթն ավարտվել է։ Ի դեպ, նախատեսվել են նաև այդ իրավունքի իրականացման մեխանիզմները, այն է` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։ Վերոնշյալից հետևում է, որ թե՛ քաղաքացիական, և թե՛ քրեական գործերի վարույթների ավարտից հետո շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով (տե'ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի թիվ ԿԴ1/0289/02/10 և 04.10.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0858/02/10 որոշումները):

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոհիշյալ հոդվածի վերլուծությանը, փաստում է, որ նշված կարգավորումը չի ենթադրում ցանկացած հարցի քննություն սնանկության գործի շրջանակում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցի բավարարումը կհանգեցնի սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ապա նման հայցը քննության ենթակա է միայն պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում:

 Վերոգրյալ իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ արգելանքի տակ գտնվող գույքը ներառված է սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածում, ապա արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի կողմից ներկայացված՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննության ենթակա է ոչ թե գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանի, այլ գույքի սեփականատեր հանդիսացող պարտապանի սնանկության գործի շրջանակներում:

Հետևաբար սույն գործով Իրինա Մաթևոսյանի կողմից ներկայացված հայցը` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188-րդ շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու պահանջի մասին, քննության ենթակա է գույքի համասեփականատեր Լուսինե Մաթևոսյանի սնանկության գործի շրջանակներում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի  2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն քաղաքացիական գործը նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.02.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.02.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Ն. Տավարացյան