Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.01.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0100/04/14

Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0100/04/14
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

Ս. Թորոսյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Ե. Խունդկարյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունվարի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ներկայացուցիչ Զարուհի Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի՝ Սամվել Մսրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սամվել Մսրյանին սնանկ ճանաչել:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 30.03.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 14.07.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Սամվել Մսրյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։

Դատարանի 17.06.2016 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել Սամվել Մսրյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված գույքը։

Դատարանի 25.04.2017 թվականի որոշմամբ ապահովված պարտատեր Բանկի միջնորդությունը՝ ապահովված իրավունքի առարկան ի սեփականություն ստանալու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.04.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, մերժելով Բանկի դիմումը, նշել է, որ ապահովված պարտատիրոջ կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավունքից օգտվելու հիմքով հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու կանոն սահմանված չէ, հետևաբար ապահովված պարտատերը զրկված չէ հերթական աճուրդին մասնակցելու և աճուրդով՝ գրավադրված գույքը գնելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի կայացրած դատական ակտը, համաձայնել է Դատարանի հետևություններին՝ հավելելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ ապահովված պարտատերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իր իրավունքից կարող էր օգտվել մինչև Դատարանի որոշմամբ սահմանված մեկնարկային գնով առաջին աճուրդի անցկացումը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, հաստատելով Դատարանի եզրահանգումը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը: Ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալի արդյունքում Բանկը, որը հանդիսանում է ապահովված պահանջատեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն ունի իրավունք պահանջելու և ի սեփականություն ստանալու անշարժ գույքը, փաստորեն անհիմն զրկվել է այդ իրավունքի իրացման հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2017 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Բանկի դիմումը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2015 թվականի թիվ ԵԱՆԴ/0100/04/14 վճռով Սամվել Մսրյանը ճանաչվել է սնանկ, իսկ 30.04.2015 թվականի որոշմամբ Սամվել Մսրյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչատուր Ղահրամանյանը (գործի հավելված, գ.թ. 2-4, 5):

2) Դատարանի 14.07.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Սամվել Մսրյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, համաձայն որի` 2015 թվականի հուլիսի 14-ի դրությամբ Սամվել Մսրյանի պարտատերեր են հանդիսանում՝

1. Բանկը՝ 13.277.638,64 ՀՀ դրամ՝ ապահովված պահանջով,

2. Գոհար Ազատի Գևորգյանը` 18.435 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 96.500 ՀՀ դրամ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետ չապահովված պահանջով,

3. Լիդա Բադալյանը՝ 1.194.799 ՀՀ դրամ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետ չապահովված պահանջով (գործի հավելված, գ.թ. 22):

3) 17.06.2016 թվականի որոշմամբ Սամվել Մսրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի միջնորդությունը՝ գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին, բավարարվել է և թույլատրվել է Սամվել Մսրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին հրապարակային սակարկություններով վաճառելու Սամվել Մսրյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 6 շենքի բնակարան 21 հասցեում գտնվող անշարժ գույքը մեկ լոտով՝ հետևյալ մեկնարկային գնով.

Լոտ 1-Երևանի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, 6-րդ շենք, բնակարան թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 83,78քմ մակերեսով, 9 հարկանի շենքի 8 հարկ, շինության արտաքին պատերը և ծածկը՝ պանելային, ընդհանուր վիճակը՝ միջին՝ մեկնարկային գինը սահմանելով 16.000.000 ՀՀ դրամ՝ համաձայն «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ՎՄ-90/4029 անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվության (գործի հավելված, գ.թ. 8-9):

4) Կառավարչի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում 18.10.2016 թվականին տրված աճուրդի վերաբերյալ հայտարարության համաձայն՝ Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, 6 շենք, բնակարան 21 հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվել է 12.960.000 ՀՀ դրամ (գործի հավելված, գ.թ. 15):

5) 14.04.2017 թվականին ստացվել է Բանկի ներկայացուցիչ Զարուհի Մկրտչյանի միջնորդությունը, որով վերջինս հայտնել է, որ «(…)հօգուտ բանկի գրավադրված անշարժ գույքը գնահատվել է 16.000.000 ՀՀ դրամ և նշված մեկնարկային գնով սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվել է հրապարակային սակարկություններով իրացման, սակայն հայտարարված աճուրդները չեն կայացել՝ գնորդ չլինելու պատճառով, վերջին աճուրդում անշարժ գույքի մեկնարկային գինը կազմել է 12.960.000 ՀՀ դրամ։ Նշված անշարժ գույքը բանկի ֆինանսավորմամբ ձեռք բերելու և անշարժ գույքը գրավադրելու համար բանկին է դիմել Արամ Արիստակեսյանը, ինչի վերաբերյալ վերջինիս և բանկի միջև ձեռք է բերվել համաձայնություն։ (…)Կառավարչի կողմից տրված հաշվարկի համաձայն՝ անշարժ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը կազմում է 1.100.000 ՀՀ դրամ, որը և բանկի կողմից 27.03.2017 թվականին փոխանցվել է սնանկության հատուկ հաշվին։ Հաշվի առնելով, որ ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը ցածր է ապահովված պարտատիրոջ՝ բանկի պահանջի գումարից, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը, բանկի կողմից անշարժ գույքի ձեռք բերման ֆինանսավորումը իրականացնելու և անշարժ գույքը, որպես գրավ, ընդունելու համար, Դատարանից խնդրել է հօգուտ բանկի գրավադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 6 շենքի բնակարան 21 հասցեով անշարժ գույքը՝ որպես սեփականություն, հանձնել Արամ Արիստակեսյանին, ինչպես նաև վերացնել անշարժ գույքի վրա կիրառված արգելանքները և սահմանափակումները» (գործի հավելված, գ.թ. 16):

6) Թիվ 1727 վճարման հանձնարարագրի համաձայն՝ սնանկության հատուկ հաշվին «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից փոխանցվել 1.100.000 ՀՀ դրամ (գործի հավելված, գ.թ. 20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պահանջների վերջնական ցուցակում գրանցված՝ գրավով ապահովված պահանջի իրավունք ունեցող պարտատիրոջ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավունքի իրացման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքն օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.

լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը՝ գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Հիմք ընդունելով վկայակոչված նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սնանկության վարույթում առանձնահատուկ ուշադրության է արժանացրել ապահովված պահանջների և դրանց բավարարման հարցը՝ առանձին նորմերով նախատեսելով դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես, վերը թվարկված կարգավորումների ուժով սնանկության վարույթում ապահովված պահանջատերերն օժտված են իրավական հնարավորությամբ՝ ստանալու գրավի առարկան կա՛մ իրենց նշած անձի օգտին, կա՛մ որպես իրենց սեփականություն: Նման կարգավորումը բխում է ապահովված իրավունքի բնույթից, քանի որ պարտատերը, որը սնանկության վարույթում դարձել է պահանջատեր, պարտապանի հետ որոշակի քաղաքացիաիրավական, մասնավորապես՝ պարտավորական հարաբերությունների մեջ մտնելիս ձեռնարկել է միջոցներ ապահովելու իր պահանջի կատարումը՝ հիմնական պարտավորության հետ միասին պարտապանի հետ մտնելով նաև գրավից ծագող հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արժևորելով այն հանգամանքը, որ պահանջատերը (ապահովված իրավունքով պարտատերը) ի սկզբանե ձեռնամուխ է եղել իր պահանջի կատարումն ամբողջությամբ կամ մասամբ ապահովելու այլ միջոցներով, մասնավորապես՝ գրավով, օրենսդիրը նրա համար որոշակի գործիքակազմ է սահմանել իր պահանջի բավարարումը հենց այդ ապահովված իրավունքի առարկայի հաշվին ստանալու համար՝ միաժամանակ նախատեսելով որոշակի պահանջներ այդ իրավունքի իրացման համար:

Անդրադառնալով այդ պահանջներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպեսզի ապահովված պահանջով պահանջատերն օգտվի վերոնշյալ կարգավորմամբ ամրագրված իր հնարավորությունից, նախևառաջ հարկավոր է, որ ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար լինի ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր լինի դրանից: Այլ կերպ՝ ապահովված պարտատերը նշված իրավունքից կարող է օգտվել ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինն իր ապահովված պահանջին հավասար կամ դրանից ցածր լինելու դեպքում՝ անկախ այն հանգամանքից, որ այդ գույքի հրապարակային սակարկություններն սկսվել են կամ ընթացքի մեջ են: Ընդ որում, նշված նախապայմանին համապատասխանելու դեպքում արդեն պարտատիրոջ առջև դրվում են հետևյալ պահանջները՝

1. փոխհատուցել այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը,

2. փոխհատուցել կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման նկատառումով անհրաժեշտ է համարում բացահայտել «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացությունների բովանդակությունն այն իրավիճակում, երբ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը միջնորդել է դատարանին որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին փոխանցել գրավի առարկան:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված իրավանորմի մեկնաբանման կանոնով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած՝ «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով կառավարչի վարձատրություն» արտահայտության բովանդակությունը հարկավոր է բացահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների լույսի ներքո՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը:

Այսպես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատիրոջ մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է։

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ։

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

Համակարգային վերլուծության ենթարկելով վկայակոչված իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս կառավարչի կողմից առաջարկվում է մեկնարկային գին, որը, սակայն, աճուրդը չկայանալու դեպքում փոփոխվում է, այն է՝ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպվում է չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոսի նվազեցմամբ։ Վերոգրյալից հետևում է, որ մեկնարկային գինը՝ որպես հրապարակային սակարկության իրականացման համար անհրաժեշտ պայման, հաստատուն չէ և օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է փոփոխման:

Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ վկայակոչված հոդվածում խոսելով գույքի արժեքի նվազումից՝ օրենսդիրը փաստորեն նկատի է ունեցել գույքի մեկնարկային գնի նվազումը, քանի որ վկայակոչված կարգավորման մեջ նույնացվել են «ապահովված իրավունքի առարկայի արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները: Այլ կերպ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն «ապահովված իրավունքի առարկայի արժեք» հասկացության ներքո նկատի է ունեցել ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը:

Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորման վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նախ՝ հրապարակային սակարկություններով գույքի իրացման ժամանակ գույքի արժեքը կարող է նվազել, և երկրորդ՝ գույքի արժեքի նվազում ասելով՝ օրենսդիրը փաստորեն նկատի է ունեցել գույքի մեկնարկային գնի նվազումը, քանի որ վերը վկայակոչված կարգավորման մեջ օրենսդիրը նույնացրել է «ապահովված իրավունքի առարկայի արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները:

Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով նույն հերթում գտնվող պահանջատերերի (չապահովված պահանջներով պահանջատերեր) համար օրենսդիրը նախատեսել է հնարավորություն մի շարք պահանջների իրականացման դեպքում գույքը վերցնել որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն չկայացած աճուրդի մեկնարկային գնով: Սույն կարգավորումից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը նախատեսել է նաև մեկ այլ դեպք, երբ հնարավոր է հրապարակային սակարկություններով վաճառվող գույքը վերցնել ի սեփականություն, ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել որոշակի պահանջների բավարարման դեպքում հանձնել գույքը պարտատերերին ի սեփականություն ոչ թե դրա շուկայական արժեքով, այլ չկայացած աճուրդի մեկնարկային գնով: Նշվածից կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը հրապարակային սակարկություններով վաճառվող գույքը պարտատերերին ի սեփականություն հանձնելու դեպքում որևէ իրավական արժեք չի տվել այդ գույքի շուկայական արժեքին, այլ կարևորել է չկայացած, այսինքն՝ վերջին աճուրդի մեկնարկային գինը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների բովանդակության լույսի ներքո վերհանելով օրենսդրի կողմից դրանցում ներդրված նպատակը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած «գրավի առարկայի արժեք» արտահայտության ներքո պետք է նկատի ունենալ իրացվող գույքի մեկնարկային գինը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի դեպքում մեկնարկային գինը փոփոխվում է՝ նվազում է 10 տոկոսով, «գրավի առարկայի արժեքի» ներքո պետք է նկատի ունենալ գրավի առարկայի՝ վերջին աճուրդով առաջարկված մեկնարկային գինը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 14.07.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Սամվել Մսրյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, համաձայն որի` 2015 թվականի հուլիսի 14-ի դրությամբ Սամվել Մսրյանի պարտատեր է հանդիսանում նաև Բանկը՝ 13.277.638,64 ՀՀ դրամ ապահովված պահանջով:

Դատարանի 17.06.2016 թվականի որոշմամբ՝ Սամվել Մսրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի միջնորդությունը՝ գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին, բավարարվել է և թույլատրվել է Սամվել Մսրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառել։ Կառավարչի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում 18.10.2016 թվականին տրված աճուրդի վերաբերյալ հայտարարության համաձայն՝ Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, 6-րդ շենք, բնակարան թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվել է 12.960.000 ՀՀ դրամ:

Բանկի ներկայացուցիչը 14.04.2017 թվականին միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, որում, որպես ապահովված պարտատեր, Բանկի պահանջը՝ 13.277.638,64 ՀՀ դրամ, ևս ընդգրկվել է պահանջների վերջնական ցուցակում։ Հօգուտ Բանկի գրավադրված անշարժ գույքը գնահատվել է 16.000.000 ՀՀ դրամ և նշված մեկնարկային գնով սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվել է հրապարակային սակարկություններով իրացման։ Հայտարարված աճուրդները չեն կայացել՝ գնորդ չլինելու պատճառով, իսկ վերջին աճուրդում անշարժ գույքի մեկնարկային գինը կազմել է 12.960.000 ՀՀ դրամ։ Նշված անշարժ գույքը Բանկի ֆինանսավորմամբ ձեռք բերելու և անշարժ գույքը գրավադրելու համար Բանկին է դիմել Արամ Արիստակեսյանը, ինչի վերաբերյալ վերջիններիս միջև ձեռք է բերվել համաձայնություն։ Խնդրել է հօգուտ բանկի գրավադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի բնակարան թիվ 21 հասցեի անշարժ գույքը՝ որպես սեփականություն, հանձնել Արամ Արիստակեսյանին:

Դատարանը, մերժելով Բանկի միջնորդությունը, պատճառաբանել է, որ այն չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից՝ արձանագրելով, որ Դատարանի 17.06.2016 թվականի որոշման հիման վրա կառավարչի կողմից հրավիրված 12.08.2016 թվականի, 27.09.2016 թվականի և 08.11.2016 թվականի առաջին, երկրորդ և երրորդ աճուրդները չեն կայացվել, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավունքից օգտվելու հիմքով հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու կանոն սահմանված չէ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, համաձայնել է Դատարանի՝ վերը շարադրված պատճառաբանություններին՝ միաժամանակ հավելելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ ապահովված պարտատերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իր իրավունքից կարող էր օգտվել մինչև Դատարանի որոշմամբ սահմանված՝ մեկնարկային գնով առաջին աճուրդի անցկացումը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ապահովված պարտատերը զրկված չէ հերթական աճուրդին մասնակցելու և աճուրդով՝ գրավադրված գույքը գնելու իրավունքից:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով ամրագրված կարգավորումը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ օրենսդիրը, որպես վերոնշյալ իրավանորմով ապահովված պարտատիրոջը վերապահված իրավունքի իրացման միակ նախապայման, սահմանել է այն դեպքը, երբ ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պահանջին կամ ցածր է դրանից՝ անկախ այն հանգամանքից, թե այդ գույքի հրապարակային սակարկություններն սկսվել են կամ ընթացքի մեջ են: Այլ կերպ՝ ապահովված իրավունքի առարկայի հրապարակային սակարկությունները սկսելու կամ ընթացքի մեջ գտնվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող խոչընդոտել ապահովված պահանջատիրոջ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավունքի իրացմանը, հետևաբար այս կապակցությամբ ստորադաս դատարանների դատողություններն անհիմն են և չեն բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ ապահովված պարտատերը զրկված չէ հերթական աճուրդին մասնակցելու և աճուրդով՝ գրավադրված գույքը գնելու իրավունքից, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված եզրահանգումը չի բխում ապահովված իրավունքի բովանդակությունից՝ իմաստազրկելով դրա էությունը և իրացման առավելությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի իրավանորմը, մասնավորապես՝ այն մեկնաբանվել է տվյալ նորմի՝ սույն որոշմամբ բացահայտված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, ինչն անդրադարձել է գործի ելքի վրա, ուստի առկա է գործի՝ միջնորդությամբ բարձրացված հարցի քննության անհրաժեշտություն սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 04.10.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը՝ Բանկի՝ ապահովված իրավունքի առարկան ի սեփականություն ստանալու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ՀՀ սնանկության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2017 թվականի որոշումը և գործն՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի՝ ապահովված իրավունքի առարկան ի սեփականություն ստանալու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
  Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան